Ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմով բացվելու է (հուլիսի 6-17-ը) Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնը։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը՝  հավելելով, որ  «Անետը» Կարաքսի առաջին անգլալեզու ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մարիոն Կոտիյարը, Ադամ Դրայվերը, Սայմոն Հելբերգը և այլք:

Ֆիլմի գործողությունները կատարվում է Լոս Անջելեսում: Սթենդ-ափ կատակերգու Հենրին և նրա կինը սովորել են գլամուրային կյանքին և իդեալական զույգ են, բայց նրանց առաջին երեխայի ծնունդը փոխում է ամեն ինչ: Խորհրդավոր աղջկան վիճակված է անսովոր ճակատագիր:

«Անետը» Կարաքսի վեցերորդ կինոնկարն է՝  իր իսկ գաղափարով նկարված: Կաննի փառատոնի պաշտոնական բացման արարողությունից հետո ֆիլմը կմտնի մրցութային ծրագիր և միաժամանակ կհայտնվի վարձույթում։

Կաննի 74-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա 2021 թ. հուլիսի 6-ին: Այն հեռարձակվելու է «Canal +»-ը Ֆրանսիայում, ինչպես նաև գործընկեր կինոթատրոններում: Ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լիի նախագահությամբ, մրցույթի ժյուրին կհայտարարի հաղթողներին՝ հուլիսի 17-ին, փակման արարողությանը: