Չեխական կինոյի առանձնահատկությունների, պատմության ամենանշանակալի իրադարձությունների, ամենաազդեցիկ չեխ ռեժիսորների, ժամանակակից չեխական կինոարդյունաբերության զարգացումների ու միտումների մասին է Kinoashkharh-ը զրույցել Չեխական կինոյի և աուդիովիզուալ կրթության ասոցիացիայի խորհրդի նախագահ,  կինոյի տեսության և պատմության դոկտոր (PhD), Բրիտանական կինոինստիտուտի անդամ,  կինոգետ, կինոքննադատ  Պավել Բեդնարիկի հետ:

-Համաշխարհային կինոյի պատմության մեջ կա մի հայտնի ուղղություն, որը կոչվում է «Նոր ալիք»: Ովքե՞ր են Չեխական «Նոր ալիքի» ամենակարևոր դեմքերը, մի կինուղղության, որը հաճախ անվանում են չեխական կինոյի պատմության ոսկե դար:

-Մենք նախընտրում ենք այն անվանել Չեխոսլովակյան «Նոր ալիք», քանի որ ունենք տասնամյակների պետական չեխ ​​և սլովակ կինոռեժիսորներ և ֆիլմարտադրություն, իսկ ֆիլմարտադրությունն այս շարժման կարևոր մասն է: Չեխոսլովակյան «Նոր ալիքը» Եվրոպայում նմանատիպ շարժումների, հատկապես Ֆրանսիական «Նոր ալիքի» արտացոլումն էր, բայց այն ծագեց նաև 50-ականների վերջերի նախկին կոմունիստական ​​երկրների քաղաքական միջավայրից և, այսպես կոչված, խրուշչովյան «ձնհալի» տարիներից: Դժվար է առանձնացնել ընդամենը մի քանի անհատների, սակայն եթե նշենք միայն մի քանիսը, ապա` Միլոշ Ֆորման, Յիրժի Մենցել, Վերա Չիտիլովա, Իվան Պասսեր, Յարոսլավ Պապուշեկ: Կան երկու հիմնական դժվարություններ՝ եթե ցանկանում ենք խուսափել պարզեցումից. նախ պետք է գիտակցել, որ այս շարժումը ներգրավել է տարբեր մասնագիտությունների տեր հարյուրավոր մարդկանց, որոնք պարտավորվել են ծնունդ տալ «ալիքին»: Եվ ապա, «ալիքի» մեյնսթրիմից դուրս կային շատ գործիչներ՝ Չեխոսլովակյան «Նոր ալիքի» «հայրը»՝ Օտակար Վավրան, Յարոմիլ Յիրեշը, Ֆրանցիշեկ Վլաչիլը, Լադիսլավ Հելգեն և շատ ուրիշներ, ովքեր օգնեցին իրենց կոլեգաներին ստեղծել գլուխգործոցներ՝ նկարահանելով իրենց սեփականը և խթանելով արվեստագետների միջև երկխոսությունը:

-Չեխական կինոն հայտնի է ամբողջ աշխարհում այնպիսի ռեժիսորների անուններով, ինչպիսիք են Միլոշ Ֆորմանն ու Յիրժի Մենցելը: Ովքե՞ր են պակաս հայտնի, բայց չեխական էությունն առավելապես բնորոշող չեխ ռեժիսորները:

Միլոշ Ֆորմանը հայտնի դարձավ իր հոլիվուդյան կարիերայի ընթացքում, իսկ Յերժի Մենցելը «Օսկար» մրցանակով պարգևատրվելով՝ ահա և ամենահայտնին դառնալու ակնհայտ պատճառները: Բայց Ֆորմանը չէր կարողանա դա անել առանց Իվան Պասսերի և Յարոսլավ Պապուշեկի, ովքեր էլ օգնեցին նրան իր առաջին սցենարները ստեղծելիս («Սև Պետեր» 1963թ., «Շիկահերի սիրային արկածները»1964թ.): Կարծում  եմ, որ Վերա Չիտիլովան հանդիսանում է «ալիքի» առանցքային կերպարը, միշտ համարձակ և հավակնոտ իր արվեստում, ֆեմինիստական և քաղաքական դիրքորոշումներում: Ի տարբերություն Յերժի Մենցելի, նա ոչ մի զիջման չի գնացել նույնիսկ 1968 թ.-ի խորհրդային ներխուժումից հետո: Ֆրանցիշեկ Վլաչիլի ֆիլմերում կա ուժեղ գեղագիտական հայացք՝ միջնադարյան պոետիկայով և սև ու սպիտակ կինեմատոգրաֆիկ լուծումերով («Մարկետա Լազարովա»1967թ., «Մեղուների հովիտը»1968թ.): Սակայն դժվար է 1960-ականների չեխական կինոգործիչների առանձնահատկությունը համառոտ նկարագրելը:

-Հայտնի է, որ կին ռեժիսորների համար առավել դժվար է կինոաշխարհում հաջողության հասնելը և ընդունված լինելը: Ովքե՞ր են եղել չեխական կինոյի կին պիոներները և արդյո՞ք նրանք ազդել են կինոյի պատմության վրա:

