Սատանայի ջրաղացը. Տեսագրերը (ՉԵՆ) այրվում ԵՆ
Ռուբեն Հախվերդյանի «Այս աշխարհը…» կատարումը Հրանտ Վարդանյանի նոր ֆիլմ-տեսահալովակում շատերի համար առիթ հանդիսացավ հիշելու «Սատանայի ջրաղաց» հեռուստաներկայացումը, որի մասին այսօր շատերը չգիտեն, մինչեռ ուղիղ մեկ տարի առաջ համացանցում հայտնվեցին կադրեր (կարծես`հեռուստացույցից 8 մմ- անոց տեսախցիկով նկարահանված), որոնք տասնամյակներ շարունակ համարվում էին մե՛կ գոյություն չունեցող ու վերականգնման համար անհնարին, մե՛կ էլ կորած ու վերականգնման ենթակա։
Կադրերը փոխանցում են հերթական իրարամերժ զգացումները. նախ` հերթական ապացույցը, որ չնայած մեր թվացյալ ավանդապաշտությանը, մենք ժառանգության հանդեպ ունեցել և շարուանակում ենք ունենալ խայտառակ անփութու թյուն և անպատասխանատվություն, բայց նաև` բերկրանք, որ մի քանի սրատացավ մարդկանց (Թովմաս Բադալյանի) հետևողական աշխատանքի շնորհիվ գոնե այս տեսքով, բայց այնուամենայնիվ` ունենք գտնված ստվերներ 70-ականների մշակութային կարևոր մի նմուշից։
Պատկերացրե՛ք 1975 թվականի արտադրանքը, լավագույն դեպքում, ստիպված ենք դիտել այնպես, ինչպես ուրիշները` 19-րդ դարի վերջին արխիվային քրոնիկոնը, և խոսքը ոչ միայն 75 թվականի արտադրանքի, այլ «առաջին հայկական գունավոր հեռուստաներկայացման» մասին է։
Մեր օրերում, այդ ժանրի գրեթե բացակայության պայմաններում կարևոր է հասկանալ, որ հեռուստաներկայացումը, հեռուստաթատրոնը այդ ժամանակաշրջանի ոչ միայն ամենաառանցքային մեդիաարտադրանքն էր, այլև մշակութային ու մշակութաբանական կարևորագույն արտեֆակտ, այն էլ ` «Սատանայիի ջրաղացը»`ամենակուլտային ներկայացման դեպքում։
Չնայած ներկայացումների հեռուստատեսագրման տեխնիկան արդեն երկու տարի է, ինչ կիրառվում էր, հենց 75-ին կատարվեց առաջին գունավոր տեսագրությունը, որը մինչ օրս էլ մնացել է հիմնականում սև-սպիտակ տարբերակով, ինպես տեխնիկապես, այնպես էլ բազմաթիվ ականատեսների հիշողություններում, որոնք այն տարիներին դեռևս չունեին գունավոր հեռուստացույցներ։ Սակայն, միանշանակ «գունավոր» է եղել ներկայացման ռեզոնանսը` հեռարձակում 8 անգամ, այսօրվա մասշտաբներով` մեդիավարկանշային բացարձակ հիթ, որը ոչ միայն Ռուբեն Հախվերդյանի դիպլոմային աշխատանքն էր, այլև իր երգահանական և «հրապարակախոսական» ելակետը։
Հետահայաց չափանիշներով, ներկայացումը կարելի է անգամ պոստմոդերնիստական նմուշ համարել. Յան Դրդիի «Խաղեր սատանայի հետ» պիեսի մոտիվներով՝ Այսեդոր Շտոկի գրված չորսակտանոց երկիծական կատակերգությունը, Հախվերդյանը դարձնում է գրեթե «քաղաքական մյուզիքլ» միևնույն ժամանակ փոքրիշատե պահպանելով խորհրդային հեռուստատեսային ձևաչափի գրաքննչական (չնայած` գրաքննության ենթարկվել է) և ժանրային կանոնները։ Այսպես, դժոխքի կառավարիչը` խորհրդային միլիցիոների հագուստով է, Սատանան` «ԿԱՅՖ» համարանիշներով մեքենայով, «գեղիցիկ կանա՛յք, խորտիկներ համե՛ղ» անկշտում ձայնարկություններով ու տասնյակ այլ հանդուգն «խաղիկեր»՝ համադրված ճգնավորի` որկրամոլ և իշխանության` Սատանա, սոցիալ-քաղաքական ենթատեքստային հախուռն ուղերձներով։
Այդ ամենի արդյունքը դարձավ ոչ միայն մտավորականության զանգվածային հավանությունն ու ծիծաղը, այլև գրաքննության երկիմաստ քմծիծաղը. Հախվերդյանը այլևս չունեցավ ռեժիսորական անկաշկանդ գործունեության հնարավորություն և ժամանակի ընթացքում կենտրոնացավ միայն երաժշտաբանաստեղծական գործունեության վրա։
Այլ կերպ ասած, «Սատանայի ջրաղացը» եզակի և անկրկնելի երևույթ էր Զախարովի կամ Լյուբիմովի (վերջինս դրանից 4 տարի առաջ բեմադրել էր Վիսոցկու երգերով լեգենդար «Համլետը») այդ ժամանակների քողարկված թատերական ներկայացում-մանիֆեստների հայկական համեստ օրինակը, որը միևնույնն է անհամեստ էր երևում միալար և կանոնակարգված խորհրդահայաստանյան օրակարգում։
Դյուրին չէ ստեղծագործության ընթացքին զուգահեռ գիտակցել յուր պատմական նշանակությունը, իսկ արդեն անցած 40-ից ավել տարիները բերել են հակառակ բևեռի, երբ պատմական կոնտեքսից հեռացել ենք արդեն ոչ միայն տարիներով, այլև սերունդներով և հասարակարգերով, և այս չնչին տեսալսողական գտածոն ի զորու է ընդամենը մասնակիորեն փոխանցել այդ ներկայացման ֆորմալ և էներգետիկ երանգները, որոնց ականատես լինելու ուրախությունն ու ափսոսանքը գուցե ստիպեն լինել ավելի աչալուրջ ներկայի նկատմամբ, քանի դեռ չեն փոխվել տասնամյակներ, սերունդներ, հասարակարգեր։
Պատրաստեց Կարեն Ավետիսյանը