Ռոդիոն Նահապետովի դերերն ու ֆիլմերը
ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ռոդիոն Նահապետովը կինոսիրողներին հայտնի է որպես Մարկ Դոնսկոյի «Մոր սիրտը» և «Մոր հավատարմությունը» կինոնկարներում Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարն ստեղծող: Նա գլխավոր դերերն է կատարել նաև «Առաջին ձյունը», «Ապրում է մի այսպիսի տղա», «Երազել ու ապրել» և շատ այլ ֆիլմերում։ Վերջին տարիներս Ռոդիոն Նահապետովը հանդես է գալիս որպես կինոռեժիսոր:
Նրա կյանքն այնքան էլ սովորական չի դասավորվել:
-Ես,- պատմում է Նահապետովը, – ծնվել եմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ «Հայրենիք» պարտիզանական ջոկատում, որի պատվին է համահնչունությամբ ինձ տվել են Ռոդիոն անունը։ Հորս չեմ հիշում, նա զոհվել է հիտլերականների դեմ պարտիզանական մարտերի ժամանակ։ Մայրս պատերազմից հետո ծանր հիվանդ էր, բայց, թաքցնելով դա ինձնից ու մերձավորներից, շարունակում էր աշխատել դպրոցում որպես ուսուցչուհի: Նրա մահից հետո ես դաստիարակվել եմ մանկատանը: Դպրոցական տարիքից պարապել եմ դրամատիկական խմբակում: Չգիտես ինչու, ինձ համարյա միշտ ծերունու դերեր էին հանձնարարում… Բայց դատելով հանդիսականների վերաբերմունքից, այդ դերերը ինձ հաջողվում էին։ Դրամայով տարված և կինոարվեստի նկատմամբ պատանեկան անկեղծ սիրով լցված ես ոտք դրեցի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ: Ես Մոսկվա եկա, երբ դեռ բոլորովին երեխա էի՝ տասնամյակն ավարտեցի 16 տարեկան հասակում և, հանձնելով քննությունները, դարձա դերասանական ֆակուլտետի ուսանող։
Իմ համարյա բոլոր դերասանական աշխատանքները, այդ թվում 16 տարբեր դերեր՝ «Սիրահարվածները», «Այդ քաղցր բառը՝ ազատություն», «Սիրո ստրկուհին» և այլ ֆիլմերում, անտարակույս, հարստացրին ինձ թե’ որպես դերասանի և թե’ որպես մարդու: Յուրաքանչյուր կերպար, որ ինձ բախտ է վիճակվել մարմնավորել էկրանին, ես ստեղծել եմ սիրով, բայց ինձ համար ամենանվիրականը և ամենաթանկագինը համարում եմ Վլադիմիր Իլյիչ Լենինի դերակատարումը: Բանը միայն այն չէ, որ դա ինձ համար եղել է բացառիկ պատասխանատու և բարդ դեր, չէ որ ես 19 տարեկան էի, իսկ իմ առջև խնդիր էր դրված ստեղծել սոցիալիստական հեղափոխության մեծ առաջնորդի կերպարը, էկրանին մի ամբողջ կյանք ապրել, որը ընդգրկում է Վլադիմիր Իլյիչ Լենինի կենսագրությունը 16-ից մինչև 47 տարեկանը:
Այդ դերը ինձ համար թանկ է գլխավորապես նրանով, որ այն ինձ ստիպել է կյանքին ու աշխատանքին նայել բարոյական և սկզբունքային էլ ավելի բարձր դիրքերից: Հենց այն ժամանակ էլ, աշխատելով սովետական կինոռեժիսուրայի դասականներից մեկի՝ Մարկ Դոնսկոյի հետ. ես մեծագույն հարգանքով լցվեցի ռեժիսորի մասնագիտության հանդեպ:
Եվ ես ընդունվեցի Իգոր Տայանկինի ստեղծագործական արվեստանոցը ու 1972 թվականին, ժամկետից շուտ հանձնելով քննությունները, ավարտեցի ռեժիսորական ֆակուլտետը: Իմ ռեժիսորական նորամուտը երջանիկ էր: «Քեզ հետ և առանց քեզ» առաջին ժապավենը միջազգային երկու պարգև ստացավ. Բելգրադում՝ կանացի դերի լավագույն կատարման մրցանակը: Երկրորդ աշխատանքը՝ «Մինչև աշխարհի ծայրը…» ֆիլմը, լեհական Լյուբլին քաղաքում կայացած միջազգային երրորդ կինոփառատոնում նվաճեց «Գրան-պրի»:
Ազնվորեն ասած, ես չէի սպասում, թե իմ առաջին աշխատանքները այսպիսի արձագանք կգտնեն: Չէ որ այդ կինոնկարների գլխավոր դերերում նկարահանվել են երիտասարդ և միաժամանակ ոչ այնքան հայտնի դերասաններ: «Քեզ հետ և առանց քեզ» ժապավենում Մարինա Նեյոլովան և Յուոզաս Բուդրայտիսը, «Մինչև աշխարհի ծայրը…» ֆիլմում Վերա Գլագոլևան և Վադիմ Միխեյենկոն: Այդ կինոստեղծագործություններում բոլորս էլ երիտասարդ ենք՝ թե’ ռեժիսորը, թե’ կինոդերասանները, իսկ սյուժեների թեման և լեյտմոտիվը՝ սերը, հին է, ինչպես ինքը՝ աշխարհը…
Իմ կարծիքով, երկու նկարներն էլ կարողացան հանդիսատեսի ուշադրությանն արժանանալ, որովհետև այդ ֆիլմերում ցույց է տրված, թե սերն ինչպես է մարդուն օգնում դառնալու ավելի մաքուր, ավելի լավ, ինչպես է հարստացնում մարդու ներաշխարհը: Ինձ մեծ բախտ է վիճակվել մեծանալ, ապրել, սովորել ուշադիր ու զգայուն մարդկանց շրջանում: Ինձ բախտ է վիճակվել մեր երիտասարդության հետ հանդիպելու կառույցներում, գործարաններում ու կոլտնտեսություններում, ուստի դրա համար էլ իմ ամբողջ կենսափորձը հաստատում է հավատը մարդու նկատմամբ: Միանգամայն բնական է, որ ես իմ ֆիլմերում ձգտում եմ իմ ժամանակակցին ցույց տալ ոչ թե քարացած, այլ այն բարդ շարժմամբ, որը բնորոշ է նրա հոգևոր աճին, մարդկային հարաբերությունների մաքրության ու գեղեցկության հանդեպ նրա գիտակցված կամ դեռևս չգիտակցված ձգտմանը:
Ավարտված է Գորկու թեմաներով «Թշնամիները» ֆիլմի նկարահանման շատ բարդ ու դժվարին աշխատանքը: Այդ ժապավենում զբաղված են արդեն փառաբանված դերասաններ, բեմի ու էկրանի վարպետներ՝ Ինոկենտի Սմոկտունովսկին, Օլեգ Եֆրեմովը, Մարինա Նեյոլովան, Ելենա Սոլովեյը, Նիկոյայ Գրիցենկոն, Յուոզաս Բուդրայտիսը, Նիկոլայ Տրոֆիմովը, Ռեգիմանտաս Ադոմայտիսը, Վերա Գլագոլևան և ուրիշներ: Երիտասարդ ռեժիսորի համար հեշտ չէ աշխատել այդպիսի դերասանների հետ: Գորկու «Թշնամիները» պիեսը, որտեղ գործում է պրոլետարիատը, հնարավորություն է տալիս ցուցադրել Հոկտեմբերի մաքրող ամպրոպի ահագնացումը: Դիմելով պատմությանը, ես չեմ լքում երիտասարդ հանդիսականին, այլ նրա հետ պատմության խորքերն եմ թափանցում մարդկանց ճակատագրի միջոցով:
Գորկու դրամատուրգիան ինձ գրավում է մտքերի ու զգացմունքների խորությամբ, սուր սոցիալականությամբ ու կոնֆլիկտայնությամբ, կերպարների բազմազանությամբ։ Հույս ունեմ, որ նախ և առաջ երիտասարդ հանդիսատեսի համար աշխատելու ձգտումը իր կոնկրետ արտացոլումն է գտել իմ այս վերջին ռեժիսորական աշխատանքում։