Սունդուկյանի պիեսը գրվել է 1870 և առաջին անգամ բեմադրվել 1871 թվականին Թիֆլիսի թատրոնի բեմում, և հեղափոխության տարիներին չի իջնում Խորհրդային Անդրկովկասի լավագույն բեմերից: Չնայած առկա գրական ավանդույթին «Պեպոն» գրված է թիֆլիսահայ ժողովրդական բարբառով, ինչը բեմական տեքստին հաղորդել է առանձնահատուկ հյութեղություն և կենսունակություն:

Պիեսի բովանդակությունը բարդ չէ. Պեպո անունով երիտասարդ ձկնորսը, կինտոն, ընտանիքի քաղքենիական ավանդույթներին ենթարկվելով, նշանում է քրոջը, գեղեցկուհի Կեկելին, մանր առևտրական Դարչոյի հետ, որն օժիտով հարսնացու է փնտրում: Պեպոն քրոջն է տալիս ընտանիքի բոլոր խնայողությունները, հազար ռուբլի, որ հանգուցյալ հայրը պահպանության էր տվել վաճառական Արութին Զիմզիմովին: Սակայն հարսանիքից առաջ պարզվում է, որ ստացագիրը կորած է: Վաճառականը իր պարտքը չի ընդունում, փեսացուն հրաժարվում է անօժիտ հարսնացուից: Կեկելը մնում է խայտառակված շուկայի «հասարակական կարծիքի» առջև, իբրև մերժված հարսնացու: Հետո ստացագիրը հայտնաբերվում է, բայց հակամարտությունը դրանով չի հանգուցալուծվում: Ճշմարտության զգացումն արվեստագետին արդեն իսկ այն տարիներին հուշել է դասակարգային հակասությունների անհաշտելիության զգացում: Հանդիսականի աչքում բարոյական հաղթանակ է տանում կինտոն, թեև փաստացի հաղթում է հարուստ աղան, որին հաջողվում է Պեպոյին փակել բանտում:

Սունդուկյանի պիեսը, որ գրված է Անդրկովկասում ճորտատիրական իրավունքի վերացման տարում, չէր կարող, անշուշտ, լիակատար չափով վեր հանել սոցիալական կարգի և նրա տապալմանն առնչվող հարցերը: Այդ պատճառով Սունդուկյանի մերկացնող կոմեդիայի սուր ծայրն ուղղված է ոչ թե բուն մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ, այլ սոսկ բարի առևտրական ավանդույթի խախտման դեմ, որի վրա հիմնվում է բուրժուական իրավակարգը:  Դրամական պարտավորությունների չկատարումը, գործարար նորմերի խախտումը սպառնում է վաճառականին բարի անվան կորստով՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ահա թե ինչու վաճառական Արութին Զիմզիմովը պատրաստ է պարտավորագրի հայտնաբերումից հետո առաջին իսկ րոպեին վճարել կրկնակի գումար, միայն թե թաքցնի իր չհաջողված խարդախության հետքերը:

Բեկ-Նազարովին հաջողվել է սցենարը կառուցել առանց «սուրբ սեփականության» յուրահատուկ մոտիվի, բարձր գեղարվեստական միջոցներով, առանց պարտադրանքի, գրեթե առանց խախտելու սյուժետային հյուսվածքը: Պիեսի լեյտմոտիվը փողն է: Փողի համար ստրկության են գնում, կատարում են դժոխային աշխատանք, փողի համար ամուսնանում են և բաժանվում, սրիկայություն են գործում, գնում են շքանշաններ և մեդալներ, կանանց բարեհաճությունը, կոչումներ, ստորաքարշություն անում ցարական սոլդաֆոնի (բռի զինվորականի) առջև: Այս ամենից գարշահոտություն ու նեխահոտ է փչում:

 

Բայց դրա փոխարեն ձկնորսների հետ միասին, որոնց ամբողջ հարստությունը կոթավոր ոչ մեծ ձկնորսացանցն է, ամբողջ դրամագլուխը՝ «թաբախը» (գլխավոր նավակը), ներս է խուժում երիտասարդությունը, անհոգ խիզախությունը և խորին արհամարհանքը փողի, արծաթե զիզի-պիզի բաներով զարդարված գոտիների հանդեպ, որոնք նրանք առանց վարանելու հանում են իրենց վրայից, որպեսզի օգնեն ընկերոջը դժբախտության պահին: Նրանք բանի տեղ չեն դնում անգամ հազար ռուբլիանոց ստացագիրը:

Այս կորսված պարտավորագիրը, որի շուրջ ծավալվում է դրամատիկ գործողությունը, պարզվում է ոչ թե Պեպոյի հոր կտակակատարի և հավատարիմ ընկերոջ արկղիկում է, ինչպես պատկերված է Սունդուկյանի մոտ, այլ Շուշանի թելի կծիկում, իբրև անարժեք թղթի կտոր: Փողերը հանդես են գալիս որպես փորձաքար Արութինի ազնվության, իր հարսնացուի հանդեպ Դարչոյի անկեղծության և Կակուլիի և կինտոների ընկերական հավատարմության համար:

Ըստ սցենարի ձեռնունայն են մնում հենց փողասերները՝ Դարչոն, որ կորցնում է գեղեցկուհի Կեկելին վազելով օժիտի ետևից, և վաճառական Արութինը, մերկացվելով խաբեբայության մեջ և ծաղրի ենթարկվելով բոլորի կողմից, անգամ սեփական կնոջ: Եվ եթե արքունական դատարանը օրինականացնում է Արութինի խարդախությունը, ապա դրանից հանդիսատեսի աչքում չի վերականգնվելու վաճառականի վարկը, այլ սոսկ երևան կգա ցարական դատարանի դասակարգային բնույթը:

Հարուստների փքուն ամբարտավանությանը, նրանց ստորաքարշությանը իշխանության առջև, նրանց հավերժական մտահոգվածությանն ու ագահությանը հակադրվում է անսպառ ուրախությունը, սրամիտ կենսալիությունը և ամուր ընկերական միաբանությունը ձկնորսների, արհեստավորների և կինտոների: Փողը կորցնում է իր գրավչությունը և վերածվում ծաղրուծանակի օրինական առարկա:

Պիեսը ներծծված է բողոքի ոգով ընդդեմ դասակարգային շահագործման և նրանով քողարկվող քաղքենիական բարոյականության: Այս հեղափոխական գաղափարը, որ ասպարեզ է նետված ազգային դրամատուրգի կողմից ավելի քան 70 տարի առաջ, չի կորցրել իր սրությունը և նշանակությունը նաև մեր օրերում:

«Պեպոյի» սցենարը հետաքրքրական փորձառություն է:

Պատկերելով իրականությունը իր բոլոր տխուր և ծիծաղելի կողմերով, հեղինակը իր վերաբերմունքը նրա հանդեպ արտահայտում է ծիծաղով, որը Դոստոևսկին անվանել է խոր զգացումի սրամտություն:

Հեղինակը հանդիսատեսի ուշադրությունը փոխադրում է առօրյա կենցաղի խիստ անձնական անկյունների վրա, որտեղ ամենից շատն է դրսևորվում քաղքենիության ողջ ճղճիմությունն ու նողկալիությունը: Բեկ-Նազարովը հանդիսատեսին մտցնում է կանանց բաղնիք և ցույց տալիս հարսնացուի անպատկառ զննությունն այնտեղ: Նա մեզ վկա է դարձնում ընտանեկան առօրյա վեճերի, նա մեզ է մոտեցնում իր կերպարների դեմքերը և օգնում խոշոր պլանով դիտել բարեվայելչության դիմակի տակ թաքցված չնչին կրքերի խաղը:

«Պեպոյում» շատ են համարձակ հնարքները:

Հեղինակը բազմապատկում և ուժեղացնում է գրոտեսկի հատկանիշները, հասցնելով երբեմն չափազանցության: Այդպիսին է Արութինի մենախոսությունը Շիրվանյան քայլերգի տակ՝ «Մեծ ես դու, Արութին Զիմզիմով, դու վիթխարի ես»:

Բամբասանքի տարածման տեսարանն ավարտվում է նույնպիսի հիպերբոլիկ ճողփյունով.

– Ընդարձակվում, աճում է շնչակտուր խոսքուզրույցը արդեն ոչ թե մեկ, այլ շատ-շատ մարդկանց…

Շշնջացողների, ծիծաղողների, մռթմռթացողների գվվոցը լցնում է հեռուները՝ տանիքները, պատշգամբները, բակերը, այն հեղեղում է ողջ քաղաքը: Վերին հարկի պատշգամբից կինը կախ է ընկել, նա բազրիքի վրայով կռացել ու բղավում է՝ ողջ քաղաքով մեկ. «Լսեք, լսեք, թե ինչ է պատահել Պեպոյենց տանը…»:

Տան մուտքի մոտ կանգնած են երկու չարագուշակ պառավներ: Երբ Կեկելը ընկերուհու հետ հավասարվում է նրանց, պառավներից մեկն ասում է մյուսին, դիտավորյալ բարձր, որպեսզի Կեկելը լսի. «Չէ, նայեք մի նրան, բոլորի ներկայությամբ պաչեցին, խայտառակեցին: Զարմանում եմ, ինչպես է համարձակվում նա մարդկանց աչքին երևալ»:

Հարկավոր է լավ իմանալ կենցաղը և տիրապետել ծիծաղի զենքին, չտարվելու համար ծաղրանմանությամբ, չլղոզելու գույները, չհասնելու համար գռեհկաբանության: Սա հազվագյուտ նվաճում է ոչ միայն կինեմատոգրաֆում, այլև մյուս, արվեստի ավելի զարգացած բնագավառներում, ինչպիսին են գրականությունն ու երաժշտությունը: Բեկ-Նազարովը կարողացել է իրեն պահել սուր սահմանագծին: Եվ ուստի, ցույց տալով ծիծաղելին, նա չի վանել մեծն ու կարևորը:

Դրական կերպարներին պատկերելիս կինոդրամատուրգը, հետևելով պիեսի հեղինակին, մնում է իրականության գետնի վրա: Անփույթ, մեծահոգի երիտասարդությունը, ընկերական խմբային երաշխավորությունը, որ համախմբում է կինտոների և ձկնորսների ուրախ ընկերախմբին ձախորդությունների դեմ պայքարում, որոնք թափվում են իրենց աշխատանքային ընկերակցության անդամի վրա, կարիք չունեն զարդարանքի ու չափազանցության:

Կինտոյի անձը, որ ընդհանրացված է հնարամիտ, շուտ բորբոքվող, անձնուրացաբար համարձակ և նվիրված ընկերոջ՝ Կակուլիի կերպարում, զուրկ է սովորական կենցաղային գծերից և առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծում, յուրօրինակ վերամբարձ ոճ: Կինտոյի տիպը՝ ծնունդն է հարավի արևի և արևելյան շուկայի, որն ապրում է իր հաճույքի համար: Դա ժողովրդական բոհեմն է, որ մեծապետական կեղեքման դարաշրջանում պահպանել է ազգային խնդության, կենդանի համարձակ մտքի և բողոքի ոգին, և իր մեջ թաքցնում է ճշմարիտ ռոմանտիկայի գծեր, ինչով երանգավորված է ողջ ստեղծագործությունը:

Բախվելով իր ընկեր Պեպոյի ընտանեկան հոգսին, որն իր վրա կրում է «տան ավագի» պարտականությունները, կինտոն անմիջապես ընդգծում է դրանց քաղքենիական բնույթը: Ձկնորս Պեպոն պատկանում է մանրքաղքենիական ընտանիքի, որ ձգտում է վաճառական-առևտրականի բարեկեցության: Այս դասակարգային խմբի ներկայացուցիչների հետ իրական բախումը նրան տալիս է սոցիալական գրագիտության մեծ դաս: Վրդովված անարդարությունից, Պեպոն հրաժարվում է որևէ գործարքից այդ միջավայրի հետ և բանտ է ընկնում շահագործողների բարոյականության դեմ բողոքի համար: Այնտեղ, ազատ ժամանակ նա կամփոփի իր մեջ արթնացած դասակարգային գիտակցության փորձը:

Սցենարն ավարտվում է կինտոների երթով, որոնք իրենց տուժած ընկերոջը տանում են շռայլ բերքուբարիքով լի թաբախներ: Այդ չափազանց մեծ թաբախները՝ մատուցարանները, որ ահաբեկում և գայթակղում են անգամ բանտապահներին, շփոթեցնում հանդիսականին, օգնում են նրան հասկանալու Պեպոյի պարտության ժամանակավոր բնույթը, և ֆիլմն ավարտում են կենսուրախ ակորդով:

Ֆիլմի սցենարը «ձևով ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական» է: Ազգային դրամատուրգի դասական կատակերգությունը բազմամիլիոնանոց հանդիսատեսին կներկայանա նորացված տեսքով, ուժեղացված հզոր արտահայտչականությամբ և ձայնակերպարի գեղարվեստական իրականությամբ:

«Կտավե հայելիները մեր երկրում չեն ստում»,- դրանում է խորհրդային էկրանի տպավորիչ և կազմակերպիչ ուժը:

Հեղինակ՝ Ի. Տրավսկի

Տեքստը փոխադրեց  Ռ․Բագրատունյանը


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...