Կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» ֆիլմն ընդգրկվել է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի` Կրակովի միջազգային կինոփառատոնի այս տարվա մրցութային ծրագրում։ Փառատոնն անցկացվելու է 2021 թ. մայիսի 31-ից հունիսի 6-ը, որի շրջանակում տեղի կունենա «Ժամանումի» համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև չորս հաջորդող ցուցադրություն:

Փառատոնից առաջ «Ժամանում»-ի, Հայաստանում կինոյի ու կինոկրթության խնդիրների մասին Kinoashkharh.am-ը զրուցել է Րաֆֆի Մովսիսյանի հետ:

– Արդեն կլիշե դարձած կարծիք կա, թե մարդիկ, ովքեր չեն կարողանում կինո նկարահանել, կինոքննադատ են դառնում։ Դու ինչպե՞ս կինոգիտությունից եկար ռեժիսուրային։

– Իրոք, կա նման մոտեցում։ Ես ինքս կինոքննադատության այս տարիներին հաճախ լսել եմ կարծիքներ, թե՝ «Ձեզ հեշտ է խոսելը, որովհետև դուք չենք նկարում կինո, չգիտեք՝ ինչ է դա նշանակում»։ Մի անգամ Մոսկվայում կինոքննադատության հետ կապված մի դասընթացի էի մասնակցում,  որի ընթացքում կինոքննադատ Վիկտոր Մատիզենն ասաց՝ «Եթե ձեզ երբևէ նման բան կասեն, ասացեք, որ աշխարհում բազմաթիվ չստացված ռեժիսորներ կան, և դուք չեք ուզում դառնալ նրանցից մեկը։ Ասողին էլ խորհուրդ տվեք հետևել նույն խորհրդին»։

Ընդհանրապես, իմ մուտքը կինո անկանխատեսելի և տարօրինակ ձևով ստացվեց։ Ես բոլորովին այլ նպատակներ ունեի։ Երբ դեռ աշակերտ էի և պետք է ընտրեի՝ ինչ ճանապարհով գնալ, կինոն ընդհանրապես չէր մտնում հետագայի իմ պատկերացումների մեջ։ Այնպես ստացվեց, որ հայտնվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և մեկ–երկու օրվա մեջ որոշում կայացրեցի գնալ Կինոգիտության ֆակուլտետ։ Իհարկե, իմ պատկերացրած կինոգիտությունը և այն, ինչ ես տեսա ինստիտուտում, իրարից շատ էին տարբերվում։

Իրականում, ես միշտ ներքին երազանք եմ ունեցել՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա անընդհատ հետաձգվում էր։ Դրա առաջին պատճառը, երևի, վախն էր։

– Ինչի՞ց։

– Սահմանը հատելուց։ Որքան ավելի էի խորանում կինոգիտության մեջ, որքան ավելի էր կինոքննադատի պիտակը կպնում ինձ, այնքան հասկանում էի, որ դա ինձ հեռացնում է ֆիլմ նկարելու իմ երազանքից, որովհետև հասկանում էի, որ գնալով ավելի դժվար է լինելու հաղթահարել այդ ներքին սահմանը։ 2017 թվականին արդեն ունեի պատրաստի նախագիծ, որն ուզում էի նկարել։ Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը։ Ես այդ ժամանակ արդեն հայտ էի ներկայացրել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ֆինանսավորում ստանալու համար։ Բայց այնպես ստացվեց, որ պետք է աշխատանքի անցնեի Մշակույթի նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։ Մտածեցի, որ շահերի բախում կա, և ավելի ճիշտ կլինի, որ հրաժարվեմ  այդ նախագծից, և հայտը հետ վերցրեցի։ Նախարարությունում աշխատեցի մեկ տարի։ Հետո արդեն որոշումս հաստատ էր․ որոշեցի և նկարեցի։

– Այդ 3 տարիների ընթացքում ֆիլմի գաղափարը չփոխվե՞ց։

– Ոչ, անգամ անունը չփոխվեց՝ «Ժամանում»։ Ընդհանրապես, շատ քիչ բան փոխվեց այդ ընթացքում՝ գաղափարի իմաստով։ Անգամ ֆիլմի քաղաքական մոտիվը, որ կար 2016-17 թթ․-ին, և ինձ թվում էր՝ գուցե հեղափոխությունից հետո այն կորցնի իր արդիականությունը, կարճ ժամանակ անց ոչ միայն պահպանվեց, այլև ավելի արդիական դարձավ ու սրվեց, հատկապես՝ նկարահանումներին հաջորդող ընթացքում՝ պատերազմ, հետպատերազմյան շրջան և այլն։

– Նախագծին դեռ կվերադառնանք, բայց հիմա այլ հարց ունեմ։ Կինոն դրսից և նկարահանման հրապարակում տարբե՞ր է։

– Շատ-շատ։ Երբ ես առաջին օրը հայտնվեցի իմ ֆիլմի նկարահանման հրապարակում, և բոլորը սպասում էին, որ ես ինչ-որ բան պետք է ասեմ, ես հասկացա, որ չգիտեմ՝ ինչ ասել։ Շատ տարօրինակ զգացողություն էր։ Ես հասկացա, որ ես կա՛մ պետք է հավաքեմ ինձ և ինչ-որ բան սկսեմ, կա՛մ նկարահանման րոպեները, ժամերն անցնում են, ու ես պետք է հասկանամ՝ ինչ անել հետո։ Եվ դա բնավ կապ չուներ կինոքննադատ Րաֆֆիի հետ։ Նկարահանման պրոցեսը շատ վախենալու է։ Չեմ կարող ասել, որ կինոյի մասին խոսելը հեշտ է, բոլորովին, բայց ֆիլմ նկարելու դժվարությունները բոլորովին այլ են։ Փաստն այն է, որ հիմա, երբ ինչ–որ մեկի ֆիլմի մասին խոսում եմ, դա բոլորովին այլ կերպ եմ անում։

– Փորձառության իմաստո՞վ։

– Ե՛վ փորձառության իմաստով, և՛ այն իմաստով, որ հիմա սկսում եմ այնպիսի բաների ուշադրություն դարձնել, որոնք, գուցե, նախկինում չեմ նկատել։ Ինձ թվում է՝ մեր կինոքննադատությունը և կինոգիտությունը եղել են և շարունակում են լինել առավելապես սյուժեի, պատումի քննարկում, քան կինոյի մյուս շերտերի։ Հիմա ինձ կինոյի այդ մյուս շերտերն ավելի հետաքրքիր են։ Այն տեսական գիտելիքներին, որ ունեի կինոյի մասին,  գումարվեց այլ բան։ Հիմա ես չեմ կարողանում ուղղակի կինո նայել, որովհետ ամեն անգամ սկսում եմ հաշվել՝ քանի՞ դիտանկյունից է նկարած, ինչպե՞ս է մոնտաժված, ի՞նչ լույսեր են օգտագործված և այլն։ Կինոն այլևս հաճույք չէ, աշխատանք է։

– Իսկ, եթե ի սկզբանե իմանայիր, որ կինոն դադարելու է հաճույք լինել, ֆիլմ նկարելու որոշումդ կփոխեի՞ր։

– Ոչ, հակառակը։ Հիմա մտածում եմ՝ որքա՜ն ժամանակ եմ կորցրել, որքան ժամանակ ռիսկ չեմ գտել իմ մեջ՝ կինոքննադատ Րաֆֆիին հաղթելու և երազանքիս հետևից գնալու։

– Քիչ առաջ ասում էիր, որ ինստիտուտում հայտնվելուց հետո հասկացար, թե որքան տարբեր են պատկերացումներդ կինոգիտության վերաբերյալ և ստացածդ կրթությունը։ Ո՞րն է կինոկրթության հիմնական բացը։ Այսօր կինոյի մասին շատ են խոսում, բայց խոսում են այնպես, ինչպես կարող եմ խոսել ես՝ սիրողական մոտեցմամբ, ոչ պրոֆեսիոնալ։ Մասնագիտական  խոսք հազվադեպ ենք հանդիպում։

– Իրականում, երբ ասում էի, որ իմ պատկերացումները կինոյի մասին և իրական կինոն իրարից շատ տարբեր էին, բոլորովին այլ իմաստով էի ասում։ Մինչև ինստիտուտում հայտնվելն ինձ թվում էր, որ լավ կինոն այն է, ինչ ես սովոր էի նայել՝ Բրյուս Լի կամ Չակ Նորիս։ Ինստիտուտում ես հանդիպեցի բոլորովին այլ կինոյի։ Երբ երկրորդ կուրսում, ինչ–որ մութ սենյակում, ոչ շատ լավ որակի պատկերով նայում էինք Էզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը»,  ես հանկարծ մտածեցի՝ «Աստված իմ, այս ի՞նչ եմ ես արել։ Եթե սա է լավ կինոն, ապա ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Ես վատ կինոն եմ սիրում»։

