Երիտասարդ ռեժիսոր Անգինե Իսանյանսի դեբյուտային «Շեմից այն կողմ» ֆիլմն ընդգրկվել է 2021թ. Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի  մրցութային ծրագրում: Սա կարճամետրաժ ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոնն է աշխարհում ու համարվում է կարճամետրաժ կինոյի Կանն:
Ռեժիսորի հետ զրուցել ենք կինո գալու, անցած դժվար ճանապարհի ու Հայաստանում կինոյի ոլորտի մասին:

Մանկություն և կինո

Իրանում եմ ծնվել, Հայաստան տեղափոխվել եմ դպրոցն ավարտելուց հետո: Կինոյի մասին առաջին հիշողություններս ծնողներիս հետ են կապված՝ 90–ականներին շատ լուրջ հետաքրքրվում էին կինոյով։ Իրանում ոլորտը բավականին սահմանափակ էր ու ցակացած արտասահմանյան ֆիլմ չէիր կարող գտնել, նայել, բայց իրենք մի տարբերակ էին գտել, որի միջոցով նայում էինք այդ տարիներին «Օսկար» մրցանակաբաշխությունը, Կաննում ներկայացվող բոլոր ֆիլմերը: Հիշում եմ, մայրս կինոյի «գիրք» ուներ. դրանում այբբենական կարգով ֆիլմեր էին գրանցված: Ծնողներս շատ լուրջ հետևում էին կինոաշխարհին, ֆիլմերը նայում էին շատ մասնագիտացված աչքով: Հիմա, լինելով ռեժիսոր ես երևի այդքան ֆիլմ չեմ նայում, որքան իրենք այդ տարիներին:

Ընկել ու ոտքի կանգնել

Կարելի է ասել՝ արվեստի բոլոր ասպարեզներում փորձառություն ունեմ՝ գեղանկարչություն, քանդակ, կերամիկա, լուսանկարչություն, բայց կինոն մանկությունից այդպես էլ յուրահատուկ է մնացել ինձ համար: Երբ մասնագիտություն ընտրելու ժամանակն էր, մտածեցի, որ կինոյով հետագայում ապրել չի լինի (ծիծաղում է-հեղ.) և ընդունվեցի Երևանի Գեղարվեստի ակադեմիա, սկսեցի զբաղվել դիզայնով: Այնուամենայնիվ, իմ ընկերների ընտրությունը, շրջապատը, անգիտակցաբար, բայց կինոյի շուրջն էին պտտվում։ Արվեստի մեջ ամեն ինչ սիրով էի անում. քանդակի դեպքում ասում էին՝ լավ է ստացվում, այս ուղղությամբ շարունակի, նույնը գեղանկարչության դեպքում ու ընտրությունս ավելի էր բարդանում: Ակադեմիան ավարտելուց հետո Ռուբեն Մանգասարյանի մոտ սկսեցի ֆոտոժուռնալիստիկա սովորել․ այն շատ մեծ ազդեցություն թողեց ինձ վրա: Դիզայնի դեպքում խանգարող գլխավոր հանգամանքն այն էր, որ չեմ կարողանում հանգիստ նստել մի տեղում, աշխատել որևէ գրասենյակում, համակարգչի առջև: Ֆոտոժուռնալիստիկայով զբաղվելն ինձ կարծես կյանք վերադարձրեց  ու էլի հիշեցրեց կինոյի մասին:

Այդ ժամանակ  Իրանից կինոգործիչների խումբ եկավ Հայաստան և ինձ կանչեցին նրանց հետ աշխատելու․ և՛ լեզու գիտեի, և՛ արվեստի հետ կապ ունեի։ Սա շատ կարևոր ու լավ փորձառություն էր ինձ համար, քանի որ սկսեցի աշխատել  իրանցի լավագույն ռեժիսորներից մեկի հետ։ Մոտ երկու շաբաթ  աշխատեցի նրանց  հետ։ Միանգամից  մտա կինոյի աշխարհ․բոլորը կարծում էին, որ 2-3 տարվա փորձառություն ունեմ կինոյում:  Խնդիրներ ու բարդություններ էլ եղան, տեսա կինոյի թե՛ սև կողմը,  թե՛ լուսավորը: Արդեն գիտակցում էի, կինոն միայն երազանքային բան չի, լինելու են նաև շատ դժվարություններ։ Որոշեցի վերադառնալ Իրան ու մասնագիտանալ կինոյի ոլորտում: Սկզբում  ընդգրկվեցի օպերատորական թիմում. ընտրությունս հենց դրա վրա էլ կանգնեց։

