Պարապ զրույց հիշեցնող մշակութային բանավեճերում այսօր էլ հանդիպում են կորուսյալ իդեալների ողբասացներ, որոնց իրական նպատակը սեփական ինտելեկտի և բառամթերքի ցուցադրումն է: Ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կապն ըստ էության մանրամասնելու փոխարեն, նրանք նախընտրում են իբսենյան դիրքերից հասկացնել, որ իրենց գործը միայն ծառացած հարցերի բարձրաձայնումն է, այլ ոչ թե դրանց պատասխաններն իմանալը, առավել ևս` քչփորելը: Եվ խնդրո առարկան մակերեսայնորեն ներկայացնելով` վերջիններս մոռանում են, որ ճշմարտության կեսն ասելը ստելուց ոչնչով չի տարբերվում: Փաստորեն, «պակաս կամ ավել բան չասեմ»-ի մտատանջությունից եկող անբարեխիղճ մեկնությունը կրկին առկախ վիճակում է թողնում հարցի լուծումը:

Նմանօրինակ ինքնախաբեությամբ ստվերված հարցերի հարցը կարելի է համարել կինոյին սպառնացող համամարդկայինի ճգնաժամը: Այո՞, ցավալի է, բայց այլևս փաստ, որ այսօր մեզ հրամցվող ֆիլմերի ճնշող մեծամասնությունը զուրկ են ներքին հմայքից: Ինքնին հետևյալ հարցն է ծագում. ինչու՞: Պատասխանի բնականոն հաջորդականությունն ապահովելու համար հարկ է վերլուծական խարիսխը սյուժեի սկզբնաղբյուրում` դրամատուրգիական շերտում գցել: Երբ ստեղծագործությունը օժտված չէ ներքին գրավչությամբ, նշանակում է` այն ուշադրություն հրավիրող անհրաժեշտ հոգևոր լիցք չունի. խեղված է հոգեկան լարումը, որի առաջացման նախապայմանը կոնֆլիկտն է: Դա էլ իր հերթին, ըստ գրականագիտական դասագրքային ճշմարտության` կենսական հակասությունների գեղարվեստական վերարտադրությունն է` հեղինակի գեղագիտական իդեալի դիրքերից: Ասել կուզի, հերոսի ու հակահերոսի և նրանց վեհության ու ճղճիմության միջև ընկած պայքարը: Իսկ վեհը արժանի ուժով արտացոլելու համար, գրականության տեսության հավաստմամբ, գրողից պահանջվում է գեղարվեստական միջոցների հատուկ թափ ու սրություն, և գեղագիտական այս կատեգորիան հասարակական կյանքում մեծ մասամբ կապվում է արարքների և բնավորության հերոսականության հետ: Ու այն արվեստի բոլոր տեսակների համար բացառիկ կարևորություն է ներկայացնում:

Բայց արի ու տես, որ ներկայիս ֆիլմերում առկա հանգույցները առանձնապես չեն փայլում ներքին հավատընծայությամբ, և բախումը կայանում է զուտ արտաքին մակարդակում: Համահեղինակները` լինի դրամատուրգը, ռեժիսորը, թե` դերասանը, չեն կարողանում գտնել կյանքի ներքին կռվի ամբողջական-ճշմարտացի արտացոլման բանալին, ինչի պատճառը, մեր մեղավոր կարծիքով, թաղված է դրամատուրգիայի նախասկզբում` ստեղծագործական խմբի ապրած հասարակարգում: Ճշմարտության մեջ ճշմարտությու՞ն ենք որոնում: Ամենևի՞ն: Չէ՞ որ, թեկուզ անուղղակիորեն, սակայն հենց դրա ազդեցությունն է կրում գրողի աշխարհահայացքը, որը կազմում է ստեղծագործության գաղափարական հիմքը, պայմանավորում նրա բնույթն ու առանձնահատկությունները: Ուստի խնդիրը պետք է ստեղծագործական հոգեբանության լույսով դիտարկել, որպեսզի ճշտորոշությունը չմոլորվի հարակից այլևայլությունների մշուշում:

Դե ուրեմն եկեք, իրերն ու երևույթները կոչենք իրենց անուններով: Անաչառ հայացք նետելով ներկայումս տիրող հասարակարգի վրա` պարզից էլ պարզ է դառնում, որ մեզանում գուցե և ոչ ուղղակիրոեն, ակնհայտ գերիշխող է հարմարվողականությունը: Մարդն ակամայից տրվում է վախի հոսանքին, մտքի ծայրով անգամ չանցկացնելով` կարելի է սեփական կարծիքն ունենալ, նույնիսկ` հակադարձել: Միայն թե գրաված դիրքն անհողդողդ մնա: Տանիքային մտածելակերպն էլ արվեստագետին վերածում է չինովնիկի համար իր լեզուն ուղեգորգ դարձնող ինքնավաճառի, ում կարգախոսը հետևյալն է. կորչե՞ն վեհության համամասնություններ հպարտությունն ու սկզբունքայնությունը, եթե դրամապանակիս «բովանդակությունն» է վտանգված: Հետևաբար ընդհատակյա կիսաստրուկային մթնոլորտում ձևավորվող հոգեկերտվածքին խորթ կլինեն հերոսականն ընդգծող կամք, համարձակություն, և արադարատենչություն հատկանիշները: Նա պարզապես չի հասկանա, թե ինչպե՞ս կարելի է այդպիսին լինել: Նույնիսկ ինքնագոհ կժպտա նրանց հասցեին` վերջիններիս հիմար համարելով:

Բնականբար, օրինաչափ է, որ նման դատողության տեր մարդականց բանականությանը հասու չեն վերոնշյալ հատկություները, քանզի տվյալ զգացողությունը անձամբ չի ապրել ու օրգանապես գիտակցել: Պատկերավոր ասած` բոլորս էլ գիտենք, թե ժողովրդական խոսքը հանրահռչակ կենդանու և նուշի միջև ինչպիսի հարաբերություններ է սահմանում: Մանավանդ, որ գրականագիտական մեկ այլ սահմանմամբ` կյանքի ճշմարտացի արտացոլումը կախված է նաև հեղինակի գաղափարական դիրքորոշումից: Ի վերջո Ստանիսլավսկին այդքան էլ միամիտ մարդ չէր` կարծում էր, թե հասկանալն ու զգալը նույնական են: Ահա թե ինչու կոմֆորմիզմի ներկայացուցիչների ստեղծագործական մեկնությունը բերում է թքած-կպցրած զգացմունքներ և դրանց քաղքենական հարաբերություններից գոյացող շինծու կոնֆլիկտայնություն: Նշանակում է բոլոր ժամանակների համար է Դիդրոյի այն պնդումը, որ հեղինակ կամ քննադատ դառնալու համար առաջին հերթին պետք է լավ մարդ լինել:

Սա սոսկ կինեգործունեության խնդիր չէ. թատրոնում էլ պատահում են այնպիսիք, ովքեր, Օզրիկի կյանքով ապրելով, տենչում և հաջողում են Համլետ խաղալ: Ենթադրելի է` ցանկանում են գոնե բեմում մարդաբարո կյանքով ապրել: Երևի գործ ունենք մեղքերի թողության մասնագիտական մի ուրույն տարատեսակի հետ: ԵՎ ի՞նչ… լավագույն դեպքում վերարտադրվում է «ծակ փիլիսոփա», իսկ վատագույն տարբերակում` հանճարեղ Շեքսպիրի «խմբակային բռնաբարում»: Ստացվում է` բարոյահոգեբանական այլասերված համակարգը ճահճացրել է արվեստը, որում օրըստօրե վերանում է ՄԱՐԴԸ` հերոսականի անփոխարինելի հասցեատերը: Թե հանկարծ մեկն էլ հոգեկան ամայություն սերմանող նախրամտության դեմ ընդվզելու արկածախնդրություն ունենա, իսկույն բնագավառի լուսանցքից դուրս կգցեն: Եվ նա անցանկալիների տխրահռչակ ցուցակը կհարստացնի` ստեղծագործական մենության հետ մնալով միայնակ:

Այդպես արվեստագետը, իր կամքից անկախ, հայտնվում է ինքնամփոփ կացութաձևում, որն անշուշտ այլ հոռի երևույթ է բխեցնում: Տևական անտեսվածությունը նրան տանում է դեպի չգնահատված լինելու փակուղին, որտեղից դուրս գալու միակ ելքը ինքնարժևորման բարդույթի արահետն է: Կինոգործիչն, աստիճանաբար մղվում է չարդարացված ինքնակենտրոնության` համամարդկայինի նախադրյալներն իր եսի մեջ փնտրելու մտահայեցական մենակեցության: Ընդ որում` սեփական անհրապույր կենսափորձը կինոլեզվով փիլիսոփայելու միտումը հատկապես հեղինակային կինոհակում ունեցողներին է բնորոշ, այն դեպքում, երբ ընդհանրական մտածողությանը հարող քմահաճ հեղինակային կինոն պահանջում է առավել քան լայն աշխարհայացք, այլ ո՞չ թե էգոյով ծայրահեղորեն խտացված բովանդակայնություն, իր պարզությամբ աներևակայելի հարուստ աշխարհազգացողություն, ո՞չ թե գերպայմանականության մրցույթի բարդախոսություն: Ավելի պարզ` նվազագույնը տաղանդավորի խառնվածքին հատուկ ինքնատիպ, բայց և օբյեկտիվության առջև չմեղանչող կենսաճանաչողություն: Այլապես կմիանաս սուբյեկտիվիզմի խուցը մտած ռեժիսորների բանակին, որում ստեղծագործական միտքը գեղարվեստական կշռից զուրկ ինքնանպատակ գեղագիտություն է ծնում: Էսթետիկական լարախաղացությամբ արտատիեզերական ճշմարտության ժանրի սիմվոլներ ու մետամորֆոզներ կտարուբերեն, որոնց նշանակությունը միայն իրենք կհասկանան, այն էլ` աստվածային ներշնչման պարտադիր պայմանով: Այսինքն` իրականության մեջ ինչ որ մի այլ` անհասկանալի տրամաբանություն կորոնեն` ներքին նպատակների անորոշությամբ էսթետիզմի դռները թակելով: Հետո էլ չեն մոռանա զարմանալ ու զայրանալ, թե իրենց գլուխգործոցը ինչու՞ չի բռնում հավերժության ճամփան, և մեղավորի որոնման գործին կլծվեն: Թեև, մեղավորությունը, ինչպես տեսնում ենք, միակողմանի չէ:

Այնպես որ, պատկան մարմինները պետք է հետևության գան և օրավուր բորբոքվող արվեստի խոցերին արդյունավետ բուժում նշանակելու համար մշակութային կամք ցուցաբերեն: Մանրամասնենք: Հետայսու խաչ քաշեն խաղի կանոններ ասվածի վրա, որովհետև արվեստը ոչ թե հովանավորին հավատարիմ սուսիկ-փուսիկ համհարզներին է ընդունում, այլ բնատուր համարձակախոսներին: Առհավետ հրաժարվեն նաև մշակութային գործընթացներում ծառայամտության ճոթը բռնած միջակություններին ներգրավելու հակամշակութային ավանդույթից` դաշտը տրամադրելով իրապես շնորհալի գործիչներին: Եվ, թերևս, ամենակարևորը. վերջապես դադարեն արվեստագետներին քաղաքականացնելով կործանարար մուտացիայի ենթարկել վերջիններիս ստեղծագործական միտքը:

Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, և արվեստը մեղք չունի` որոշ քաղաքական ուժեր կադրային պաշարի անբավարարությամբ են տառապում: Ոմանք, իրենց խնդիրը մշակույթի վզին փաթաթելով, ոչ միայն անօգուտ ջանքեր են ներդնում, այլև հավասարապես հեղինակազրկում երկու դաշտերն էլ: Առաջարկությունները անհնարին, միգուցե նաև ռոմանտիկ-երազական թվան, սակայն այսպես շարունակելու դեպքում, ինչպես կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է ասում, մոտալուտ ապագայում մենք ոչ թե վիրաբույժի, այլ դիահերձողի կարիք կունենանք: Մնում է կողմնորոշվել` մեզ համար ո՞րն է գերադասելի. մեր իսկ անտարբերությամբ հյուսած արժեհամակարգային սգո պսակը, թե՞ մտավորականին վայել ազատամտության դափնիները: Բարդ ու հարագո խնդիր է…

(«Կինոաշխարհ» (թերթ), 2012 թ․ապրիլ)։

ԹԱՏԵՐԱԳԵՏ Տիգրան Մարտիրոսյան


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...