Պատմական հագուստների հետազոտողի և մոդելավորողի բացահայտումները։

Պատմական հագուստների հետազոտող և մոդելավորող, ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը  արդեն  մի քանի տարի է նվիրվել է  հեռուստասերիալների ժամանակաշրջանի, ճարտարապետության և հագուստների ուսումնասիրությանը՝ վերարտադրմանն ու վերակազմությանը։ Նախկինում, Հայաստանում համանման ուսումնասիրություն չի կատարվել։  Սակայն, երիտասարդ գիտնականը դեռևս  չի սկսել համագործակցել ֆիլմարտադրողների հետ։ Հայկական պատմական սերիալներից ամենահայտնին, թերևս, «Հին արքաներն» է։  Ռուբենն ասում է, որ ապագայում նմանատիպ հեռուստասերիալների և ֆիլմերի նկարահանման ժամանակ, մեծ ոգևորությամբ իր ներդրումը կունենա՝  կուտակած ողջ գիտական բազայով։

Ճարտարապետ-վերակազմողի մասնագիտությունը սերտորեն առնչվում է պատմական ստույգ ժամանակաշրջանների հետ․ ճարտարապետությունը և մշակույթը, արվեստն ու առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո հավաքագրված ամբողջական նյութի հիման վրա ստանում են եռաչափ (3D) վերակազմություններ։ Աշխատանքը կատարվում է հավաքագրելով ողջ տեղեկույթը վերակազմվող հուշարձանի մասին, ինչպիսիք են հնագիտական պեղումների արդյունքները, չափագրումները և այլն։

«Հայաստանում այս մասնագիտությունը հազվագյուտ է, ներկայումս հանրապետությունում կա երկու մասնագետ։ Ես զբաղվում եմ Ք․Ա․ X –ից մինչ Ք․Ա․ I-ին դարերի հուշարձանների վերակազմությամբ, իսկ Պ․Ֆրանկյանը՝ միջնադարյան հուշարձանների վերակազմությամբ»,- ասում է Ռուբենը։

– Ձեր ուսումնասիրությունները  ի՞նչ նոր բացահայտումներ են տվել։

– Ուսումնասիրությունը շատ բաներ է փոխել։ Ինչպես հագուստների կառուցվածքի  առումով, այնպես էլ գունապնակի։ Պատմական հնարավոր ճշգրտությամբ նկարված հեռուստասերիալներ շատ քիչ կան։ Դրանցից կարող եմ առանձնացնել հոլիվուդյան «Ալեքսանդրը» կամ  «Տրոյան», որը թեև հիմնված է առասպելի վրա, բայց փորձել են հնարավորինս ճշգրիտ ներկայացնել ժամանակաշրջանն իր ամբողջության մեջ (մշակույթ, կենցաղ, տնտեսություն, առևտուր և այլն)։ Նույն կերպ կարող եմ նշել արևելյան երկրներից հնդկական «Բաջիրայո Մաստանի» ֆիլմը, որի շրջանակներում նրանք ոչ միայն վերակազմել այլ վերակառուցել էին պատմական ժամանակաշրջանի պալատներից մեկը, որը կոչվում է «Հայելիների պալատ»։ Ինչպես գիտենք, ամենահաջողված պատմական կինոնկար կարող ենք համարել այն ֆիլմը, որի ռեկվիզիտները նկարահանումից հետո դառնում են թանգարանային նմուշներ՝ հաշվի առնելով դրանց ճշգրտությունը։ Նշածս ֆիլմերի հագուստներն այսօր դարձել են թանգարանային հետաքրքիր ցուցանմուշներ։

– Ի՞նչպես սկսեցիք ուսումնասիրել ֆիլմերը, սերիալները։ Զուտ հետաքրքրությո՞ւն էր, թե՞․․․

– Անշուշտ, հետաքրքրությունը։ Պատմությունը հետաքրքիր է դառնում, երբ այն կենդանի է, տեսանելի, որոշ դեպքերում շոշափելի։ Թանգարանների ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դառնում, երբ դրանք կենդանություն են առնում ֆիլմերի միջոցով։

– Ճարտարապետ-վերակազմողի մասնագիտությունը Հայաստանում տարածված չէ։ Ինչպե՞ս հայտնաբերեցիք այն ։

– Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Նախապես սովորել ՃՇՀԱՀ-ի «Դիզայն» բաժնում, ավարտել մագիստրատուրան՝ որպես «Գրաֆիկ դիզայներ»։ Սակայն, այդ ամենից զատ, ճանապարհս այլ  երես ունի։ Դեռևս փոքրուց սիրել եմ պատմությունը և պատմություն ասելով, այն ամենը, ինչ կկազմեր պատմական ժամանակաշրջանի միջավայրը․ ճարտարապետություն, արվեստ, հագուստ և այլն։ Մինչ վերջին զարգացումները, այդ ամենը զուտ հոբի էր։ Հետագայում, «դիզայնի» բաժինը ավարտելուց հետո ուսումս շարունակեցի ճարտարապետության գծով՝ դառնալով Պատմա-Ճարտարապետական հուշարձանների վերականգնման և վերակառուցման ամբիոնի ասպիրանտ։ Այդ օրվանից, այն ինչն ինձ համար  զուտ հետաքրքրություն էր դարձավ մասնագիտություն։

Ներկայումս, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում զբաղվում եմ Վանի թագավորության հնավայրերի վերակազմությամբ։ Իմ աշխատանքի ժամանակաշրջանը Ք.Ա X-ից մինչ Ք.Ա I-ին դարերի շրջանն է, որը ներառում է Վանի թագավորության, Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակաշրջանները։ Թանգարանի շրջանակներում վերակազմությունը առնչվում է Ուրարտական, իսկ դրանից դուրս ավելի ուշ դարերի ժառանգությանը։

Վերջին ամիսներին  վերակազմության է ենթարկվել պատմական Արտաշատ մայրաքաղաքը, որը տպագրության է ուղարկվել է Գերմանիա (ուսումնասիրությունը զետեղվելու է ճարտարապետության վերաբերող գրքում)։  Մինչ այդ արդեն այլ նյութեր և աշխատանքներ ևս տպագրվել են իտալական, անգլիական և ամերիկյան գիտական և գիտահանրամատչելի գրքերում և հանդեսներում։ Այս պահին ընթացքի մեջ են միաժամանակ Արմավիր, Հողմիկ և քիչ հայտնի Արշամեա հնավայրերի վերակազմությունները։ Հաշվի առնենք, որ նշված հնավայրերը նույն ժամանակաշրջանին են պատկանում, և դրանց համաժամանակյա ուսումնասիրությունն ու վերակազմությունը առավել դյուրին է դարձնում աշխատանքը։

-Լա՞վ վարձատրվող աշխատանք է։  

-Մասնագիտությունը համեմատաբար նոր է հայտնվել Հայաստանում։ Այն դեռևս հիմնավորվելու  ընթացքում է։ Գիտական աշխատանքով կամ բուն մասնագիտությամբ զբաղվելը մեզանում երբևէ չի փայլել բարձր վարձատրությամբ։ Թերևս այդպես է, յուրաքանչյուր նոր բանի ստեղծումը պահանջում է ուժ ու եռանդ, չհանձնվելու կարողություն։

-Աշխատանքում ինչո՞վ եք առաջնորդվում՝ գիտակա՞ն, թե՞ գեղարվեստական հիմնավորումով։

-Բոլոր աշխատանքները կատարվում են միայն գիտական հիմքի վրա։ Կիրառվում են առկա բոլոր նյութերը, իսկ բացակայող հատվածները լրացվում են պատմահամեմատական վերլուծության շնորհիվ։ Այդ իսկ պատճառով՝ բազում հնավայրեր պարզապես չեն ենթարկվում վերակազմության՝ բավարար նյութերի բացակայության պատճառով։ Նպատակը ոչ թե գեղեցիկ նկարներ, այլ գիտական աշխատանք ստանալն է։

-Հետաքրքիր է նաև ձեր մյուս աշխատանքը՝   «Պատմական հագուստների հետազոտող և մոդելավորող»։ Ի՞նչ  կպատմեք արքայական հագուկապի մասին։

-Ինչպես նշեցի, իմ գիտական ուսումնասիրությունը ոչ միայն ճարտարապետությունն է, այլ նաև պատմական միջավայրի վերակազմությունը։ Հագուստը ինքնին հանդիսանում է այդ նպատակի անբաժանելի մասը։ Ինչպես ճարտարապետությունը, այնպես և հագուստի վերակազմությունը ենթարկվում են խիստ ուսումնասիրման և վերլուծության։ Եվ հագուստի և ճարտարապետության վերակազմություններ կատարելը նպատակ ունի ոչ թե օգտվելու այն հանգամանքից, որ հասարակությունը չգիտի դրանց մասին և անել այն, ինչ մտքովդ անցնում է, այլ վերակազմությունը օգտագործել իբրև գործիք՝ կրթական ոլորտը առաջ տանելու, հասարակությանը ագիտացնելու համար։
Հագուստի վերակազմությունը թեև բնութագրվում է նույն «վերակազմություն» բառի ներքո, բայց լիովին այլ աշխատանք է իր բարդություններով։ Ի տարբերություն ճարտարապետոության, այն տեսողական չէ և իրական է։ Այսինքն, այստեղ գործ ենք  ունենում իրական նյութերի հետ։ Հագուստները, որոնցով այս պահին զբաղվում եմ, ներակայացնում են Ք.Ա I-ին դարի բարձրաշխարհիկ անձանց, ի թիվս որոնց արքան է իր արքունիքով։ Տվյալ ժամանակաշրջանը հետաքրքրական է նրանով, որ ի տարբերություն Վանի թագավորության, այս ժամանակաշրջանը ունի նոր գունապնակ և նոր նյութեր, որոնք հայտնագործվել են տվյալ ժամանակաշրջանում, հագուստը հարդարելու համար։ Հետևաբար այս շրջանի հագուստը առավել տպավորիչ է ինձ համար։

-Իսկ պատմական այլ ժամանակաշրջանում ապրելու ցանկություն առաջացե՞լ է երբևէ։

-Գուցե տարօրինակ է, բայց այլ ժամանակաշրջանում ապրել չէի ցանկանա։ Վերջիվերջո, վերակազմությունները թույլ են տալիս ապրել ոչ միայն մեկ, այլ մի քանի ժամանակաշրջանում միաժամանակ։ Իսկ նորարարական տեխնոլոգիաները, ի դեմս օրինակ VR ակնոցների, թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տվյալ ժամանակաշրջանի մեջ։

-Ինչ է վատ երազում տեսնում ճարտարապետ-վերակազմողը։ Ո՞րն է ձեր աշխատանքի ձախողումը։ Ինչի՞ց եք վախենում։

-Աշխատանքի ձախողումը կարող է լինել ժամանակը զուր վատնումը։ Ուսումնասիրությունները, որոնք կատարված կարող են լինել որևէ հնավայրի հետ կարող են ոչ բարեխիղճ արված լինել իրենց ժամանակին, ինչը կարող է հանգեցնել ոչ ճշգրիտ վերակազմությանը։ Վախը կայանում է սխալներ թույլ տալու հետ, քանի որ աշխատանքի ամենամեծ նպատակն է գիտական և գիտահանրամատչելի աշխատանքները հանրությանը ներկայացնելը։ Հորինավածքը այս պարագայում տեղ չի կարող ունենալ։

– Ամենաշատ ու ամենատարօրինակ հարցերը, որ Ձեզ տալիս են մասնագիտության հետ կապված։

-Հարցերը անշուշտ շատ են առաջանում մարդկանց մոտ, ինչը տրամաբանական է։ Շատ դժվար է տեսնել և ընկալել մի բան, որը մինչ այդ երբևիցե չի եղել։ Կրթական ոլորտում ամենը սահմանափակվում է միայն տեքստային բնութագրումներով, աղքատիկ նյութերով և խոսքերով։ Խոսվում է, օրինակ, Արտաշատ մայրաքաղաքի մասին, որը գեղեցիկ հորինվածք է ունեցել և այլն, սակայն ոչ մի պատկերագրություն չկա այն առավել ընկալելի և մատչելի դարձնելու համար։ Եվ, երբ մարդկանց տրամադրվում է ուսումնասիրման հիման վրա վերակազմված Արտաշատ մայրաքաղաքը, անմիջապես նոր հարցեր են առաջանում՝ ինչպիսին կարող էր լինել պատերի բարձրությունը կամ շարվածքի ձևը։ Այսինքն, վերակազմությունը մարդկանց իրականում տեղափոխում է հարցադրումների մի նոր մակարդակի, առավել մասնագիտացված հարցերի մակարդակի։ Բոլոր հնչեցված հարցերին միշտ ուրախ եմ պատասխանել, շատ դեպքերում տրամադրել նյութերը, ինչի հիման վրա հասել եմ վերջնարդյունքին։

– Հայաստանում ինչո՞ւ չկան ճարտարապետ վերակազմողներ, պատմական նյո՞ւթն է քիչ, թե այլ պատճառներ կան։

-Ճարտարապետ-վերակազմողների սակավությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս նորամուծություն լինելով, այլ նաև հաստիքի բացակայությամբ։ Նշեմ, որ ճարտարապետ-վերակազմողի հաստիքը հատուկ բացվել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն՝ Մ․ Բադալյանի շնորհիվ, որը կարևորել է վերջինիս առկայությունը ինչպես թանգարանի, այնպես էլ Հայաստանի համար։ Թանգարանում բացված այս հաստիքը դարձավ Հայաստանում թերևս երկրորդը այս մասնագետի առկայությամբ։ Այս մասնագիտությունը այնպիսի մասնագիտություն չէ, որի թափուր հաստիքը կարող եք գտնել աշխատանքներ տրամադրող կազմակերպությունների ցանկերում։
Ի դեմս ԳԱԱ ՀՃՈՒՀ-ի աշխատակից Պ․ Ֆրանկյանի, մասնագիտությունը կար Հայաստանում։ Սակայն պետք է նշեմ, որ նշածս ժամանակաշրջանի վերակազմության առումով զբաղվող մարդկանցից, ես դեռևս միակն եմ։

 

-Ի՞նչ կշահի պետությունը գիտական այս ճյուղի զարգացումից. կա՞ արդյոք ֆինանսավորման խնդիր։

-Ինչպես և յուրաքանչոյւր երկիր, Հայաստանը նույնպես ունի ոչ միայն ռազմական, կամ տնտեսական այլ նաև գիտական ոլորտի զարգացման խնդիրներ։ Առանց չափազանցության, վերակազմությունները ի զորու են հիմնովին փոխել կրթության ձևը և որակը, ներկայացնել ճարտարապետությունը և մշակույթը այնպես, ինչպես այն երբևէ չի ներկայացվել։ Դա կնպաստի հասարակության զարգացվածությանը։ Իմ ակնկալիքն է հասարակության պատկերացումը պատմական ժառանգության հանդեպ բարձրացնել լիովին նոր մակարդակի։ Վերակազմության նպատակը ոչ թե կասեցնելն է հարցադրումները, այլ հարթակ ստեղծելը նոր, առավել հետաքրքիր հարցադրումների։  Միակ ցանկությունս է, որ աշխատանքներս ծառայեն իրենց նպատակին։  Թերևս, դա է իմ միակ բաղձալի բարձունքը․ զգալ, որ նպաստում ես դրական փոփոխությունների զարգացմանը։


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...