Ամերիկան պարտվում է մարդուն, որը ոչինչ չունի ազատությունից բացի
Սա ֆիլմ է առանց ամերիկյան քաղաքի: Այս ֆիլմի հերոսները չափազանց «զգույշ» են թափառում՝ մեգապոլիսներից հեռու: Կարծես հենց այդպես է ռեժիսորն (Քլոյե Չժաո) ուզում ցույց տալ փոքր մարդուն, որն ի վերջո ոչինչ չի ստեղծել և իրենից ոչինչ չի ներկայացնում:
Միակ միջավայրը, որտեղ քոչվորներն իրենց բնական ծավալներով են, արտաքաղաքային միջավայրերն են: Քաղաքները խեղդում են նրանց առանց այն էլ հնազանդ գոյապահպանությունը: Քաղաքներում նրանք թողել են իրենց հիշատակները և այդ հիշատակների հետ ուծացվելու անխուսափելիությունը: Բոլոր այս մարդկանց մահն է դուրս շպրտել, ոչ թե կյանքը: Բոլորն ինչ-որ նվիրական հանգուցյալ ունեն: Բայց բոլորին սպասող կա: Ու պարտադիր չէ, որ այդ սպասողը լինի մյուսը:
«Քոչվորների հողը» քաղաքական ֆիլմ է: Սա պատմություն է ըմբոստության մասին, որն ավելի է փոքրացնում քեզ: Ու հենց դա էլ, ի վերջո, որոշելու է ամեն ինչ: Պետությունն անձամբ է գրում քո սոցիալական ոչնչության կտակը: Դու քո տեղը չես գտնի քաղաքային հողի մեջ, ուրեմն գերեզմանդ կլինի արևի տակ, դու կփտես բաց աչքերով` հողի վրա:
Ահա ինչու ոչ թե «Քոչվորների երկիրը», այլ՝ «Քոչվորների հողը»: Քոչվորներինը հողն է, երկիրը մյուսներինն է, որոնք ընդունել են կապիտալիզմի ամենակուլության կանոններն ու խաղում են ըստ այդմ: Հողը՝ որովհետև դա արդեն տարածք է քո երկրից դուրս, որտեղ դու նա ես, ով ապրում է զրոյից: Եվ հողը՝ որովհետև ինքդ քեզ հետ ազնիվ մնալու համար խանգարող ոչինչ չկա: Հողից հող ճանապարհորդել չկա, թափառել չկա, սա է քոչվորության ֆոկուսը, դու ամենուր տեղում ես: Ճանապարհորդությունը քաղաքների միջև է, որովհետև միջավայր է փոխվում: Քոչվորը լինում է հողի վրա, ճանապարհորդը՝ երկրի միջև: Եվ ամենակարևորը՝ հնարավոր չէ քոչվոր լինել հիշողություններով, պետք է բաց թողնես նրան, ինչը քեզ պահում է տեղում:
Դու ոչ մի տեղ քո խաղաղությունը չես գտնի, որովհետև խաղաղությունը սիստեմ չունի: Խաղաղությունը պարտավորություններ չունենալն է: Միակ խաղաղությունը քո մեջ է, նույնիսկ ճանապարհներին չէ, որովհետև անվադողդ կարող է թողնել ու դու կընկնես ինչ-որ մեկի մուննաթի տակ:
Ֆյորնը և մյուսները չեն ենթադրում, թե ինչպես է տնտեսական համակարգը նրանց դուրս մղում կյանքից: Այսինքն, նրանք դա տեսնում են, բայց վերջին խոսքը միշտ կապիտալիզմինն է, նա ձեզ կասի, թե որ պահից դուք իրեն պետք չեք: Եվ դուրս մղելով անգամ ձեզ մոռացնել չի տա ձեր գերությունը, մեքենայի անսարքությունից հետո քրոջ մոտ վազելը վկա:
Կապիտալիզմը կառուցված է այնպես, որ ամենավերջում միշտ խոսում ես դոլարի անմարդկայնությունից: Ֆյորնը ատամներով է կառչում իր ընտրությունից, սպասվող ցրտին հանդիման նա մերժում է, օրինակ, բապտիստական եկեղեցու գիշերակացում քնելու առաջարկը: Բոլոր այս քոչվորները կարծես ապրելու պարտավորություն չունեն, բայց ոմանք, իհարկե, ի վերջո զիջում են (Դեյվը): Դու կարող ես քեզ հեռու պահել ամենակուլ դոլարից, բայց փսկած անվադողը փոխելու համար վճարել պետք է:
Ֆյորնն ապրում է առանց հենակետերի, առանց սեփական հարմարությունների: Դա իր ընտրությունն է այն պահից, երբ կորցրեց աշխատանքը խորհրդանշական Էմփայր (իմպերիա, կայսրություն) քաղաքում: Ինքդ քեզ մարգինալ կամ լյումպեն չզգալու միակ տարբերակը ճանապարհ ընկնելն է ու ոչ մի տեղ կապվածություն չունենալը: Գուցե նաև այս պատճառով է Ֆյորնը մերժում իր երամի քոչվորներից մեկին՝ Դեյվին՝ մնալ ու ապրել իր հետ: «Թափառախումբը գնում է երկինք» ռուսական ֆիլմի գնչու հերոսուհուն հարցնում են՝ ինչ է փնտրածդ; «Ոչինչ, ճանապարհներից բացի»,-ասում է նա: Բայց ճանապարհները գնչուների արյան մեջ են, նրանք ոչինչ չեն կորցրել: Այս ֆիլմի հերոսները ճանապարհ են ընկնում վերջում:
Սա մարդու մասին չէ, այլ Ամերիկայի, այն ներքին դատարկության, որ կա այդ երկրում:
Այդ դատարկությունը հնարավոր է ցույց տալ մայրամուտի բնապատկերի ժլատությամբ, որին հերոսներից մեկը նայելով ասում է ի՜նչ հրաշալի է: Ահա այն, ինչը քոչվորներից ոչ մեկը խլել չի կարող՝ բնությունը, օվկիանոսից եկող քամին, որը հնարավոր է գրկել թևերդ տարածելով: Ի վերջո Ֆյորնը վերադառնում է Էմփայր՝ առանց մեխերի փակելու կայսրության դիվային ամենակուլության դագաղը, որի «Ավետարաններում» մարդը, ասենք, իր ամուսինը՝ Բոն, միայն ռեսուրս է, ուրիշ ոչինչ:
Ֆիլմի վերջում Ֆյորնը Սիդհարթայի սառնասրտությամբ պոկվում է իր երամից՝ մյուս քոչվորներից, նա միայնակ է, որովհետև ամեն կապվածություն կայսերական է, մի օր այն խժռելու է քեզ: Ամեն կապվածություն քեզ դարձնում է հիշատակի գերի, պետք է ազատվել հիշատակներից, իրերից, որոնք զարդարում են հիշատակները, պետք է ազատվել այն ազատությունից, որը գին ունի: Պետք է ազատվել նույնիսկ մյուս քոչվորներից:
Ամերիկան պարտվում է մարդուն, որը ոչինչ չունի ազատությունից բացի:
Մհեր Արշակյան