Հիշում եմ «Սևանի ձկնորսները» ֆիլմի նկարահանման օրերը: Հրաչյային… Ի՜նչ օրեր էին… Էնտեղ էլ մի էսպիսի տրագիկոմիկական դեպք եղավ: Ուրեմն, նկարահանված ժապավենի մի մասը տարանք Ելենովկա (Սևան) նայելու: Ուրեմն, մենք էլ գնացինք Ելենովկա: Ես եմ, Հրաչը, Զոհրաբյանը, Խաչանյանը, Օրին և իմ աղջիկը. քանի՞ տարեկան էր… փոքրիկ էր: Գնացինք, նյութը նայեցինք, հիմա պիտի ետ վերադառնանք կղզի: Գիշերվա ժամը տասներկուսն էր, նստեցինք նավակ, մի խարխուլ նավակ: Հանկարծ մի ուժեղ ալեկոծություն սկսվեց: Իրար վրա ենք ընկնում, աղջիկս էլ կողքիս է: Հիմարի պես հետս էի տարել… Ինչն էր հետաքրքիր, բոլորս սարսափից ծիծաղում էինք: Խեղճ Հրաչը, ա՛յ մարդ, Պոլսում մեծացած տղա էր, բայց լող տալ չգիտեր, ջրից շատ էր վախենում… Ւ՞նչ ասեմ, մինչև տեղ հասանք, ժամը երեքն էր դարձել: Բոլորս վախից պատի ծեփ էինք դարձել:

***

Կինոն, ու մանավանդ հեռուստատեսությունը, մեծ ճանաչում է բերում: Ես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հետո փողոցում չեմ կարողանում քայլել: Հակառակի պես հերոսի անունն էլ իմ անունն է` Մուրադ: Փողոցում գնում եմ, մեկ էլ լսում եմ` «Մուրադ»:

Շրջվում եմ, ծանոթ չկա, մյուս կողմից եմ լսում` «Մուրադ»: Ամեն օր նման դեպքեր են լինում: Իմիջայլոց, ռեժիսորը իմ ուսանողն է եղել, Աճեմյանի կուրսում էր սովորում, ես էլ մի տարի պարապել եմ էդ կուրսի հետ Թատերական ինստիտուտում: Ես ասել եմ նրան. «Դու ինձ էդ ֆիլմի համար էնքան փող չտվեցիր, ինչքան շուկան է տալիս»: Շուկա եմ մտնում թե չէ,բոլորը ճանաչում են. «Վայ, եկավ, Մուրադը եկավ»: Եվ ուզում են ինձ ամեն ինչ էժան տալ: Բայց ես ձրի բան վերցնողը չեմ, հա՜… էլ չեմ ասում խանութներում, փողոցում:

***

Մեկ էլ «01 – 99» ֆիլմն էր այդպես: Զարմանալիորեն տարածվեց ժողովրդի մեջ: Չնայած քսան տարի է անցել, բայց մարդիկ դեռ հիշում են: Մեկ էլ ասում են. «Տակառիկն ի՞նչ եղավ, է՜, տակառիկը»:

***

Ճիշտ ժամանակին «Ժայռը» նկարահանեցին :

Պիտի մի քիչ էլ բամբասեմ հայկական կինոյից: Բա կարելի՞ էր Փափազյանին, Հրաչյային չնկարել, Վաղարշյանի Եգոր Բուլըչովը չնկարել, Ավետիսյանին «Խաթաբալայում» չնկարել… Ես լավագույնների մասին եմ խոսում, գլուխգործոցների, այն էլ ոչ բոլորի:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ՝ Մուրադ Կոստանյան

«Ֆիլմ» N13, 1983 թ.

Լուսանկարները՝ «Սևանի ձկնորսները » ֆիլմից


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...