Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ

Մի քանի խոսք մանկական հանդիսասրահի համար նախատեսված նկարների մասին։ Տարվա ընթացքում «Հայֆիլմի» թողարկած երեք մուլտֆիլմերից երկուսը հասցեագրվում են մանուկներին․ բնական է նման հարաբերակցությունը և ուղղակի արտահայտությունն է այն հաշվեկշռի, որ սահմանել է ՍՍՀՄ Պետկինոն։

Մանուկների համար, ստեղծվող մուլտֆիլմերի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Եվ սա պարտավորեցնում է ավելի լրջմիտ մոտեցում ցուցաբերել այդօրինակ ֆիլմերի թեմաների ու ձևերի ընտրությանը։ Միութենական և համաշխարհային մուլտիպլիկացիայում կատարված և կատարվող տեղաշարժերը շատ բան են հուշում այս տեսակետից, մինչդեռ մեզ մոտ նույնիսկ դժվար է ապացուցել, որ մանուկների համար նախատեսվող մուլտֆիլմերը չպետք է սահմանափակվեն միայն ֆոլկլորային նյութի շրջանակներով, ասենք՝ հեքիաթով։ Ինչ խոսք, հեքիաթը շատ է անհրաժեշտ երեխաներին և միշտ էլ անհրաժեշտ կլինի։ Սակայն չպետք է մոռանանք նաև, որ այսօրվա մուլտիպլիկացիայում փոխներթափանցման պրոցես է կատարվում։ Մանկական լավագույն մուլտֆիլմերում (ցավոք, ոչ հայկական) կյանքի խորքերը թափանցելու  այնպիսի լուրջ միտում է նկատվում, դրանց մեջ այնպիսի խնդիրներ են արծարծվում, որ այդ ֆիլմերը մանկական կարելի է համարել ավելի շուտ պայմանականորեն, քանի որ հավասարապես խոսում են նաև հասուն հանդիսատեսի մտքի ու սրտի հետ։ Իսկ մենք այդ բանը չենք ուզում հասկանալ, չենք կարողանում մեկընդմիշտ համոզվել, որ չի կարելի ճիշտ գաղափարը դարձնել դոգմա, քարացած նախապաշարում։ Երբ անվերապահորեն միայն և միայն հեքիաթը, առակը, լեգենդն ենք ընդունում իբրև ֆիլմի հիմք, դրանով իսկ անխուսափելիորեն աղքատացնում ենք մեր մուլտիպլիկացիան, չնայած ժողովրդի մեջ լայնորեն տարածված ու մշտապես սիրված ֆոլկլորային այդ նյութն առանձնապես հարմար է մուլտֆիլմի փոքր ծավալներին ու ձևերին։ Ընդհանուր առմամբ ֆոլկլորային այդ ժանրերը կատակերգական, այլաբանական, խրատական մեծ լիցք են պարունակում։ Դրանց մյուս առավելությունը համապարփակ բնույթն է, ընդհանրությունը գրեթե բոլոր ժողովուրդների համար։ Հեքիաթի կամ առակի յուրաքանչյուր թեմատիկ տարբերակ դասական ավարտունության և կատարելության է հասնում հատկապես այնտեղ, ուր երկի գաղափարն ու բարոյախոսությունը առավել համահնչուն են, տվյալ ժողովրդի սոցիալական և հոգևոր կյանքի պայմաններին՝ պատմա–հասարակական տվյալ դարաշրջանում։ Ուստի լինում են սյուժեներ, որոնց գաղափարը հնանում է ժամանակի ընթացքում և չի համընկնում բարոյական նոր գնահատականին։ Այսօր անհնար է ամեն ինչ ընդունել անվերապահորեն, քանի որ ժամանակի հետ փոփոխություններ են կատարվել ժողովրդի սոցիալ-հոգեբանական նկարագրի մեջ։

Արդի մուլտիպլիկացիայում շատ թեմաներ արդեն մշակվել են բազմիցս։ Համանման սյուժետային կառուցվածքների համառ կրկնությունը կարող է հանգեցնել սոսկ գաղափարա- գեղարվեստական անհրաժեշտ ու օգտակար կոնցեպցիաների արժեզրկման։ Ուստի և նույնիսկ ամենականոնիկ նյութի մեջ սրբագրումներ մտցնելու հարկ է զգացվում։ Այսօր, ասենք, «Կարմիր գլխարկն» անգամ պետք է մի փոքր այլ կերպ ներկայացվի։ Իսկ թե ինչ կերպ՝ դա արդեն ուրույն տեսանկյունից դիտելու, հնարագիտության և ճաշակի հարց է։

Իմ այս դիրքորոշումը չպետք է հասկանալ այնպես, իբր ես ամեն կարգի վերափոխումների մոլի կողմնակից եմ։ Այդ գործողությունը միշտ էլ իր մեջ վտանգ ունի, պահանջում է հեղինակային տակտ, նրբանկատություն և, որ ամենագլխավորն է, վերափոխում կատարելու անհրաժեշտության պարզ գիտակցություն։

Այդպես ժամանակակից հայրենական և արտասահմանյան՝ մուլտիպլիկացիայում տեղի ունեցող պրոցեսները բերում են այն մտքին, որ անցյալ  դարաշրջանների հումորիստական, սատիրական, նույնիսկ հրապարակախոսական ժառանգությունը, անհրաժեշտ փոփոխություններ կրելով, ակտիվորեն միտվում է այնպիսի ձևերի, որոնք ապահովում են բովանդակության լավագույն ընկալումը հենց այսօր և հենց այսօրվա բարոյա -գաղափարական լույսի տակ։ Այլապես անխուսափելի է լճացումը, ինչպես եղավ մեր այն ֆիլմերում («Փարվանա», «Լուր -դա –լուր» և այլն,ուր ֆոլկլորային հարստությունն  արտացոլված է մեխանիկորեն։ Եվ քանի որ, ի լրումն այդ բանի, գեղարվեստական թարմ հղացումների և մարմնավորման համապատասխան ձևերի վակուում է առաջացել («Երաժշտությունը» բացառություն է «կիսով չափ»), ապա արհեստականորեն իրենց իրավունքները մեծացրել են  կեղծ ուսուցողականությունն ու խրատաբանությունը։ Եվ եթե շարունակվի այդպես՝ ոչ մուլտարվեստի դեմոկրատական բնույթը, ոչ էլ ֆոլկլորի հեղինակությունը չեն կարող արգելել գորշ միօրինակության ու ձանձրույթի ներթափանցմանը ծավալով փոքր այդ ֆիլմերի մեջ՝ այնպիսի չափով, որ կբավարարեր մի ամբողջ լիամետրաժ ֆիլմի։

Ավելի բարդ ու հետաքրքրական է ազգայինի հարցը մուլտիպլիկացիայում։ Այս ուղղությամբ տեսական հետազոտություններ գրեթե չկան, ուստի և կոնկրետ ֆիլմերն այդ տեսանկյունից լուսաբանելիս առաջնորդվում են միայն ընդհանուր բնորոշումներով։ Ես նույնպես այստեղ չեմ անդրադառնա այդ պրոբլեմին, քանի որ այն հատուկ մեծ խոսակցություն  է պահանջում։ Կարող եմ միայն, ասել, որ միայն և միայն թեմատիկայով չի կարեյի որոշել մուլտիպլիկացիայի ազգային ձևը։  Ճիշտ այդպես էլ մուլտլեզվի առանձին, նույնիսկ պարզորոշ ազգային տարրերով չի ապահովվում  նրա ազգային էությունը։ Բայց կարող է և հակառակը լինել։  Այսպես, «Աղվեսագիրքը», նկատելի վրիպումներ ունեցող, բայց և թեմատիկ, կերպարվեստա- երաժշտական և ժանրային հեռանկարներ բացող այդ ֆիլմը, չնայած իր գերժամանակակից, արտաքուստ կարծես ազգային ավանդույթների հետ կապ չունեցող կատարմանը, մի գործ է, որի մեջ «օրգանապես զուգորդվում են արդիականն ու ազգայինը»  ինչպես գրում է սովետական մուլտիպլիկացիայի առաջատար վարպետներից մեկը՝ Ֆ․ Խիտրուկը։ Եվ ապա շարունակում է. «ֆիլմի անսանձ տեմպերամենտը, գույնի, լույսի շարժման էներգիան՝ այս ամենն անկասկած ազգային հատկանիշներ ունի իր մեջ» (Детская литература», 1977 թ, N 4

Իմ այս հոդվածը, որ, թերևս, վիճելի է իր որոշ մանրամասերում, ուզում եմ ավարտել հայկական մուլտիպլիկացիայի հեռանկարների վերաբերյալ նկատառումներով։ Այդ հեռանկարները կան, բայց դրանք հարկավոր է ոչ միայն տեսնել, այլև նախապատրաստել ու կազմակերպել։

Սակայն նախ փորձենք հանրագումարի բերել ի՞նչ ունենք այսօր։ Տեխնիկական վարպետությո՞ւն։ Այո՝, ունենք։ Մեր երիտասարդ մուլտիպլիկատորները, նկարիչները ինչպես հարկն է տիրապետում են իրենց մասնագիտության գաղտնիքներին։ Նրանք կարող են լուծել տեխնիկական կարգի ամեն մի խնդիր։

Եվ, այնուհանդերձ, նրանց գլխավոր արժանիքը անսահման սերն է իրենց պրոֆեսիայի, մուլտարվեստի հանդեպ։ Եվ ես կարող եմ պատասխանատվության ողջ գիտակցությամբ հայտարարել, որ եթե չլիներ նրանց երիտասարդական էնտուզիազմը, համատեղ աշխատանքի զգացումը և, վերջապես, հավատն իրենց առաքելության (այո, հենց այդ բառը արժե օգտագործել) նկատմամբ, ապա թերևս հայկական մուլտիպլիկացիա գոյություն չէր ունենա։ Կլինեին ինչ-որ հատուկենտ «մուլտիկներ», որ գուցե կնկարահանեին հրավիրված մասնագետներ, բայց հայտնի չէ, թե դրանք ինչ կապ կարող էին ունենալ հայկական կինեմատոգրաֆի հետ։

Մեր առջև այսօր ամբողջ սրությամբ դրված է ինչպես ինքնօրինակ մուլտսցենարներ, այնպես էլ էկրանավորումներ ստեղծելու հարցը։ Մի բան պարզ է, որ մուլտիպլիկացիայի համար  ոչ բոլորը կարող են սցենար գրել, նույնիսկ ոչ ամեն գրող ու կինոդրամատուրգ։ Դա չէ՞ արդյոք պատճարը, որ մեր ռեժիսորներն անցյալում հաճախ հանդես էին գալիս իբրև համահեղինակներ, փորձելով զուտ գրական տեքստին  կինոսցենարի կերպարանք տալ։ Գուցե և լավ է դա, սակայն  առանձին դեպքերում, երբ այդ բանն արվում է ոչ հիմնական ստեղծագործական, ֆունկցիաներից կտրվելու գնով։ Ինչո՞ւ չասենք, եղել է և այնպես, որ ռեժիսորը չի համաձայնել մուլտֆիլմ ի նկարահանմանը ձեռնարկել, մինչև որ երկար քաշքշուկից տանջահար հեղինակը ի վերջո գլխի է ընկել, որ հարկավոր է համահեղինակ դառնալու առաջարկ անել ռեժիսորին։ Իսկ թե դա ինչ է նշանակում կարծում եմ, կարիք չկա բացատրելու։

Մեզ շատ ու շատ են, պետք մուլտիպլիկացիա հասկացող սցենարիստներ։ Պետք է որոնել, գտնել նման ձիրքով օժտված մարդկանց։ Վերջին մեկ-մեկուկես տարում աշխատանքի մեջ ներգրավեցինք մեր արձակագիրներից ու բանաստեղծներից մի քանիսին՝ հաշվի առնևլով այդ խիստ յուրահատուկ արվեստի նկատմամբ նրանց հակումը, ստեղծագործական մտածողության համապատասխան բնույթը։ Նրանց մեջ կան անուններ, որոնք հույս են ներշնչում։ Մենք կուզեինք առաջիկայում ևս շարունակել այդ պրակտիկան հեղինակային ամուր հիմք ստեղծելու համար։

Ոչ պակաս կարևոր նշանակություն կունենար և այն, որ մուլտիպլիկացիա գային նոր նկարիչ-բեմադրողներ։ Ցավոք, վերջին տարիներին հայ կերպարվեստի մեծաթիվ  ներկայացուցիչերից ստուդիա է եկել միայն Հ․ Դիլաքյանը՝ մեր մուլտի համար նոր, բավական հետաքրքիր ոճական եղանակ բերելով։ Ընդհանրապես ժանրա-ոճական իր բոլոր ճյուղավորումներում խիստ զարգացած հայ կերպարվեստի հնարավորությունները չափազանց մեծ են, և այն կարող է արդյունավետ ու բազմակողմանի ներգործություն ունենալ մուլտիպլիկացիայի վրա։ Ոճական յուրաքանչյուր եղանակ՝ և՛ ժանրային ռեալիստական ջրանկարը, և մանկական գծանկարը, և ծաղրանկարչի սուր գրաֆիկան, իր ուրույն հնարավորություններն ունի և իր անհրաժեշտ տեղը կարող է գրավել  այս արվեստում հեղինակի հղացմանը համապատասխան։

Աշխատանքի մեջ կոմպոզիտորների ներգրավման առումով կարծես թե լավ է վիճակը։ Հիշենք, որ մուլտֆիլմեր թողարկելու սկզբնական շրջանում երաժշտության մեջ, բառի դրական իմաստով, մենաշնորհը պատկանում էր Ռոբերտ Ամիրխանյանին, որը մուլտիպլիկացիայի բնույթի նուրբ զգացողություն ունի։ Հետագայում  նրան միացան Ստեփան Շաքարյանր, Մարտին Վարդազարյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Հարությունյանը, Դավիթ Ազարյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը․․․ Նրանցից ոմանք գրում էին փոփոխական հաջողությամբ, մյուսներն ավելի դժվար էին  հաղթահարում մուլտիպլիկացիայի երաժշտական լեզուն։ Եվ, այնուհանդերձ, ընդհանուր մակարդակն այսօր միանգամայն ընդունելի է, ունենք խթանող նախադրյալներ՝ հանձին երաժշտական զարգացած ավանդույթների։

Այսպիսով, ընդհանուր առմամբ երաժշտության ու նկարչության  տեսակետից կարծես թե ամեն ինչ կարգին է մեզ մոտ։ Կարգին չէ միայն բուն մուլտիպլիկացիայի վիճակը ամբողջությամր վերցրած։ Չէի ուզի, որ ինձ մեղադրեին քմահաճորեն գույները խտացնելու, սևացնելու, չափազանցնելու մեջ։ Ճիշտն ասած, մեր մուլտիպլիկացիայի բացասական կողմերը փոքր– ինչ ընդգծված են այստեղ, բայց դա արվել է գիտակցաբար՝  նրա պրոբլեմների վրա ուշադրություն բևեռելու նպատակով։ Ավելին, ուզում եմ հավատալ, որ վերջապես կկատարվեն կազմակերպչական  արտադրական այն կարևոր վերակառուցումները, որոնք բուն կյանքի թելադրանքն են և պետք է իրագործվեն մեր մուլտիպլիկացիան դժվար վիճակից դուրս բերելու համար։

Այսօր մենք արդեն «կետեր ենք կերակրել», բարեկամացել ենք « անհաղթի» և «ծույլի»  հետ, «գտնված երազներ» ենք տեսել։ Մենք հաջողությամբ քայլել ու ինչ-որ տեղ ենք հասել «Աբու-Հասանի մաշիկներով»։ Ժամանակը չէ արդյոք, որ ավելի հեռուն գնանք։ Ժամանակը չէ՞, որ զարմանալի քարթու «կախարդական լավաշը» փոխենք նոր, քաղցր «մեղրի կաթիլներով»․․․

Մուլտիպլիկացիան սովորաբար «փոքր արվեստ են» կոչում։ Բայց ավելացնում են՝ «մեծ ապագայով»։ Արդեն այսօր այդ արվեստի համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նրա փոքր ձևերը բացասաբար չեն անդրադառնում ոչ մտքի խորության և ոչ էլ զաղափարա- գեղարվեստական արժեքի վրա։ Մեկը նկատել է, որ մուլտիպլիկացիան  դեռ իր Շեքսպիրն ու Ռեմբրանդտը կունենա։ Հնարավոր է։ Բայց մեզ առայժմ զբաղեցնում են «տեղային» հարցեր, հայկական մուլտիպլիկացիայի ճակատագիրը․ անհրաժեշտ է հաղթահարել և, որ գլխավորն է, չկրկնել այն սխալները, որոնք մեզ մոտ տարիների ընթացքում կուտակվել են՝ ավելի, քան ձեռքբերումները։ Եվ այդ բանը կարելի է անել ամեն մի թերության, աշխատանքի մեջ նույնիսկ  նվազագույն զիջողության նկատմամբ անհանդուրժողութ յունը զուգորդելով այդ աշխատանքը կատարողների հանդեպ հանդուրժողության ու բարյացակամ վերաբերմունքի հետ։

Տավրոս Դաշտենց 

«Սովետական արվեստ», թիվ 4, 1978թ․

(շարունակելի)