– Կանանց կինոն ներկայումս ուժեղ և կենսունակ ավանդույթներ ունի չեխական կինոարտադրության մեջ: Պատմությունը վերադառնում է 1930-ականներ, երբ լիբերալ հասարակությունը և ավանգարդիստական շարժումը շատ դռներ բացեցին կանանց առջև, ներառյալ՝ կինեմատոգրաֆը: Ավանգարդին և էքսպերիմենտալ կինոյին մոտ կանգնած չեխական բանաստեղծական շարժումը հարթակ տրամադրեց բազմաթիվ կանանց, որոնք, ցավոք, գրեթե մոռացված են մեր օրերում: Նրանցից մեկը սերտ համագործակցում էր հայտնի բանաստեղծ, սցենարիստ, հետագայում՝ կոմունիստ-նախարար Վիցեսլավ Նեզվալի հետ: Նրա մականունն էր Զետ Մոլաս կամ Զդենա Սմոլովա: Բայց կարևորագույն ռեժիսորները ի հայտ եկան 1960-ականներին՝ Վերա Չիտիլովա, Դրահոմիրա Վիհանովա կամ Էստեր Կրումբաչովա (զգեստների դիզայներ): Նրանք, անշուշտ, ազդեցին Չեխական կինոյի վրա՝ իրենց նուրբ, կանացի տեսանկյունից  խոշոր պլանով ուսումնասիրելով տղամարդկանց և կանանց հարաբերությունները:

Միլոշ Ֆորմանի չեխական շրջանի ո՞ր ֆիլմերը կառանձնացնեիք:

– Ես սիրում եմ Միլոշ Ֆորմանի բոլոր չեխական ֆիլմերը, բայց ակնհայտ է, որ առավել հետաքրքիր կլինի կենտրոնանալ նրա քիչ հայտնի, վաղ կինոնկարների վրա: «Մրցույթը» («Konkurz») կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է «Սեմաֆոր» թատրոնի աշխույժ մշակութային տեսարանը, բայց նաև առաջ է բերում  մի քանի առանձնահատկություններ, որոնք հայտնի են դարձրել Ֆորմանին: Հատկապես «Հրշեջների պարահանդեսը» («Hoří má panenko») ֆիլմը, որի հետ ես սերտորեն կապված եմ: Այն Ֆորմանի հրաժեշտն է Չեխոսլովակիային, բայց միևնույն ժամանակ չափազանց դառը, մռայլ հղում է մեր երկրի բնույթին և կերպարներին:

-Չեխիան հաճախ ասոցացվում է Ֆրանց Կաֆկայի և Միլան Կունդերայի անունների հետ: Կա՞ն արդյոք ֆիլմեր, որոնք հիմնված են նրանց գրականության վրա:

– Զարմանալիորեն՝ ոչ: Կունդերայի վեպերը ադապտացնելու մի քանի փորձեր եղել են, բայց ոչ շատ հաջող: Կաֆկան և Կունդերան պատկանում են համաշխարհային կամ եվրոպական մշակույթին, Կաֆկան ՝ Ավստրիային, Կունդերան ՝ Ֆրանսիային: Չեխ կինոգործիչները նախընտրում էին այլ գրողների էկրանավորել ՝ Բոհումիլ Հրաբալը, Վլադիսլավ Վանժուրան (նաև հայտնի կինոռեժիսոր) և  Վլադիմիր Կորները ունեն իրենց գրքերի մի քանի հիանալի կինոադապտացիաներ: Հրաբալի և Մենցելի փոխհարաբերությունները հայտնի դարձան Հրաբալի էկրանիզացիաների շրջանակներում սերտ համագործակցության արդյունքում:

-Որո՞նք են ժամանակակից չեխական կինոյի հիմնական խնդիրները:

Մի քանի ուրվագծերով հեշտ չէ նկարագրել ժամանակակից չեխական կինոն: Առկա է կայուն, բարգավաճ ֆիլմարտադրություն և Չեխիայի կինոֆոնդի ֆինանսական աջակցությունը, ուստի ենթադրում եմ, որ մենք հպարտ ենք, քանի որ կրկին հավակնոտ ֆիլմեր ենք արտադրում: Փայլուն օրինակ է «Օսկարի» հավակնորդ «Նկարված թռչունը» ֆիլմը (ռեժիսոր ՝ Վացլավ Մարքուլ), մինչ այժմ չեխական արտադրության ամենամասշտաբային կինոնկարը, որի դերասանական կազմում են Հարվի Քեյթըլը և Ստելլան Սկարսգարդը: Յեժի Կոսինսկու գրքի մոտիվներով նկարահանված սև ու սպիտակ էպիկական պատմական դրաման մեզ հիշեցնում է չեխական կինոյի մեծ օրերի մասին, որի խորհրդանշական նմուշն է «Մարկետա Լազարովա» ֆիլմը: Ունենք սովորական պահանջված կատակերգություններ (որոնք շահութաբեր են կինոթատրոնների համար), հսկայական ժողովրդականություն են վայելում վավերագրական և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը: Չէի ասի, թե գերակշռող խնդիրներ կան, բայց կան մի քանի միտումներ, որոնք անընդհատ դրսևորվում են. ինքահեգնանքը, սև հումորը, անհրաժեշտությունը՝ արտացոլելու և դիմակայելու մեր անցյալին, Երկրորդ համաշխարհային պատերազմում մյունխենյան «դավաճանությունը», հրեաների արտաքսումը և կոմունիզմի 40 տարիները: Բայց մենք ունենք նաև ժանրային կինոնկարներ կամ  ներկայիս իրավիճակին վերաբերվող ֆիլմեր՝ Modelář (Droneman) կիբեր-ահաբեկչության մասին կամ Vlastnici (Owners) հատուկ տների սեփականատերերի մասին, որոնք չեխական հետկոմունիստական շրջանի բանահյուսությունն են:

-Ծանո՞թ եք  հայ կինոյին և եթե՝ այո, ապա ի՞նչ ֆիլմեր (ռեժիսորներ) կառանձնացնեիք:

Պետք է հիասթափեցնեմ Ձեզ, ես միայն քրիստոմատիական գիտելիքներ ունեմ հայ կինոյի մասին, համալսարանական տարիներին դիտել եմ ընդամենը մի քանի հայկական ֆիլմեր: Սերգեյ Փարաջանով, Արտավազդ Փելեշյան և Ատոմ Էգոյան: Ինձ շատ դուր եկան «Նռան գույնը» և «Արարատ» ֆիլմերը (ինչպես նաև Էգոյանի կանադական ֆիլմերից մի քանիսը):

-Ո՞ր ռեժիսորներն են ամենից շատ ոգեշնչել և ազդեցություն թողել Ձեզ վրա:

Անընդհատ ոգեշնչման հսկայական հոսք է գալիս կինոյից, ինչպես նաև անցյալ տարիների հեռուստատեսային արտադրությունից: Բայց կան մի քանիսը, որոնք ինձ ամենից շատ են ոգեշնչել՝ Սթենլի Կուբրիկը, Քեն Լուչը, Մայք Լին, Մարտին Սկորսեզեն, Լարս ֆոն Թրիերը, Խուլիո Մեդեմը:  Չեխական կինոյում Գուստավ Մաչատին, Միլոշ Ֆորմանը, Վերա Չիտիլովան իսկ ժամանակակից ռեժիսորներից Պետեր Զելենկան, Մարեկ Նայբրտը և Ագնեշկա Հոլանդը:

-Որքանո՞վ է արդիական կինոքննադատությունը մի աշխարհում, որտեղ արվեստի գրեթե ցանկացած տեսակ ընդունված է:

Կինոքննադատությունը արագորեն կորցնում է իր դիրքերը ոչ միայն Չեխիայում, այլև ամբողջ աշխարհում:

Մեր արագ փոփոխվող աշխարհում և մշակութային միջավայրում շատ պատճառներ կան՝ տպագիր մեդիայի անկումը, ամենուր  ֆիլմերի մշտական  հասանելիությունը, ինքնահռչակ քննադատները՝ առանց մասնագիտական կրթության և սեփական ոճի,  կինոնկարների շտեմարանները, որոնք վերահսկում են մեյնսթրիմի  որակը և այլն: Իմ համոզմամբ կինոքննադատը հանդիսատեսի համար ունի և պետք է շարունակի  ունենալ կարևորագույն նշանակություն  իր գիտելիքներով, գրելաոճով և հաղորդակցման հմտություններով: Չնայած դա նույնիսկ ավելի բարդ է:

-Եվ վերջապես՝ ավանդական հարցը. հիշու՞մ եք ձեր առաջին այցը կինոթատրոն: Ի՞նչ ֆիլմ եք դիտել:

Իմ առաջին փորձը հեռուստատեսությունից եմ ստացել, հիմնականում դիտում էի մուլտֆիլմեր և մանկական ֆիլմեր: Ամենավառ տպավորություններս, հաստատ, «Անվերջանալի պատմություն»  և «Տիտանների բախում» (Մեդուզան սարսափելի էր) ֆիլմերից էին: Ես թաքուն կինոթատրոն էի գնում ու առանց տոմսի բանալու անցքի միջից դիտում էի առաջին ֆիլմերը: Կարծում եմ, որ դա Էդդի Մերֆիի մասնակցությամբ  «Ոսկե երեխա» ֆիլմն էր: Այս տարիների ընթացքում կինոյի իմ ճաշակը բարելավվել է (ծիծաղում է):

Հ․Գ․ Հիշեցնենք, որ տարեսկզբին Բեդնարիկը  16-րդ «Ռոլան» միջազգային մանկապատանեկան փառատոնի շրջանակներում  Երևանում անցկացրել է «Չեխական կինեմատոգրաֆի դերը համաշխարհային կինոյի կոնտեքստում» խորագրով առցանց դասախոսություն հայ պատանիների համար:

Հարցազրույցը` Էլեն Դանիելյանի


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...