Ապստամբ՝ առանց պատճառի կամ Ջեյմս Դինի կյանքը
Քսաներորդ դարի կեսերին մարդկությունը հասել էր աներևակայելի նվաճումների իր գործունեության բոլոր բնագավառներում՝ թե՛ արվեստում և մշակույթում, թե՛ գիտության և փիլիսոփայության մեջ: Հետևում թողնելով երկու աշխարհամարտերը, սկսելով տիեզերքը նվաճելու փորձերը, ձեռք բերելով նոր հայացք ու գաղափարներ՝ մարդկությունը մեծ թափով առաջ էր շարժվում: Փիլիսոփայության, ապա նաև գրականության մեջ հասունանում էր նոր իդեալ՝ ինքնուրույն մտածող, անհատապաշտ (ինդիվիդուալիստ) հերոսը, որը կարող էր հակառակվել սիստեմին, դեմ գնալ մի ողջ հասարակության, եթե դրա իդեալները չէին համընկնում իրենի հետ:
Սկսած Ալբեր Կամյուի ‹‹Ընդվզող մարդը›› փիլիսոփայական էսսեյից, մինչև Ջերոմ Սելինջերի ‹‹Տարեկանի արտում, անդունդի եզրին›› վեպը, գրականությունը վառված էր ժամանակի շնչով: Կինոն, որը ինչպես հայտնի է սերտորեն հյուսված է իր ժամանակի հետ, անմասն չմնալով գրականությունից, արտացոլում էր ժամանակի իդեալները: Թեև չափազանց սխալ կլինի կարծել, թե մինչ այդ շրջանը կինոյում չկային ինքնուրույն մտածող հերոսներ, սակայն հենց այս տարիներին է՛լ ավելի հաճախ հանդիպող դարձավ ընդվզող հերոսի կերպարը:
Ինչպես հայտնի է կինոյի պատմությունից, դերասանի վարպետության ամերիկյան դպրոցները իրենց հիմքում կրելով ռուս վարպետների սիստեմները, ադապտացրել, յուրացրել էին դրանք, ենթարկել որոշ փոփոխությունների, պատրաստելով ամերիկյան կինոյի փայլուն կինոաստղերի: Դերասանի վարպետության այդ դպրոցների ավանդույթների կրողներից էր նաև Ջեյմս Դինը։
Ջեյմս Դինը ծնվել և մանկությունն անց է կացրել ԱՄՆ Ինդիանա նահանգում, ապա, կարճ ժամանակով, ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա: Դինի համար մեծ ցնցում է եղել մոր մահը, որի հետ էմոցիոնալ կապը չափազանց ուժեղ էր, և այդ կորուստը նրան հանգիստ չի տվել մինչ իր սեփական մահը: Բարդ է եղել ոչ միայն նրա մանկության, այլ նաև պատանեկության շրջանը: Այս տարիներին են ձևավորվել ապագա դերասանի հետաքրքրությունները՝ ավտոարշավները, լուսանկարչությունը, ընթերցանությունը, ցլամարտը և նրա կյանքի մեծագույն սերը՝ թատրոնը: Հոր պնդմամբ, ընդունվելով Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության բաժինը, Դինը մտերիմների համար անսպասելիորեն թողնում է համալսարանը և տրվում դերասան դառնալու երազանքին:
Հեռուստատեսությունում ունեցած առաջին էպիզոդիկ դերերից հետո նա ընդունվում է դերասանի վարպետության ամերիկյան դպրոցներից մեկը՝ Լի Ստրասբերգի արվեստանոցը, որտեղ էլ զարգացնում է բնությունից իրեն տրված տաղանդը: Այստեղ նա հնարավորություն է ստանում առնչվելու կինոյի այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսիք էին Մառլոն Բրանդոն, Էլիա Կազանը, Արթուր Քեննեդին:
Իր բավականին կարճ կյանքի ընթացքում Ջեյմս Դինը հասցրել է անմահացնել իր անունը կինոյի պատմության մեջ, չնայած որ նրա պրոֆեսիոնալ կինոկարիերան ընդգրկում է ընդամենը երեք ֆիլմ, որոնցից երկուսը էկրան են բարձրացել՝ հետմահու: Ջեյմս Դինի մարմնավորած կերպարները փորձենք ընդհանրացնել այսպես՝ նրա հերոսները երիտասարդ, միայնակ, ընդվզող, չհասկացված, զգայուն, զգացմունքային, պատանեկան մաքսիմալիզմով լի դեռահասներ են: Սակայն օգտվելով սեփական կյանքի փորձից և ունենալով բարձր պրոֆեսիոնալիզմ, Դինը երեք կերպարներից յուրաքանչյուրը կառուցել է իրարից այնքան տարբեր, թե՛ հոգեկերտվածքով և, թե՛ խառնվածքով, որ հնարավոր չէ դրանք համարել ընդվզող կերպարի ֆիլմից ֆիլմ տեղափոխվող ամպլուա:
Ջեյմս Դինի դեբյուտը մեծ կինոյում Էլիա Կազանի «Եդեմից արևելք» (East of Eden, 1955), ֆիլմն էր, հիմնված Ջոն Սթեյնբեքի համանուն վեպի վրա: Հայտնի է, որ Սթեյնբեքը որպես Կել Թրասքի դերակատար չի հաստատել Էլիա Կազանի առաջարկած դերասաններից և ոչ մեկին, այդ թվում այնպիսի կինոաստղերի, ինչպիսիք էին Մառլոն Բրանդոն և Պոլ Նյումանը, սակայն տեսնելով Ջեյմս Դինին միանգամից հավանության է արժանացրել, բացականչելով ‹‹Տե՜ր Աստված, սա հենց ինքը Կելն է››, չնայած՝ ինչպես գրողն է հետագայում խոստովանել, անձնական հակակրանք է ունեցել Ջեյմս Դինի հանդեպ: «Եդեմից արևելք» ֆիլմը աստվածաշնչյան եղբայրների՝ Աբելի և Կայենի դիցաբանական արքետիպերի հակադրությունն է մեր ժամանակներում, պատմություն՝ բարոյական երկընտրանքի, ատելության և սիրո, նախանձի և ներողամտության պայքարի մասին: «Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում»։ Ջեյմս Դին (Ծննդոց 4:1) Ջոն Ստեյնբեքի վեպի և Էլիա Կազանի կինոէկրանավորման հերոսները ի տարբերություն աստվածաշնչյան կերպարների բարդ բարոյահոգեբանական թակարդում են, պատմության դրամատուրգիան բազմաթել է և դժվար է կանխատեսել ավարտը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Կալիֆորնիական Սալինաս քաղաքի հովտում, Թրասք ընտանիքի ֆերմայում, քսաներորդ դարասկզբին: Խստաբարո, կրոնապաշտ և «ամեն ինչում ճիշտ» հոր ողջ սերն ու վստահությունը կենտրոնացած են որդիներից միայն մեկի՝ Ադամի շուրջ: Հորից թեկուզ չնչին սիրո և ուշադրության արժանանալու համար Կելը անում է հնարավորն ու անհնարինը, սակայն ջանքերն ապարդյուն են: Անարդարության ու հոր կողմից իրենց հանդեպ վերաբերմունքի ընդգծված տարբերության ֆոնին էլ Կելի մոտ սկսում է ձևավորվել Կայենի սինդրոմը: Պատմությունը ավելի է խճճվում, երբ Կելը բացահայտում է տարիներ շարունակ իրենց կյանքը ստով մշուշած ընտանեկան գաղտնիքը, ինչը հերոսին կանգնեցնում է բարոյական երկընտրանքի առջև: ‹‹Եդեմից արևելք›› ֆիլմում Դինի դերակատարումը զարմացնում է նաև այսօր, նա այնպես էր կլանված Կելի կերպարով, որ տպավորություն է ստեղծվում, որ նույնացել են Կել Թրասքի և Ջեյմս Դինի էությունները: Այս հանգամանքը կարելի է բացատրել Ջեյմս Դինի և նրա հոր միջև եղած բարդ ու լարված փոխհարաբերություններով, ինչը բնորոշ էր նաև ստեյնբեքյան Կել Թրասքին: Երբ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսելու համար նկարահանող կազմը ժամանում է Լոս Անջելես, ռեժիսոր Էլիա Կազանը ուղեկցում է Ջեյմս Դինին հոր հետ հանդիպմանը: Այստեղ ռեժիսորը նկատում է, թե հայրն ինչ վատ է վերաբերվում որդուն, իսկ որդին որքան է փորձում նրա հավանությանն արժանանալ: Ռեժիսորը, իր իսկ խոսքերով, այդ հանդիպման շնորհիվ գտնում է Կելի Թրասքի կերպարի բանալին: Պատահական չէ, որ ֆիլմի շատ դրվագներում, երբ Դինը ազատություն է տվել իր զգացմունքներին՝ փորձառու ռեժիսորը, հասկանալով այդ իմպրովիզացիոն էպիզոդների արժեքը, դրանք չի մոնտաժել վերջնական տարբերակից, այդպիսով է՛լ ավելի հարստացնելով ֆիլմի էմոցիոնալ գունապնակը:
Հաջորդը՝ ‹‹Ապստամբ առանց պատճառի›› (Rebel without a cause, 1955) ֆիլմն է, որտեղ կրտսեր և ավագ սերունդների կոնֆլիկտում բարոյապես և գաղափարապես ճիշտ է նոր սերունդը: Դրամատիկ է ոչ միայն Դինի կերտած հերոսի՝ Ջիմ Սթարքի, այլ նաև ֆիլմի մյուս երկու հերոսների, Նատալի Վուդի՝ Ջուդիի և Սալ Մինեոյի՝ Պլատոյի կերպարները: Այս ֆիլմում օգտվելով տեխնիկական հնարավորություններից ֆիլմի ռեժիսոր Նիկոլաս Ռեյը դիմել է գունային սիմվոլիկային. պատահական չեն դեռահաս-ընդվզող հերոսի և հերոսուհու վառ կարմիր գույնի հագուստը, քանի որ, ինչպես հայտնի է, կարմիրը գույնը՝ արյուն, ագրեսիա, ուժ, խիզախություն, ըմբոստություն, կիրք, ուշադրություն խորհրդանշող գույն է: Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը կոնֆլիկտ ունի իր ծնողների, այսինքն՝ ավագ սերնդի հետ, սակայն կոնֆլիկտ կա նաև երիտասարդների միջև: Պատճառը նրանում է, որ Ջիմը, ով տեղափոխվել է նոր նահանգ և նոր դպրոց՝ չի ուզում ընդունել և ենթարկվել տեղի հեղինակություններին, ինչն էլ հանգեցնում է անխուսափելի բախման և դժբախտ պատահարի: Տեսարանը, որտեղ դպրոցի «տերերը» տանիքին դաշույններով մարտի են բռնվում «նորեկի» հետ, մտել է համաշխարհային կինոգանձարանի ոսկե կադրերի շարքը: Երիտասարդ հերոսը թե՛ իր տարեկիցների, թե՛ ավագ սերնդի հետ ունեցած հարաբերություններում հանդես է գալիս որպես իր արարքների համար պատասխանատու, արդարության համար պայքարող, անվախ կերպար, ընդ որում՝ առանց պաթետիզմի: Հատկանշական է, որ ֆիլմի հերոսներին կերտած երեք դերակատարներն էլ ունեցել են չափազանց կարճատև կյանք:
Վերջինը Ջեյմս Դինի կյանքում Ջորջ Սթիվենսի ‹‹Հսկան›› (Giant, 1956). ֆիլմում դերակատարումն էր, Ռոք Հադսոնի և Էլիզաբեթ Թեյլորի մասնակցությամբ: ‹‹Հսկան›› բավականին բարդ կինոպատում է. երեք ժամանոց ֆիլմում ցուցադրվում են հերոսների կյանքի մոտ քսան տարի տևողությամբ շրջան ընդգրկող իրադարձություններ՝ պատանեկությունից մինչև հասունություն: Ֆիլմում Ջեյմս Դինի կերպարը՝ Ջեթ Ռինքը, բախտի բերմամբ հասարակ բանվորից դառնում է նավթային մագնատ, ձեռք բերելով Տեխհասի ամենահարուստ մարդու համբավը: Ջեթ Ռինքը ֆիլմի սկզբնամասի պարզամիտ պատանուց վերածվում է փորձառու և բարձրաշխարհիկ հասարակության զարդը համարվող պատկառելի տարիքի տղամարդու: Այս կերպարանափոխությունը Ջեյմս Դինի մոտ հաջողվել է և՛ արտաքնապես, և՛ հերոսի հոգեբանական դիմանկարի առումով, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Դինի դերասանական տաղանդը կարող էր փայլել նաև հասուն տարիքում: Ֆիլմը էկրան է բարձրանում Դինի մահվանից հետո, և դերասանը նոմինացվում է Օսկար մրցանակաբաշխությանը ‹‹Լավագույն դերասան›› անվանակարգում, մինչ օրս մնալով միակ դերասանն աշխարհում, ով երկու անգամ առաջադրվել է այս անվանակարգում՝ հետմահու:
Սկսվում է ֆիլմը, հանդիսատեսը անհամբերությամբ սպասում է տեսնելու այն ֆենոմենը, ով անգամ իր մահից հետո շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, էկրանին երևում է ինքը՝ Ջեյմս Դինը, ով թվում է թե չի անում արտառոց ոչինչ, սակայն շուտով սկսվում է կախարդանքը և հանդիսատեսը անզոր է Ջեյմս Դինի հմայքի դեմ. իր պարզությամբ, զգացմունքայնությամբ, կամային բնավորությամբ և միաժամանակ խոցելիությամբ, նա զինաթափ է անում անգամ խստորեն նախատրամադրված հանդիսատեսին:
‹‹Երազիր այնպես՝ ասես հավերժ ապրելու ես: Ապրիր այնպես՝ ասես այսօր մեռնելու ես››,-սրանք Ջեյմս Դինի խոսքերն են։ Այս խոսքերը հանդիսանում էին նրա կյանքի կարգախոսը և լավագույնս արտահայտում են նրա կյանքի փիլիսոփայությունը, դառնալով՝ յուրօրինակ մարգարեություն: Լինելով պրոֆեսիոնալ ավտոարշավների երկրպագու, Դինը նույնպես մասնակցում էր մրցարշավների, սրա վկայությունը վառ կերպով դրսևորվում է ‹‹Ապստամբ առանց պատճառի›› ֆիլմում, որտեղ նա էպիզոդներից մեկում ցուցադրել է նաև ավտոարշավորդի իր տաղանդը՝ ինքնուրույն կատարելով բավականին բարդ հնարք: Սակայն հենց ավտոարշավների հանդեպ կիրքն էլ դառնում է նրա անժամանակ մահվան պատճառը: 1955 թվականի սեպտեմբերի 30-ին, ավտովթարի հետևանքով ընդհատվում է խոստումնալից դերասանի կյանքը. նա մահանում է 24 տարեկանում, չհասցնելով անգամ մեծ էկրանին տեսնել իր լավագույն դերակատարումները:
Բացի անժխտելի տաղանդից և հիշվող գեղեցկությունից, Ջեյմս Դինի աներևակայելի փառքի պատճառներից է հանդիսանում նաև նրա վաղաժամ մահը, որը մշտապես մշուշված է եղել գաղտնիքներով և դրանց շուրջը հյուսված լեգենդներով: Ջեյմս Դինը ոգեշնչել և շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց, այդ թվում նաև բազմաթիվ կինոաստղերի և երգիչների, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ջեյմս Դինի կերպարին։ Նրանց թվում է անգամ ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին, որն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ օգտվել է Ջեյմս Դինի ռոմանտիկացված ապստամբի կերպարից՝ իրենը ստեղծելիս: Ջեյմս Դինի կերպարի միմիկրիան հասել է մինչև մեր օրերը՝ Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև Ռոբերտ Փեթինսոն։ Այսօր էլ՝ իր մահվանից ավելի քան կես դար անց, նա շարունակում է բորբոքել մարդկանց երևակայությունը։
Դինի կյանքի մասին դոկումենտալ ֆիլմերի քանակն անցնում է մեկ տասնյակից, նրա մասին նկարահանվել են նաև մի քանի խաղարկային ֆիլմեր: Արդարության համար է հարկ է նշել, որ այդ ֆիլմերից և ոչ մեկը չի կարողացել փոխանցել Ջեյմս Դինի անորսալի կերպարը, քանի որ նրան մարմնավորած դերասանները չափազանց շատ են կենտրոնացել արտաքինի վրա, առանց «դիպչելու» նրա էությանը:
1999 թվականին Ամերիկյան Կինոինստիտուտը ‹‹Հոլիվուդի բոլոր ժամանակների 100 լավագույն դերասաններ››-ի ցանկում ընդգրկել է Ջեյմս Դինի անունը, այն դասակարգելով 18-րդ հորիզոնականում: Մեկ անգամ տեսնելով Ջեյմս Դինի խաղը հնարավոր չէ այն մոռանալ՝ միշտ երիտասարդ ու չքնաղ, միշտ ըմբոստ ու պայքարող նրա կերպարը հավերժ կմնա ինչպես հանդիստեսի սրտերում, այնպես էլ կինոյի պատմության էջերում:
Հեղինակ ՝ Էլեն Դանիելյան
Կենսագրական գրականություն
Alexander, Paul։ Boulevard of Broken Dreams։ The Life, Times, and Legend of James Dean . Viking, 1994.
Frascella, Lawrence : Live Fast, Die Young: The Wild Ride of Making Rebel Without a Cause Touchstone, 2005․