Իրականում, հարցիդ մեջ շատ կարևոր բան կա․ ընդհանուր առմամբ, կինոգիտությունը շատ է փոխվել։ Այսօր յուրաքանչյուր մարդ ինտերնետի և տարատեսակ կայքերի շնորհիվ կարող է կինոքննադատ լինել։ Երբ ես սկսեցի «Չտեսնված կինո» նախագիծը, գաղափարը հենց այն էր, որ տարբեր ոլորտի մարդիկ հրավիրվեն դրան։ Եվ ես հասկացա, որ կինոյի մասին խոսելու և մոտեցումների շատ տարբեր ձևեր կան։ Չկա հստակ բանաձև, թե ինչպես պետք է խոսել կինոյի մասին։ Ես կարծում եմ, որ կինոքննադատությունը հենց դա է։ Կինոգիտությունը, իհարկե, ավելի գիտական մոտեցում ունի, և այն պետք է տարանջատել քննադատությունից։ Դու պետք է իմանաս, թե ինչ մեթոդոլոգիա ես կիրառում և ինչ վերջնարդյունքի ես ուզում հասնել։ Ինչպես մյուս գիտական հետազոտությունների դեպքում։ Ես շատ ուրախ եմ, որ ինստիտուտում ունեցա վարպետներ, մարդիկ, որոնցից կարողացա սովորել հենց գիտական մեթոդոլոգիայով առաջնորդվելու մոտեցումը։ Վստահ եմ, որ նրանք կան և շարունակում են դասավանդել նույն ոգևորությամբ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է պակասում մեր կրթությանը, ապա, իմ կարծիքով դա գործնական մասն է։ Գուցե, պետք է դասավանդման ոչ ավանդական մեթոդներ ընտրել։ Այսօրվա հետ կապ ունեցող մեթոդներ։ Թվում է՝ մեր կրթական համակարգը ժամանակը հաղթահարելու խնդիր ունի։ Պետք է օգնել ուսանողին՝ հաղթահարել բախումը, որ առաջանում է իր պատկերացրած կինոյի և իսկական կինոյի միջև։ Գուցե պետք է այլ մեթոդներով նրան բերել դեպի «Պոտյոմկին զրահանավը», գուցե՝ ժամանակակից կինոյի՞ միջոցով, հակառա՞կ կողմից։ Դատելով ընդունելության քննությունների հարցաթերթիկներից՝ կինոյի վերջին 40 տարիները դուրս են թողնված դրանցից։ Տպավորություն է, որ այդկերպ քննաթերթիկներ կազմողները փորձում են ստուգել դիմորդների նյարդային համակարգի ամրությունը։ Մոտեցումը պետք է փոխել։ Պետք է օգնել ուսանողին, որպեսզի նա իրենցի չվանի այն կինոն, որն իր հետագա գիտական ուսումնասիրության նյութն է դառնալու։

– Համամիտ եմ, ինձ էլ երբեմն թվում է, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը արդիականացմանը հակառակվելու՝ ինձ համար անհասկանալի սկզբունքն է։

– Այո։ Ես չգիտեմ, թե որն է դրա պատճառը։ Կա՛մ դրա պատճառը էլիտարիստական մոտեցումն է, որ՝ այն, ինչ հին է, արդեն իսկ լավն է, կա՛մ այն մոտեցումը, որ մեր կինոգիտության և, ընդհանրապես, վերլուծության հիմքում դնում ենք այն հարցը, թե արդյոք այս կամ այն ֆիլմին հաջողվե՞լ է հաղթահարել ժամանակը։ Եվ այդ «փորձաքարը» դառնում է այսօրվա ուսանողը։ Բայց մենք կարող ենք այլևս չանել այդ հարցադրումը, որովհետև, ամեն անգամ փորձել դրա հիման վրա վերանայել կինոյի պատմությունը,  անիմաստ է։ Այդ հարցի պատասխանն առանձնապես որևէ բան չի տալիս մեզ։ Այլ հարց է, որ դա դառնա ավելի խորքային քննարկման, դիսկուրսի նյութ, ինչես դա փորձում ենք անել «Չտեսնված կինո»–ում։

– Մոտեցանք հարցին, որ ուզում էի տալ։ Հաշվի առնելով հրաշալի խորհրդային կինոյի ավանդույթը, որ ունեինք, ինչո՞ւ հիմա մրցունակ կինո չի ստեղծվում Հայաստանում։

– Տես, ես գիտեմ այն խնդիրները, որոնք կան այսօր ժամանակակից հայկական կինոյում։ Բայց, եթե ես սկսեմ պատասխանել հարցին այդ կողմից, կնշանակի՝ համաձայն եմ քո պնդման հետ, թե մենք չունենք մրցունակ կինո։ Բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Ես կարող եմ ասել, թե ինչո՞ւ մենք չունենք ավելին, քան այսօր կա։

– Մի համաձայնիր։

– Կինոյի պարագայում արտադրությունը շատ կարևոր է։ Դա նման է գինու արտադրության գործընթացին։ Դու չես կարող ունենալ արտադրական շղթա, որը որևէ փուլում լավ չի կազմակերպվում, և ստանալ այն արտադրանք, որն ուզում ես ունենալ։ Որևէ փուլում դու այն կորցնելու ես։ Գինու պարագայում, եթե ողջ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպված չէ, կա՛մ գինին է թթվելու, կա՛մ շուկայում ձախողելու է վատ դիզայնով պիտակի պատճառով։ Գուցե համեմատությունը կոպիտ է, բայց դա այդպես է։ Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք կինոյի արտադրության պրոցեսը ճիշտ կազմակերպելու, ոչ միայն պետական մակարդակով, այլև անկախ արտադրողների։ Շատ հաճախ ես տեսնում եմ բավականին լավ պոտենցիալ ունեցող կինո, որն իր վերջնարդյունքում՝ փնթի արված  ենթագրերի, գունաբաժանման կամ այլ պատճառով չի կարող ներկայանալ որևէ լուրջ հարթակում։ Կինոարտադրությունը համակարգային, շղթայված և փոխկապակցված պրոցես է։ Բայց ես նաև հասկանում եմ, թե որտեղից է գալիս այս խնդիրը․ մենք կորցրեցինք մի ողջ արտադրական մոդել, որը, անկախ իր լավ կամ վատ լինելուց, համակարգված էր և գոյություն ուներ։ Մենք հրաժարվեցինք այդ մոդելից, ոչ մեր կամքով, այլ, որովհետև ստիպված էինք դա անել, որովհետև պետությունն այլևս չէր կարող լինել այդ փակ շղթայի մեկնակետը, բայց, միևնույն ժամանակ, չհասկացանք, թե ինչպիսին պետք է լինի նոր մոդելը։ Մենք դա չարեցինք, ինչպես շատ այլ դեպքերում, երբ համարեցինք, որ այս կամ այն գործարանը, արտադրամասը ավելի հեշտ է քանդել և որպես ջարդոն վաճառել հարևան երկրներին,  որովհետև որևէ մեկի մոտ հավատ չկար, որ դա մի օր կվերականգնվի։ Մենք խոսում ենք բաների մասին, որ տեղի են ունեցել 20-30 տարի առաջ։ Ես հետ եմ նայում և տեսնում եմ սարսափելի բարբարոսություն, որ տեղի է ունեցել կինոյի նկատմամբ։ Ես ապշում եմ, որ այդ բարբարոսությունը տեղի է ունեցել կինոգործիչների թողտվությամբ, որովհետև ես չգիտեմ՝ ինչ տեսակի ատելություն պետք է ունենալ՝ կինոյի նկատմամբ։

Կինոյում կա էմոցիոնալ կապվածություն, հավատարմություն, ի վերջո, այլ բան անելու անկարողություն։ Երբ մտնում ես կինո, տալիս ես քո լուռ համաձայնությունը՝ այլևս ունենալու այդ կախվածությունը։  Բայց, եթե կա այդ կախվածությունը, իսկ ես հավատում եմ, որ այն միշտ է եղել, ինչպե՞ս է թույլ տրվել, որ այդ ժառանգությունն այդպես գողանան, վերացնեն, այդ օրին հասցնեն։ Եվ շատերը, ովքեր կապ ունեն այս ամենի հետ, դեռ կան, ողջ են և շարունակում են խոսել այն մասին, որ հայկական ժամանակակից կինոն վատն է։ Եվ ինձ համար ամենազզվելին այդ մարդկանց անպատկառությունն է։ Երբեմն ուզում ես նրանց ուղղակի ասել՝ ախր այդ դուք եք ժամանակակից սերնդին կտակել այդ ավերակները, այդ համակարգը, որն այնքան կոռումպացված է եղել, որ մենք ամեն վայրկյան վախ ունենք, որ հնարավոր է նորից գահավիժել այդտեղ։

Նախարարությունում աշխատելուս կարճ շրջանը ինձ համար ինքնաճանաչման, ինքնառերեսման շրջան էր։ Ինձ պարբերաբար կանչում էին հանդիպումների, որոնց գալիս էին տարբեր կինոգործիչներ, մշակութային գործիչներ։ Ես տեսնում էին այնպիսի մարդկանց, լսում էի այնպիսի խոսակցություններ, որ հավատս ուղղակի չէր գալիս։ Ես տեսնում էի մարդկանց, ովքեր նախորդ օրը իրար հետ գինի էին խմում մի սրճարանում, իսկ հաջորդ օրը՝ այդ փակ սենյակներում, «փորում» էին միմյանց տակը։ Եվ ես մտածում էի՝ ի՞նչ օգուտ ունի այս կամ այն մարդը, եթե մյուսը որևէ հարցում ձախողի։ Եվ հասկանում էի, որ որևէ օգուտ չունեն․ նրանք ուղղակի ուզում էին, որ մյուսը տապալվի։ Ես տեսա այնպիսի կոռուպցիոն սխեմաներ, որոնք այնքան «ճիշտ» և սահուն են աշխատել, որ, եթե այդքան ջանքն ու եռանդն ուղղվեր հակառակն անելու համար, մենք այսօր կունենայինք քո ասած մրցունակ կինոն։

– Իսկ Հայաստանում հե՞շտ է կինո նկարելը։

– Չէ, շատ բարդ է։ Եվ ես կարծում եմ, որ նույնը սպառնում է նաև այն երկրներին, որոնք շատ կանոնակարգված կինոարտադրություն ունեն։

– Ինչո՞ւ։

– Ես հիմա շատ տարօրինակ բան կասեմ․ մենք հիմա ինչ–որ բան ձևակերպելու մեկնարկային վիճակ ունենք։ Ես հույս ունեմ, որ մենք բավարար կամք կարող ենք ունենալ, որ այդ մեկնարկային վիճակում ամեն ինչ անենք շատ ազնիվ և հասկանանք, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ։ Մի շարք երկրներ, որոնք ունեն աշխատելու իրենց ավանդույթներն ու մոտեցումները, լուրջ խնդիրների են բախվում այսօր՝ տնտեսական ճգնաժամերով, համավարակով, ամենօրյա ռեժիմով սկսվող և շարունակվող պատերազմներով պայմանավորված։ Եթե մեզանում շատերն իրենց դեբյուտային ֆիլմերն արել են շատ համեստ միջոցներով և հասկացել են, թե ինչպես կարելի է կազմակերպել նկարահանումներ իրենց ընկերների և աջակիցների միջոցով, ինչը բոլորովին լավ երևույթ չէ, մի շարք զարգացած երկրների կինոգործիչների համար սա բոլորովին անհասկանալի երևույթ է։ Դա դասական կոնֆլիկտ է, երբ դու ունես մի բան, սովոր ես դրան, և հանկարծ դադարում ես դա ունենալ։ Ինչպե՞ս ես կարողանում հաղթահարել դա։  Հիմա մենք մեր տոտալ չունեցածի վրա փորձում ենք ինչ–որ բան ստեղծել։ Ես հույս ունեմ, որ մեզ համար ավելի հեշտ կլինի առաջիկա տարիներին, եթե ունենանք կամք և որոշ իրադարձություններ տեղի չունենան, որոնց վտանգն այսօր կա։ Մենք այսօր մեկ քայլ ավելի անելու հնարավորություն ունենք։

Գալով Հայաստանում ֆիլմ նկարահանելու բարդություններին։ Նախ՝ դրանք պայմանավորված են բյուջեով։ Մյուս կողմից, բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն լավ տեխնիկա, լավ գաղափարներ, աշխատում են, նրանց կողքին չկան կանգնած կորպորացիաներ։ Նրանց թիկունքում չկան կանգնած մարդիկ, ովքեր միջանկյալ օղակ են։ Անկեղծ ասած՝ անգամ կարճամետրաժ կինոյի համար տրվող գումարը, որի մասին մի քանի տարի առաջ միայն երազել կարող էինք, այսօր չափազանց փոքր է։ Բայց, միևնույն ժամանակ, դա հնարավորություն է տալիս նկարել կինո, որը դրսում մրցունակ է։ Եվ դա փաստ է։ Հիմա մենք տեսնում ենք ֆիլմեր, որոնք գնում են տարբեր փառատոնների, ավանդույթ, տասնամյակների պատմություն ունեցող փառատոնների, որոնց մենք առաջին անգամ ենք մասնակցում։ Այսօր մենք կարողանում ենք ապահովել այնպիսի բովանդակություն, որը հետաքրքիր է փառատոնների համար․ ավելի ինքնավստահ, ավելի համարձակ, ավելի ճիշտ կազմակերպված և փաթեթավորված ֆիլմեր։ Ես կարծում եմ՝ մենք պետք է իրապես գնահատենք այն, ինչ ունենք, երբեք չմոռանանք այն, ինչ ունեցել ենք, ինչի միջով անցել ենք, և նոր մեկնարկ տանք։ Միայն այդկերպ է հնարավոր անցնել ճանապարհը։

Մենք այսօր հետաքրքիր ենք աշխարհին այն խնդիրներով և ապրումներով, որ ունենք, և որոնցով մեծապես սնվում են արվեստն ու կինոն։ Մենք այսօր ասելիք ունենք աշխարհին և ունենք համապատասխան ներուժ։ Իհարկե, որոշակի տեխնիկական մասնագիտությունների առումով դեռևս կաղում ենք, բայց դա էլ փորձառության հարց է։ Կարելի է ավելի շատ աշխատել և ցանկալի արդյունք գրանցել։

– Մի քիչ պատմիր «Ժամանում»–ի մասին։ Ինչի՞ մասին է ֆիլմը։ Ինչո՞ւ ընտրեցիր հեցն այդ թեման։ Առաջին գործի համար, որպես կանոն, ընտրում են թեմա, որն անձնապես ցավեցնում է, որը շատ անձնական է։ Հատկապես, որ 5 տարիների ընթացքում թեման, գաղափարը չի փոխվել։

– Երբ հայկական կինոյի մասին խոսում եմ որպես կինոքննադատ, միշտ, ընդհանրացնելով, ասում եմ, որ մեր կինոն կտրված է իրականությունից, այն խնդիրներից, որոնք կան։ Իհարկե՝ որոշակի բացառություններով։ Մենք նկարում ենք կինո, որը գոյություն ունեցող խնդիրների վրա աչք փակելու մասին է։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։  Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք ավելի շատ նկարում դեպի ներս գնացող բաների մասին, քան մեզ շրջապատողի մասին։ Ինչո՞ւ մենք չենք գնում առերեսման։ Ես միշտ մտածել եմ, որ իմ կինոն պետք է լինի հենց այդպիսին։ Ես ունեմ շատ բարեկամներ, ընկերներ, որոնք բախվել են այն խնդրին, որի մասին «Ժամանում» ֆիլմն է։ Եվ ես ուզում էի խոսել այդ մասին։ Այն ժամանակ, երբ ես ձևակերպում էի ֆիլմի գաղափարը, այն շատ հստակ էր․ Հայկը վերադառնում է արտագնա աշխատանքից՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու։ Գալիս և հասկանում է, որ իր ընտանիքի, որդիների հետ իր էմոցիոնալ կապը չափազանց թույլ է։ Երկու աշխարհների միջև երկատված լինելու մասին էր ֆիլմը և բռնության, որը դառնում է գոյություն ունեցող խնդրի, հարաբերությունների ճգնաժամի հաղթահարման տարբերակ։ Մի կողմից շատ հստակ է, թե ով է բռնություն գործադրողը։ Մյուս կողմից, ես այս ֆիլմում ուզում էի նաև ցույց տալ, որ այդ երկու աշխարհների միջև գտնվողի նկատմամբ ևս կա ուրիշ տեսակի բռնություն։ Մենք չենք հասկանում, թե ով է բռնություն գործադրել մարդու նկատմամբ, որը ստիպված է եղել լքել իր ընտանիքը և արտագնա աշխատանքի մեկնել։ Իհարկե, արդյունքում ֆիլմն ընդգրկեց նաև այլ բաներ՝ ոչ իմ գիտակցված քայլերի արդյունքում, այլ որոշ հանգամանքների բերումով, և սյուժետային այլ երանգներ ստացավ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե որոնք են ֆիլմի թերություններն ու թույլ կողմերը, բայց վերջնարդյունքը ցույց տվեց, որ ես չէի սխալվում՝ գնալով այդ ճանապարհով։ Շատերի կարծիքով, ֆիլմը ռեֆլեկտիվ է, ասում են, որ ես չկամ դրա մեջ, դա ֆիլմ է, որն ուղղակի իրականության վերարտադրություն է։ Դա հետաքրքիր հարցադրում է։

–  Իսկ քեզ հասկանալի՞ է այդ հարցադրումը։ Նույնը հաճախ լինում է լրագրության, տեքստի դեպքում։ Իմ կարծիքով, դրանք շատ պարզունակ զրույցներ են, որովհետև դու կաս թեմայի, մոտեցման, զրուցակցի կամ դերասանական կազմի ընտրության մեջ։ Դու այդտեղ անընդհատ ես, և բոլորովին պարտադիր չէ, որ քո ներկայությունը շատ ակնհայտ լինի։

– Մի կողմից լիովին համամիտ եմ քեզ հետ։ Մյուս կողմից, ինձ համար դա հասկանալի է այնքանով, որ ես գիտեմ, որ նման մոտեցում երբևէ չի եղել մեր կինոյում։ Բացի այդ, այս հարցադրման տակ թաքնված բան կա․ գուցե ֆիլմը չի՞ հասցնում մարդկանց էմոցիոնալ այնպիսի ապրումակցման, որ ներկայացված կոնֆլիկտը նրանց հասկանալի լինի։  Գուցե այդ թերությունը կա այս ֆիլմում։ Գուցե ինձ չի հաջողվել այնպիսի լուծում տալ, որ իրենց մոտ այդ հարցը չառաջանա։ Իրականում, ես իմ ֆիլմի նկարահանման ժամանակ կյանքումս առաջին անգամ եմ հայտնվել նկարահանման հրապարակում։ Ամեն դեպքում՝ իմ պրոֆեսիոնալիզմի պակասը ազդել է ֆիլմի վրա։

– Հիմա դու ասում ես, որ գոհ չես վերջնարդյունքից, բայց փաստ է, որ այն մասնակցում է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկին` Կրակովի միջազգային կինոփառատոնին։ Դժգոհություդ ի՞նչ է, պերֆեկցիոնիզմի դրսևորո՞ւմ։

– Չէ, ուղղակի հիմա ես արդեն կարողանում եմ դրան կողքից նայել։ Եվ որքան շատ եմ նայում, այնքան ավելի եմ բարկանում։  Իսկ փառատոնի մասնակցության մասին կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր աշխատանքը գնահատվի: Փառատոնում չընդգրկվելը ևս գնահատական կարող է լինել, ավելի դաժան գնահատական, որը ևս մեկ անգամ մտածելու, խորհելու առիթ կարող է դառնալ: Այս դեպքում ես շատ ուրախ եմ, որ փառատոնը եղավ: Անկեղծ: Եթե ես սովորած լինեի ռեժիսուրա, կամ լինեի ավելի երիտասարդ, քան հիմա եմ, և չլիներ նման արձագանք, ես շատ ավելի հանգիստ կվերաբերվեի դրան: Կմտածեի, որ նորմալ է, ճանապարհ է, որը պետք է անցնել: Բայց այս պարագայում ես շատ ուրախացա, մի տեսակ մանկական ուրախություն կա մեջս, որովհետև զգացի, որ ինչ-որ ծանր քար ընկավ սրտիցս:

– Դու՝ որպես քննադատ, քո ֆիլմից գոհ չես:

– Բացարձակապես: Գոհ եմ ինչ-որ կոնկրետ կետերում միայն: Բայց այս ընթացքում ես հասկացա մի շատ կարևոր բան. Չի կարելի սահմանափակել այն մարդկանց ազատությունը, ովքեր քեզ հետ աշխատում և ստեղծագործում են: Իմ ֆիլմի ընթացքում ես այդպիսի ազատություն տվել էի բոլորին: Եվ դա տվեց իր արդյունքը, որովհետև բոլոր այն մարդիկ, որ հավաքված էին նկարահանման հրապարակում, հասկացան՝ ինչի մասին է ֆիլմը և օգնեցին, որ իմ պատկերացումներն իրականություն դառնան: Ես հասկացա, որ իմ մյուս նախագծերի ժամանակ էլ կլինեմ այդպիսին:

– Մարդ, որքան էլ ինքնաբավ լինի, միշտ նոր գործ սկսելիս, հատկապես, երբ խոսքը «տարօրինակ» գաղափարների մասին է, վախենում է հանրային արձագանքից: Դու չես վախենո՞ւմ քննադատություններից:

– Ես այդ իմաստով շատ մեծ խնդիր ունեմ: Ես անընդհատ կարծիքներ եմ հարցնում: Գաղափարից սկսած՝ ես կիսվում եմ շատ մարդկանց հետ: Ընկերներս ասում են՝ սիրում եմ, երբ ինձ գովում են, դրա համար էլ հարցնում եմ կարծիքներ:

– Իսկ ո՞վ չի սիրում:

– Այո: Բայց հիմա փորձում եմ հաղթահարել դա, ոչ թե որպեսզի ավելի ինքնավստահ լինեմ, այլ խորհրդավորությունը պահպանելու համար: Գաղափարի մակարդակում ֆիլմը բոլորովին այլ է, սցենարի մակարդակում, նկարահանման հրապարակում, մոնտաժի ընթացքում և վերջնարդյունքում՝ բոլորովին այլ բաներ: Դրանք տարբեր, բայց իրար շարունակող բաներ են: Մի փուլում այն շատ սիրելը կարող է խնդիր առաջացնել մյուս մակարդակներում: Հիմա հասկանում եմ, որ պետք է թույլ տալ, որ գաղափարը քո հետ եռա, հասունանա, քեզ անհանգստացնի, քեզ ցավ պատճառի: Իհարկե, կարող են լինել մտերիմ մարդիկ, ում հետ կարելի է քննարկել, կարծիք հարցնել: Բայց քանի դեռ չգիտես՝ ինչ ես ուզում վերջնարդյունքում, այդ քննարկումները կդառնան շիլաշփոթ, որի մեջ կարող ես քեզ այլևս չգտնել: Ես դրա շեմին կանգնած էի մի պահ, բայց, բարեբախտաբար կարողացա հետ գալ:

– Մեր զրույցի սկզբում ասացիր, որ ափսոսում ես այն ժամանակը, որ ֆիլմ նկարելու վրա չես ծախսել: Բայց չես կարծո՞ւմ, որ տարիքը, կենսափորձը կարևոր են:

– Չէ: Ես վստահ եմ, որ հինգ տարի առաջ ես այս ֆիլմը այլ կերպ կնկարեի:  Գուցե կլիներ այլ կինո, ավելի համարձակ կինո: Հիմա կա այն, ինչ կա: Ես օբյեկտիվորեն հասկանում եմ, որ հիմա կար հնարավորություն դա անելու, արեցի: Եվ ամենակարևորն այն է, որ ես չեմ ուզում զարմացնել: Այս մտքին ինձ բերեց «Ժամանումը»: Ես հասկացա, որ պետք է փորձել ոչ թե զարմացնել, այլ ազնիվ լինել արածիդ հետ: Որովհետև, որքան էլ փորձես օտարվել, դա քո ստեղծածն է: Դու պետք է հաշտ լինես դրա հետ: Այդ մտքով էլ գնում եմ հաջորդ նախագծին, որը կոչվում է «Ճաքած»: Սա ևս կարճամետրաժ նախագիծ է:

– Եվ վերջին հարցը: Ինչի՞ մասին է լինելու քո ամենալավ ֆիլմը:

– Իմ, իմ ընտանիքի, իմ վախերի, անհանգստությունների մասին:

 

Զրուցեց Սոնա Մարտիրոսյանը


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...