Սկզբում բավականին բարդ էր, քանի որ օպերատորական թիմում ընդհանրապես կանայք չեն լինում։ Եթե անկեղծ լինեմ՝ շատ բարդ էր (ծիծաղում է-հեղ.)։ Մի տեսակ ոնց որ մրցույթ լիներ՝ էլ ով ինչ կարող է անել, որ դու թողնես, գնաս թիմից։ Ինձ համար էլ մարտահրավեր էր՝ պիտի մնայի ու սովորեի։ Հիմա դժգոհ չեմ այդ շրջանից, քանի որ այն ինձ շատ կոփեց: Սովորեցրեց, որ եթե մի բան չի ստացվում, պետք չէ հրաժարվել դրանից, պետք է էլի ու էլի փորձել, ելքեր գտնել: Ես սովորեցի, որ պետք է միշտ նայել առաջ՝ նպատակին, չանդրադառնալ կողքի խանգարող հանգամանքներին, որովհետև դրանք շատ արագ կշեղեն քեզ ճանապարհիցդ: Այդ տարիների ընթացքում ես այնքան եմ ընկել ու նորից ոտքի կանգնել, որ հիմա ինձ շատ ամուր եմ զգում։

Իրանում քաղեցի ինչ հնարավոր էր

Հայաստան վերադարձա 2018թ․–ին: Ի սկզբանե որոշել էի՝ իմ կինոն Հայասատանում եմ նկարելու: Մտածում էի, որ պետք է քաղել ինչ հնարավոր է ու վերադառնալ: 2015թ.-ին, երբ մի քանի անգամ թույլ չտվեցին թիմում հասնել իրենց կողմից խոստացված պաշտոնին տղամարդ չլինելու պատճառով, սկսեցի ավելի նպատակասլաց ինքնազարգացմամբ զբաղվել, սցենարներ գրել, նախքան նկարահանման գնալը սցենարը կարդալով՝ հստակ պատկերացնել, թե ռեժիսորն ինչպես կնկարի և այլն: Ցանկանում էի ավելի ամուր դիրքերով վերադառնալ։ 2017թ.-ին կրկնվեցին 2015թ.-ի դեպքերը, որոշեցի՝ վերջ:

Արդյունքում, Իրանում 8 տարի աշխատեցի օպերատորական թիմում, իսկ այդ երկրի կինոշուկան այնքան մեծ է, որ տարվա մեջ 4-5 ֆիլմի վրա էինք աշխատում, ինչի շնորհիվ մեծ փորձ  ձեռք բերեցի:  2018թ.-ին վերադառնալով հայաստան սկսեցի աշխատել իմ սցենարի վրա, խաղարկային լիամետրաժ ֆիլմ էր: Որոշակի բարդություններ կային, քանի որ ես հայաստայան կինոյի դաշտում ճանաչված չէի, ինձ չէին վստահում: Երևի մեկ տարի փորձեցի պրոդյուսեր գտնել, բայց անարդյունք: Վերջիվերջո, որոշեցի  սկզբում կարճամետրաժ ֆիլմ նկարել, հետո կանցնեմ լիամետրաժին: Կարճամետետրաժը «Շեմից այն կողմ»-ն էր:

Այս ֆիլմը շատ առումներով դրական ազդեցություն ունեցավ, ու հուսով եմ, որ այս ընթացքը կշարունակվի. այն կմասնակցի այլ փառատոնների ևս ու կդառնա իմ այցեքարտը, որպեսզի գտնեմ ապագա գործընկերներիս թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:

Շեմից այն կողմ

Սցենարի վրա աշխատել ենք Համբարձում Համբարձումյանի հետ, պրոդյուսերն ու ռեժիսորը ես եմ: Եթե համառոտ ներկայացնեմ սցենարը՝ տուժածը դիմում է ոստիկանություն, բայց իրավապահների կողմից չի ստանում համապատասխան վերաբերմունք ու գործողություններ: Գուցե, դրսում նայեն այս թեման, զարմանան, որ ոստիկանները կարող են նման վերաբերմունք ցույց տալ, բայց մեզ մոտ, ցավոք, տարածված երևույթ է: Ինձ համար բռնությունը կին ու տղամարդ չի տարբերում, բռնությունը բռնություն է, ու իմ համոզմունքն է, որ բռնությունը բռնություն է ծնում: Տղամարդը, որը բռնություն է կիրառում իր կնոջ նկատմամբ, ինքն էլ նախկինում բռնության զոհ է եղել, ասենք՝ ընտանիքում, աշխատավայրում: Իմ ֆիլմում էլ, գուցե, շատ նուրբ է ցուցադրված, բայց երիտասարդ ոստիկանն իր գործընկերների կողմից հոգեբանական բռնության է ենթարկվում. նա ուզում է ճիշտ վարվել, ուզում է պաշտպանել տուժածին ու կատարել իր պարտականությունները, բայց ծաղրի ու հեգնանքի է արժանանում: Ինձ համար շատ հետաքրքիր է տղամարդկանց արձագանքը, որոնք նայում են ֆիլմս. շատերի կարծիքով ես դրսի ինչ-որ ուժերի պատվեր եմ կատարում (ժպտում է – հեղ.): Սկզբում հիմնականում նշում են՝ պետք չէ մեր խնդիրները, թերությունները «ջրի երես» հանել: Բայց երբ զրուցում ենք, քննարկում, համաձայնում են, որ վիճակն այսպիսին է ու դրա հետ պետք է մի բան անել:

«Մի բան անելու» տարբերակներից մեկն ինձ համար կինոն, հեռուստատեսությունը զարգացնելն է, որովհետև դրա միջոցով կարելի է շատ պարզ ուսուցողական օրինակներ ցույց տալ, փոխանցել անհրաժեշտ «մեսիջներ»: Ուզում եմ ֆիլմիս ցուցադրությունները կազմակերպել տարբեր շրջաններում՝  հույս ունենալով, որ այն իր փոքրիկ ներդրումը կարող է ունենալ բռնությունը նվազեցնելու գործում:

Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը բավականին ակտիվ է հիմա, աջակցում է ֆիլմերի արտադրությանը: Շատ հաճելի էր, որ իմ ֆիլմը ֆինանսավորում ստացավ, հակառակ դեպքում՝ չէի կարողանա այն նկարել: Կրկնակի հաճելի է, որ ո՛չ ծանոթ ունեի, ո՛չ բարեկամ (ծիծաղում է -հեղ.) ու շատ լավ նշան է, որ ինձ հովանավորեցին հենց սցնեարի, ֆիլմի գաղափարի համար:

Կլերմոն-Ֆերան

2020թ.-ի դեկտեմբերին՝ ամենածանր ժամանակահատվածում, լուր ստացա, որ ֆիլմս ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի մրցութային ծրագրում: Մի վիճակ էր, որ չգիտես՝ ուրախանա՞ս, տխրե՞ս: Մտածում էի՝ ինչի՞ հենց հիմա պետք է սա լիներ, որովհետև դեբյուտային ֆիլմդ հաջողության է հասնում, բայց չես կարողանում լիարժեք վայելել այդ պահը: Ամեն դեպքում ինձ համար շատ մեծ պատիվ էր: Շատերը կինո չեն նկարում՝ պատճառաբանելով, որ թանկ է, դժվար է և այլն: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ փորձեցի ու արդյունքը տեսա:

Երկու պատասխան միաժամանակ

2019թ.-ին իմ լիամետրաժ ֆիլմի սցենարով դիմել էի «Ոսկե ծիրանի» Talent Lab-ին, 4 ամիս էր անցել ու իրենցից որևէ պատասխան չկար: Որոշեցի՝ ուրեմն պետք է կարճամետրաժիս վրա կենտրոնանամ ու այն նկարահանելու համար դիմեցի կինոկենտրոն: Հետաքրքիր ստացվեց, որ համարյա նույն օրը պատասխան ստացա և՛ «Ոսկե ծիրանից», և՛ Ազգային կինոկենտրոնից:  Իմացա, որ կարճամետրաժ ֆիլմիս համար կինոկենտրոնը ֆինանսավորում կտրամադրի ու միանգամից «Ոսկե ծիրանից» նամակ եկավ՝ «շնորհավորում ենք, դուք հաղթել եք…» ինձ մի պահ թվաց՝ իրենք այնքան ուշադիր են դաշտի նկատմամբ, որ շնորհավորում են ինձ կինոկենտրոնից ստացած ֆինանսավորման համար (ծիծաղում է-հեղ.):

