«Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը գլխավորեց աշխարհի 100 լավագույն ֆիլմերի ցուցակը: 53 տարի առաջ 27-ամյա Սերգեյ էյզենշտեյնի ստեղծած այդ ժապավենը ամուր կերպով հաստատում է իր առաջնությունը միջազգային տարբեր հարցումներում. բավական է հիշել 1958 թվականի Բրյուսելյան հարցաթերթիկը, երբ աշխարհի 26 երկրների կինեմատոգրաֆի տեսարաններն ու պրակտիկները նախապատվությունը տվեցին «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմին, այն անվանելով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Այս անգամ որոշումն ընդունել է 19 կինոքննադատներից (այդ թվում նաև տողերիս հեղինակը) բաղկացած միջազգային ժյուրին:

Հարցման նախաձեռնողը իտալական խոշորագույն «Ա. Մոնդադորի» հրատարակչությունն էր (Միլան)։ Մեզ առաջարկված էր նշել աշխարհի 100 լավագույն ֆիլմերը, որոնք հրատարակչությունը կմտցնի այն գրքի մեջ, ուր կզետեղվեն հաղթած կինոժապավենի կադրեր, հակիրճ տվյալներ, մամուլի գնահատականներ:

Մտքերի փոխանակությունը գլխավորապես տեղի էր ունենում նամակագրությամբ, բայց մենք նաև հանդիպեցինք Քյոլնում և Մոսկվայում: Դժվարին ընտրությունից, բանավեճից հետո ցուցակը հաստատվեց: Որպեսզի ապագա գրքի ընթերցողը պատկերացում ստանա որոնումների բարդության և առանձին որոշումների անխուսափելի պայմանականության մասին, հրատարակչությունը ենթադրում է ընդունված ցուցակին կից ներկայացնել ևս 27 ֆիլմերի անուններ, որոնք ձայների անհրաժեշտ մեծամասնություն չեն ստացել, բայց եղել են բանավեճի առարկա:

ժյուրիի մեջ մտնում էին սոցիալական տարբեր փորձ և գեղարվեստական տարբեր ճաշակ ունեցող կինոքննադատներ, սակայն մենք բոլորս շահագրգոված էինք պաշտպանել իրոք բարձր արվեստը, որը ներթափանցված լիներ առաջադիմական ստեղծագործական մտքով, և այնպիսի ստեղծագործական փորձը, որը արտացոլեր էական սոցիալական գաղափարներ և նպաստեր կինեմատոգրաֆի գեղագիտական պոտենցիալի գարգացմանը: Դրա համար էլ 100 կինոնկարների մեջ չկա մեկը, որն արտացոլի ֆաշիստական տրամադրություններ, չկա նաև այնպիսի ժապավեն, որը քարոզի լարվածության թուլացման հակառակորդների տրամադրությունները:

Չնայած հիմնական ցուցակում տեղ գտած մի քանի ցավալի բացառություններին, ժյուրիի կոլեկտիվ կարծիքի ընդհանուր կասկած չի հարուցում, որ կատարված է բեղմնավոր աշխատանք: Դա կարող է ըստ արժանվույն գնահատել «Աշխարհի 100 լավագույն ֆիլմերը» արտասովոր գրքի ընթերցողը:

Բավական է բերել առաջին կինոնկարների ցուցակը, որպեսզի ակնհայտ դառնա հրատարակության հիմնական միտումը: Այսպիսով առաջին տեղում է «Պոտյոմկին» զրահանավը»‘ սովետական կինոարվեստի նորարարական ոգու  մարմնավորումը: Դրա կողքին է ամերիկյան ռեժիսոր Դրիֆիտի «Անհանդուրժողություն» կինոնկարը, որը դեռևս առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արված մի համարձակ փորձ է՝ ստեղծելու ոչ ավել ոչ պակաս, մարդկության պատմությանը նվիրված մի էպոպեա կինոնկար: Այդ նույն շարքում է գտնվում սովետական վարպետ Վսեվոլոդ Պուդովկինի գլուխգործոցը’ «Մայրը», որը ստեղծվել է Մ. Գորկու համանուն վեպի հիման վրա,  և Օրսոն Ուելսի (ԱՄՆ) «Քաղաքացի Քեյնը» ֆիլմը։ Եթե առաջին երեք կինոնկարները պատկանում են համր դարաշրջանին, ապա «Քաղաքացի Քեյնը» նոր խոսք ասաց հնչուն կինոյում (հիշեցնեմ, դա ամերիկյան խոշորագույն լրագրային մոնոպո- լիայի տիրոջ վերելքի ու անկման պատմություն է):

