Հակառակ այն իրողությանը, որ հայկական կինեմատոգրաֆի ռահվիրա Համո Բեկնազարյանի անունը դարձել է մեր կինոյի խորհրդանիշներից մեկը, և մեծանուն վարպետի կենսագրության մեջ պիտի որ մութ կետեր չլինեին, նույնիսկ նրա ծննդյան ամսաթիվն ու տարեթիվը տարբեր տեղեկատու աղբյուրներում տարբեր կերպ են հանդիպում:

«Հայկական սովետական հանրագիտարանը» մատնանշում է 1892-ի մայիսի 19 (31)-ը, 1986-ին Մոսկվայում հրատարակված «Кино. Энциклопедический словарь»-ը՝ 1892-ի մայիսի 31-ը, 1993-ին Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած «Большой энциклопедический словарь»-ը՝ դարձյալ 1892-ը (այստեղ ամսաթվերը չեն նշվում): Հայերեն Վիքիպեդիան կամ/կամ տարբերակով բերում է երկու տարեթիվ՝ 1891-ի մայիսի 19-ը և 1892-ի մայիսի 31-ը, ընդ որում՝ վերջինս հղում ունի Internet Movie Database (IMDb) նշանավոր կինոկայքին: Ռուսերեն Վիքիպեդիայում նույն վիճակն է: Անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, թուրքերեն Վիքիպեդիայում նշված է 1891-ի մայիսի 19-ը, իտալերեն, լեհերեն Վիքիպեդիայում՝ 1892-ի մայիսի 31-ը և այլն:

Ի վերջո ե՞րբ է ծնվել ոչ այնքան վաղուց՝ 20-րդ դարում գործած և ընդամենը 1965-ին մահկանացուն կնքած Համո Բեկնազարյանը՝ բացառիկ մի մարդ, մեր տեսողական մշակույթի հսկաներից մեկը, որին վիճակված էր ըմբիշից, ապա և ռուսական համր կինոյի աստղից դառնալու ազգային կինեմատագրաֆի հիմնադիր հայրը: Դիմենք հենց իրեն՝ Բեկնազարյանին. նրանից լավ ոչ ոք չի վկայի իր մասին: Ոչ, խոսքը ոգեհարցության մասին չէ: 1965-ին Մոսկվայում հրատարակած իր «Записки актера и кинорежиссера» ինքնակենսագրական գրքում, որը երեք տարի անց թարգմանաբար լույս է տեսել Երևանում «Հուշեր դերասանի և կինոռեժիսյորի» վերնագրով, վարպետը սևով սպիտակի վրա գրել է. «Տունը, որտեղ լույս աշխարհ եկա ես (դա տեղի ունեցավ հին տոմարով 1891 թվականի մայիսի 19-ին), որտեղ ծնվեցին իմ եղբայրներն ու քույրերը, գտնվում էր Հրազդանի կիրճի եզրին» (էջ 26):

Ուրեմն Համո Բեկնազարյանը ծնվել է նոր տոմարով 1891-ի մայիսի 31-ին, սա էլ նշանակում է, որ 2021-ի մայիսի 31-ին լրանում է, թող վերամբարձ չհնչի, մեր կինոյի Զևսի կամ արարչի ծննդյան 130-րդ տարին՝ հոբելյան, որը, իհարկե, կարող էր և նշվել ինչ-որ կերպ: Բայց ինչի՞ մասին է խոսքը, եթե մենք նույնիսկ նեղություն չենք տվել մեզ գեթ նրա գիրքը թերթելու, դե, էլ ուրիշներից ի՞նչ ակնկալենք:

Զավեն Բոյաջյան