Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ հունիսի 1-ին, Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում՝ չլսող և չխոսող (խուլ ու համր) երեխաների համար, սուրդոթարգմանությամբ կցուցադրվի «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան ֆիլմը (ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան)։

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը նկարահանվել է «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Մանկապատանեկան այս ֆիլմը սուրդոթարգմանությամբ ցուցադրելու նախաձեռնությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության համատեղ գաղափարն է։ Ձեռնարկի նպատակն է հասարակության խոցելի խմբերին մասնակից դարձնել հանրային կյանքին, ստեղծել հավասար հնարավորություններ ու կյանքի պայմաններ, հասանելի և մատչելի դարձնել մշակութային ու հանրային տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորությունը։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են այս ձեռնարկը դարձնել շարունակական։

Ֆիլմի մասին – Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կատակերգությունն իրական, պատմական ու երևակայական հորիզոնների խաչմերուկ է: Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ դառնալով իրական հերոս: 

 ՀԳ. Միջազգային վիճակագրական տվյալներով` երկրագնդի բնաչության 4-6%-ն ունի լսողության խանգարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, լսողության թերություններով աշխարհում տառապում է 30 միլիոն մարդ: Ամեն տարի ավելանում է հատկապես չլսող և չխոսող երեխաների թիվը: Հայաստանում այդ թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 3500։ Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 1-ից արդեն Հայաստանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող հաղորդումներին  հաղորդակից  դարձան նաև մեր երկրում բնակվող ավելի քան 3500 խուլ ու համրերը: Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների, օրվա եթերաժամում հանրային հեռուստատեսությունն առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում պարտավոր է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով («Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքում):


Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...