Այս չորս ստեղծագործություններին, որոնք ստացել էին 18-ական ձայն, հետևում են երկու  ժապավեններ՝ դանիացի հիանալի ռեժիսոր Կառլ Դրայերի «Ժաննա դ՚Արկի կրքերը», որի մեջ խոշոր պլանների լայն կիրառումը օգնում է բացահայտելու Ֆրանսիայի լեգենդար հերոսուհու հոգեբանությունը: Մյուս ֆիլմը ավելի ուշ շրշանի գործ է (1959 թ. Անտոնիոնիի «Արկածներ» ֆիլմը, Իտալիա):      Այդ կինոնկարը իր ամբողջ վիճելիությամբ հանդերձ շատ բան է ասում մարդկանց հոգիների դատարկվելու մասին, որի պատճառը կապիտալիստական հասարակության մեջ տարածված բարոյական չափանիշներն են:

Տասնյոթական ձայն ստացած մյուս երեք կինոնկարները իրենց ժամանակին նույնպես լայն համբավ էին ձեոք բերել և չեն մոռացվել մեր օրերին. Չապլինի փայլուն «Նոր ժամանակները», Էյզենշտեյնի «Իվան Ահեղը», որի մասին Չապլինն ասել է, թե այդ ֆիլմը համարում է լավագույն պատմական կինոնկարը, ֆրանսիացի ռեժիսոր ժան Ռենուարի «Մեծ իլյուզիան» (այս կինոնկարում մեծ արվեստագետ ու նրբանկատ հոգեբան Ռենուարը առաջին համաշխարհային պատերազմի ավարտից գրեթե երկու տասնամյակ հետո կրքոտ դատապարտում է միլիտարիզմի անմարդկայնությունը):

Առաջին տասնյակ ֆիլմերի ցուցակը եզրափակում է Ալեքսանդր Դովժենկոյի ստեղծած «Հողը» անզուգական կինոպոեմը:

100 ֆիլմերի ցուցակում մենք հանդիպում ենք ևս յոթ սովետական ժապավենների: Դրանք են Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով», Վասիլև եղբայրների «Չապաև», էյզենշտեյնի «Ալեքսանդր Նևսկի» և «Հինն ու նորը», Դովժենկոյի «Արսենալ», Ձիգա Վերտովի «Կինոապարատով մարդը» և «Երեք երգ Լենինի մասին» կինոնկարները: Այսպիսով, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների 11 ժապավեններ կմտնեն «Աշխարհի 100 լավագույն ֆիլմերը» գրքի մեջ:

Ուրախացնում է նաև այն ճանաչումը, որ ստացել է իտալական նեոռեալիզմը, ցուցակի մեջ տեղ են գտել Ռոսելինիի «Հռոմը բաց քաղաք է», Վիսկոնտիի «Հողը դողում է» և այլ ֆիլմեր: Նշեմ 100-ի ցուցակի մեջ մտնող մի շարք այլ ֆիլմեր: Սեփականատիրական աշխարհի հակասությունների էության մեջ ներթափանցելու հիրավի տոլստոյական պաթոսով է ներծծված իսպանացի Բունյուելի «Կործանման հրեշտակը» ֆիլմը: Քննադատները պատշաճը հատուցեցին շվեդ ռեժիսոր Բերգմանի ողբերգական խոստովանությանը («Մորու բացատը»), ճապոնացի վարպետների՝ Միձոգուտիի («Ուգեցու Մոնոգատարի»), և Կուրոսավայի («Ռասյոմոն»), Օշիմայի («Արարողություն») և Իտիկավայի («Բիրմայական տավիղը») անմոռանալի կտավներին:

Լեհական կինոյի առաջատարներ Վայդայի («Մոխիր և ալմաստ») և Մունկի («Ուղևորուհին») անունների կողքին մենք հանդիպում ենք բրազիլական «Նոր ալիքի» ներկայացուցիչ ռեժիսոր Ռոշի («Աստվածն ու սատանան արևի երկրում»), Հնդկաստանի նշանավոր ռեժիսոր Սատյաջիդ Ռեյի («Ճանապարհի երգը») անուններին: Ցուցակի մեջ են նշանավոր իտալացի Ֆելինիի «Ութուկեսը», հույն Անգելոպուլոսի «Դերասանները»...

Կարելի էր թվարկել ցուցակի մեջ ընդգրկված էլի շատ կինոնկարներ, ինչպես նաև այն ժապավենները, որոնք թեև չեն մասնակցել քվեարկությանը, բայց մասնակցում են արդի աշխարհի հոգևոր կյանքին:

…Միլանի հրատարակչության մտահղացած գիրքը նոր և արժեքավոր փորձ է կինոարվեստի մեջ առանձնացնել այն, ինչը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև ներկային: Իսկ ինչ-որ չափով նաև ապագային:

Ի․ Վայսֆելդ

«Էկրան» ամսագիր (1978)