Պատերազմի մասին զրույցի հրավերը միշտ ռիսկային է.  մի կողմից կա տագնապ, որ կցավեցնես զրուցակցիդ թարմ ապրումներով, մյուս կողմից վախն է, որ ժամանակի ընթացքում կմոռացվեն կարևոր սենտիմենտները, ու պատերազմն էլի կդառնա թիվ ու անուն, տարածություն, վիճակագրություն, հավաքական պատկերացում, որի մասին կգրեն պատմության դասագրքերում։

Պատերազմի մասին զրույցի հրավերը միշտ արվում է միայն մեկ անգամ՝ ցավի ու մոռացության միջև ընտրությունը թողնելով նրան, ով պատմում է մարդկանց մասին, որ ո՛չ թիվ են, ո՛չ վիճակագրություն։ Մարդկանց մասին, որ կարևոր են։ Դավիթը  համաձայնում է խոսել։

-Ծխել կարելի՞ է,- հարցնում է նա։

– Իհարկե,- ասում եմ ես՝ հավանաբար բոլորովին այլ տոնայնությամբ։

Ու երկար ու բարդ զրույցի ընթացքում նա ծխում է միայն մեկ գլանակ։

– Իրականում, խոսելու ենք պատերազմի մասին։ Այն մասին, որ այն քեզ ավելի է վերաբերում, քան մյուս լրագրողներին։ Բայց դրա համար պետք է սկսենք սկզբից։  Ինչպե՞ս հայտնվեցիր բանակում։

– 2011 թվականից՝ երրորդ կուրսից, աշխատում եմ որպես լրագրող։ Այդ ժամանակվանից գիտեի, որ ուզում եմ բանակ լուսաբանել։  Գուցե պատճառներից մեկն այն է, որ հայրս նախկին զինվորական է, կամ այն, որ պատմություն շատ եմ սիրել, կամ այն, որ հայրենասիրությունը մեր տանը շատ էր, որքան էլ դա հիմա անտեղին հնչի։ Քաղաքացիական լրագրող աշխատելուս տարիներին, այնպես էր ստացվում, որ բանակի հետ կապ ունեցող բոլոր թեմաները ես էի լուսաբանում՝ առաջնագիծ, նախարարի այցեր և այլն։ Իմ ուղիղ կապը բանակի հետ սկսվել է այդպես։ 2015 թվականին, երբ մագիստրատուրան ավարտեցի, երկու հնարավոր ընտրություն ունեի՝ գնալ ասպիրանտուրա, որի հնարավորությունն ունեի, կամ՝ գնալ բանակ։ Շատ զավեշտալի կլիներ, եթե որոշեի գնալ ասպիրանտուրա և շարունակեի գրել բանակի մասին, խոսել բանակի մասին և չլինեի բանակի ներսում։ Այդպես  զորակոչվեցի բանակ։ Ըստ ընթացակարգի՝ նախարարին նամակ գրեցի, որ ծառայությունս ավելի արդյունավետ կիրականացնեմ լրատվական բլոկում, այսինքն՝ «Զինուժ» ծրագրում։ Անցա ընտրության բոլոր փուլերը ու զորակոչվեցի։ Ծառայությունս անցկացրեցի «Զինուժ» հեռուստածրագրում։ Առավոտյան գնում էինք նկարահանումների, երեկոյան վերադառնում զորամաս։ Ի դեպ, այդ ընթացքում ինձ հասանելիք արձակուրդներից շատ քիչ եմ օգտվել:

-Համարում էիր, որ առանց այդ էլ արտոնյալ պայմաններում ես ծառայո՞ւմ։

– Այո, թեև ծառայությանս ընթացքում շաբաթվա կեսն անցկացնում էի առաջնագծում։ Երեք օր գտնվում էինք առաջնագծում՝ որևէ ուղղությամբ, նկարահանումներ անում, հաջորդ երկու օրերին՝ մոնտաժի ու վերջնական պատրաստման փուլն էր։ Շաբաթ-կիրակի օրերին զորամասի սովորական կենցաղով էի ապրում։

