Աբովյան փողոցում`  hուլիսի 30-ից օգոստոսի 1-ը, գրական եռուզեռ էր։ Գրքի փառատոնը, ծնունդ առնելով չորս տարի առաջ, արդեն հասցրել է դառնալ մշակութային Երևանի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ համախմբելով ընթերցասեր հանրությանն ու արվեստի գործիչներին։

Որոշեցի անմասն չմնալ փառատոնի թոհուբոհին և ուղևորվեցի «Զանգակ» գրատուն, որտեղ, չնայած ցերեկվա շոգին,  դահլիճն արդեն լեփ-լեցուն էր։ Հեռվում տեսա զրուցակցիս՝ բանաստեղծ Արմեն Սարգսյանին ( ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, Գրքի երևանյան փառատոնի համակարգող), որը փառատոնային ռիթմին համընթաց աշխատանքային եռուզեռի մեջ էր։ Տեղավորվեցինք «Զանգակ»  սրճարանում: Արմենի ոգևորությունն ինձ էլ  վարակեց, սկսեցինք զրուցել փառատոնից ու էն ամենից, որ տանում է դեպի բաղձալի մշակույթը։

– Կարճ անդրադարձ փառատոնին ու դրա անցած ճանապարհին։

– 2017 թվականին մի խումբ մարդկանց հետ, որոնք հետաքրքրված էին հայ ժամանակակից գրականության հանրահռչակմամբ, մտածում էինք՝ ինչ ծրագիր անել ընթերցանությունը խթանելու համար։ Այդպես ծնվեց Գրքի երևանյան փառատոնի գաղափարը։ Սրտի դողով մտածում էինք՝ կգան արդյո՞ք մարդիկ մեր միջոցառումներին։ 2017-ին չէինք էլ կարող երազել, որ կունենանք 2019-ի արդյունքները՝ գրանցվեց աննախադեպ այցելություն։

-2020-ին փառատոնը, ցավոք, չկայացավ համավարակը բոլորիս հետ ուրիշ ծրագրեր ուներ, հետո էլ կյանքը նոր մարտահրավերներ նետեց։ Մտավախություններ չունեի՞ք, որ այս տարի էլ կձախողվի գաղափարը։

Այս տարի երկար մտածեցինք՝ անել – չանել, որովհետև մինչև հիմա դեռ պատերազմի արդյունքներն ենք քաղում։ Ամեն դեպքում, պետք է համախմբվել, մտավոր ներուժը չի կարող նստել տանը։ Թող ներեն ինձ մնացած ոլորտները, բայց գրականությունը ամենահզոր ներուժն է։ Ինչպես իմ սիրելի գրող Լյուդմիլա Ուլիցկայան է ասում՝ պահպանվում է միայն տեքստը։ Մենք մշակութային կրթություն ենք ապահովում, եթե այն կանգնի, ուրեմն կյանքն էլ կկանգնի։

– Փառատոնի շրջանակում 30-ից ավելի միջոցառումներ են նախատեսված․․․

Այո, միջոցառումները բազմաբևեռ են՝ գրողների հետ հանդիպումներ, վարպետաց դասեր՝ կինոյի մասով, մարդիկ, օրինակ, հնարավորություն կունենան դիտելու Նարինե Աբգարյանի «Զուլալի» գրքի էկրանացումը։ Հայկ Օրդյանի (ռեժիսոր)  ու Հերմինե Ստեփանյանի (գլխավոր դերակատար) հետ կփորձենք հասկանալ՝ ինչպես կինոյի համար չգրված տեքստը դարձավ կինո։ Որովհետև Նարինե Աբգարյանը բացարձակ չէր հավատում, որ իր տեքստը կարող է դառնալ ֆիլմ։

Խորհրդային Միությունը կայսրություն էր բոլոր ոլորտներում թե՛ գրահրատարակչության, թե՛ կինոյի։ Կար համագործակցություն արվեստագետների միջև, որի լավագույն ու գերազանց օրինակներից մեկն էլ Հենրիկ Մալյան-Աղասի Այվազյան ստեղծագործական զույգն էր, որից էլ ծնվեցին «Եռանկյունի», «Հայրիկ»  ֆիլմերը։

-Ինչու՞ հիմա չունենք նման տանդեմ։

«Հայֆիլմ»-ում  կար մի հրաշալի մարդ, գրաքննադատ՝ Ալեքսանդր Թոփչյանը, որը 60-70-ականներին գրականություն բերեց «Գարունի» (խմբ․՝ «Գարուն» ամսագիր) սերունդը՝ գարունցիներին։ Ասում են, Խորհրդային Միության երկաթե վարագույրները մի կողմ գնացին․․․ Բայց դա ԽՍՀՄ-ի շնորհքը չէր, 60-40-ականները ամբողջ աշխարհում հեղափոխական տրամադրություններ էին։ Թոփչյանը «Հայֆիլմ»-ում սցենարներ էր գրում, ընտրում։ Ասածս այն է, որ կինոոլորտում պետք է ընդգրկել թոփչյանների, որոնք կօգնեն գտնել լավագույն ստեղծագործությունները սցենարներ դարձնելուն։ Այդպես միայն կարող է գրականությունը օգնել կինոյին։

– Փառատոնի կազմակերպիչները հատուկ ուշադրություն են հատկացրել կինոյին։  Վեպից-կինո ճամփորդության մասին առանձին հանդիպում կա Մարկ Արենի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից գրականություն-կինո կապը մեզանում։

– Ես ողջունում եմ, որ գրական ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում։ Առհասարակ, այսօր ամբողջ աշխարհում գրականությունը դառնում է կինո։ Բայց Հայաստանում ես դեռևս չեմ տեսնում ժամանակակից գրականության և կինոյի կապը։ Ռեժսորներն ասում են՝ «կինոշնի» չեն գրքերը, գրողները բողոքում են, որ գրքերը ֆիլմեր չեն դառնում։ Խնդիրն այն է, որ արվեստները պիտի երկխոսեն։ Խորհրդային տարիներին այդ հարցը լուծված էր․ արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ շփվում էին, պոետները գրում էին, կոմպոզիտորները դա դարձնում էին երաժշտություն, արձակագիրների գործերը ռեժիսորները վերածում էին կինոյի։ Այսօր մարդիկ իրար չեն ճանաչում։ Հարկավոր է այդ խզված կապը վերականգնել։ Գրքի փառատոնը նաև ապահովում է այն տանիքը, որի տակ կհավաքվեն արվեստի գործիչները։ Բայց առաջընթաց դեռևս չկա, որովհետև ամեն ոլորտ փակված է ինքն իր մեջ։

– Ինչու՞ է խզվել այդ կապը հայկական կինոինդուստրիան սկսել է վախենա՞լ գրականությունից։

– Հայաստանում կինոինդուստրիա չկա։ Երբ այն կայանա, գրողները կմտածեն կինոյին հարմար գործեր գրելու մասին։ Եթե դու գիտես, որ չկա քեզնով հետաքրքրված շուկա, պրոդուկտը չես ստեղծում։

Հիշում եմ, Ազգային կինոկենտրոնը երկու տարի առաջ հետաքրքիր նախաձեռնություն ուներ․ գրողները հինգ րոպեում պետք է համոզեին կինոգործիչներին, որ իրենց գործը կարող է ֆիլմ դառնալ, նույնիսկ հաղթողներ եղան։ Կուզենայի, որ այդ ծրագիրը շարունակական լիներ։ Բայց նաև պետք է նշել, որ գրողները պիտի կինոոլորտով հետաքրքվեն, որ ստեղծեն դրան հարմար պրոդուկտ։

Արդյո՞ք չունենք ժամանակակից լավ ստեղծագործություններ, որոնք կյանքի ու մեր ներկայի մասին են, որոնք հնարավոր է ու կարելի է էկրանավորել։

– Մեր ժյուրիի անդամները այս տարվա փառատոնին ներկայացված գրքերը կարդալուց հետո ասացին՝ կան ուժեղ ու թույլ գործեր, բայց կարևորեցին, որ այսօրվա գրողները գրում են այսօրվա մասին։ Պատերազմը նոր է վերջացել, բայց այդ թեմայով գործեր կան։ Կարծում եմ, մեր գրողները հետ չեն մնում իրենց միջազգային գործընկերներից, պարզապես պետք է կազմակերպել նրանց «արտահանումը» միջազային շուկաներ, ինչը պիտի անեն հրատարակչությունները, գրական գործակալները և պետությունը՝ ձեռք-ձեռքի տված։

-Գուցե այսօրվա մեր կինոգործիչները ուղղակի հետաքրքված չեն, ծանոթ չեն նոր ժամանակների գրականությանը։

– Ռեժիսորները երբեմն հիասթափվում են ժամանակակից գրական ինչ-որ գործից կամ չեն ունենում ժամանակ՝ մնացածն ընթերցելու։ Նրանց պետք է օգնեն այլ մասնագետներ՝ գրաքննադատներ, կինոքննադատներ։ Մենք ունենք լավ քննադատներ, սակայն նրանք բուն մասնագիտությունից հեռացել են։ Մարդիկ երբեմն թողնում են ստեղծագործական հետազոտական աշխատանքը և զբաղվում ավելի եկամտաբեր գործով։ Իմ երազանքների Հայաստանում քննադատությունը, ստեղծագործելը կլինեն բարձր վարձատրվող աշխատանքներ։

-Իսկ թոփ ունե՞ք՝ սիրած գրքերի, որոնց էկրանավորումները ստացված եք համարում։

– Գրքեր չեմ առանձնացնի։ Ես Վուդի Ալենի ֆիլմերն եմ շատ սիրում։ Նա նաև շատ լավ հումորային պատումներ է գրում։ Ալենը, օրինակ, փողոցով քայլելիս նշումներ է անում անձեռոցիկի, թղթի վրա, հետո գնում տուն, ծալապատիկ նստում մահճակալին, թղթերը փռում շուրջն ու դրանք սկսում վերածել սցենարի։ Ես կուզեմ, որ այսպիսի էնտուզիազմով գրվեն կինոսցենարները, իրական կյանքից լինեն։

Հայ գրականությունից օրինակները շատ են՝ Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները։ Ճիշտ է, Մաթևոսյանը բացարձակ չէր հավանում իր գործերի էկրանավորումները, բայց դրանք մեր ազգային կինոյի հիմքերից են։

Հիմնականում էկրանավորվում են արձակ ստեղծագործությունները և ոչ պոեզիայի հիման վրա նկարահանված ֆիլմեր։ Ավելի բա՞րդ է էկրանավորել պոեզիան՝ հաշվի առնելով, որ կան հիասքանչ գործեր՝ Մարիո Կեմերինիի  «Ոդիսևսի ճանապարհորդությունները» (1954), Ռոջեր Կորմանի «Ագռավը» (1963) և այլն։

Մենք պոեզիային մեծ ուշադրություն ենք դարձնում։ Այս տարի փառատոնին պոեզիայի հայտերը (76 հայտ) արձակից ավելի շատ էին։ Անցյալ տարի Էդիկ Պողոսյանը, որը «Հետևանքը՝ Արտեֆակտ» նախագիծն իրականացնողներից էր, մի գաղափար առաջարկեց՝ նկարել պոեզիան, դարձնել այն սցենար։ Ուղղակի բացառիկ ճաշակ, տաղանդ է պետք այդ ամենը ճիշտ իրագործելու համար։ Թող արդեն մեր ռեժիսորները մտածեն՝ ինչպես դա կյանքի կոչել։ Գուցե կոմերցիոն չի գաղափարը, այդ պատճառով էլ հետաքրքրված չեն։

– Արցախյան 44- օրյա պատերազմի թեմայով երկու միջոցառում կար փառատոնի շրւջանակում՝ հանդիպում Կարեն Ավետիսյանի, Արեգ Բալայանի և Էդիկ Պողոսյանի հետ, նաև Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդեսը։ Հետպատերազմյան  ծանր շրջանը, քաղաքական լարվածությունը, աենուր տիրող ագրեսիան՝ արդյո՞ք մշակույթը երկրորդելու  հետևանք  չէ։

– Անահիտ Հայրապետյանին ցիտելով՝ «մշակույթին 12-րդական տեղ էլ չի տրվում»։ Լրատվամիջոցները մշակութային առաջնահերթություններով չեն շարժվում։ Ոլորտային կրթության պակաս կա․ ամեն ինչ դպրոցներում սովորեցնում ենք, բացի մշակույթից։ Բայց միայն դա չէ խնդիրը։ Հայ ժողովուրդը բախվում է բոլոր հնարավոր արհավիքրներին։ Մենք ապրում ենք սթրեսի մեջ անհիշելի ժամանակներից․ շատ դժվար է դա հաղթահարել։ Չնայած եթե, օրինակ, պատերազմը չլիներ, Հեմինգուեյի, Սարոյանի, Սելինջերի բոլորիս հայտնի գործերը չէին լինի։ Բայց պատերազմը նրանց վրա անջնջելի հետք թողեց՝ հոգեխանգարմունք, ինքնասպանություն։ Հայաստանն էլ շատ «կորած սերունդներ» ունի, նրանց մասին պետք է գրել, ֆիլմեր նկարել։
Ուլիցկայայից էլի մի բան ասեմ․ «Թվում է, թե պատերազմները մարդկանց ավելի տաղանդավոր, ավելի պրոդուկտիվ են դարձնում, բայց իրականում պատերազմները փոխում են մարդու դիմագիծը»․․․ իսկ մենք անընդհատ ենք պատերազմի մեջ։

Այնուհանդերձ, հեղափոխություններն են ծնում տեքստեր ու գործեր․․․ ներքին հեղափոխությունները։

Զրույցը՝ Դիանա Գասպարյանի


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...