Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ

Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով իրականությունից, արվեստագետը բոլոր դեպքերում ընդգծում է այդ իրականության անհատական մեկնաբանությունը։ Ընդ որում, այստեղ հնարավոր է տեսանելի իրականության նկատմամբ ամեն մոտեցում, բացի ուղղակի նատուրալիստական եղանակով այն «արձանագրելուց» ու պատճենելուց, որոնք մուլտիպլիկացիայի մահացու թշնամիներն են։ Եթե պլաստիկական մտածողությունը բխում է երեվակայությունից՝ հաշվի առնելով, որ պատկերը պետք է շարժվի, ապա ֆիլմ ներմուծված վավերագրական պատկերանյութն անգամ (լուսանկար, խրոնիկա, խաղարկային կադրեր) անպայման և անարգել պետք է մերվի մուլտիպլիկացիոն նյութի ընդհանուր հոսանքին։ Այսպես, օրինակ, «Գտնված երազ» ֆիլմի նախաբանը պատկերում է փայտե մի հին դուռ, որ դանդաղ բացվում է ձեռքերի թեթև հրումից։ Թվում է սրան հաջորդող նկարված հենքը անհաշտ կոնֆլիկտի մեջ կմտնի վավերագրական նման նյութի հետ։ Սակայն ֆակտուրային տարասեռության զգացողություն չի առաջանում։ Ինչո՞ւ։ Որովհետև ցուցադրված դուռը մենք ընկալում ենք ոչ թե իբրև որոշակի դուռ, այլ որպես պայմանական դետալ, որպես հրավեր և մուտք հեքիաթի աշխարհը։ Կինոյի սկզբունքորեն տարբեր տեսակներին պատկանող ձևերը համատեղվում են, որովհետև համատեղվում է նրանց գաղափարա-գեղարվեստական բովանդակությունը։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև հնչյունա-պլաստիկական ռիթմական խաղին, որի շնորհիվ կարելի է ըմբռնել մուլտիպլիկացիայի էության ու պոետիկայի մի կողմը ևս։ Բանն այն է, որ կյանքը հետազոտելով, ընդհանրացումներ անելով, մտածելով պատկերներով ու հասկացություններով, մուլտիպլիկատորը միշտ էլ ձգտում է շեշտը դնել երկի գունեղության ու հանդիսանքային գրավչության վրա։ Փայլ, տոնականություն, անընդհատ շարժում… Մուլտֆիլմում ակնթարթը չի կարող կանգ առնել, որքան էլ գեղեցիկ լինի այն, քանի որ կնմանվի ջրից հանված ծովաքարի, որն իր գեղեցկությունը կորցնում է հենց իր գոյության տարերքից զատվելու պատճառով։ Մուլտպատկերի համար նման տարերք է ժամանակի մեջ անընդհատ փոփոխվող հնչյունա- տեսողական բնութագիրը։

Այսպիսով, փաստորեն մուլտֆիլմը արվեստի տարբեր տեսակների արտահայտչամիջոցների սինթեզ է, որը դինամիկ հավասարակշռություն պետք է պահպանի։ Եթե հեղինակին հաջողվում է այդ, ապա գործադրված ջանքերն անպայման գեղագիտական հավելյալ պտուղներ են տալիս։ Մուլտիպլիկացիան, որ զավակն է խելացի ու կրթված ծնողների՝ նկարչության ու գրականության, միաժամանակ օժտված է երաժշտական հիանայի լսողությամբ և պլաստիկայի զգացողությամբ։ Բայց այդ մանուկը նաև լավ դաստիարակի պահանջ է զգում, իսկ դաստիարակ ասելով նկատի ունենք հեղինակին։

Խաղարկային կինեմատոգրաֆում ստեղծագործական֊արտադրական ֆունկցիաների և պարտականությունների հստակ բաժանում գոյություն ունի՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, նկարիչ, դերասաններ և այլն։ Ըստ էության, իբրև հեղինակ է հանդես գալիս ստեղծագործական ամբողջ կոլեկտիվը։ Իհարկե, այն ֆիլմերը, որոնց ռեժիսորներն են ստեղծագործական այնպիսի վառ անհատականություններ, ինչպիսիք են Չապլինը, էյզենշտեյնը, Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին և ուրիշներ, իրենց բոլոր բաղադրիչներում, հղացումից մինչև կատարում, կրում են նրանց ընկալման ու վարպետության կնիքը։ Մուլտիպլիկացիայում վիճակը համանման է, այսինքն՝ մեկ մարդու գեղարվեստական պատկերացումներին ենթարկվելու հանգամանքն ավելի պարտադիր է, քան սովորական կինոյում։ Այդպիսի մարդ կարող է լինել նա, ով, նախ, օժտված է հատկապես մուլտիպլիկացիայում արծարծելու համար առավել պիտանի թեմաներ ու գաղափարներ ընտրելու «հոտառությամբ», և ապա՝ ռիթմավորված տարածությունն ու ժամանակը գիտակցության մեջ մոդելավորելու և շարժվող պատկերներով մարմնավորելու ունակությամբ։ (Ժամանակի՝ ստատիկ նկարչությունը շարժման մեջ դնող այդ լրացուցիչ կոորդինատի, համակցումն անասելի բարդացնում ու դժվարացնում է հեղինակի աշխատանքը, քանի որ նրանից զուտ կինեմատոգրաֆիական մտածողություն է պահանջում, որով, ցավոք, հարկ եղածի չափ օժտված չեն իբրև ռեժիսոր հանդես եկող մեր նկարիչները)։

Պարտադիր չէ, որ հեղինակ-ռեժիսորը պրոֆեսիոնալ նկարիչ լինի, թեև, անկասկած, նա պետք է մի ինչ-որ չափով նկարել իմանա։ Յուրաքանչյուր նոր նկարչի մուտքը մուլտիպլիկացիա հարստացում է, բայց հարստացում  նկար- չական և ոչ թե կինեմատոգրաֆիական ոճով։ Իսկ դա նշանակում է, որ ստատիկ նկարչության նույնիսկ գերազանց միջոցները կարող են շարժվող պատկերի միջոցներ չդառնալ։ «Կախարդական լավաշը» ֆիլմում իբրև նկարիչ աշխատեց Ալ․ Գրիգորյանը, որի ստեղծագործությունը վաղուց գնահատվել է ըստ արժանվույն։ Բայց պարզվեց, և ես դա պնդում եմ ամենայն համոզվածությամբ, որ նրա գեղանկարչական  ոճի ուժն ու հմայքը կազմող առանձնահատկությունները հակացուցական են մուլտիպլիկացիային։ Ճկուն, իր ներքին շարժման մեջ գրավիչ ստատիկ գիծը դարձավ փխրուն ու բեկբեկ, հենց որ սկսեց շարժվել։ Ես չեմ ուզում «Կախարդականդ լավաշի» ակնհայտ ձախողումը բացատրել միայն դրանով․ այստեղ կործանիչ դեր խաղաց նաև կեղծ ֆոլկլորային սցենարական հիմքը՝ շինծու վիճակներով ու մտացածին բարոյախոսությամբ։ Խիստ միջակ էին ոչ միայն տեխնիկական կատարումը, այլև նկարչական լուծումը, էկլեկտիկ նկարագիր ոնեցող կերպարները (հիշենք թեկուզ ավազակի կերպարը՝ փոխառնված մի ինչ-որ ուրիշ, ոչ հայկական հեքիաթային ավանդույթից։

Կերպար-դիմակների, գաղափարների կրկնությունը, որ հանգեցնում է սյուժեների, մոտիվների, կոլիզիաների, հնարանքների կրկնության, դյուրացնում է էպիգոնության ներթափանցումը մեր մուլտիպլիկացիայի մեջ, արգելակվում է նրա գեղարվեստական ընթացքը, թույլ չի տալիս մեր առանձին ստեղծագործողներին, որ դուրս պրծնեն նախորդ, հնացած փորձի սահմաններից։ Անցյալի բեռն այնքան ծանր է ու ճնշող, որ նույնիսկ բովանդակության հետաքրքիր զարգացում ունեցող, թարմ ու սուր վիճակներով հարուստ ինքնատիպ սյուժեի դեպքում էլ արդյունք- ֆիլմը լինում է զգալիորեն պակաս գրավիչ ու տպավորիչ, քան գրական հիմքը։

Այդ ճակատագիրն ունեցավ, ըստ իս, «Երաժշտություն» նկարը, որի գեղարվեստական հղացումն ու գաղափարը շատ հետաքրքիր էին։ Բնականաբար կարելի էր ենթադրել, որ պատկերային արտահայտչամիջոցներն էլ պատշաճ կլինեն գաղափարին։ Սակայն միագույն գամմայով լուծված, պլաստիկ մտածողության մեծաքանակ ստերեոտիպներով լցված, մի առարկայի պատկերից մյուսին անցնելու հնամաշ միջոցներով ( «տեսողական հանգավորման» սկզբունքով) արված «Երաժշտություն» նկարը ինքն իրեն դատապարտեց հանդիսատեսի ոչ բարեհաճ, նույնիսկ անտարբեր վերաբերմունքին։ Ու թերևս հենց այդ պատճառով «Երաժշտությունը» Ռիգայի համամիութենական կինոփառատոնում «չլսեցին» այնպես, ինչպես կուզեին ուղարկողները։ Գեղարվեստական հղացման և վերջնական արդյունքի մակարդակների նման տարբերությունը հաճախադեպ երևույթ է հայկական մուլտիպլիկացիայում։ Մոտավորապես նույնը պատահեց «Թե ինչպես արջուկները կերակրեցին կետերին», «Լիլիթ», «Լուր֊ դա ֊լուր», «Շունն ու կատուն», «Կար ֊չկար մի ոզնի» ֆիլմերում։ Յուրաքանչյուր դեպքում պատճառն ուրիշ էր, բայց արդյունքը՝ նույնը․․․

Տավրոս Դաշտենց 

«Սովետական արվեստ», թիվ 4, 1978թ․

(շարունակելի)


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...