Ատոմ Էգոյանի «Արարատը»՝ ծանրակշիռ ու մեծարվեստ աշխատանք
Հարկ է ընդունել, որ Ատոմ Էգոյանի «Արարատը» (2002) մնում է Հայոց ցեղասպանության թեմայով մինչև օրս կինոյում ստեղծված ամենից ծանրակշիռ ու մեծարվեստ աշխատանքը: Հարկ է նաև մի էական ճշտում անել: Էգոյանը քանիցս շեշտել է, որ խոսքը պատմական ֆիլմի մասին չէ. «Շատերն են այդպես ընկալում, մինչդեռ այդ ընկալումը որևէ հիմք չունի»:
«Արարատի» պատկերման նյութը, քննության խնդիրը ոչ այնքան հայերի հետ կատարված աննախադեպ ողբերգությունն է, որքան Եղեռն կոչված այդ ողբերգությունը` որպես փոխանցվող ուղեբեռ` պատմական, ազգային, քաղաքական, մշակութային, հոգևոր ժառանգություն հետագա սերունդների գիտակցության մեջ: Այլ կերպ ասած՝ խոսքը վերաբերում է հետգենոցիդային գիտակցությանը: Դրա համար էլ Էգոյանը շեշտում է, որ իր ֆիլմը «խիստ կանադական է», «նկարահանվել է ներկայիս Թորոնթոյում և պատմության ուրվականների հետ ապրելու մասին է»: Նա խոստովանել է. «Հենց ի սկզբանե նպատակ եմ ունեցել այնպիսի կինոպատում հյուսել, որը կներկայացներ իմ ինքնության մի մասը 18 տարեկանում: Ես կարիք ունեի ինչ-որ ձևով արտահայտելու այն ամենը, ինչին բախվել էի կյանքիս այդ շրջանում, այնպիսի պատմելաձև գտնելու, որ իմ ապրածը անհրաժեշտ ու օգտակար լիներ ուրիշներին»:(«Ստեղծագործելը,- ըստ Էգոյանի,- ցավը հաղթահարելու միջոց է»):
Հ․Գ․Վերջին օրերին մի քանի տեղ աչքիս ընկան Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմին վերաբերող գրեթե քամահրական կարծիքներ: Ավել կամ պակաս չափով նույն վերաբերմունքն է հաճախ հանդիպում ոչ միայն իտալացի վարպետների այս աշխատանքի, այլև կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատ», ֆրանսահայ Ռոբեր Քեշիշյանի «Արամ», ազգությամբ թուրք գերմանացի Ֆաթիհ Աքինի «Սպին», ամերիկացի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմերի առնչությամբ: Մինչդեռ այս գործերը չարժե թերագնահատել:
Ճիշտ է, սրանք տարարժեք ֆիլմեր են, բայց բոլորին հաջողվել է մի կարևոր բան. մինչ մենք առայսօր Հայոց ցեղասպանությունը կինոյում արտացոլելու գեղարվեստական ձևեր ու միջոցներ չենք գտել և գերադասել ենք այս ցավագին թեման կոնսերվացնել պաթետիկայի ու հռետորաբանության ժամանակավրեպ տիրույթում, նշված ֆիլմերը, դիմելով մեծ ժողովրդականություն վայելող կինոժանրերի ավանդույթներին (հոգեբանական դրամա, պատմաֆիլմ, պատերազմական սիրավեպ, մելոդրամ, արկածային ոդիսական, «սև ֆիլմ», թրիլեր), մեր ապրած ողբերգությունը ոչ միայն դարձրել են ճանաչելի միջազգային ասպարեզում, այլև ներկայացրել դա ամեն ազգի հանդիսատեսին ընկալելի էկրանային լեզվով, ընդ որում՝ նախանձելի կինեմատոգրաֆիական կուլտուրայով:
Իրողությունը սա է:
Նյութը` Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան էջից։