Համո Բկնազարյանի հուշերից․․․

«Պեպո» կինոնկարի բեմականացման հետ կապված, ֆաբրիկայի ողջ կոլեկտիվի առջև, որ ղեկավարում էր Դ. Մ. Դզնունին, և նկարահանող խմբի առջև, իմ գլխավորությամբ, իբրև ռեժիսորի, դժվար խնդիր էր դրված, որը լուծելու համար պահանջվում էր ինչպես բարոյական, այնպես էլ նյութական ուժերի մեծ լարում: Առաջին դժվարությունը սեփական հնչյունային բազայի բացակայությունն էր: Հարկ եղավ խցկվել ուրիշ ֆաբրիկաների պլանների մեջ, հարմարվել ժամանակի նրանց բաժանմանը, ուստի և աշխատել կրկնապատկված ու եռապատկված եռանդով, երկու հերթափոխով, իսկ տեխնիկական խմբում՝ էլ  ավելի շատ:

Իմ հիվանդությունը (սուր ռադիկուլիտ) սպառնում էր տապալել կինոնկարի արտադրությունը: Բնական պայմաններում նկարահանումների բաշխման ճշգրիտ պլան, թատրոնի դերասանների հետ կապը թույլ չէին տալիս ընդհատել աշխատանքը, թեկուզ նվազագույն ժամկետով, որ անհրաժեշտ էր իմ ապաքինման համար:

Հաշվի առնելով վիճակի անելանելիությունը, ես համառորեն պնդեցի աշխատանքն արագորեն ծավալել, քանի որ մեծ հույսեր ունեի, ավելի ճիշտ վստահ էի իմ խմբի ուժերի վրա: Կազմը շատ կուռ էր: Մոսկվայից հրավիրված էին օպերատոր Դ. Մ. Ֆելդմանը (որ նոր էր փայլուն կերպով ավարտել «Պետերբուրգյան գիշերներ» կինոնկարը), հնչյունային ռեժիսոր Բլոկը, հնչյունային օպերատոր Պիսարևը: Հայաստանի թատրոնից աշխատում էի համառեժիսոր Ա. Գուլակյանի հետ, որը լավ գիտեր հին Թիֆլիսը, քանի որ այնտեղ էր ապրել դեռ մանուկ հասակից և բեմականացման ընթացքում, հատկապես Կեկելի նշանադրության տեսարանում, և առհասարակ այն տեսարաններում, որտեղ կինտոներն են, մտցրեց անչափ շատ վառ հատկանշական գծեր հին քաղաքի և կինտոների կյանքից: Ընդ որում, ինքն անձամբ աննման խաղաց Կակուլիի ընկերոջ՝ կենսուրախ կինտոյի դերը:

Իմ խմբում ներգրավվեցին Կինոյի ինստիտուտի շրջանավարտներ: Երիտասարդ, տաք գլուխներ: «Պեպոն» ամբողջովին նկարահանված է սինխրոն: Հետագա հնչյունավորում կատարվել է միայն նախերգանքում:

Մենք հանգեցինք այն եզրակացության, որ սինխրոն՝ համաժամանակյա նկարահանումները հնչյունային ֆիլմի վրա աշխատանքի լավագույն եղանակն է: Նախ, այդ դեպքում չկա ձայնի այն կտրվածությունը, որ ստացվում է լիաձայն հնչեցնելիս՝ տոնիրովկայի ժամանակ, և երկրորդ, պահպանվում է դերասանի հուզականությունը/զգացմունքայնությունը, ինչը չի կարող լինել տոնիրովկայի ժամանակ, երբ դերաանը հարկադրված է հետևելու իր արտաբերությանը, և վերջապես, մոնտաժի ժամանակ բազմապատիկ թեթևանում և արագանում է աշխատանքը:

Դժվարությունները, որ ծառանում էին մեր առջև հիմնական մեծ տեսարաններում, մեզ չէին վախեցնում: Առաջին՝ «Եկեղեցի» նկարահանումը անցկացվեց Երևանում: Հսկայական տաղավարը, որ հարմարեցված չէր հնչյունային նկարահանումների համար, տվյալ դեպքում դրական դեր խաղաց: Հնչյունային ռեժիսոր Բլոկի և հնչյունային օպերատոր Պիսարևի հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Նրանք հասան փայլուն էֆեկտի, ճշգրիտ հաշվի առնելով ռեվերբերացիան:

Ձայնի մեջ փոխանցված է հինավուրց եկեղեցու վիթխարի քարե կամարների տպավորությունը: Այնպիսի հնչյունային նկարահանումներ, ինչպիսին են փսփսացող բամբասանքը եկեղեցական երգեցողության ֆոնի վրա, խոսակցությունները շուկայի աղմուկի ֆոնին, կամ խոսակցությունը պարահանդեսի ժամանակ փողային նվագախմբի նվագակցության տակ, բազում դժվարություններ էին ներկայացնում: Միայն հաշվարկի առավելագույն ճշգրտության դեպքում (որ երաժշտական դարձվածքի կամ դադարի ժամանակ դերասանին խոսքը տալ, երբ ետ քաշել ֆոնը և երբ այն մոտեցնել) մենք կարող էինք հասնել ցանկալի արդյունքների: Նկարահանում էինք Տագեֆոնի համակարգով:

Շուկայի տեսարանը մենք անցկացրեցինք Երևանում բնական պայմաններում: Քաղաքից դուրս, գետի մոտ շարեցինք հին Թիֆլիսը պատկերող դեկորացիաները, իրեն բնորոշ պատշգամբներով, դուքաններով ու կրպակներով, իր վարսավիրանոցներով և դրանց ցուցանակներին և դռների ապակիների վրա ապշեցուցիչ, անմոռանալի գրություններով, ինչպես օրինակ՝ «Стрич и брич» («Կտրիչ և սափրիչ»), «Мою перчатки» («Լվում եմ ձեռնոցներ»), «Пускаем кров пиявком» («Արյուն ենք բաց թողնում տզրուկով») և այլն:

Ամբողջ իմ խումբը (իհարկե եկվորները) ապրում էին Երևանի «Նացիոնալ» հարմարավետ հյուրանոցում: Այնտեղ էի ապրում և ես: Միշտ այդ նույն հյուրանոցում էր իջևանում այն ժամանակ դեռ շատ երիտասարդ, ընդամենը սկսնակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որ Երևան էր գալիս համաձայնեցնելու համար երաժշտական ձևավորման հարցերը:

Քանի որ ես հիվանդ էի և հնարավոր ողջ ժամանակը անցկացնում էի անկողնում, իմ ամբողջ խումբը հավաքվում էր իմ համարում: Արամ Խաչատրյանը հենց այդ ժամանակ (ինձ մոտ դաշնամուր կար) հանպատրաստից ստեղծագործում էր: Մի մեղեդին միահյուսվում էր մյուսին… և իր շողշողուն ու խոր աչքերում կայծկլտում էր ներքին աշխատանքի միտքը… նա ասես երիտասարդ մատղաշ կաղնի լիներ, որի մեջ արդեն այն ժամանակ կարելի էր գուշակել իր ապագա հզոր հասակի ամրությունն ու գեղեցկությունը:

Բոլորը սսկվում էին և հանգիստ նստում, մեծ լուսամփոփների թուլացրած լույսի մեջ… Լսում էինք… Իսկ Արամը նվագում էր… Այդպես ծնվեց «պադեսպանը» Դարչոյի՝ Կեկելի փեսացուի համար:

Կեկելի նշանադրության տեսարանը և էլի մի քանի ոչ մեծ տեսարաններ մենք նկարահանեցինք Մոսկվայում Լիխովոյ նրբանցքում, Մեժռաբպոմռուսում (այսպես էր այն ժամանակ կոչվում ֆաբրիկան) և այնտեղ էլ նկարահանեցինք պարահանդեսը Զիմզիմովի մոտ, իսկ Քուռի տեսարանները, հին քաղաքը՝ Հավլաբարը, կինտոների երթը դեպի Մետեխի բանտ՝ բնական պայմաններում՝ Թբիլիսիում:

Նկարահանումները Թբիլիսիում համընկան այն պահին, երբ Հավլաբարի (քաղաքի հին մասի անվանումն է) տեղական կոլորիտը սկսել էր արագ և անշեղորեն անհետանալ: Թվում էր, այդ հին, գույներով և կերպարներով պայծառ կոլորիտը, արագորեն հավաքվում է, մի ինչ-որ կենդանի բանի պես, և հեռանում: Հեռանում է առանց կանգ առնելու, ինչպես ջուրն է հոսում ճաքած ամանից:

Հարկավոր էր շտապել, ներթափանցել և զգալ այդ կոլորիտը, ամեն բանի ուշք դարձնել, ամեն բան հիշել, ճշմարտացի պատկերելու համար ժապավենի վրա Սունդուկյանի ժամանակների կյանքը, որ այժմ վերջնականորեն անցյալ է դառնում: Ես սկսեցի քայլել հին քաղաքում, Մայդանում, Հայկական բազարում, Արծաթի կրպակաշարքերով և նկատում էի, թե ինչպես է ամեն օր ինչ-որ բան անհետանում:

Այնտեղ, որտեղ երեկ մանուֆակտուրայի, մրգերի բնորոշ ու հատկանշական խանութներ էին, կոշկակար-մաշկակարներ, այնտեղ, որտեղ ծվարել էին կրպակ-արհետանոցները (Արծաթե կրպակաշարքերում), որտեղ ստեղծվում էին հրաշալի իրեր, ժանյականման, արծաթի նուրբ թելերից, և իրեր սևանախշ արծաթից,- իսկ այդ կրպակների միջև «մութ դարբնոցները», և սրճարանները, չայխանաները՝ թեյարանները, և խորովածանոցները, և այդ բոլորը դես ու դեն էր վազվզում, շարժվում ու գոռում: Արդեն այսօր այնտեղ համր լռություն էր և ինձ էին նայում սոսկ պինդ մեխած պատուհանների և դռների կույր փեղկերը: Միայն նրանց տակ բացված երևում էին իրենց ուղղաձիգ և մթին զառիվայրով՝ գինու նկուղները, որոնց խորքում նստարաններին տնկված էին կախեթյան գինով լցված տիկերը՝ եզան կաշուց, չռված տոտիկներով: Հինը հեռանում էր, տեղը զիջելով նորին, որ եկել էր փոխարինելու նրան:

Ներծծելով ողջ հինը, ողջ այն նյութը, որ հարկավոր էր ինձ աշխատանքի համար, ես նախանձախնդրորեն ուշադրություն էի դարձնում ամեն բանի, ջանալով բաց չթողնել ոչ մի մանրամասն:

Նկատեցի, որ արդեն չեմ հանդիպում այն վաճառական կինտոներին, իմ ապագա «Պեպո» կինոնկարի հերոսներին՝ Կակուլիին, Վանոյին, որոնք (դեռ իմ Պետկինոյում՝ Գոսկինպրոմում եղած ժամանակ), հիշում եմ, առավոտները չէին թողնում քնել արդեն ժամը 4-5-ից: Բարձր, իրենց ձայնի ամբողջ ուժով, իմ բաց պատուհանների տակ, կինտոներն ազդարարում էին իշուկին բարձած երկկողմ զամբյուղների (գոդորիների) կամ խուրջինների իրենց ապրանքները, մրգերը, մածունը, կանաչեղենը: Իշուկը հնազանդ գնում էր, գլուխը կախ գցած և դժվարությամբ ծալելով ծանրության տակ իր բարալիկ ոտիկները, իսկ կինտոն, դեռ չարթնացած քաղաքի լռության մեջ, ամբողջովին կարմրած ճիգ գործադրելուց, հուսակտուր, գրեթե հեծկլտալով, կատաղաբար գոռում էր, դիմելով լուռ քայլող իշուկին.

«Не кричи-и-т, барин спи-и-т,

Ябуло-о-ки, ябуло-о-ки!»

Հիշում եմ նաև. հաճախակի էին ինձ հանդիպում քեֆ անող կինտոներով ֆայտոնները: Պատահում էր սլանում էին երկու ֆայտոններ՝ մեկը մյուսի ետևից: Առաջինում նստած է, միայնակ նստատեղին փռկված, մի Կակուլի կամ Վանո և ամբողջ կոկորդով ուրախ երգում է, իսկ նրա ետևից գնացող մյուս ֆայտոնում՝ սոսկ իր կարտուզը՝ հովարով գլխարկը, նստատեղի վրա: Եվ քաջաբար սլանում են երկու ֆայտոնները իրար ետևից, իսկ կառապանները մերթ ընդ մերթ բղավում են՝ «Խաբարդա, խաբարդա» (մի կողմ քաշվեք):

Կինտոների հագուստ-կապուստը անչափ յուրատեսակ էր, բոլորովին տարբեր բոլոր մյուսներից, ես կասեի՝ շատ գեղեցիկ իրենց ուրվապատկերով և գծերով: Անսահման լայն շալվար, կոճերի մոտ կապված: Փափուկ կաշվից, շատ սուր, երկար, վեր թեքված քթերով բարձր կոշիկներ շալվարի վրայից: Մինչև գոտկատեղը պիրկ ձգված, հմտորեն հարմարեցրած չեքմեն (չուխա)՝ օձիքի մոտ ծալվածքներով և դարս-դարս նեղ (2 ափի լայնությամբ) բոլորածալերով, կցակարված չեքմենի (չուխայի) գոտկատեղին: Վրայից՝ արծաթե գոտի՝ մեծ, չափից դուրս առաջ ցցված, ճարմանդով և պարտադիր գոտու մեջ խրած վառ, գունագեղ, բավականին մեծ, մետաքսե թաշկինակ: Այդ թաշկինակները վաճառականները անցած-գնացած ժամանակներում հատուկ պատվիրում էին միայն Թուրքիայից:

Ի դեպ ասած, երբ մեզ պետք եկան այդ թաշկինակները կինոնկարի մեր հերոսների համար, մեր տնտեսավարները դրանք շատ փնտրեցին և չկարողացան գտնել: Եվ միանգամայն պատահականորեն, սինագոգի մոտ ծերունիների հետ զրուցելիս, խմբից ինչ-որ մեկը հարցրեց թաշկինակների մասին: Մեզ ցույց տվեցին մեկին, հենց այնտեղ նստած մի հրեա ալևորի, մինչև գոտին երկարող սպիտակ մորուքով…

Հետո նա մեզ տարավ իր մոտ՝ Հավլաբարում գտնվող իր պստլիկ սենյակը և երկու ժամ դժվարությամբ դուրս էր հանում այդ թաշկինակները (դեռ թուրքական ապրանքապիտակով) հսկայական երկաթակուռ սնդուկից: Որքա՜ն երկար էր նա դրանք պահել…

Առավոտից իրիկուն մենք թափառում էինք Թիֆլիսում, որոնելով բնական միջավայր, նատուրա: Պետքական և հարմար փողոցներ ու նրբանցքներ, տնակներ, պտուտակաձև սանդուղքներ (անպատճառ փայտյա), փնտրում-գտնում էինք ու արձանագրում հարմար տիպաժը: Այդպիսի մի օր մենք գնացինք շուկա, որտեղ, ինչպես մեզ ասել էին, դեռևս մնացել էին առևտրական-կինտոներ:

Հրաշալի են Թիֆլիսի շուկաները:

Մրգերի ու բանջարեղենի առատություն: Հյուսածո տափակացրած բարձր զամբյուղներում (գոդարի), տախտակե հարթ սկահների, տեփուրների և պարզապես սեղանների վրա՝ սաթե տանձերի, խաղողի՝ կանաչ, կարմիր, սև՝ բոլոր երանգների, դեղձերի, սերկևիլի կույտեր, իսկ գետնի վրա սև փայլուն սմբուկի, ձմերուկի, լոլիկի և տարատեսակ ուրիշ բանջարեղենի ու կանաչեղենի ամբողջական դեզեր: Եվ ահա այստեղ շուկայում ես, վերջապես, հանդիպեցի կինտո առևտրականների, ոմանք նույնիսկ դեռևս իրենց յուրօրինակ հագուստ-կապուստով:

Վաճառողների բղավոցներ, ավանակի զռռոց, զուռնայի, դուդուկի թախծոտ ձայն, բացականչություններ ու խոսակցություններ՝ այս ամբողջը միախառնվում էր մի ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ, որ այնքան բնորոշ է բոլոր արևելյան շուկաներին: Այստեղ ես երկար կանգ էի առնում վաճառողների ու գնորդների մոտ, ականջ դնում, անգամ երկար զրուցում վաճառող կինտոների հետ: Եվ իրոք, նրանց հնարամտությունը անսահման էր, իսկ սրամիտ խոսքերով ու զվարճասություններով նրանք ասես խաղ էին անում, ճիշտ ինչպես փոքր գնդիկներով:

Եվ այդ ժամանակ հիշեցի, որ ինչ-որ տեղ կարդացել եմ (որտեղ՝ չեմ կարողանում հիշել) կինտոների այդ կաստայի ծագման մասին: Այդ կաստան սկիզբ է առնում շատ հին ժամանակներից: Որքան որ հիշում եմ, մի քանի դար առաջ, վրաց թագավորների օրոք կազմվել են այսպես կոչված «Կարա-Չոխելի» (այսինքն սև չերքեզկաների) մարդկանց խմբեր: Նրանք միշտ գտնվել են արքային կողքին: Ուղեկցել են նրան և որսի գնալիս, և տոնակատարություններին, և բաղնիքում, որոնք այդ ժամանակներում ծառայում էին որպես մի տեսակ ակումբներ, և այնտեղ էին մնում շատ երկար: «Կարա-Չոխելիները» չէին թողնում, որ ձանձրանա արքան: Նրանք զվարճացնում էին արքային: Միշտ սրամիտ, հնարագետ և շատ ուրախ, նրանք զանազան բառախաղերով արքայի երեսին ասում էին, երբ անհրաժեշտ էր, իսկական ճշմարտությունը, որի մասին ուրիշ ոչ ոք չէր համարձակվի անգամ ծպտուն հանել, ուր մնաց թե արտահայտեր: Իսկ նկատի ունենալով արքային զվարճացնողների իրենց կարգավիճակը (թերևս մի տեսակ ռուսական թափառական զվարճախոսների և պալատական ծաղրածուների նման), դա նրանց հաջողվում էր:

Սակայն ժամանակը արագ է անցնում: Եթե կինտոները եղել էլ են «Կարա-Չոխելի», եթե ես չեմ սխալվում կինտոների կաստայի ծագումը որոշելիս, ապա անցած դարերը անշուշտ փոխել են նրանց: Բուրժուական դարաշրջանի գրականության մեջ կինտոն միշտ պատկերվել է որպես անփույթ, անհոգ ծաղրաբան, ամեն տեսակ անեկդոտների-պատմությունների դատարկաշրջիկ հերոս:

Իսկ սունդուկյանական հերոսները, մեր Պեպոն, Կակուլին, Վանոն, Կոլաուն, նրանք կիսապրոլետարներ են, աղքատ արհեստավոր, մանրավաճառ: Մի բան է պահպանվել նրանց մեջ և անցել դարերի միջով՝ դա իրենց սրամտությունն է, լավատեսությունն ու բարեսրտությունը:

(շարունակելի)

Աղբյուրը՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...