Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ. Եթե մեզ  թվում  է ժամանակի ընծա է, որ քեզ հարմար  ժամի՝ ցանկալի  եղանակով  կարող ես  դիտել ուզածդ ֆիլմը, կինոն, սերիալը՝ ի շնորհիվ համացանցի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը դա համարում  է  ամենավատ բանը, որ կարող էր պատահել կինոինդուստրիայի հետ։

-Ինչո՞ւ։

-Օնլայն դիտումը զուտ օնլայն դիտում է։ Ինձ համար շատ կարևոր է կինոդահլիճում համատեղ, մեծ էկրանի վրա  ֆիլմ  նայելը։  Ռեակցիաներն են շատ կարևոր, մի կողմից դու մութ դահլիճում նստած ես, տպավորություն է, թե կողքդ ոչ մեկ չկա, մյուս կողմից էլ  էմոցիաներ եք փոխանակում, ընդհանուր մի ալիքի վրա եք ու զգայական նույն  դաշտում. Էլ  չասեմ մեծ էկրանի տեսապատկերի ու ձայնի որակն ինչ բարձր են։ Օնլայն տարբերակները ունեն նաև այլ  թերություն. հեռակառավարման վահանակը քո ձեռքին է։ Դու կարող ես ընդհատել , շեղվել,ուտել, խմել, քայլել, դուրս գալ, հետ գալ ու շարունակել , կամ հետ չգալ, առաջ տալ՝ նայելու  ինչ է կատարվելու և այլն , այս ամենի պատճառով  ամբողջությամբ չես կարող մտնել  ֆիլմի մեջ, չես կարող տարվել, ապրել  ֆիլմով, իսկ կինոթատրոններում ֆիլմ դիտելիս   նման բան չկա. կամ դուրս ես գալիս՝ կիսատ թողնելով, կամ նայում ես մինչև վերջ։ Շատ ֆիլմեր կան, եթե մինչև վերջ չես նայում, այդ ճամփորդությունը մինչև վերջ չես անցնում, անգամ չես կարող ասել, թե դիտել  ես։  Իհարկե, այս համավարակի ու ճգնաժամի  պայմաններում առցանց դիտումները  նաև փրկություն են, բայց պետք չէ չարաշահել այդ հնարավորությունը։

-Կարելի՞ է  ասել,  որ նոր  տեխնոլոգիաներն ի վնաս կինոարտադրության են աշխատում։

-Հիմա 21-րդ դարն է, և դարը տալիս է իր հնարավորությունները, որոնցից պիտի օգտվել իմանալ. օրինակ Նեթֆլիքսը, Ամազոնը տալիս են հնարավորություն գնել ֆիլմի դիտման իրավունք ու հանգիստ խղճով օգտվել, խուսափելով ցանցահենային արտադրանքից։ Ինչն է լավ  թվային աշխարհում, որը նախկինում շատ դժվար էր՝ ֆիլմ՝  գտնելը։ Պիտի հատուկ ծրագրեր լինեին, որ գնայիր նայեիր, հիմա ամեն ինչ  լավ որակով հասանելի է։ Բայց, սա բերում է ոչ լեգալ կայքերի աճին, որոնք ուղղակի սպանում են այս ինդուստրիան։ Ինձ  նյարդայնացնում է, երբ ֆիլմի անուն ես տալիս , միանգամից ասում են՝ հղում կա՞։ Սա շատ վատ է, մարդիկ պատասխանատվություն չունեն, որ եթե անգամ ֆիլմը դրված է ու լեգալ  չէ, պիտի չնայես՝ դա մշակույթ է, դաստիարակության և կրթվածության ապացույց։ Պետական մակարդակով մոտեցում է պետք այս խնդրին. պետք է լինեն տույժեր, տուգանքներ։ Եվրոպայում, եթե  միայն համակարգչումդ կա տորրենտ համակարգ՝  600 եվրո տուգանք է հասնում։ Բայց, միայն պատիժները քիչ են, պիտի դառնա կանոն՝ չօգտվել նման կայքերից։ Այս խնդրի մասին բարձրաձայնել է պետք։ Ես երբեք չեմ օգտվում նման կայքերից, երբեք անլեգալ  չեմ ներբեռնել ոչ մի ֆիլմ։ Ես այդպիսի որոշում եմ կայացրել և սկզբունքորեն չեմ նայում։

-Հենց դրա համա՞ր են պետք փառատոները։

-Փառատոների առավելութունն այն է, որ հատուկ ծրագրավորվում ու ընտրվում են ֆիլմերը։ Փառատոները  այնպիսի ֆիմեր կարող են բերել, որ սովորական հանդիսատեսը ողջ կյանքի ընթացքում կարող է չառնչվել , չհանդիպել . մեծ դաշտում ինքնուրույն դրանք գտնելը շատ դժվար է, ու ինչքան շատ լինեն փառատոները, այնքան լավ. դրանք են ապահովում մշակութային բազմազանությունը։ Ֆիլմը միայն զվարճանք ու ժամանց չէ։ Ու Հայաստանում բացահայտ կա փառատոնային ֆիլմի հանդիսատես։ Նույն «Ոսկե ծիրանը», երբ առաջին տարիներին էր ցուցադրում ֆիլմեր, սկսեց ձևավորել հենց փառատոնային հանդիսատես։ Սկզբում շատ տարբեր մարդիկ էին, հետո մաղվեց, մնաց իրական հանդիսատեսը։ Հիմա կա հանդիսատես, որն ակտիվ սպասում է այդ ժամանակաշրջանին։ Հետո  սկսվեց  Եվրոպական ֆիլմերի փառատոնային շարքը, ապա նաև ֆրանսիական դեսպանատան  կազմակերպած կինոդիտումները, ինչպես նաև  Բրիտանական ֆիլմերի փառատոնը, ու այդ ամենի արդյունքում ձևավորվեց փառատոնային ֆիլմերի հանդիսատեսը։ Դահլիճները լեցուն են լինում, սա շատ բաների մասին է խոսում։

-Համավարակի ազդեցությունը  հայկական  կինոարտդրության վրա։

– Կինո արտադրելու տեսակետից Հայաստանում , ցավոք սրտի ,տարվա ընթացքում այդքան շատ ֆիլմեր չեն էլ արտադրվում, որ զգալի լիներ ազդեցությունը, ի տարբերություն համաշխարհային կինոինդուստրիայի, որտեղ  ահռելի կորուստներ եղան։ Անցյալ տարի մենք ուղղակի մի ամիս ուշ հայտարարեցինք ֆիլմերի պետական ֆինասավորման համար մրցույթները։ Կային ֆիլմեր, որոնք շարունակեցին նկարահանումները,  որոշները  ընդհատեցին նկարահնումները, բայց հետո նորից շարունակեցին։ Եղան դեպքեր, որ այդ պայմաններում արտադրողները՝ հետաձգելով, տանջվելով, նկարեցին, բայց չկարողացան  ցուցադրել մեծ էկրանին, որովհետև համավարակով պայմանվորված փակ շրջան էր։  Շատ տուժեցին կինոթատրոնները. երկար ժամանակ դրանք  փակ էին ու կոմպենսացիան էլ չնչին եղավ։

-Ի՞սկ պատերազմի ազդեցությունն զգա՞լի է ոլորտում։ Նոր ասելիք ունի՞ արդեն հայ կինոն։

-Կյանքն ամբողջովին կանգ էր առել մի պահ։ Ասելիքների մասին՝ անկախ պատերազմից ու ամեն ինչից, ֆիլմը պիտի խոսի նրա մասին, ինչն առաջին հերթին հուզում է ստեղծողին ու հանդիսատեսին. ինչը հունից հանում կամ ոգևորում է. այսինքն՝ պիտի ակտուալ  լինի, եթե անգամ պատմական ֆիլմ է՝ անցյալի մասին պատմող։ Միայն այսօրվա համար չես նկարում, եթե անկեղծ չեղար, շատ կարճ կյանք կունենա ֆիլմդ։ Ուղղակի ձևի համար չարժե  ֆիլմ նկարել։ Պատերազմը ավարտվել է 6 ամիս առաջ, թեման գերիշխող է եղել 30 տարվա կտրվածքով, բնական է, որ վերջին պատերազմի մասին էլ կնկարվեն ֆիլմեր, բայց դեռ վաղ է։ Կինո ստեղծելու համար՝ գաղափարից մինչև իրականացում, առնվազն 5 տարի պահանջվում է. այն  ինչ արվում է արագի մեջ՝ չի կարող հավակնել կինո դառնալուն։

-Իսկ Հայաստանի ազգային  կինոկենտրոնը  ի՞նչ ծրագրեր  ունի ճգնաժամերից հետո։

-Գոյատևել, որովհետև առանց այդ էլ ֆինանսավորումը մեծ չէր, հիմա ավելի է կրճատվել։  Ազգային կինոկենտրոնը ձգտում է այնպես անել, որ գոնե կինոարտադրողների վրա դա շատ չանդրադառնա։

-Ինչ երազանքներ կարող է իրեն թույլ տալ հայկական կինոյի ապագայի մասին մտածող մարդը, որն է այդ լիմիտը։

-Այնքան բան կարելի է ասել երազանքների մասին. նախ պետք է նորից վերականգնվի կինոթատրոնային մշակույթը։ Եթե համեմատենք սովետական շրջանի հետ, թե ինչ կար ու ինչ մնաց, կտխրենք։ Հիմա , իհարկե , մոլերի հաշվին Երևանում  մի քիչ շատացել են կինոթատրոնները, բայց  մի պահ ունեինք միայն «Մոսկվա» ու «Նաիրի» կինոթատրոնները։ Ես կցանկանայի, որ Հայաստանի բոլոր քաղաքներում լինեին կինոթատրոններ։ Ինչո՞ւ են կինոթատրոններն այդքան կարևոր․ եթե դու որպես կինարտադրող ստեղծում ես ֆիլմ, պիտի տեղ ունենաս այն ցուցադրելու։ Ամեն ինչ շատ պարզ է։  Եթե քաղաքապետերը, համայնքների ղեկավարները գիտակցեն դրանց կարևորությունը,  մարզերում, քաղաքներում հայտնվեն կինոթատրոններ, ցանցը կսկսի ավելի արդյունավետ աշխատել։ Հիմա, մարզերում  ունենք մեկ կինոթատրոն Գյումրիում՝ «Հոկտեմբերը», մեկը՝ Ղափանում, և մեկն էլ Քաջարանում, իսկ Երևանում դրանք մի քանիսն են։ Սա շատ քիչ է պահանջարկ առաջացնելու համար։ Պետք է սովորեցնել մարդկանց տոմս գնելլ, գնալ կինո նայելու գոնե շաբաթը մեկ անգամ։ Ամեն ինչ պետք է անել, որ կինոթատրոն հաճախելու մշակույթը իսպառ չվերանա։ Ընդհանուր առմամբ, կինոդիտման մշակույթ ունեցող մարդու մոտ շաբաթը մեկ անգամ նոր ֆիլմ  նայելու պահանջ է առաջանում։

Ես հիմա իմ տանն էլ, աշխատավայրում էլ ունեմ հնարավորություն կինոդիտում կազմակերպելու մեծ էկրանին, բայց դա չի համեմատվի այն վայելքի հետ, երբ նոր ֆիլմ է գալիս ու հատուկ դուրս ես գալիս այդ առիթով,  գնում՝ դիտելու։ Այնտեղ էլ էմոցիոնալ առումով լրիվ ուրիշ ալիքի վրա ես լինում։ Որ ավելի ակնառու լինի տարբերությունը այսպես ասեմ՝ եկեք համեմատենք սիմֆոնիկ նագախմբի համերգը, երբ լսում ես կենդանի հնչողությամբ և ձայնագրությամբ. նո՞ւյնը կլինի ազդեցությունը։

-Ի՞նչ ճանապարհով պիտի զարգացնել կինոթատրոնները։

-Ինձ շատ է խանգարում է pop corn-ի և coca-cola-ի մշակույթը կինոթատրոններում։ Այն ֆիլմերը, որոնք ես եմ նայում, անհամատեղելի են այդ մշակույթի հետ։ Սա եկել է Ամերիկայից, որտեղ  ադրենալին ստեղծող ֆիլմերի հետ կարելի է դեռ հրամցնել դրանք։ Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կինոթատրոնները pop corn-ի և coca-colaի վաճառքից ավելի շատ եկամուտ են ստանում, քան ֆիլմերից։ Բայց  Եվրոպայում կա Արտհաուս ֆիլմերի մշակույթ, որտեղ կինոթատրոնները կոմերցիայի պահանջներով չեն աշխատում։ Եթե  Հայաստանում լինեին այդպիսի կինոթատոններ, ես, բնականաբար  կնախընտրեի գնալ այնտեղ ֆիլմեր դիտելու։ Կուզենայի «Մոսկվա» կինոթատրոնն  այդ կարգավիճակը ունենար, որովհետև այնտեղ ենք հիմնական միջոցառումները անցկացնում, նաև «Նաիրի» կինոթատրոնը։ Հիշում եմ,  օրինակ, Խորհրդային տարիներին մենք սովոր էինք, որ ավելի բարդ, ինտելեկտուալ  ֆիլմեր նայելու համար պետք էր գնալ «Նաիրի»  կինոթատրոն…Տարկովսկի էին բերում  և այլն։ Այդ մշակույթը միանգամից է ձևավորվում ու էլի կձևավորվի, եթե նախաձեռնվի։ Հուսանք կինոթատրոնները միմյանց միջև մրցակցության արդյունքում կձևավորեն նման առաջարկ, իսկ պահանջարկը հաստատ կծնվի։

«Կինոպարկը» փորձում է նման բան անել,  «Մոսկվա»  կինոթատրոնն էլ, բայց դահլիճների խնդիր ունի վերջինս։ Դահլիճները մեծ են, բայց քանակով քիչ են։ Այսօր մեծ դահլիճներ պահելը դժվար է ողջ աշխարհում։ Ես կուզենայի «Ռոսիա» կինոթատրոնն էլ գործեր իր հազարից ավել տեղերով ու ասենք մեծ միջոցառումները , փառատոները այնտեղ անեինք, որ ավելի շատ հանդիսատես հավաքվեր, մասնակցեր։ Իմ մանկությունը  Երրորդ  մասում է անցել. 3 կինոթատրոն կար՝ «Հայրենիքը», «Սևանը», «Կիրովի» ակումբը։ Այդ փոքր տարածքում երջանկություն էր այդքան կինոթատրոն ունենալը։ Շատ հարմար է, երբ  կինոթատրոնը կողքիդ է, երեկոյան դուրս ես գալիս, քայլելով գնում, հետ վերադառնալիս էլ մարսում տեսածդ։ Դպրոցական տարիքում շաբաթը մեկ, երկու անգամ անպայման գնում էինք կինոթատրոն՝ ֆիլմ դիտելու. արդեն ձևավորված մշակույթ էր։ Այդպես պետք է  կրթել մարդկանց, սովորեցնել ֆիլմ դիտելու ու կինոյին լուրջ վերաբերվելու արվեստը։