 Իսկ բանակը «ներսից» ու «դրսից» շա՞տ էր տարբեր։

– Այլ բան է, երբ դու խոսում ես կառույցի մասին՝ կողքից, բոլորովին այլ, երբ դա անում ես կառույցի մասը լինելով։ Որքան էլ մենք վարպետորեն լուսաբանենք ռազմական լրագրությունը կողքի աչքով, դա թույլ չի տալիս ամբողջությամբ ճանաչել զինված ուժերը։ Ես այսօր առնչվում եմ բոլոր ասպեկտների հետ։ Ընդհանուր առմամբ, բանակի մասին կարծիքս չի փոխվել։ Այն ժամանակ էլ, մինչև հիմա էլ, ես նույնչափ սիրում եմ բանակը, ու հաճույքով եմ անում գործս։

– Հիմա՞ էլ։  

– Հիմա էլ։ Հատկապես հիմա։ Գիտե՞ս՝ գուցե ասածս շատ ամպագոռգոռ հնչի, բայց բանակը մեր պետականության ամենալուսավոր ծնունդն է։ Իհարկե, այն կարելի է փոխել, վերանայել, վերակազմավորել, բայց նրան պետք է շատ սիրել և շատ զգույշ վարվել նրա հետ։ Բանակը կենսական նշանակություն ունի, ինչպես եկեղեցին։ Ընդ որում՝ հարցն այն չէ, թե ինչով է այն զինված՝ հրացանո՞վ, թե՞ տանկով, ինչը էլի շատ կարևոր է, այլ այն, որ բանակը կանոնավոր է, ուղղահայաց։  Հաջողում են այն բանակները, որոնց ուղղահայացը ճիշտ է աշխատում։

– Վստահաբար՝ գիտեիր, որ ծառայությունդ Զինված ուժերում 2 տարով չի սահմանափակվելու։ 6 տարի է, ինչ բանակում ես։ Այս ընթացքում 3 պատերազմ ես տեսել։ Պատերազմի մասին ի՞նչ էիր մտածում զորակոչվելիս, որպես անհնարին մի բա՞ն, թե՞ հնարավոր, բայց հեռավոր։ 

– Ես ինձ միշտ եմ պատկերացրել որպես ռազմական լրագրող։ Դա ճանապարհ էր։ Մինչև 2016 թվականը ես պատերազմ չէի տեսել, ու որքան էլ լսել էի դրա մասին, այն ինձ հեռավոր ինչ-որ բան էր թվում, պատմական իրողություն, որն անպայմանորեն պետք է շրջանցի մեզ։ Բայց մարտական դիրքերում, շփման գծում դու հասկանում ես, որ պատերազմն այնքա՜ն մոտ է, ճիշտ քո առջև։ Եղել են դեպքեր՝ դեռ խաղաղ ժամանակներում, երբ մեզ վրա էլ են կրակել։

– Իսկ դա վախեցնո՞ւմ է։ Միտքը, որ պատերազմը աչքիդ առաջ է։

– Իհարկե վախեցնում է, բայց․․․ Ես պատերազմի ժամանակ էլ չեմ վախեցել հենց պատերազմից։ Ես ուղղակի պատերազմի ժամանակ եմ հասկացել, թե ինչ է մահը։ Ես այդ ժամանակ եմ հասկացել, թե ինչպես մարդը կարող է մեկ վայրկյան անց ուղղակի չլինել։

Մինչև 2016 թվականը «պատերազմ լինելու է» արտահայտությունն լոզունգի նման է եղել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ժամկետային զինծառայող էի, բայց ինձ հերթ չի հասել՝ ռազմաճակատ մեկնելու։ Իմ ավագ գործընկերները, հրամանատարներն են լուսաբանել այն։ Օգոստոսյան դեպքերի ժամանակ ռազմաճակատ մեկնել եմ, բայց այդ ժամանակ հնարավոր չէր նկարահանումներ անել՝ ռազմավարական նկատառումներից ելնելով։

Այս պատերազմի ժամանակ՝ առաջին օրը, կարծես, արկածներ որոնելու գնայինք։

– Չէիք պատկերացնո՞ւմ մասշտաբները։

– Չէ, բայց անգամ եթե պատկերացնեինք, թե ինչ է պատերազմը… Այս պատերազմը պատկերացումից դուրս պատերազմ էր։ Ես դա զգացել եմ պատերազմի հաջորդ օրը՝ Ջաբրայիլում։  Գնում էինք հրամանատարական կետ, իսկ ճանապարհի կողքին հայտնի Ալբերտենց ստորաբաժանումն էր կանգնած։ Պատկերացրու՝ 400 մետր ճանապարհ պետք է անցնեինք նրանց կողքով, ու տեսնում էինք, ինչպես էր անօդաչուն կրակում, 3-4 վայրկյան պարբերականությամբ։ Անընդհատ։ Այդ ժամանակ հասկացա, որ դա ո՛չ մեր իմացած պատերազմն է, ո՛չ էլ մեր իմացած արկածներն են։ Միանգամից ասեմ, որ մեկ վայրկյան անգամ միտք չի եղել՝ կանգնել, հետ գնալ, թաքնվելու մասին։ Մի պարզ պատճառով. ռազմաճակատում մահն այնքան փոքր է թվում…

– Սեփական մահը։

– Հա, սեփականը։ Խաղաղ պայմաններում կդժվարանամ դա բացատրել, բայց պատերազմի ժամանակ քո մահն այնքան աննշան է այն ամենի դիմաց, ինչ կատարվում է աչքիդ առաջ։ Ես իմ խնդիրն ունեի՝ հնարավորինս շատ նկարել։ Մեր օպերատոր Ֆելիքսին խնդրել էի «ստոպ» չանել ամբողջ ընթացքում, որովհետև չգիտեինք՝ ինչ կլինի։

Գիտե՞ս՝ պատերազմից հետո էլ ես, անկեղծորեն, չեմ ուզում ինձ կարևորել, որովհետև ես պատերազմը լուսաբանել եմ դադարներով, հատվածաբար… ես ուղղակի այն լուսաբանել եմ։  Այն, որ հիմա շատ ընկճված եմ, բոլորն են ասում։ Բայց ես չէ, որ պետք է խոսեմ պատերազմի ազդեցության մասին, որովհետև տղաներ կան, որ հերիք չէ՝ 44 օր առաջնագծում են եղել, մինչև օրս էլ հերթապահում են։ Այդ պատճառով էլ, երբ ընկերներս կամ հարազատներս փորձում են արածիս մեջ հերոսություն տեսնել, ինձ համար դա շատ անհասկանալի է։

– Խոսքը հերոսացման մասին չէ, բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ դու, մեր մյուս գործընկերները, ովքեր անընդհատ ասում են, որ ոչ մի արտասովոր բան չեն արել, այլ միայն իրենց աշխատանքը, շատ կարևոր գործ եք արել դուք ճանաչելի եք դարձրել նրանց, ովքեր, անկախ պատերազմի ելքից, մեզ փրկել են անհայրենիք դառնալուց։ Դա չափազանց կարևոր է՝ այդ զինվորների համար, նրանց ծնողների, մեզ համար, որովհետև մենք մեր աչքի առաջ միշտ պետք է ունենանք այն՝ ինչ եղավ, այն ինչ ունեինք, ու ինչ այլևս չունենք։

– Ես ափսոսում եմ, որ շատերին չեմ հասցրել նկարել, օրինակ՝ հրամանատարին, որ պայթեցրել էր իրեն։ Նրանք, ում հասցրել ենք նկարել՝ Ալբերտը, հրամանատար Արթուր Հակոբյանը, ձայնը կտրված Մնացը․․․ նրանք մարմնավորում են շատ շատերին՝ զինվորների, հրամանատարների, ում չենք ճանաչել։ Չեմ ասում՝ բոլորին, որովհետև մարդիկ տարբեր են եղել, մարդիկ ողջամիտ վախեր են ունեցել․․․ Դու պատկերացնում ես չէ՞, թե ինձանից, մեզանից ինչքան բան տարավ այս պատերազմը։ Լինում է չէ՞, որ նայում ես մարդու աչքերին ու լույս ես տեսնում։ Այդ լույսը խամրել է ինձ համար։ Ընդ որում՝ ես վերջին երկու ամիսներին եմ սկսել հասկանալ՝ ինչ է կատարվել իրականում։ Կռվի ժամանակ դու չես հասցնում մտածել՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ։ Օրեր են, անցնում են։ Պատերազմից հետո սկսվեց ամենաանհասկանալի շրջանը․ Ի՞նչ եղավ․․․Հետո սկսում ես հասկանալ՝ ինչ եղավ հենց քեզ հետ։ Ես նոր եմ հասկանում, որ ես մահից փրկվել եմ, որ մի քանի անգամ եմ մահից փրկվել, որովհետև այդ ժամանակ դրա մասին մտածելու, դրա վրա կենտրոնանալու ժամանակ չեմ ունեցել։ Հիմա․․․ Քարվաճառի բացակայությունն ինձ համար երկու վերջույթ չունենալ է, հասկանո՞ւմ ես։ Ինձ համար դա նույնքան անհասկանալի է, նույնքան անընկալելի։

– Հա, հասկանում եմ։ Կյանքիս ամենածանր պահերին ես միշտ փախնելու տեղ եմ ունեցել։ Ես միշտ իմացել եմ, որ կգնամ, կնստեմ Ջդրդուզի իմ սաղր քարին, քամին կտա դեմքիս, ու միտքս կպարզվի։ Կգնամ, կնստեմ Գանձազարի թեք թթենիների շվաքում ու կզգամ Աստծո ներկայությունը։ Կկանգնեմ Վանքասարի ցածր պատնեշին, բարձրից կնայեմ կյանքիս ու կհասկանամ, որ ես ոչինչ չեմ կորցրել երբեք․․․ Հիմա, երբ ամենածանրն է, ես փախնելու տեղ այլևս չունեմ։

– Հա։ Ու այսքան կորցրածից հետո միակ մխիթարանքս, բացի այն տղաներից, որ անմահացան իմ ու քո համար, այն տղաներն են, որոնց հետ մտերմացա պատերազմի ընթացքում, որոնց հետ անընդհատ կապի մեջ ենք, ովքեր հիմա էլ Արցախում են ծառայում։ Ես ինքս ինձ համար փնտրում եմ ինչ-որ բան, որ կարողանամ առաջ նայել։ Գուցե ամպագոռգոռ է հնչում, բայց, երբ սկսում ես մտածել պատերազմի հետևանքների, այս ծանր վիճակի մասին, դու չես կարող շաբաթներով մնալ այդ ողբերգական, անդառնալի վիճակում։ Դու պետք է հասկանաս՝ լավ, բա հետո՞․․․

Իրականում, մենք չենք պատկերացնում՝ ինչ է եղել։ Մենք չենք հասկանում այս ողբերգության չափերը։ Ինձ համար անմեկնելի է․ ի՞նչ է, պետք է գան, տանդ կեսը կտրեն, որ ցավ զգա՞ս։ Ես, երևի, հենց դրա հետ ամենաշատը չեմ համակերպվում, երբ տեսնում ես, որ կան մարդիկ, ում կյանքում ոչինչ չի փոխվել։

Ուրիշ ծանր բան էլ կա․ պարտության զգացողությունը։ Պարտությունն այդքան ծանր չէ, որքան այդ զգացողությունը։ Պարտվել ենք, այո․ պետք է ցավով և արժանապատվորեն ընդունել դա, ու փորձել այնպես անել, որ առնվազն հետագայում էլ չպարտվենք։ Դա օրհասական նշանակության հարց է, որն առաջին հերթին հենց բանակին է պետք։ Այլ պարագայում կյանքը կանգնած է՝ անսարք ժամացույցի նման։ Դա ամենամեծ ողբերգությունն է։ Բայց սրա երկրորդ կողմն էլ կա․ ես հաղթող երկրի երեխա եմ, իմ երեխան՝ պարտվող երկրի։ Այդ մտածողությունը պետք է փոխել։ Մեր նման պետությունները, որոնք փոքր են, հարուստ չեն, ամենակարող չեն, պետք է շատ արագ վերապրոֆիլավորվեն, եթե ուզում ենք ոտքի կանգնել։ Ախր տես, թե մենք ինչ սերունդ ենք տվել։ Մի սերունդ, որն ապահովել է առնվազն մեր պետության 5-10 տարիների ապագան։ Մենք շատ փոքր համայնք ենք, որպեսզի մեզ թույլ տանք շարունակել կյանքն այնպես, ինչպես հիմա ենք ապրում։ Համայնքը պետք է փոխի իր դոկտրինը, այլ ելք չկա։

– Պարտության զգացողությունը բանակի ներսում ու դրանից դուրս տարբե՞ր է։ Հարցնում եմ, որովհետև ամենամեծ կորուստը, ամենածանր կորուստը հենց բանակին բաժին հասավ։

– Պատերազմն ավարտվեց, մեկն ապրում է իր սգի հետ, իր կորստի, մյուսը՝ կարծես ոչինչ չի եղել։ Բանակը ապրում է այնպես, կարծես պատերազմը չի ավարտվել։ Այն պետք է արագ վերազինվի, վերականգնվի, ուժեղանա։ Բանակի ներսում ամեն ինչ կապված է պատերազմի հետ։ Եթե բանակից դուրս հնարավոր է մի պահ կտրվել պատերազմից, բանակում դա հնարավոր չէ, որովհետև բանակում դու չես կարող համար 1 հարցը փոխարինել որևէ այլ հարցով։

– Առաջնագծում ամենաշատը հենց դուք եք եղել լրագրողներից։ Երբ նկարում էիր զինվորներին, մտավախություն ունեի՞ր, որ, գուցե, դա իրենց վերջին զրույցն է։

– Իրականում, չէ, չունեի։ Ես ուզում էի հնարավորինս շատերին նկարել, որովհետև հասկանում էի, որ նրանց ծնողներն իրենց երեխաների մասին տեղեկություններ ստանալու այլ տարբերակ ուղղակի չունեին։ Դրա համար մեր օպերատորին խնդրում էի հնարավորինս շատ դեմքեր նկարել։ Այդ երեխաները պատերազմում էին ոչ թե առանց վախի, այլ՝ վախը թաքցրած։ Մի տեսանյութ ունենք, երբ Դավիթը, որի հետ հարցազրույց եմ անում, շատ հանգիստ պտտվում, նայում է ընկնող արկին ու շարունակում է խոսել։ Իսկապես այդպես էր։ Չեմ ուզում ասել, որ չէին գիտակցում կատարվողը, բայց գիտակցում էին, որ այլընտրանք չկա, պետք է անել, գիտակցում էին՝ հանուն ինչի են անում։

– Քիչ առաջ խոսում էիր կորուստներիդ մասին։ Ո՞րն էր ամենածանրը։

– Մեր բանակը միշտ ուժեղ է եղել։ Ես միշտ համոզված եմ եղել դրանում՝ անկախ նրանից, որ թե՛ ներսում եղած ժամանակ, թե՛ դրսում, թերություններ նկատել եմ։ Ես համարել եմ, և հիմա էլ համարում եմ, որ մեր բանակը միշտ ուժեղ է եղել։ Դիսկուրսը, թե մենք բանակ չենք ունեցել, ինձ համար անհասկանալի է։ Մարդիկ պետք է շարունակեն հավատալ բանակին, որովհետև այս պատերազմից հետո, ես նկատում եմ, որ բանակի հեղինակության հարց կա։ Հիմա բանակը թույլ չէ, այն հրաշալի հրամանատարներ ունի, անհավանական, բայց բանակը համահայկական, համազգային հոգատարության, ուշադրության, ջերմության կարիք ունի։ Այն իրոք օգնության կարիք ունի։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ այս երկիրը բանակն է պահելու։ Մենք 19-րդ դարի վերջում չենք ապրում, որ հայդուկական, ֆիդայական ջոկատներով հայրենիք պահենք։ Սա 21-րդ դարն է, դրա ժամանակն անցել է։ Մենք սարերում որսորդական հրացաններով կռիվ այլևս չենք անելու։ Մենք պայքարելու ենք գերժամանակակից զինատեսակների դեմ, ԱԹՍ-ների, ավիացիոն այնպիսի համակարգերի դեմ, որոնք, ըստ էության, ամենակարող են և գրեթե անխոցելի։ Անկախ պատերազմի ելքից՝ մեր բանակն իր ներուժը պահել է։ Այն կարող է խնդիր կատարել։ Բայց բանակը պետք է համոզված լինի, որ թիկունքում իրեն շարունակում են համարել առաջինը, երկրի անվտանգության երաշխավորը և խորհրդանիշը։

