Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Ռոման Բալայանը թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելող գործիչ է, խորհրդային կինոյի նշանավոր անուններից մեկը:

Ուկրաինացի կինոգործիչները Բալայանի ծննդյան 80-ամյակի առթիվ ֆիլմով կանդրադառնան նրա կյանքին, կինոյին ու գործունեությանը: «Բալայանի հորդորով նրանք առաջինը եղան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ քննարկելով ֆիլմի, հայաստանյան ու արցախյան ուղևորությունների, նկարահանումների հետ կապված բոլոր մանրամասները: Նրանք նկարահանումներ իրականացրին Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, ուր սիրում է լինել Բալայանը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Կինոգործիչները եղել են նաև Գեղարդավանքում, Աշտարակում, Էջմիածնում և վայրերում, որոնք կապված են բալայանական կյանքի ու ապրած տարիների հետ: Նկարահանել են նրա ընկերներին, մտերիմներին, գործընկերներին, որոնք սիրով ու գնահատումով խոսել են Ռոման Բալայան մարդու և ստեղծագործողի մասին: Ուկրաինացիները ուղևորվել են նաև Արցախ՝ լինելով Բալայանի հայրենի գյուղում, նրա ազգականների ընտանիքներում, նրա սիրելի վայրերում:

«Վստահ ենք, որ շուտով հնարավորություն կունենանք տեսնելու սիրով, նվիրումով արված ֆիլմը Ռոման Բալայանի մասին, որ նույնն է, թե ֆիլմ Հայաստանի, Արցախի, հայի, հայկականության մասին: Իսկ առայժմ մի քանի լուսանկար, որոնք խոսում են ապագա ֆիլմի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:


    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հրավիրում է

    «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 25- 30-ը կկայանա 4-րդ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը»: Փառատոնի նպատակն...

    |2 Մայիս 2021,14:04