Նախորդ դարի՝ այժմ արդեն հեռավոր դարձած վաթսունականների ամենաբնորոշ կինոստեղծագործություններից մեկը՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը (1966), սկսվում է վավերագրական կադրերով: Օպերա, հրապարակ, բազմություն: Եվ շենքին ամրացված մի հսկայական շախմատային տախտակ: Անթիվ մարդիկ, տարբեր տարիքների, համակ ուշադրությամբ հետևում են Բոտվիննիկ – Տիգրան Պետրոսյան խաղին՝  «աշխարհի չեմպիոն» տիտղոսի համար: Այդ ժանանակ դեռ շատ երիտասարդ, Մոսկվայի Կինոինստիտուտի ուսանող Կարեն Գևորգյանի կինոխցիկը՝ առանց շտատիվի, այսինքն՝ ուսից, ձեռքից նկարահանած, մարդկանց շարքերով շրջող աչք, որսում է տարբեր դեմքեր, դեմքերի հետ՝ զգացմունքներ և ապրումներ, ամբողջության մեջ՝ արդեն դովլաթյանական էներգախիտ մոնտաժով, մի հոգեբանական մթնոլորտ, մի համազգային սպասում … «Հաղթա -նաաա՛կ»-բղավում է Օպերայի երրորդ հարկի պատուհանից մոլեգնորեն դուրս ցցվող մեկը՝ առանց ընկնելու վախի …

Ի՞նչ է սա:

«Փոքր ածու» լինելու բարդույթը թոթափելու պոռթկո՞ւմ: Դարի հարվածներից կծկված ժողովուրդը՝ ցեղասպանություն, առաջին հանրապետության կորուստ, խլված Արարատ ու Կարս, 37 թվականի մի նոր յաթաղան, երկրորդ համաշխարհային ծանր վերքեր», – ապրում է մեծ աշխարհի հետ հավասարի պես չափվելու, իր հայկական մարտահրավերը նետելու և փառավորապես ինքնահաստատվելու հոգեզգացողություն:

Սա վաթսունականների հենց մեկնարկն է, որովհետև Տիգրան Պետրոսյանի տրիումֆը 63 – ին էր, Աղաբաբովի սցենարն արտադրության է իջնում 64 – ին, ֆիլմը՝ ավարտվում 65 – ին, էկրան բարձրանում 66 – ին: Իր ինքնությունը նորովի, արդեն դարին համահունչ վերահայտնաբերող հայը՝ մի նոր սերունդ, լիաձայն ասում է – Բարև՛ Ես եմ, մանավանդ որ հաղթահարվում էր ստալինյան վանդակը, որտեղ ռեժիմն ամեն ինչ էր, իսկ անհատը՝ ոչինչ: Մանավանդ, որ Մոնումենտի պատվանդանը իր ճնշող ծանրությունից ձերբազատվել էր դեռևս 62 – ին և տեղը ոչինչ չկար, ինչն աշխարհայացք էր ձևավորում առանց, «երկաթե կրունկի» :

Իսկ եթե մի քիչ առաջ անցնենք, ապա երբ յոթ տարի անց այդ նույն պատվանդանին խոյացավ Մայր Հայաստան կոթողը, արդյո՞ք դա չէր նշագրում ազգային երազանքներին, արժեհամակարգին, սրբություններին ու նպատակներին դարձ կատարելու շարժում:

Բայց մինչ այդ խոսք էր ասում ու մտքեր հարուցում մշակույթը: Կինոն՝ մասնավորապես: Իր Ես – անունից ու էությունից, բայց մեծ աշխարհի հետ խոսող ու ներդաշնակվող հայը: Իսկ այդ ֆիլմից հազիվ երկու տարի անց՝ Մենքը: Այո, ճիշտ հասկացաք, Մաթևոսյանի ու Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», ազգային հավաքականությունը, որ բնականորեն գումարվում է անհատին: Ու հիմա եկեք հիշենք, որ դովլաթյանական կինովեպը ավարտվում է հայրենի սարերում, հենց այն բարձրության վրա, որտեղից իր ժողովրդական պատումն է սկսում Մալյանը…

Հ.Գ. Լոնդոնի «Գարդիանը» այս օրերին մի հոդված է նվիրել Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին: Իմ բարեկամ Արմեն Զաքարյանը տարածել է այն և հորդորել ինձ, որ անդրադառնամ…

Դավիթ Մուրադյան


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...