Կարեն Գևորգյան.«Հայաստանը չլինի, ես էլ չեմ լինի, ես՝ ես չեմ լինի…»
Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Կարեն Գևորգյանի նկարահանած կինո-ֆոտո վավերագրությունը վերածվել է ցուցահանդեսների՝ մեկը Շուշիում, երկուսը Երեւանում եւ ֆիլմերի՝ «Երկընտրանք» (1998թ.) ու «Պատերազմ առանց մեկնաբանության» (2004թ.)։ Պատերազմից հետո նրա հիմնած հեռանկարային ծրագրերի մեշակման կենտրնը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ փորձարկել է Կարեն Գեւորգյանի ստեղծած «Հայկ» ծանր ջիպը, հակահետեւակային ականների հեռակառավարվող ականազերծիչը։ Նույն կենտրոնում ստեղծվել է նաեւ հայկական առաջին գրոհային ինքնաթիռի մակետը։ Գործն այդ փուլում էլ դադարեցվել է։ Սակայն Կարեն Գեւորգյանը չի հրաժարվել իր մտադրությունից եւ այսօր էլ ռազմարդյունաբերության ոլորտին առաջարկներ ունի։
-Պարոն Գեւորգյան, հաղթանակած Հայաստանն առանձնապես հակված չեղավ լուրջ ռազմարդյունաբերություն ստեղծելուն։ Հիմա, երբ հաղթանակը մերը չէ, ի՞նչ կարող ենք ակնկալել։
–Ես այս պարտությունն ապրել եմ վաղուց՝ 1996-98-ից։ Երբ ղեկավարության կողմից սկսվեց սեփական երկրի թալանն ու քայքայումը, հասկացա, որ վաղ թե ուշ պարտության են տանելու երկիրը։ Ցավոք, դա կատարվեց։ Եւ Հայաստանում այլեւս որեւէ գործ չձեռնարկելու որոշումս մի կողմ դրեցի ու եկա։ Գիտեմ, որ եթե Հայաստանը չլինի՝ կնշանակի ես էլ չեմ լինի, ես՝ ես չեմ լինի։ Եկա ինքս ինձ համար։ Այսքանը։
–Վստահաբար ինչ-որ առաքելությամբ։
–Վերհիշեցի նախկինում արածս։ Ու որոշեցի նորից վերադառնալ՝ այս անգամ «Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» գրքույկը եւ «Երկընտրանք» ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան կազմակերպելու։
–Այս պահին ո՞րն է դրա կարեւորությունը։
–Բանակի բարեփոխման եւ ազգային զարգացման ծրագրերի հեղինակ եմ, իսկ դրանք ներկայացված են գրքույկում եւ ֆիլմում։ Այս ծրագրերը ժամանակաին քննարկվում էին Վազգեն Սարգսյանի մոտ, բայց հետ դրվեցին։
–Հիմա, երբ երկիրը, մեղմ ասած, կառավարման կոլապսի մեջ է, դրանց դիտարկման հիմքե՞ր եք տեսնում։
–Անցյալում պետությունից ակնկալիքներ ունեի։ Հիմա իմ անձնական վիճակը թույլ է տալիս անկախ գործել։ Բարդություններ կան, իհարկե, որովհետեւ ես չեմ տեսնում մարդկանց՝ տոգորված երկրի զարգացման համար խնդիրներ սահմանելու եւ լուծելու հարցերով։ Իշխանության համար քաղաքական խաղեր են։ Մանր-մունր բաներն էլ, որ անում ենք, ինքնախաբեություն են։
–Լավ, ի՞նչ եք մտադիր անել։ Այդ ինքնախաբեությունից դուրս գալու համար տարբերակ ո՞ւնեք։
–Պետք է վարվել Ալեքսանդր Միասնիկյանի պես։ Եկավ, 20 հազար «վառված» ժողովուրդ, կեսն էլ փախստական, բայց ասաց՝ սա՛, սա՛, սա՛ պետք է լինեն։ Ի՞նչ է, այն ժամանակ պետությունն ավելի ուժե՞ղ էր, ռեսուրսներ ունե՞ր։ Ո՛չ, բայց կամք կար։
–Այսինքն, առաջարկում եք կա՞մք դրսեւորել, բայց դա դատարկ տեղից չի ծնվի։
–Ի՞նչ պետք է անել։ Պետք է կապակցել Սփյուռքը եւ Հայաստանը։ Բայց հավատ չկա։
–Վերականգնելի ռեսուրս է հավատը, եթե ինչպեսն իմանանք։
–Իմացողը կա՞։ Պետք է մի ռազմավարական ծրագրի շուրջ ստեղծվի գործելու պատրաստ հանրություն, որը թույլ տա մարդկանց հայացքը շուռ տալ այս անհույս, կորսված վիճակից եւ ուղղել դեպի ապագա, դեպի նոր գործողություն, նոր կյանք։ Բայց նպատակը պետք է լինի գերլուրջ, որպեսզի սթափվենք։ Այլ ելք չկա։ Ոչ մի քաղաքական ուժ, քաղաքական գործիչ մեզ չի օգնի այս հարցում։ Նրանք միայն կխճճեն։ Առաջին նախագահից մինչեւ էս վերջին երեւույթը չեն հասկանում ո՛չ ազգի էությունը, ո՛չ գիտակցությունը, ո՛չ ենթագիտակցությունը, սրանք ինչ-որ իշխանամոլ անասուններ են։
–Ուզում եք ասել՝ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի՞ գործն է։
–Չե՞նք կարող գերնպատակ սահմանել ու դրա իրականացման հետեւից գնալ։ Ի՞նչ է պատահել մեզ, ցնդե՞լ ենք։
–Դե չէ, խորհրդային տարիներին Օրիոն 1, Օրիոն 2 ուղեծրային աստղադիտարան էր ստեղծվում Հայատանում։
–Ուրեմն ի՞նչ եղավ մեզ։ Պարզապես մենք ուզում ենք պատրանքների մեջ մնալ։ Բայց էդ վիճակում մարդը կարող է կամ ուրախանալ կամ վախենալ, որ ելք կա։ Իմ կարծիքով գերադասում է վախը։ Վախով կարող ես փակվել։ Ուրախությունը պարտադրող երեւույթ է։ Պահպանում ենք մեր վախերը։ Առաջարկում եմ մոռանալ էս խճճվածությունը, թշնամիների որոնումները։
–Առանց թշնամուն ճանաչելու՝ ի՞նչ ապագա։
–Թշնամին մենք ենք, թշնամին մեր մեջ է։ Եկեք վերլուծենք-հասկականանք, թե ինչ պետք է անենք։ Ելք կա, բայց դրա համար աշխատել է պետք։ Դրա համար այլ կերպ է պետք մտածել։ Իսկ մենք կառչած մնում ենք մեր տեղում եւ ուզում ենք պահպանել այն, ինչ ունենք։ Քայլ առաջ կամ աջ ու ձախ չենք անում։ Դա վախ է։ Շիտակ խոսելը նորմալ բան է։ Մենք չենք սիրում դա։ Բա ցույց չտա՞նք, թե էս ի՞նչ արեցինք մենք մեզ հետ՝ 5000 տղա պառկացնելով գերեզմաններում, բա չպարզե՞նք, չգիտակցե՞նք, թե որտեղ սխալվեցինք։ Այս հարցում շիտակ չլինելը հանցագործություն է։ Մարդն ինքը կապիտալ է, խելոք մարդը՝ գեր կապիտալ։
–Խելոք մարդիկ մեզանում քիչ չեն, բայց ասպարեզում չեն։
–Մենք ամեն ինչ ունենք, ամե՛ն ինչ։ Կամք չունենք։ Գումար՝ հարց չի, գաղափար՝ հարց չի… Մենք, նպատակ չունենալով, կարծում ենք, թե ոչինչ չունենք։ Մեկ պատրանք եւս։ Այս տարվա մեջ, չգիտեմ կոնկրետ ինչ ժամկետում, որովհետեւ ունեվոր մարդ չեմ, ունեվոր լինեի՝ կես վայրկյան, կես վայրկյան չէի մտածի, Հայաստանում կստեղծեի ավիացիոն գործարան։ Այո՛, ավիացիոն գործարան, որը Հայաստանում եբեք չի եղել։
–Որեւէ գերնպատակ ինչ-որ հիմք է ենթադրում։ Մենք ավիացիոն գործարանի համար գիտական հենք կկարողանա՞նք ապահովել։
–Իսկ ի՞նչ չկա, ասեք՝ իմանամ։ Մասնագե՞տ։ 50 բարձր մակարդակի մասնագետ բերեմ, կեսն էլ հայ։ Կգան։ Լուրջ մասնագետներն ուզում են գործի մեջ լինել։ Տարա՞ծք։ Գործարանների դիակները թափած են մինչեւ օրս։ Սա իմ գերնպատակն է։
–Այնուամենայնիվ, իշխանութան, պետական կառույցների մասնակցությունը պե՞տք է լինի։
–Ո՛չ, ոչ։ Ոչ մի իշխանության մասնակցություն պետք չի։ Ո՛չ մի։ Թող իրենց գործերով զբաղվեն։ Կուզեն մասնակցել՝ թող մասնակցեն, չեն ուզի՝ թող չմասնկացեն։ Կարող է լինել հասարակական երեւույթ։ Հարկավոր է ստեղծել մաքուր միջավայր, որտեղից մի կոպեկ թռցնողը վռնդվի։ Այս կերպ կունենանք ազգային զարգացման համակարգի առողջ բջիջ։
–Այս պահին դա իրատեսակա՞ն է։
–Կարելի է, իհարկե, բայց պետք է արվի համատեղ ուժերով լջորեն, հաստատ ու շիտակ։ Խաբելով ոչնչի չես հասնի։ Նորից կկրկնենք նույն զիբիլները։ Գերնպատակ պիտի լինի, որ ժողովուրդը սթափվի, հայությունը զարթնի։ Սա է տրամաբանությունը։
Զրուցեց Նանա Պետրոսյանը