– Պատերազմից հետո չի եղե՞լ պահ, որ մտածես բանակը թողնելու մասին։

– Բանակը՞։ Չէ։ Երբեք։ Բանակը թողնել չի կարելի։ Դա նման է նրան, որ գան, մտնեն իմ տուն, ընտանիքիս անդամին խփեն, գցեն, ու ես մտածեմ՝ լավագույն լուծումը նոր ընտանիք գտնելն է։ Ես բանակից չեմ նեղացել։ Բանակն իր գործն արել է։ Անգամ, եթե հիմա ժամանակը չէ փակագծեր բացելու, բայց մի օր դա լինելու է։ Զինվորն իր կրակը վարել է։ Հրամանատարը կռվել է զինվորի կողքին, կռվել ու ինքն իրեն պայթեցրել է, թռել-պառկել է զինվորի վրա ու իր կյանքի գնով փրկել զինվորին։ Հասկանո՞ւմ ես։ Այնպիսի օրինակներ կան, որոնք ինձ երբեք իրավունք չեն տա բանակին ուրիշ աչքով նայել։ Թերություններով հանդերձ։

Վերախմբագրումները կարող են օգնել մեզ։ Բանակի օբյեկտիվ թերացումների մասին կարելի է և պետք է խոսել, բայց այդ փուլն էլ պետք է արագ անցնել։ Մենք պետք է հնարավորինս արագ հասկանանք, որ սրանով ամեն ինչ չավարտվեց։

– Դու այն մարդն ես, ով առաջնագծում ոչ թե զինվորների էր հանդիպում՝ հավաքական իմաստով, այլ մարդկանց, ում ճանաչում էր խրամատից դուրս, անուններով, պատմություններով։ Ի՞նչ զգացողություն էիր ունենում այդ պահերին։

– Բանակային կյանքն ինձ մի բան է սովորեցրել՝ խրամատում կանգնած բոլոր տղերքն իմ ծանոթներն են։ Ես առաջնագծում բոլորովին անծանոթ ժամկետային զինծառայողներին բարևելիս ասում եմ՝ «Բարև ախպերս, ո՞նց ես»։ Մեզ ծանոթացնելու կարիք չի լինում։

– Դուք նույն արյան մարդ եք։

– Հա։ Ու նաև իրենք են ինձ ջերմ ընդունում։ Իսկ բաժանվելուց անպայման ասում էի՝ «Տղերք, անփորձանք։ Տեսեք՝ հաջորդ անգամ կգամ, կտեսնենք իրար» կամ «Պատերազմից հետո կհանդիպենք»։

– Հավատո՞ւմ էիր դրան։

– Ուզում էի, որ այդպես լինի։ Ուզում էի, որ իրենք լսեն դա։ Ես հասկանում էի, որ իրենք օրեր շարունակ չեն խոսում իրենց ծնողների, եղբայրների, սիրելիների հետ։ Ես ուզում էի, որ իրենք գոնե մեկից լսեն դա։ Իմանան, որ իրենց սպասում են, իրենց վերադարձին։ Այդ բոլոր մարդիկ շատ թանկ են, շատ թանկ․․․

– Դու մինչև հիմա պատմում ես այն մարդկանց պատմությունները, ում հանդիպել ես պատերազմի ընթացքում։

– Այո։ Ես դա իմ պարտքն եմ համարում։ Ես այդպես մխիթարում եմ ինձ։ Ես այդ կերպ նրանց շնորհակալ եմ լինում։ Դա հնարավորություն է տալիս նրանց ճանաչելի դարձնել։

