Մի ամբողջ սերունդ գլխատվեց. պատերազմի, քաղաքական անհանդուրժողականության զոհասեղանին դրվեցին լավագույնները, ընտրյալները: Նրանց կրթության, դաստիարակության, լավ ապագայի համար ծնողները ոչինչ չէին խնայել: Նրանք կիրթ ու զարգացած էին, լուսավոր հայացք ունեին, աշխարհին նայում էին լայն բացված ու խորաթափանց աչքերով: Ու պատահական չէր, որ պատերազմի ժամանակ հենեց ամենաերիտասարդ սերունդն էր կռվում առյուծի պես, ամենաթեժ մարտերին առաջ մղվում, ինքնազոհության նետվում: Պատահական չէր, որ պատերազմի առաջին իսկ ժամերի մարտակոչին կամավոր Արցախ մեկնեցին ամենահայրենասերները, ազգային ամենաբարձր արժեքներն ու գաղափարները կրող երիտասարդները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհվել է 8 ուսանող, 6-ը՝ ժամկետային զինծառայող, 2-ը՝ շրջանավարտ:

Դավիթ Սարուխանյանը 2020-ին էր ավարտել հեռուստավավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը: Հենց խոսք է բացվում Դավթի մասին, դասախոսները չեն կարողանում հուզմունքը զսպել, ձեռքերով ուսերն են շփում, սարսռում. փշաքաղվում ենք հենց որ նրան ենք հիշում՝ ասում են: Դավիթ Սարուխանյանը երջանկահիշատակ  արվեստաբան Սարո Սարուխանյանի միակ զավակն էր: Դավիթն ինստիտուտում երբեք չի ասել, թե ում որդին է՝ քաջ իմանալով, որ նրա հորն, անկասկած,  բոլորն են ճանաչում:  Դավիթենց կուրսում   8 հոգի էին: Բոլորն են շեշտում՝ Դավիթն առանձնանում էր ոչ միայն համակուրսեցիներից, այլև շատ-շատերից, որովհետև գիտելիքների աննակարագրելի պաշար ուներ:

Նարինե Բերոյան՝ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հեռակա բաժնի ղեկավար

-Բոլոր ուսանողներին  անուն առ անուն ճանաչում եմ,  բոլորի մասնագիտական ունակությունները գիտեմ:  Դավիթը բոլորից տարբերվում էր, որովհետև անչափ կարդացած էր: Այնպիսի թեմա չկա, որին նա տեղյակ չլիներ: Ավելին՝ նա այնքան շատ գիտելիքներ ուներ, որ ցանկացածին կարող էր սովորեցնել: Շատ էր սիրում չինական արվեստը, առհասարակ Արևելքի մշակույթի սիրահար էր ու հրաշալի տիրապետում էր այդ ոլորտին: Բազմակողմանի զարգացած երիտասարդ էր՝ երաժշտություն, գիտություն, սպորտ, արվեստներ. չկար մի թեմա, որն ուղնուծուծով ուսումնասիրած չլիներ:

Դավիթը չափազանց բարի էր. ես տեսել եմ, թե ինչպես էր նա իր կուսընկերներին օգնում, միասին մոնտաժում էին, նրանց կուսայինների, դիպլոմային  աշխատանքների վրա էր աշխատում, Դավիթը նաև ծրագրավորում էր սովորել, արտակարգ տիրապետում էր նաև այդ մասնագիտությանը:

Շատ ցածր էր խոսում, թավշյա ձայնով: Դավիթն արշավում էր ամբողջ Հայաստանով մեկ, բոլոլոր գագաթները բարձրացել էր, մեր բնաշխարհի ամեն քար ու թուփ, սար ու ձոր գիտեր: Լուսանկարչական ապարատն էլ միշտ հետն էր, որ տեսածն ու զգացածը նկարահաներ: Շատ հետաքրքիր, արժեքավոր  դրվագներ էր նկարում: Չկա մի դասախոս, որ Դավթին չառանձնացնի, նրանով հիացած չլինի: Նրա հետ շփվելը հաճույք էր:  Քննությունները վերածվում էին արվեստաբանական, գիտական, փիլիսոփայական զրույցների, որոնց ընթացքում նա ցուցաբերում էր հանրագիտարանային գիտելիքներ: Թատրոնի պատմություն, անտիկ թատրոն՝ իր կառուցվածքով, պատմությամբ, պիեսներով, հեղինակներով, համաշխարհային փիլիսոփաներ, հռետորներ, արվեստագետներ ու արվեստաբաններ, գրողներ. նա բոլորին ու ամեն ինչ գիտեր: Այնքա՜ն հարուստ բառապաշար ուներ, որ հաճախ ես, որ ռուսական կրթություն ունեմ, քիչ էր մնում բառարանները քրքրեմ՝ բացատրություններն իմանալու համար: Նրանից հանգստություն էր հոսում: Ու ես, որ էմոցիոնալ եմ, շարժուն, ակամայից նրա նման հանդարտ էի դառնում:

Երբ ես իմացա, որ Դավիթը զոհվել է, շոկ ապրեցի: Նա ավարատել էր ինստիտուտը, ու մենք անգամ չգիտեինք, որ կամավոր պատերազմ է մեկնել: Այդքան հետաքրքրասեր, տարբեր զբաղմունքների տեր երիտասարդը, որին, թվում է, ոչինչ չէր պակասում այս կյանքում, հանկարծ ինքնակամ մեկնում է  պատերազմ: Պատերազմի մարտակոչի առաջին իսկ օրերից նա արդեն այնտեղ է եղել:

Դավիթն ինստիտուտն ավարտելուց հետո իր դպլոմը չէր տարել: Նրա զոհվելուց հետո մայրն է եկել-տարել: Դավիթն իր ծնողների միակ զավակն էր: Մայրն ասում էր. «Դավիթն շտապում էր ապրել, ամեն ինչ արագ էր անում: Կարծես կոդավորած լիներ իրեն, աում էր՝ ես քիչ եմ ապրելու, ամեն ինչ պիտի հասցնեմ, ինձ այսինչ բանը մի ասեք, ես դրան չեմ հասնելու»:

Նիկոլայ Դավթյան՝ կուրսի ղեկավար

Կուրսում Դավթի անունը դեմագոգ էինք դրել:  Եթե նա մի բան որոշեր, անպայման անելու էր: Ինչքան էլ հակառակը համոզեիր, ապացուցեիր, նա, միևնույն է, անելու էր իր վճռածը, իր իմացածը: Իսկ ինքը շա՜տ  գիտեր: Ընդունելության քննության համար  Բրեխտի, Ֆրեյդի, Ֆրոմի համադրություններով, խառնուրդով աշխատանք էր գրել: Ի՞նչ մեղքս թաքցնեմ. այնքան  լավ էր գրված, որ մտածեցի՝ էս երեխան ինչ-որ տեղից «թխել է»: Ստուգելու համար մի քանի պարբերություն copy past արեցի Google-ում: Նման դեպքերում Google-ը գտնում-բերում է  ամբողջ տեքստը: Ես փորձեցի, բայց ոչինչ չգտա. դարձյալ չհավատացի, որ Դավիթն ինքնուրույն է գրել այդքան բարդ աշխատանքը: Նրան ասացի՝ Դավիթ, նայիր աչքերիս մեջ ու ասա՝ որտեղի՞ց ես արտագրել: Պատասխանեց՝ ես եմ գրել: Ասացի՝ ես կասկածում եմ, որ դու ես  գրել: Դավիթն սկսեց խոսել Ֆրեյդի, Ֆրոմի, Բրեխտի, նրանց կապի մասին: Ես այլևս ոչինչ չունեի ասելու, «հանձնվեցի»:

Նա ապրիլյան պատերազմին էլ է մասնակցել: Տարիքով մեծ էր  համակուրսեցիներից: 1996 թվականին է ծնվել, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ ընդունվել է 2015  թվականին:

Դավիթը  շատ էր սիրում սարեր բարձրանալ, Էլբրուս էլ է  բարձրացել: Շատ համառ էր, սկզբունքային, իրասածի: Նա ավելի շատ փիլիսոփա էր, վերլուծաբան, տեսաբան: Բազմազբաղ էր, հազարումի գործ էր անում՝ և՛ դիզայներ էր, և՛ ծրագրավորող, և՛ փիլիսոփա:  Դավթի էլեկտրոնային նամակները մինչև հիմա պահում եմ: Նա չափից դուրս բծախնդիր էր, հարուստ բառապաշարով, քերականական բոլոր կանոնները խստորեն պահպանող նամակագիր էր:  Հանգիստ, անվրդով բնավորություն ուներ:

Ես առավոտյան  շատ շուտ եմ գալիս ինստիտուտ, երևի ամենաշուտը, բայց գալիս-տեսնում էի՝ Դավիթն արդեն ինստիտուտում է: Երբ մի հարց էինք փորձում պարզել, Դավիթը գալիս էր շա՜տ հեռվից՝ բացատրելով, հանգամանքները մանրամասնորեն ներկայացնելով: «Դավի՜թ, դե էդպես էլ ասա, էլի»,- համբերությունս հատած ասում էի:  Ուսմանը զուգահեռ՝ աշխատում էր, որ ինստիտուտի վարձը վճարեր:

Մարդ տեսակով հրաշալի էր. անտակ գիտելիքներ ուներ, Կանտն ամբողջությամբ էր ուսումնասիրել, այնպիսի բաներ գիտեր, որ մեկ-մեկ բարկանում էի՝ լավ, Դավիթ, էդքան խորությամբ ու մանրամասնորեն Կանտն ինչի՞դ էր պետք:

Պատերազմի երկրորդ օրն արդեն Արցախում էր:  Զոհվելուց բավականին ժամանակ անց է հայտնաբերվել նրա մարմինը:

Շատ հետաքրքիր խառնվածք ու  լավ գրիչ ուներ, լավ դրամատուրգ, արվեստաբան կլիներ:  Սցենարներ էր գրում: Անընդհատ փնտրտուքների մեջ էր, անընդհատ ինքնակրթվում էր, և, վստահ եմ, իր տեղը գտնելու էր, ավելի ճիշտ՝ նրան գտնելու էին, որովհետև շատ փնտրված մարդ էր, շատ զարգացած էր ու բանիմաց: Չգիտեմ՝ հետագայում կզբաղվե՞ր ռեժիսուրայով, բայց որ իր արժանի տեղը կյանքում  անպայման գտնելու էր, կասկած չունեմ:

Լարիսա Ստեփանյան՝ կինոտեխնիկայի, ֆիլմարտադրության հիմունքների դասախոս

-Սովորելու մեծ ձգտում ուներ Դավիթը: Չափազանց համեստ էր, նույնիսկ՝ ամոթխած. մեկ-մեկ ասում էի՝ Դավիթ, մի քիչ ակտիվ եղիր: Իմ հանձնարարություները լիարժեք կատարում էր: Ես նրան միշտ ասում էի՝ դու մտածելու բան չունես, մենք անընդհատ աշխատում ենք, ես տեսնում եմ քո ջանքերը:  Վերջում բարձր գնահատեցի նրա աշխատանքը: Երբ Դավթի մահվան բոթը լսեցի, առաջինը, որ մտածեցի, այն էր՝ հո չե՞մ նեղացրել այդ տղային, խիղճս տանջեց: Ամբիոնում հարցրի՝ տեսեք, ի՞նչ եմ նշանակել Դավիթին: Աշխատողը պատասխանեց՝ հիմա արդեն ի՞նչ կապ ունի: Պատասխանեցի՝ ո՛չ, ինձ համար մեծ կապ ունի, իսկ եթե ցածր գնահատականով նրան նեղացրած լինե՞մ:  Թեև հնարավոր չէր, որ Դավթին ցածր նշանակած լինեի, նրա աշխատանքը լավն էր, բայց ուզեցի ստուգել. համոզվեցի, որ բարձ եմ նշանակել, խիղճս հանգստացավ: Հազար ափսոս, որ նրա նման երիտասարդները չկան: Հիմա երբ նույն  լսարանն եմ մտնում, Դավիթն աչքիս առաջ է գալիս:

Լիլիթ Արզումանյան՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

– Լավագույնները գնացին: Մենք միշտ լավագույններին  ենք դնում զոհասեղանին: Մեր բուհից  այս պատերազմում 8 ուսանող զոհվեց, 6-ը՝ ժամկետային զինծառայողներ էին՝ պարի, դերասանական, օպերատորական ֆակուլտետներից, 2-ը՝ շրջանավարտ, որ կամավոր էին գնացել: Չգիտեմ՝ ինչպես պետք է ապրենք, որ արժանի լինեք այս տղաների թափած արյանը: Ապրելու ինչ համառություն ու կամք պետք է գտնեք, որ կարողանանաք ոտքի կանգնել ու հավերժ խնկարկել նրանց հիշատակը:

Այսօր պետք է ավելի մխիթարական խոսքեր ասել, ոչ թե հուսահատական: Մենք միշտ մեր ճակատագրին ենք վերագրել այն, ինչ կատարվել է մեզ հետ, բայց հիմա, երբ վերլուծում եմ՝ ինչ կատարավեց մեզ հետ, եկել եմ այն եզրակացությանը, որ այս ամենը մեր սխալ ապրածի հետևանքն է: Չկարողացանք զգաստ ու զգոն լինել, ավելի շատ զգայական էինք, որի իրավունքը չունեինք: Հիմա իմ խոսքն էլ է զգայական, բայց պետք է սթափվենք ու կարողանանք ճիշտ ապրել: Առաջվա պես չպետք է ապրենք, մեր յուրաքանչյուր քայլի համար պետք է ինքներս մեզ հաշիվ տանք:

Ապրիլյան պատերազմի մասնակից, արցախյան վերջին պատերազմում զոհված Դավիթ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված վերջին լուսանկարում ինքն է՝ իր արշավնեից մեկի ժամանակ մառախլապատ սարի պատկերին լուսանկարված, ներքևում՝ բոլորիս մոլորության մեջ գցած ու խանդավառ, հայրենասերներ երիտասարդներին պատերազմի ծուղակը գցած մարտակոչը՝ Հաղթելու ենք:

Սեպտեմբերի 27-ից հետո Դավթի ֆեյսբուքյան էջում մղկտացնող լռություն է, իսկ մինչ այդ՝ նախորդող օրերին ու ամիսներին,  հետաքրքիր ճամփորդություններ, արշավներ, համերգների տեսագրություններ, բարձր արվեստ, ազգային ու համաշխարհային մշակույթով մեծ հիացմունք, հայի հպարտություն, հումոր, ծիծաղ  ու անչափ, անչափ սիրուն կյանք կա…

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