«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի «Արշալույսի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի նախագիծը ապրիլի 15-16 մասնակցել է «Միթինգ Փոյնք Վիլնյուս» (Meeting Point Vilnius) կինոֆորումի «Շուտով Էկրանին» (Coming Soon) հետարտադրական ֆիլմերի փիչինգին, որի ընթացքում միջազգային կինոինդուստրիայի պրոֆեսիոնալներին են ներկայացվել 25 միջազգային կինոնախագծեր։ 

«Արշալույսի Լուսաբացը» նախագիծը արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ մասնակցություն Ֆրանսիական «Սանի Սայդ օֆ դը Դոկս» (Sunny Side of the Docs) կինոշուկային և դրան կից հետարտադրական ֆիլմերի բուտիկին, ինչպես նաև Կաննի կինոփառատոնին կից անցկացվող «Մարշե դե Ֆիլմ» (Marché du Film) կինոշուկային։ 

«Արշալույսի Լուսաբացը» անիմացիայի և վավերագրության համադրություն է, որի հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia)գիրքը:  Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝  ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։

Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թ փետրվարի 16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։  «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց՝  առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է  30 միլիոն դոլար՝ համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը: Հայտնի է նաև, որ  ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է  տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին:

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական անիմացիոn ֆիլմում կլինեն  որոշակի կտորներ «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից։ Օգտվելու ենք նաև նրա գրած «Հոշոտված հոգիներ» գրքից: Իսկ այն հիմնական վայրերում, որտեղ եղել է Ավրորան, արդեն կկատարվեն նկարահանումներ՝ շոշափելի ցույց տալու համար, որ սա իրական պատմություն է: Ֆիլմում նաև լինելու են արխիվային նյութեր հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմից: Սցենարական լուծումներում ամեն ինչ շատ գեղեցիկ է տրված: Արդյունքում ունենում ենք վավերագրություն՝ գեղարվեստական լուծումներով»- Kinoashkhar.amին տված նախորդ հարցազրույցներից մեկում ասել է Իննա Սահակյանը:

ՀԳՖիլմը ստեղծվում է Զորյան Ինստիտուտի հետ համատեղ և հանդիսանում է Հայաստանի (Բարս Մեդիա), Գերմանիայի (Գեբրաուդեր Բիթս) և Լիտվայի (Արթոքս Լեյվելակիո Կլուբաս) համատեղ արտադրություն։ Ֆիլմի անիմացիոն մասը իրականացվում է հայկական «ՕնՕֆ» և Լիտվական «Մեյնարդաս» անիմացիոն ստուդիաների կողմից։ Ֆիլմը արժանացել է Եվրիմաժի ֆինանսավորմանը և էկրան կբարձրանա 2021թ. վերջերին։