Ամերիկահայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանը Հայաստանում է: Նա նոյեմբերին հայրենիք էր եկել ընդամենը 10 օրով, բայց  պատերազմի հետևանքների մասին նոր ֆիլմեր նկարելու ծրագրերի պատճառով այստեղ է արդեն կես տարի: Նարեի՝  Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը  բավականին հաջող ճանապարհ է անցել. 2016-ին «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում (շորթլիստ):

Հետպատերազմյան Հայաստան նրա երկարաձգված ճամփորդության, նոր ֆիլմի մտահղացման ու պատերազմում հաղթած մեր տղաների թողած բարոյական ու հոգեբանական անջենջելի հետագծի մասին է kinoashkharh.am-ին պատմել Նարե Մկրտչյանը:

Հայի գենետիկ  ցավի շարունակականությունը

-Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչը քեզ Հայաստան բերեց, պատասխանում եմ՝ պատերազմը, հայի գենետիկ ցավի շարունակականությունը: Հայաստան եմ եկել 2020 թվականի նոյեմբերի 29-ին. 10 օրից պետք է վերադառնայի ԱՄՆ: Ես եկա Հայաստան, որովհետև իմ նախնիների ողբերգությունը շարունակվում է մինչև հիմա:  Շատ էի ուզում մեզ պարուրած մթության մեջ լույս տեսնել: Ես Հայաստան գալու պատճառ էի փնտրում…ու գտա այդ պատճառը՝ Ծիծեռնավանքը:

Ծիծեռնավանք մտնող վերջին հայը

-Ըստ եռակողմ հայտարարության՝ Ծիծեռնավանքը պետք է Ադրբեջանին հանձնվեր նոյեմբերի 30-ին, իսկ ես ուզում էի մինչև այդ անպայման այնտեղ լինել ու նկարել Ծիծեռնավանքը: Նոյեմբերի 30-ին արդեն Արցախում էի: Բոլորն ինձ ասում էին, որ իմ արածը խենթություն է, որովհետև Ծիծեռնավանքը գլխավոր ճանապարհից դուրս է, իսկ այնտեղ խաղաղապահներ չկան: Թեև ասված էր, որ տարածքը նոյեմբերի 30-ին՝ երեկոյան ժամը 6-ն է հանձնվելու, բայց ոչ մի երաշխիք չկար, որ այն ժամը 3-ին կամ 4-ի չէր հանձնվի: Հասանք Ծիծեռնավանք։ Այնտեղից դուրս եմ եկել 17:20-ին: Ծիծեռնավանքը հանձնվել է ժամը 18:00-ին:

Ես գիտեի, որ այդ պահին ես վերջին հայն եմ, որ գտնվում է այնտեղ: 

Ես նկարահանում էի ու աղոթում։ Թշնամին ինձանից մի քանի քայլ այն կողմ էր,  իսկ ես աղոթում էի սիրո համար … քանի որ սերն է աղոթքը:

Պատերազմի մասին ֆիլմերի թեմաների փնտրտուք

-Ես մտադիր էի Ծիծեռնավանքից բացի, նկարահանումներ անել նաև ռազմագերիերի, ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին: Այդ ամենը նկարել եմ, իհարկե, բայց ֆիլմի այլ թեմա էլ էի փնտրում: Ժամանակս բավարար չէր,  բայց այնպես ստացվեց,  որ Հայաստանից մեկնելուս օրը ես ոչ թե օդանավակայանում էի, այլ նստած էի 70 օր շրջափակման մեջ մնացած և հրաշքով փրկված 6 տղաների հիվանդասենյակում:

Ես մտա նրանց հիվանդասենյակ՝ որպես ռեժիսոր, սենյակից դուրս եկա՝ որպես ընկեր: Հիմա ֆիլմի նկարահանման աշխատանքներն են ընթանում,  ու ես շատ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրանց, և որ նրանք կան ու իմ կյանքում են:

Չտեսնված ֆիլմի՝ չտեսնված հերոսները

-Տղաները համաձայն էին, որ ես իրենց մասին ֆիլմ նկարեմ: Ես այդ օրը հիվանդանոց էի գնացել սպիտակ ֆոսֆորի ռուբերի կիրառման հետքերով, բայց շատ պատահաբար հայտնվեցի տղաների հիվանդասենյակում: Առայժմ ֆիլմի մի մասն է նկարահանված. ես սպասում եմ, որ բոլորը ապաքինվեն, ամրանան, հետևում եմ այդ ընթացքին: Պետք է իմ վեց եղբայրներին ոտքի կանգնած, քայլելիս տեսնեմ, հետո միայն վերադառնամ ԱՄՆ:

Միավորված վեց  սեր

-Իմ ֆիլմում ներկա են նաև նրանց ընտանիքները: Շատ սիրուն պատմություն է. յուրաքանչյուր ընտանիք 6 որդի ունի, իսկ տղաներից յուրքանչյուրը՝ վեց ընտանիք: Երբ նրանցից մեկին տանում էին վիրահատարան, նրա վերադարձին սպասում էր ոչ թե մեկ, այլ 6 մայր: Յուրաքանչյուր մայր վեց զավակ ունի հիմա: Բայց նրանք աննկարագրելի ցավով էին խոսում այն ընտանիքների մասին, որոնց որդիները զոհվել են կամ անհետ կորել:

Նրանք անցել են այդ ցավի ճանապարհով, դրա համար էլ որդեկորույս ընտանիքներին շատ լավ են հասկանում: Նրանց որդիները 70 օր հետո վերադարձել են, բայց մենք դեռ ունենք ծնողներ, որոնց զավակները գերության մեջ են, կան ծնողներ, որ չեն գտել իրենց զավակների մարմիները ու փողոց են փակում՝ իրենց բողոքի ձայնը խուլ ու կույր աշխարհին հասցնելու համար:

Երբ մարդը հաղթում է ռեժիսորին

-Նախկինում, ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսելիս,  ես միշտ իմացել եմ՝ ինչ եմ նկարելու և ինչպես, բայց սա այլ դեպք է: Ես լիովին կախված եմ անընդհատ փոխվող իրադարձություններից: Նախորդ ֆիլմերի ժամանակ ես եղել եմ ռեժիսոր: Միշտ մտածել եմ, որ կինոն ավելի կարևոր է, քան կյանքը, հիմա  կյա՛նքն եմ ամենակարևորը համարում: Շատ պահեր են եղել, երբ  չեմ կարողացել տեսախցիկը միացնել. որպես ռեժիսոր՝ ես սխալ եմ արել, բայց որպես մարդ՝ ճիշտ: Ես հասկացա, որ այս ֆիլմը ստեղծելիս իրավիճակներին ու հանգամանքներին միայն ռեժիսորի հայացքով նայելու իրավունք չունեմ: Իմ մեջ մեծ բախում կա, ռեժիսորն ու մարդը բախվոււմ են, բայց մա՛րդն է հաղթում: Պահեր են լինում, որ գիտակցում եմ՝ եթե ես՝ որպես ռեժիսոր դա նկարեմ, սխալ կլինի:

Մի դեպք պատմեմ. երբ 19 ռազմագերիների մարմիններն էին բերել,  այդ ժամանակ տղաների հետ էի: Պարզվեց նրանց մեջ իրենց երկու ընկերներն են: Մի պահ մտքովս անցավ տեսախցիկս միացնել ու նկարել նրանց: Բայց հետո հասկացա… ինչպե՞ս կարող եմ նման բան անել: 

Առաջին անգամ է, որ որպես ռեժիսոր՝ զիջում եմ մարդուն:

 Անանձնական  ողբերգություն

-Ֆիլմում քաղաքականություն չկա, կա պատմություն, որն ավելին է,  քան քաղաքականությունն ու ազգությունը: Ֆիլմս «պատերազմ» երևույթի դաժանության ու դրա հետևանքների մասին է.  առանցքում երկիր մոլորակի բարձրագույն արժեքի՝ մարդու պատմությունն է:

1990-ականներին փոքր երեխա էի, ապրում էի Հայաստանում: Այդ տարիները պահպանվել են իմ մանկական հուշողություններում: Շատ եմ տխրում, որ այս սերունդն էլ տեսավ պատերազմ և 90-ականների սերնդին հասած հարվածն այս սերունդն էլ ստացավ: Պատերազմների հիշողությունը ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում, մենք ցեղասպանության գենետիկ հիշողությունից չենք ձերբազատվել դեռ ու հիմա էլ սա…

Պատերազմի  դեմքը

 Պատերազմն ինձ շատ փոխեց, շատ բան սովորեցրեց: Ես Արցախը գտա իմ մեջ…իսկ տղաներն ինձ ամեն օր են ինչ-որ բան սովորեցնում: Նրանք շատ ուժեղ են, շատ լուսավոր են: Նրանք պատերազմի սարսափելի դժոխքի միջով են անցել, բայց մարդկային դեմքը չեն կորցրել…Նրանք հաղթել են պատերազմին…Հիմա ես ինչ վիճակում էլ լինեմ, երբ ինձ հարցնում են՝ Նարե, ո՞նց ես, պատասխանում եմ՝ շատ լավ: Տղաները  դուրս էին գալիս վիրահատարաններից՝ անդամահատված, երբ հարցնում էի՝ ո՞նց եք, պատասխանում էին՝ շատ լավ: Նրանք հիմա յուրաքանչյուր վայրկյանն ավելի են գնահատում, քան նախկինում, ես՝ նույնպես:

 

Տղաները վերադաստիարակում են մեզ

-Տղաներին ճանաչելով՝ ես  շատ եմ փոխվել.  նրանց էլ եմ ասել, որ իրենց  շնորհիվ ես երազի մեջ եմ ապրում: Հիշում եմ,  երբ մի օր՝ ուշ երեկոյան, հիվանդանոցից տուն էի գնում, տղաներից երկուսը, որ հաջորդ օրը պետք է դուրս գրվեին, ինձ ուղեկցեցին մինչև հիվանդանոցի ելքի դուռը…նրանք քայլեցին: Այդ պահին  մտածեցի՝ եթե սա կյանքիս վերջին պահը լիներ, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կհամարեի, որ տեսնում ու ապրում եմ այս ամենը:

Մեր Լույսերը  մեզ պաշտպան եղան

-Նրանք մաքուր ու զուլալ էին և կարողացան պաշտպանել մեզ ու մեր երկիրը: Նրանցից վեցը շարունակում են հիացնել, ապշեցնել ինձ և պաշտպանել մինչև հիմա: Նրանք ինձ պատմում են իրենց պատմությունը, իսկ ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է անցնել այդ դժոխային ճանապարհով, տեսնել անպատմելին և շարունակել մնալ լուսավոր մարդ՝ մաքուր սրտով…

Դա մարդկայինի հաղթանակն է, դրանով նրանք հաղթած են:

Նարե Մկրտչյանը  տղաների կողքին կմնա այնքան, մինչև բոլորը լիարժեք ապաքինված կլիեն: Տղաները  ֆիլմի հերոսները լինելուց առաջ՝ նրա հարազատներն են, որոնց կյանքի ամեն վայրկյանի համար Նարեն դողում է:

 Նաիրա Փայտյան