– Դա կարևո՞ր է։

– Շատ։ Դա չափազանց կարևոր է։ Մարդիկ, որքան էլ հասկանան, պատկերացնեն, որ պատերազմ է եղել, որ զոհեր ենք ունեցել, պետք է նաև զգան, շոշափելիորեն զգան դա։ Մարդիկ պետք է այդ թվերի տակ մարդկանց տեսնեն՝ լեգենդներ, տան ճրագներ, անուն-ազգանուններ։ Որովհետև այդ մարդիկ եղել են։ Ինձ համար շատ սառն է հնչում «4000 զոհ» արտահայտությունը։ Երբ դու նայում ես այդ մարդկանց անուններին, դու հասկանում ես, որ դժոխքում ես։ Հասկանո՞ւմ ես։ Այդքան ճակատագիր․․․ Երբեմն այնքան հեշտ են խոսում՝ տարածքային կորուստներ, զոհեր․․․ Ախր, միլիմետր առ միլիմետր գնացեք, նայեք՝ ինչ ենք կորցրել։ Նույնը մարդկանց դեպքում է․ մեզ հետ ապրող, մեր տարիքի տղերք։ Մարտական կենսագրություններ կան, որ կարող են պատմություն, գիտակցություն փոխել։ Եվ դրանց մասին պետք է պատմել։

Ես շատ երկար ժամանակ Եռաբլուր չեմ գնացել։ Նախկինում էլ այն ինձ համար հուշարձան էր։ Սխրանքների, հերոսների սրբատեղի։ Այնտեղ մարդիկ են եղել, ում ես չեմ ճանաչել։ Բայց հիմա․․․ Ես գնում եմ, տեսնում եմ շիրմաքար, որի վրա մարդ է, ում ես տեսել եմ, ճանաչել եմ։ Դա բոլորովին այլ փոթորիկ է։ Կյանքն ու մահն այդ մի բազալտե քարով են բաժանվում։ Մի կրակոցով։ Մի վայրկյանով։ Բոլորի նման՝ ես էլ եմ հարազատներ կորցրել, բայց․․․ Ողբերգության այս մասշտաբը․․․ Ես իմ անձնական ցավն էլ եմ սգում, բայց սա․․․

Ես գրելու եմ՝ մինչև վերջին տղու պատմությունը։

– Կարծո՞ւմ ես, եթե մատդ դնես ցավի վրա, վերքի տեղը կիմանա՞նք։ Ապատիան կանցնի՞։

– Ապատիայի համար չեմ անում։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ողջ են մնացել, օրինակ՝ Սպեցնազի Գամփռի շնորհիվ, Թաթուլ Հակոբյանի շնորհիվ, կամ ուրիշ մեկի շնորհիվ․ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ինքը ողջ է կոնկրետ մեկ մարդու սխրանքի ու զոհողության շնորհիվ։ Ու պետք է իմանա այդ մարդու անունը։ Հասկանո՞ւմ ես։ Մարդը զոհվեց, հեռավոր մի գյուղում իր անունով դասասենյակ բացվեց և վե՞րջ։ Ախր այդ տղան միայն իր գյուղի ու իր դպրոցի համար չզոհվեց։ Նա զոհվեց նաև իմ ու քո համար։

Ու բացի այդ․․․ Միշտ կա զգացողությունը, որ նա զոհվեց, իսկ դու մնացիր։ Բախտդ բերեց կամ այլ բան։ Ուրեմն, եթե ողջ ես մնացել, խնդիրդ պետք է կատարես։ Իմ խնդիրն իրենց մասին պատմելն է։

Ես չեմ համարում, որ ամեն ինչ ավարտվել է։ Ամեն ինչ այսպես չի կարող ավարտվել։ Իրավունք չունի՝ այսպես ավարտվելու։

– Տիեզերական արդարության հույս ունե՞ս։

– Այս անիվը պետք է պտտվի։ Մեր ներիքն ռեսուրսը չի կարող այսպես սպառվել։ Մենք մեր նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն ապրեցինք, բայց, եթե ուզում ենք դրոշ, զինանշան, օրհներգ  և  քարտեզի վրա կետ ունենալ, պետք է փոխել այս իրականությունը։

Պատրաստեց Սոնա Մարտիրոսյանը

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Դավթյանը