Նա ուսանողության կուռքն էր․․

Այո , Լևոն Ներսիսյանը լեգենդ էր… Սակայն մի այնպիսի լեգենդ , որ համալսարանականներիս համար տիեզերական ձգողական ուժ ուներ։ Նրա բոլոր դասախոսություններին մասնակցում էին ոչ միայն Պետհամալսարանի տարբեր ֆակուլտետների, այլ նաև Երևանի ամենատարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ…

Ամենամեծ լսարաններում անգամ, ոտքի վրա կանգնելու տեղ չկար…Մեզ  «Անտիկ գրականություն» էր կարդում… Արտիստիզմը շաղախվում էր ձայնի  թովիչ կախարդանքով , և « բերաններս բաց» հաղորդակցվում էինք հելլեն աշխարհի հերոսների ու Աստվածների հետ :

Առանց քննելու բավարար ու լավ գնահատականներ ստանում էին այն ուսանողները, ովքեր ցանկանում էին… Ուսանողներից հազիվ մեկ-երկուսն էին նման այդ պայմանին համաձայնվում :  Բոլորն էլ ուզում էին քննվել , իրենց հարգանքի ու սիրո տուրքը մատուցել սիրված դասախոսին, որը մինչև վերջ այդպես էլ կոչման համար ատենախոսություն չգրեց… Այո , Լևոն Ներսիսյանը քննում էր, միայն ու միայն ամենաբարձրի , գերազանց գնահատականի համար , իսկ քննություն ասածդ էլ մի անուշ մի ներկայացում էր…

Ձախից՝  Անդրանիկ Քոչար, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Լևոն Ներսիսյան

Նա ուսանողության համընդհանուր  կուռքն էր…

Ժուռնալիստիկայի բաժնի սփյուռքահայ բանաստեղծ Կարիկ Պասմաճյանը ,ով բնակվում էր Զեյթունի ուսանողական թաղամասում  ( այդ կուրսում , ես էլ ֆոտոգործ էի դասավանդում) մի քանի անգամ  խնդրեց , որ Լևոն Ներսիսյանի հետ գնանք իր հանրակացարան…

Անկեղծ ասաց մի տեսակ ականջի հետև էի գցում…Մի օր էլ հարցրի, իսկ ինչ կա Գարիկ ջան… Շատերս նրան Գարիկ էինք ասում..․

Ասաց, ինչպես ձեզ եմ բանաստեղծություններս կարդացել , այնպես էլ իրեն կուզեմ կարդալ… Հետո էլ , թե մերոնք վիսկի էն ուղարկել…

Էս վիսկիի անունը, որ լսեցի, այն էլ այն ժամանակ , գործս հեշտացավ… Գիտեի, որ Լևոն Նեսիսյանը  վիսկի շատ է  սիրում, իսկ ես համն անգամ չգիտեի…

Մեկ, թե երկու օր հետո , կոնյակ վերցրի ու հայդե Կարիկի մոտ…  Պասմաճյանը մի տաղանդաշատ անձնավորություն էր … Քաջատեղյակ համաշխարհային պոեզիային  ու արձակին…

Ներսիսյանի գալստյան առիթով հանրակացարանի ամբողջ հարկաբաժինը իրար խառնվեց…Սփյուռքհայ ուսանողները՝ ով ինչ  համեղ խորտիկներ ուներ հայտնվեց Կարիկի սենյակում :

Ու պոեզիայի հրաշալի մի ցերեկույթ  սկսվեց…

Կարիկը կարդում է ,Լևոն Ներսիսյանը մեկնաբանում… Կարիկն ու ես երեք աստղանի հայկական կոնյակն էինք ըմպում։

Լևոն Ներսիսյանն իր սիրած շոտլանդական վիսկին… Կարիկը կարդում է Լևոնը վերլուծում ու գնահատում… Իրար են խառնվում հայկական կոնյակն ու շոտլանդական վիսկին…Ու այդպես մինչև ուշ երեկո…

Տաղանդաշատ Կարկը , որը հետագա գործունեության ընթացքում , Փարիզում գեղանկարչական հարուստ պատկերասրահ էր ստեղծել, դարձել Եվրոպայի ամենահայտնի գեղանկարների հազվագյուտ հավաքածու ունեցողներից մեկը… ինսունականների այն խառը տարիներին, մամուլից  իմացանք ,որ Մոսկվայում առևանգել են ու մինչև այսօր էլ անհայտ է նրա ճակատագիրը․․․

Իսկ Լևոն Ներսիսյանը , Կարիկ Պասմաճյանի պոեզիան շատ բարձր էր գնահատում…

***

Նկարիչների միության և Երևան հյուրանոցի գողտրիկ անկյունի , մեկ-երկու կլորիկ երկաթյա սեղանիկները , մեր սերնդից շատերն են հիշում…

Օր չկար ,որ այդտեղ  մի գավաթ սուրճի ու գինու շուրջ  իրենց համ ու հոտով պատմություններն ու զրույցները չանեին Ազատ Շերենցը , Ֆրունզիկ Մկրտչյանը , Լևոն Ներսիսյանը և շատ շատերը:

Հայկական կինոյի , դերասանական արվեստի ,բուռն մի զրույցի ժամանակ, որտեղից-որտեղ , մի մուրացիկ մոտեցավ սեղանին… Ասում եմ որտեղից-որտեղ , որովհետև այն ժամանակ մուրացիկները շատ հազվադեպ էին : Անմիջապես ձեռքս գրպանս տարա ,որ  կոպեկ հանեմ տամ , որպեսզի տաք տաք զրույցին չխանգարի , շուտ թողնի հեռանա…

Մեկ էլ Լևոն Ներսիսյանը  ձեռքվ թևս պահեց , չթողեց…

Կարկամած երեսին եմ նայում :

Հանգիստ ձեռքը տարավ  գրպանը,  մեկ ռուբլի հանեց , հավանաբար վերջինը, մեկնեց նրան ու  արտիստական իր գեղեցիկ ու ազդեցիկ ձայնով բարձր-բարձր ասաց․

-Վերցրու , բայց լավ իմացիր թշվառակա՜ն , աշխարհում պիտի հայ մուրացիկ  չլինի…

Բոլորով մի պահ լռեցինք … Տեսնես հիմա ինչ կասեր…

***

Կինոռեժիսորների թախանձագին բազում խնդրանքից հետո , Լևոն Ներսիսյանը այդուհանդերձ նկարահանվեց մի քանի ֆիլմերում : Դրանք էպիզոդիկ դերակատարումներ են, սակայն մնայուն են հենց մեզ համար: Այդ կերպարները իր նման խորունկ են… Ափսոս ,որ նկարահանվել  չէր ցանկանում….

Ռոբերտ Մաթոսյան 

Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ

Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս