Կար ժամանակ, երբ «Մոսկվա» կինոթատրոնի բակում հայտնի կինոգործիչների աստղերի բացումը կազմակերպում էր Կինոմոսկվայի ղեկավար, պրոդյուսեր Մարտուն Ադոյանը: Որպեսզի հանդիսությունն անվրեպ ու կատարյալ լիներ, միշտ նրան կարելի էր տեսնել իր գործն աննկատ ու լուռ անելիս, վերջին շտկումներն ու հրահանգները կատարելիս: Այդպիսին էր Մարտուն Ադոյանը: Երբեք առաջին պլանում չէր երևում, ելույթ չէր ունենում, իրեն չէր նարկայացնում, բայց կինոթատրոնի հետ կապված յուրաքաչյուր նախաձեռնության ամենածանր ու պատասխանատու գործն իրենն էր:

2020 թվականի ապրիլի 28-ին Մարտուն Ադոյանի անժամանակ մահը խոր ցավ պատճառեց շատերին: 30  տարի Մարտուն Ադոյանը «Մոսկվա» կինոթատրոնի ողնաշարն ու ոգին էր, ու մեկ վայրկյանում ամեն ինչ հօդս ցնդեց: Նա 1991 թվականից ստանձնել էր «Մոսկվա» կինոթատրոնը ոտքի կանգնեցնելու առաքելությունը, դիմակայել էր մութ ու ցուրտ տարիներին, մշակույթը, կինոն զարգացնելու անբարենպաստ ժամանակներին, բայց, ի վերջո, նրան հաջողվել էր կինոթատրոնների նկատմամբ անբարեհամբույր մեր իրականության մեջ ստեղծել Կինոմոսկվայի դասական կերպարն իր գրավիչ, հետաքրքիր, տրամադրող մթնոլորտով ու կոլորիտով: Ու բոլորը գիտեին, որ այդ ամենը Մարտուն Ադոյանի վաստակն ու ներդրումն է:

Ապրիլի 5-ին Մարտուն Ադոյանը կդառնար 66 տարեկան: Նրա ծննդյան օրը «Մոսկվա» կինոթատրոնի բակում բացվեց իր անվանական աստղը:

«Չկար մեկը, որին Մարտունը կինոյին առնչվող որևէ  հարցում մերժած կամ անտեսած լիներ: Նա շատ կարգին մարդ էր, հետաքրքիր ընկեր ու շատ նվիրված կինոյին: Իզուր չէ, որ նա արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր էր, որպես պրոդյուսեր՝ միջազգային լավագույն մրցանակներն էր ստացել: Բայց նրա ամենամեծ գործը Կինոմոսկվան էր, որտեղ նա ստեղծեց գեղեցիկ ու ճիշտ մթնոլորտ, որտեղ ծնվեցին ֆիլմեր, պրեմիերաներ, փառատոներ: Ինձ համար ամենակարևորը՝ այստեղ ծնվեց «Ոսկե ծիրանը»՝ Մարտունի օգնությամբ, նրա մեծ սիրով ու վերաբերմունքով: Ու հիմա այստեղ բացվում է Մարտունի անվանական աստղը, իսկ Մարտունը չկա»,-նկատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Աստղի բացման արարողությանը ներկա էին Մարտուն Ադոյանի ընտանիքի անդամները: Նրա որդին՝ Հովհաննես Ադոյանը, ասաց, որ ամեն ինչ անելու է՝ հոր գործը շարունակելու համար. կավելացնի, բայց չի պակասեցնի:

Ադոյանի կինը մեկ տարի է՝ ուշքի չի գալիս կորստյան ցավից: Երկնքին ենք նայում, երկնքի հետ խոսում. արցունքները զսպելով՝ ասում է: Տիկին Նելլին հավատում է, որ որդին ամեն ինչ կանի՝ հոր կիսատ թողած գործը շարունակելու, Կինոմոսկվան  միշտ կանգուն պահելու համար:

Աստղի բացման արարողությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Էդգար Բաղդասարյանի «Մարտուն» ֆիլմը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Կինոմոսկվայում առաջին անգամ հավաքվել էին կինոգործիչներ, ցուցադրվելու էր հայկական ֆիլմ, ու Մարտուն Ադոյանը չկար:

Միշտ այդպես էր. ֆիլմերի պրեմիերաների ժամանակ, երբ հանդիսությունն ավարտվում էր, ու բոլորը մտնում էին դահլիճ՝ ֆիլմը դիտելու, Մարտուն Ադոյանը մի ստուգիչ պտույտ էր անում Կինոմոսկվայի սրահներում, որպեսզի ոչ ոք դրսում չմնար: Պարզ, անմիջական, առանց պայմանականությունների, սրտաբաց ու գրկաբաց էր նա բոլորի նկատմամբ, անծանոթ այցելուին անձամբ կմոտենար, կհետաքրքրվեր՝ ինչի կարիք ունի, ինչով կարող է օգտակար լինել:

«Մարտուն» ֆիլմը Մարտուն մարդու, հայի, անհատականության, նկարագրի, գործչի մասին է,  որին իրենց պատմություններով, հուշերով ներկայացնում են նրա վաղեմի ընկերները, մտերիմները, բարեկամները: Ֆիլմում ցավ ու ափսոսանք կա, բայց առանցքում արժևորումն է, գնահատանքը, ապրած կյանքը՝ արժանապատվորեն, բարեխղճորեն, ազնիվ ու հոգատար:

«Մարտունն իմ ընկերն էր: Նա բոլորին է օգնել, բոլոր փառատոներին է աջակցել: Ամեն ինչ անում էր, որ հայկական կինոն առաջ գնա, որ երիտասարդները ֆիլմեր նկարեն: Այս ֆիլմով փորձել եմ ցույց տալ Մարտունին այնպիսին, ինչպիսին նա կա: Մարտունը հրաշալի հումոր ուներ, ֆիլմում այդ հումորն էլ կա»,- ֆիլմը ներկայացրեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Մարդ, որը միայն բարեկամներ ուներ. Մարտուն Ադոյանին ամենաճիշտ բնութագրող արտահայտությունը:

Նաիրա Փայտյան


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...