«Ոսկե ծիրանի» մրցանակը IEFTA (International Emerging Film Talent Association)-ի աջակցությունն էր՝ զարգացումից մինչև արտադրություն: Միջազգային կազմակերպությունը ֆինանսավորում էր երիտասարդ կինոգործիչներին, որպեսզի նրանք մասնակցեն տարբեր դասընթացների, որոնց ընթացքում մասնագետներն օգնում են աշխատել սցենարի վրա՝ այն հասցնելով մինչև նկարահանման փուլ: Արդյունքում մեկնեցի Թուրին՝ դասընթացների, հիմա էլ այնտեղ ծանոթացած մասնագետների հետ անընդհատ կապի մեջ եմ ու նրանք ինձ շատ են օգնում: IEFTA կազմակերպությունը նաև օգնեց կարճամետրաժ ֆիլմիս տարածման (distribution) փուլում:

Նշեմ, որ 2020 թվականին շահել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը նաև «Հերիք է» լիամետրաժ նախագծիս զարգացման համար:

Հայաստանյան կինոշուկան և մասնագիտական հարաբերությունները

Իմ կարծիքով, մեր գլխավոր խնդիրը մասնագիտական հարաբերություններն են, պատասխանատվության պակասը. սա ասում եմ կինոյի ոլորտի մասին, բայց կարող է վերաբերել նաև բոլոր մյուս ոլորտներին: Մեզ մոտ մտածողություն կա, որ մեր աշխատանքով դիմացինին լավություն ենք անում: Իմ մտածողությունն այնպիսին է, որ եթե նույնիսկ քիչ աշխատավարձով հանձն ես առել, որ տվյալ գործը կանես, արդեն պատասխանատու ես, չես ուզում՝ ուրեմն չհամաձայնվեիր:

Երբ եկա Իրանից ու մտա հայաստանյան կինոշուկա, անընդհատ ասում էի, որ պատրաստ եմ բոլորին փոխանցել իմ փորձառությունը, կարծում էի  ճիշտ է, որ կիսվենք գիտելիքներով, փորձով, քանի որ սա կնպաստի ընդհանուր դաշտի զարգացմանը: Ես ուզում եմ Հայաստանում կինոն զարգանա, քանի որ զարգացած կինոդաշտում ավելի հաճելի է աշխատելը: Այս ոգևորությունս գրեթե արձագանք չստացավ:

«Շեմից այն կողմ» ֆիլմի վրա հետարտադրական փուլում աշխատել եմ Իրանում՝ մարդկանց հետ, որոնք սովորաբար շատ մեծ գումարով աշխատում են լիամետրաժ ֆիլմերի վրա, բայց քանի որ չունեի այդ գումարը, իրենք համաձայնել էին ինձ օգնել այլ պայմաններով ու դա անում էին նույն սրտացավությամբ, ինչ մեծ գումարի դիմաց: Սա շատ կարևոր է: Թիմային աշխատանքը Հայաստանում շատ թերի է: Մենակ շահի մտածողությունը պետք է դնենք մի կողմ: Մենակ  քո շահով առաջնորդվելը ճիշտ չէ, թեկուզ այն առումով, որ թիմային աշխատելու դեպքում հետագայում դու էլ այդ նույն թիմից աջակցություն կարող ես ստանալ:

Չգիտեմ, մի քիչ էգոյի հարց կա, որը պետք է մի կողմ դնենք: Վերջերս Կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ արտադրված ֆիլմերի ցուցադրություն էր կազմակերպվել, դահլիճում նկատում էի՝ ռեժիսորները հիմնականում գալիս էին, դիտում միայն իրենց ֆիլմն ու հեռանում: Բայց միթե իրենց հետաքրքիր չէ՞, թե այդ դաշտում ինչ այլ բան են նկարում, ի՞նչ է կատարվում առհասարակ: Ինձ համար սա մի քիչ անհասկանալի մոտեցում է: Գուցե վախեր կան, չգիտեմ, բայց ինձ թվում է առողջ մթնոլորտում պետք էր մյուս ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությանն էլ ներկա գտնվել, տեսնել ստացված կամ չստացված կողմերը: Դա կարող էր օգտակար լինել նաև իրենց համար: Դաշտին ընդհանուր ծանոթ լինելը կատարելագործվելու, առաջ գնալու լավ ազդակ կարող է լինել, գոնե ինձ համար այդպես է. կարծում եմ, առաջ գնալու համար էգոն ու վախերը պետք է մի կողմ դնենք:  

 Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Անգինե Իսանյանսի