Անցյալ տարի նույն այս ժամանակահատվածում մեր կյանքը գլխիվայր շրջվեց. համավարակով պայմանավորված՝ Հայաստանում խիստ սահմանափակումների անցան, որն արգելում էր զանգվածային միջոցառումները: Ամենապարզ առօրեական երևույթները՝ միմյանց հետ զրուցելը, թատրոն, կինո, սրճարան հաճախելն արգելվեց: Կյանքի համընդհանուր փոփոխություններն անդրադարձան նաև կինոյին: Կինոթատրոնային կյանքն ընդհատվեց: Իրենց տներում փակված միլիոնավոր ընտանիքներ համավարակի պատճառած սթրեսը մեղմելու համար սկսեցին շատ ֆիլմեր նայել: Որոշ ընկերություններ առցանց կինոդիտումներ կազմակերպեցին՝ այդկերպ խուսափելով անգործության մատնվելուց:

Kinoashkharh.am-ը անդրադարձել է համարակի պայմաններում ու սահմանափակումները մեղմելուց հետո «Մոսկվա» կինոթատրոնի  գործունեությանը, աննախադեպ իրավիճակը հաղթահարելու քայլերին։  Այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք  «Մոսկվա» կինոթատրոնի  Ֆիլմերի ծրագրավորման և միջոցառումների կազմակերպման բաժնի պատասխանատու Անահիտ Խաչատրյանի հետ:

-Հիշենք, թե ինչ կատարվեց ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին: Ի՞նչ քայլեր ձեռնարկեց «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը, երբ անսպասելիորեն հայտարարվեց կարանտին:

-2020 թվականի մարտի 16-ից հայտարարվեց կարանտինը,  և «Մոսկվա» կինոթատրոնը, ինչպես մշակութային մյուս հաստատությունները,  պետք է փակվեր: Սկզբում հույս ունեինք, որ դա երկու շաբաթից ավելի չի տևի, բայց գործաընթացը ձգվեց՝ հասելով մինչև սեպտեմբեր: Մեր կինոթատրոնը բացվեց ավելի ուշ՝ դեկտեմբերին. պատճառը սեպտեմբերի 27-ին սանձազերծված  պատերազմն էր:

2019-ը կինոոլորտի համար բարեհաջող տարի էր. սպասում էինք, որ այդպես կշարունակվի նաև 2020-ին: Բայց,  քանի որ կինոթատրոնը փակվեց, շատ միջոցառումներ չեղարկվեցին: Եթե որոշ ոլորտներ հնարավորություն ունեին առցանց աշխատելու, ապա կինոթատրոններն այդ հնարավորությունից զրկված էին, այսինքն՝ կարանտինի ամբողջ ընթացքում «Կինոմոսկվան»  չի գործել:

-Վստահաբար, «Մոսկվա» կինոթատրոնը գործընկերներ է ունեցել դրսում՝ ռուսական, եվրոպական, ամերիկյան շուկայում: Այսքան երկար ընդմիջումից հետո պայմանավորվածությունները վերականգնել հնարավո՞ր է:

– Կինոյի ոլորտն անմիջապես հարմարվեց իրավիճակին: Հայտնի է, որ համարավարակով պայմանավորված՝ սահմանափակումների, միջոցառումների չեղարկումները ոչ միայն Հայաստանում էին, այլև ամբողջ աշխարհում, հետևաբար, ձևավորվեցին նաև կոմպրոմիսային պայմաններ, գործընկերային հարաբերություններում, բնականաբար, մեկս մյուսի զիջեցինք: Ոչ մի կոնֆլիկտ մեր որևէ գործընկերոջ հետ չենք ունեցել. բոլոր նախագծերը կամ չեղարկվել են կամ հետաձգվել: Կիսատ ծրագրեր չունենք:

-Համավարակի պատճառով բոլորը  ֆինանսական կորուստներ են ունեցել, շատ ընկերություններում աշխատավարձեր են կրճատվել,  աշխատակիցներ են դուրս մնացել: Ձեզ մոտ ի՞նչ իրավիճակ է եղել:

-Ինչպես Հայաստանի ու աշխարհի բոլոր կիոարտադրող ընկերությունները,  կինոթատրոնները,  «Մոսկվա» կիոթատրոնն էլ է ֆինանսատնտեսական վնասներ կրել:  Հայտնի է, որ կինոյի ոլորտում պլանավորումները շատ վաղ են արվում՝ մի քանի տարի առաջ: Ֆիլմերի նկարահանմանը զուգահեռ՝ որոշվում են նաև դրանց վարձութային շրջանակները, հետևաբար, չնախատեսված չեղարկումները միլիոնների վնաստներ են հասցրել թե՛ կինոարտադրողներին, թե՛ պրոդյուսերական ընկերությւոններին ու կինոթատրոններին: Քանի որ «Մոսկվա»  կինոթատրոնն ինքանֆինանսավորվող կառույց է, չունենք պետական աջակցություն կամ հովանավորներ, կարանտինի ամիսներին շատ ծանր օրեր ենք ապրել: Շնորհիվ ներքին ռազմավարական ծրագրերի,  ֆորսմաժորային իրավիճակում գործելու պայմաններին համապատասխան՝ կարողացել ենք տնտեսական բոլոր ծախսերը հոգալ, աշխատակազմի հիմնական կորիզը պահպանել:  Ստիպված էինք հաստիքների փոփոխություններ անել.  որոշ դեպքերում աշխատակիցների գործառույթներն են փոխվել՝ պահպանելով աշխատանքը: Կրճատումներ քիչ են եղել՝ այն էլ օբյեկտիվ պատճառներով:

-Չնայած որ կինոթատրոնը վերաբացվել է, անգամ  պրեմիերաներ եք ունեցել, այդուհանդերձ,  ինչպե՞ս եք աշխատելու՝  ինչպես նախկինո՞ւմ , թե այլ ձևաչափով:

-Երբ համավարակի պատճառով մարդիկ փակվեցին իրենց տներում, և գրեթե ամեն բան սկսեց առցանց ձևաչափով արվել, կինոինդուստրիայում էլ մեծ փոփոխություններ եղան: Կինոն շատ ճկուն է,  կարող է հանդիսատեսին էմոցիաներ պարգևել թե՛ կինոդահլիճում, թե՛ տանը: Կինոյի ոլորտն անմիջապես հարմարվեց իրավիճակին, կինոցուցադրություններ, անգամ պրեմիերաներ եղան նաև օնլայն հարթակներում՝ մարդկանց ստիպելով չհեռանալ կինոյից: Բայց կինոթատրոնից հեռանալն անխուսափելի էր: Հիմա մեզ շատ դժվար է այդ նույն մարդկանց վերադարձնել կինոթատրոն: Երբ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբացվեց, մենք տեսանք կինոդահլիճներին կարոտած հանդիսատեսի: Մարդիկ  գրեթե մեկ տարի փակված մնալուց ու տանը ֆիլմեր դիտելուց հոգնել էին: Առաջին շաբաթներին մենք հանդիսատեսի էմոցիաները զգում ու տեսնում էինք:

Իհարկե, շատ բան է փոխվել, որ նախկինում երբեք չի եղել՝ սկսած կինոդահլիճներում ֆիզիկական հեռավորություն պահպանելուց, մինչև ջերմաչափում, սանիտարահիգիենիկ միջոցների կիրառում: Այս ամենի պատճառով փոխվել է նաև կինոթատրոնի մթնոլորտը: Կյանքն է առհասարակ փոխվել, բայց ամեն ինչ իր հունով է ընթավում: Անցյալ տարվա չեղարկված միջոցառումները վերականգնել ենք: Ֆիլմերի ցուցադրման ամսաթվերի փոփոխություններ երբեմն լինում են՝ կապված տարածաշրջանում համավարակի պատկերի փոփոխության հետ.  լինում են դեպքեր, երբ Հայաստանում սահմանափակումները մեղմացվում են, բայց տարածաշրջանի այլ երկրներում՝ խստացվում: 2021-ը փորձում է դանդաղորեն վերականգնել 2020-ի կորուստները:

-Քանի որ համավարակը կինոարտադրության մեջ շատ բան փոխեց, այդ թվում համարտադրությունների, փառատոների կազմակերպման հարցում, օնլայն կինոդիտումների հարթակներ ստեղծվեցին: Չունե՞ք այդպիսի ծրագիր, որ, Աստված մի արասցե, եթե նորից սահմանափակումներ լինեն, դուք էլ նման հարթակ ունենաք ու ձեր հանդիսատեսը տոմս գնելով՝ շարունակի ֆիլմեր դիտել:

-Համավարակի առաջին օրերին նման գաղափար ունեինք:  Կան ոլորտներ, որոնք թե՛ առկա, թե առցանց ձևաչափով աշխատելուն սովոր են ու կարող են, բայց կինոթատրոնն այդ անսպասելի փոփոխությանը պատրաստ չէր: Գաղափարապես գիետինք՝ ինչ անել, սակայն իրագործելու համար տեխնիկական խնդիրներ ի հայտ եկան: Մենք տարբեր ընկերությունների  հետ ենք համագործակցում, որոնք էլ իրենց պայմաններ են սահմանել, հետևաբար առցանց հարթակ տեղափոխվելու համար մեր ու մեր գործընկերների շահերն ու պայմանները  պետք է համընկնեն: Բացի այդ, առցանց հարթակից հետո մարդկանց կինոթատրոն վերադարձնելը  շատ դժվար կլիներ: Տանը, այո, հաճելի է ֆիլմ դիտելը, բայց ձայնային էֆեկտները, կինոթատրոնային միջավայրն ու մթնոլորտը տանն ապահովել հնարավոր չէ: Կինոն մեծ էկարն է  սիրում ու պահանջում: Դրա համար էլ հույս ունենք, որ 2021-ին վերադառնալու ենք կինոթատրոն:

-2020-ին մեծ կորուստ ունեցաք. ապրիլին մահացավ  կինոթատրոնի երկարամյա տնօրեն, «Կինոմոսկվայի» խորհրդանիշ Մարտուն Ադոյանը: Ինչպե՞ս եք նրանից հետո շարունակում աշխատել, ստացվո՞ւմ է:

-Համավարակի հետ ավելի հեշտ հարմարվեցինք, քան Մարտուն Ադոյանի կորստի հետ:  Նրա գնալով՝  կինոթատրոնի կյանքի մի կարևոր շրջան փակվեց: Հայտնի է, թե Մարտուն Ադոյանն ինչ ահռելի ներդրում է  ունեցել, հատկապես ծանր ու դժվարին ժամանակներում կինոթատրոնն ինչ գնով է պահել:

Մի անգամ Մարտին Ադոյանը պատմեց, թե մութ ու ցուրտ տարիներին ինչպես էր աշխատում կինոթատրոնը, ինչպես էին ֆիլմեր ցուցադրում, ինչ դժվարությամբ էին Հայաստան բերում արտասահմանյան  ֆիլմեր, որքան բարդ է եղել ժապավենային ֆիլմ ցուցադրելը: Պատմում եր, որ 1990-ականներին  օրեր շարունակ Երևանը հոսանքազրկված է եղել, բայց կինոթատրոնը հոսանք է ունեցե, և մարդիկ կարողացել են այստեղ ֆիլմեր դիտել: Տառապանքի ու փորձությունների միջով է անցել կինոթատրոնը, և համավարակը, թերևս, այդ շղթայի  ամենաթեթև օղակն է:

Ամիսներ շարունակ, իսկապես,  դժվար էր, բայց վերաբացումից հետո ավելի մեծ պատասխանատվությամբ եկանք աշխատանքի, որովհետև ոչ միայն կինոթատրոնի կյանքը պետք  է վարականգնենք, այլև պարոն Ադոյանի արածը պետք է արժևորենք ու նրա գործը շարունակենք: Մեր ամբողջ աշխատակազմը շենքի ամեն անկյունում փնտրում է նրան. հուսով եմ՝ նա վերևից տեսնում է մեզ, մեր արածը: Պիտի պահպանենք կինթատրոնը: Մարտուն Ադոյանն իր ուսերի վրա է պահել «Կինոմոսկվան», հիմա այդ պարտականությունը փոխանցվել է մեզ: Մենք պետք է գնանք առաջ. սա ռազմավարական մոտեցում է: Դժվար է, որովհետև կան մարդիկ, որոնք գնում են ու իրենց հետ մի ամբողջ պատմություն են տանում:  Կան բացեր, որոնք երբեք չեն լրացվում: 

Կա դատարկ աթոռ, որը միշտ դատարկ է մնում: