Մեր ու մեր օրերում բնականոն ընկալվող տարօրինակ երեւույթների մասին զրուցել ենք գրականագետ,  հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ:

Մենք ինչպիսի՞ն ենք։

-Շատ ծանր ժամանակաշրջան բաժին ընկավ մեզ։ Ինչ-որ իմաստով դարձանք մեր ժամանակի պատանդը եւ ստիպված էինք կյանքն ու աշխարհընկալումը կառուցել տվյալ ժամանակին համապատասխան։ Այս իմաստով մենք լուսանցքային սերունդ ենք։

Ողբերգությո՞ւն է։

-Մեծ ողբերգություն չեմ համարում լուսանցքային սերունդ լինելը։ Ծանր խաչի, ծանր բեռի պես մի բան է։ Նույնիսկ այս պարագայում եթե դու պատվով կրես այն, ինչ քեզ է բաժին ընկած, ապա վիրավորական ոչինչ չի լինի։

Մի՞թե կորուստ չի։

-Երևի ժամանակ առ ժամանակ պետք է նաեւ սերունդների մեջ լուսանցքում հայտնվածներ էլ լինեն, որպեսզի հետո եկողների համար մաքուր էջում շատ ավելի ազատ տեղ գտնվի։

Դա կուտակվող բացթողում կամ պարտություն չէ՞։

-Չի լինում մեծ պարտություն եթե պարտության թիկունքում չկան հազարավոր փոքր պարտություններ։ Մեր պարտությունն այդ պարտությունների հանրագումարն էր։ Եթե այսօր ինչ-որ մեկը կարծում է, թե ինքը մասնաբաժին չունի այս պարտության մեջ՝ չարաչար սխալվում է։ Մեզանից յուրաքանչյուրն այդ ամեն ինչի համար պատասխանատու է։ Ես պարտվեցի էն ինչ տեղում, էն ինչը պարտվեց էս ինչ տեղում, հետո ժողովուրդը, հետո երկիրը…

Ճի՞շտ դասեր չէինք առել։

-Տեսե՞լ եք, որ որևէ մեկը երբևէ դասեր քաղի անցյալից։ Էդպիսի բան չկա։ Շատ գեղեցիկ արտահայտություն է, կրկնում ենք անխտիր, բայց չենք էլ պատրաստվում դասեր քաղել անցյալից։ Թվում է, թե անցյալը հենց նրա համար է, որ մնա անցյալում։ Բայց ամեն Աստծո օր արթնանում ու տեսնում ենք, որ նորից ու նորից գալիս են ու կրկնվում մեր կյանքի պարույրները։

Մեղավորության գիտակցո՞ւմը կամ ինքնաճանաչո՞ւմն է խնդիրը։

-Խնդիրը զուտ մեղավորության զգացողության մեջ չէ։  Խնդիրը հետևյալն է՝ հասնել գիտակցության այն մակարդակին, որում յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր մարդ հասկանա, որ իրենից շատ մեծ,  շա՛տ մեծ բան է կախված։ Եվ յուրաքանչյուրը բարի պիտի լինի անել էն, ինչ որ էս կյանքում վիճակված է իրեն։

Ճիշտ կառավարումը կարող էր նախանշել, սահմանել ու կարգավորել հանրության անելիքը։

-Չէ, չէ դա միայն ինքնակազմակերպման խնդիր է։ Երբ հայտնվում ենք փակուղում, միշտ ունենք մեղավոր՝ պետություն, իշխանություն, քաղաքական ուժեր, չգիտեմ էլ ինչ։ Մեր մեղքը էդպես շպրտում ենք ուրիշի բոստանը… Հարյուրավոր տարիներ ուղղակի չենք ունեցել պետականություն, բայց հարյուրավոր տարիներ կարողացել ենք ինքնակազմակերպվել եւ էնպիսի դժվարություններ ու փորձություններ անցնել, որոնք ուրիշները երեւի երբևէ չկարողանային հաղթահարել։ Այսինքն անհատի և հավաքականության մասնակցությունն ընդհանուր պրոցեսներին պիտի պայմանավորված չլինի այս կամ այն բանով, ինքն էդպիսին պիտի լինի, իր ամբողջ էությունը պիտի դրան պատրաստ լինի։ Մենք պատերազմը հաղթեցինք, երբ բանակ չունեինք, բայց մենք պատերազմը պարտվեցիտնք, երբ ունեինք էդ բանակը։ Մենք անընդհատ հասցեական հղումներ էինք անում՝ բանակի խնդիրը կռվելն է՝ դե, թո՛ղ կռվեն…

Սփյուռքի ամենահեռուներից մինչեւ հայկական սահման ինքնակազմակերպումն ակնհայտ էր ու անժխտելի էր նաեւ կամավորության շատ մեծ ալիքը։

-Հա, կամավորության ալիք միշտ է եղել, բոլոր ժամանակներում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եւ հիմա… Կամավորությունը երբեմն դրական, երբեմն բացասական դրսեւորում է։ Երբ հեղեղը գալիս է եւ ես ինձ նետում եմ ալիքների մեջ, դրանում ոչ մի խելամիտ բան չկա։ Որովհետեւ հանուն ինչի եմ ես էդ բանն անում, եթե գիտեմ, որ չեմ դիմանա էդ փորձանքին։ Ավելի ճիշտ չի՞ լինի էդ ալիքները սանձելու այլ տարբերակներ փնտրեմ։ Ժամանակներն անցնում են, ժամանակները փոխվում են և մեր մտածողությունն էլ պիտի դրան համապատասխան շարժվի։

Ժամանակից հե՞տ ենք մնացել որպես ազգ, ժողովուրդ, հավաքական միավոր։

-Ինքնախաբեությամբ մտածել ենք թե, քանի որ ժամանակը հոսում է՝ մեզ էլ իր հետ տանելու է։ Փորձ չենք արել քայլել-շարժվել իր հետ, ուր մնաց ժամանակից առաջ անցնելու մասին խոսենք… Իսկ երբ տեսել ենք, որ նրանք գնացել են, մենք՝ մնացել, զարմացել ենք ու ասել. «Էս ինչպե՞ս, ախր մենք վստահում էինք էդ ժամանակին, մենք մտածում էինք, որ ինքը մեզ բաժին պիտի հանի։ Ընդ որում, սա վերաբերում է մեր կյանքի բոլոր ոլորտներին»։

Պետական կառավարման համակարգին նույնպե՞ս։

-Երևույթներ կան, որոնք ո՛չ տրամաբանության, ո՛չ իմացական, ո՛չ բնազդային ոլորտներում չեն տեղավորվում։ Ուղղակի շփոթված կանգնում ես, նայում շուրջդ առկա հսկայական քաոսին և ուզում հասկանալ, թե որտեղ ես դու, որն է քո տեղը, ուր պիտի շարժվես, ինչու էս ամենը միանգամից էսպես փլուզվեց։ Հետո հասկանում ես, թե որ դեպքում է կատարվում փլուզում։ Էն դեպքում, երբ հիմքը ամուր չի, երբ միջավայրը չի նպաստում էդ ամրությանը, երբ քո դնելիք քարը ծուռ ես դրել… Այ էդ ժամանակ է գալիս փլուզումը։ Պետք չի դրա համար որևէ մեկին մեղադրենք։

Այսօր ակնկալիքը ապրելու ձեւ ու եղանակ գտնելն է։

-Կա էսպիսի անեծք, մեծ անեծք՝ շարունակել ապրել։ Դրանից ավելի մեծ անեծք ես չգիտեմ։ Կյանքն էս ամեն ինչից հետո իր մեջ ոչ մի ուրախալի ու ցնծալի բան չունի։ Նույն անեծքը կախված է նաեւ մշակույթի գլխին։ Ինքն ամեն դեպքում կայանալու է,  ինքն ամեն դեպքում պիտի շարունակվի, ինքն ամեն դեպքում լինելու է։ Մեզ համար հիմա գերխնդիրն ուրիշ է։ Ինչի համար, ում համար ենք ստեղծում, որպեսզի դեպի ուր տանի մեզ։ Նկատե՞լ եք՝ ճգնաժամային, ծայրահեղ իրավիճակներում հանրությունը միշտ հիշում է իր գրողներին ու սկսում մեջբերումներ անել։ Այսինքն այդ հուշումները եղել են, վաղուց կային այդ էջերում։ Պարզապես ծայրահեղ պահերին են հիշում, որ այդ ամենն ասվել էր։ Նույնն էլ վիճակված է այսօրվա գրականությանը։ Կգա վաղը որեւէ սերունդ եւ միգուցե այսօրվա էջերում գտնի էդ հուշումները՝ հետագայում իր կյանքը կառուցելու համար։ Դատապարտված սերնդի գրականությունը սովորաբար էդպիսին է լինում։ Բայց ես նորից եմ ասում՝ ես կզոհաբերեի ամբողջ մշակույթը, հանուն մի կյանքի, հանուն մի թիզ հողի,  հանուն մի կտոր խաղաղության, որին արժանի էինք բայց չունեցանք։

Ինչո՞ւ չունեցանք։

-Շատ ենք լսում-ասում՝ մարդը գերագույն արժեք է։ Արդյոք մա՞րդն է գերագոույն արժեքը։ Մենք պիտի մի քիչ մտածենք դրա մասին։ Մենք շատ սևեռվեցինք էդ մտքի վրա, մոռանալով, որ հայրենիքն է գերագույն արժեքը։ Չէ որ, մարդուն զոհաբերում են հանուն հայրենիքի, բայց հայրենիք չեն զոհաբերում հանուն մարդու։ Ինչո՞ւ հանկարծ տեղերը փոխեցինք էդ ամեն ինչի։ Կարևորն ու երկրորդականը զանազանելու և դրանք ճիշտ դասավորելու դեպքում մեր հիմքն ու պատը ամուր կլինեն և չենք փլուզվի։ Էսօր կան մեղավորներ, էսօր կան դավաճաններ, էսօր կան սրիկաներ, որոնք էդ ամեն ինչի համար պատասխանատու են… Բայց մեզնից ամեն մեկի մեջ նստած է չկայացած սրիկան, որովհետև մենք հանդուրժեցինք, որովհետև մենք տեսանք ու ձայն չհանեցինք, որովհետև մենք կարող էինք փակել էդ ճանապարհը՝ չփակեցինք…

Եվ ի՞նչ ակնկալիք, գործողություն, երազանք…

-Իմ երազանքն է ունենալ բարոյական հասարակություն, բարոյական մարդկանց հասարակություն, որի համար արժի գրականություն ստեղծել։ Գրականությունը չես կարող ստեղծել մարդկանց համար, ովքեր արժանի չեն էդ գրականությանը։ Դրա համար մեր գրականությունն էլ է վատը։ Մենք արդեն քանի տարի է սպասում ենք գրական մեծ թռիչքների։ Չի կարող լինել գրական մեծ թռիչք, ոչ մի կերպ չի կարող լինել… Հա՛, լինում են լավ ստեղծագործություններ, լավ գործեր լավ էջեր, բայց ամբողջական, մեծ էն թռիչքը, որին մենք արժանի ենք մեր ահռելի մշակութային ժառանգությամբ, դեռեւս չունենք։ Չունենք հենց նրա համար, որ հասարակությունը մեզնից չի պահանջում էդ թռիչքը։ Էդ հասարակությանը պուճուրիկ, միջակ, ցածրահասակ, թզուկային գործերն էլ են բավարարում։ Ինքը հիմա ամեն ինչով բավարարվում է։

Ո՞վ և ինչպե՞ս այլ չափանիշների պահանջ պիտի ներարկի հասարակությանը, որն, ի դեպ, ծայրահեղ պահերին այնուամենայնիվ տալիս է անզուգական, անպատկերացնելի հերոսականության անհատներ։

Անկասկած, էդ կարգի մարդկանց մենք համարում ենք երկրի աղը։ Հենց նրանք են համ տալիս մեր կյանքին, այլապես անհամությունն  ու անալիությունը համատարած կլիներ։ Այդպիսիները քիչ են,  բայց հենց դրանք են այն սյուները, որոնց վրա երկիրը կանգնում է։ Էդ սյուներն իրենք տեղով մեկ արդեն գրականություն են, իրենք արդեն ստեղծագործություն են, իրենք շատ ավելի մեծ են, քան ցանկացած գրող կամ ցանկացած արվեստագետ կարող է ստեղծել։ Մենք իրենց կյանքով ենք ապրում, իրենց օրինակով ու գիտակցումը, որ այդպիսի մարդկանց կողքին ես ապրում քեզ ապրեցնում է։ Հենց նրանցով ենք հպարտության այս տևականությունն ունեցել։

Բայց երկրի աղը պահպանելու համար դու պիտի էդ հանքն անխաթար պահես:

Զրուցեց՝ Նանա Պետրոսյանը


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...