«Պեպոն» հայտնի դրամատուրգ Սունդուկյանի ամենասիրված պիեսներից մեկն է, որ ավելի քան երեք տասնամյակ կազմում է հայկական թատրոնների խաղացանկի անբաժանելի մասը: Սունդուկյանի պիեսը հնչյունային ֆիլմի վերածելու ռեժիսոր Բեկ-Նազարովի որոշումը, սցենարական աշխատանքը և «Պեպոյի» կինոբեմականացումը պետք է նկատվի որպես չափազանց նշանակալի երևույթ:

Վաստակավոր ռեժիսոր Բեկ-Նազարովն ունի դասականների էկրանավորման աշխատանքային փորձառություն՝ Րաֆֆու «Խասփուշը», Շիրվանզադեի «Նամուսը»:

«Պեպոյի» սցենարի վրա աշխատանքը տարբերվում է նրանով, որ պիեսը գեղարվեստական և սոցիալական իմաստով զգալիորեն բարձր աստիճանի է հասցված: Բեմականացման հեղինակի կողմից գտնվել և ցուցադրվել են սցենարում լրացուցիչ գծեր, տրվել բնութագրեր, որ ֆիլմը դարձնում են մեր դարաշրջանին համահունչ, լիարժեք գեղարվեստական փաստաթուղթ, որը բացահայտում է հայ երիտասարդ բուրժուազիայի սոցիալական դեմքը Անդրկովկասում XIX դարի երկրորդ կեսին:

Այդպիսի աշխատանք «Պեպո» պիեսի վրա սկսել էր Հայաստանի Պետթատրոնը: Նա 1932 թ. Մոսկվայում արվեստների համամիութենական օլիմպիադայում ցուցադրեց «Պեպոյի» նոր բեմականացումը: Բեկ-Նազարովի աշխատանքը երկրորդն է, ավելի կատարյալ քայլ այդ պիեսի բարելավման ուղղությամբ: Սցենարը, նկարահանված կտորները, հաջողությամբ սկսված աշխատանքը իրավունք են տալիս լիակատար հաջողության, լիարժեք արդյունքի հույս ունենալու: Վերջնականորեն ավարտված ֆիլմը ցույց կտա դա մեզ:

Ա. Արշարունի


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...