Գուցե համոզված եք, որ չափազանց լա՞վ եք ծանոթ վաղ շրջանի խորհրդային կինոյին, իսկ ի՞նչ կասեք այն կանանց մասին, որոնք հասարակության աչքից աննկատ են մնացել։  Ներկայացնում ենք կին ռեժիսոր-կինոպիոներների, որոնք սեփական ստեղծագործական ուղիով տարան վաղ ֆիլմարտադրությունը։ Խորհրդային կինոյի համր շրջանում գերակայում էին մի խումբ անուններ՝ Դովժենկո, Վերտով, Պուդովկին, և ամենից առաջ՝ Էյզենշտեյն։

Սակայն անգամ քսաներորդ դարասկզբին ֆիլմարտադրությունը ամենևին էլ տղամարդկանց մենաշնորհը չէր։

Առաջարկում ենք վերհիշել սովետական համր կինոշրջանի այն կին ռեժիսորներին, որոնք պատմության մեջ հաճախ անտեսվել են, նույնիսկ այն ժամանակներում, երբ Լենինը և նրա գաղափարակիցները սեռերի միջև հավասարություն էին քարոզում՝ Խորհրդային Միության ձևավորման առաջին օրերին։ Հեղափոխությանը հաջորդած անկայունության և անորոշության պայմաններում այս կանայք կատարել են տարբեր ընտրություններ: Նրանք ստեղծագործել են մի շարք ժանրերում՝ վավերագրությունից մինչև անիմացիա։ Նրանցից ոմանք տառապում էին տոտալիտար ռեժիմի հետևանքով՝ մինչ մյուսներն աջակցում էին համակարգին իրենց գաղափարախոսական կիnնոնկարներով։ Չնայած այս հանգամանքին՝ նրանց գործունեությունը հիմք հանդիսացավ հաջորդող սերունդների կին ռեժիսորների համար:

Օլգա Պրեոբրաժենսկայա

(դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ)

 Հայտնի լինելով որպես խորհրդային կինոարտադրության առաջին կին ռեժիսորը, Օլգա Պրեոբրաժենսկայան իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասանուհի։ Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 32 տարեկանում։ Օլգայի առաջին ռեժիսորական աշխատանքը ռեժիսոր Վլադիմիր Գարդինի հետ համատեղ Պուշկինի պատմվածքներից մեկի էկրանավորումն էր։ Պրեոբրաժենսկայան հաճախ էր շեշտում, որ որոշ լրագրողներ իր ազգանունը տպագրական սխալ էին համարում, և մինչև իրենց հոդվածները տպագրելը վերափոխում էին, այն դարձնելով տղամարդու ազգանվան տարբերակ։ Չնայած նախնական անվստահությանը, Պրեոբրաժենսկայան չի դադարում ստեղծագործել՝ իր ողջ կյանքի ընթացքում հեղինակելով շուրջ 14 ֆիլմ։ Օլգա Պրեոբրաժենսկայան անվանակոչվել է որպես Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ։

Էսֆիր Շուբ

(կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ)

Էսֆիր Շուբի կինոկարիերան սկսվել է 1922 թվականին «Գոսկինո» ստուդիայում, որտեղ նրան հանձնարարված էր նախահեղափոխական և արտասահմանյան ֆիլմերի գրաքննությունը։ Ստեղծագործական տեսանկյունից փոքր-ինչ կասկածելի այս աշխատանքը նրան հնարավորություն տվեց ձեռք բերել խմբագրի փորձառություն, մի հմտություն՝ որից նա հաջողությամբ օգտվեց հետագայում (ռեժիսորը ստեղծեց «Ֆիլմերի հավաքածու»)։ Իր առաջին՝ «Ռոմանովների դինաստիայի անկումը»(1927թ.) ֆիլմը ստեղծելիս Շուբը վերականգնել է տասնյակ ժամերի երկարություն ունեցող հատվածներ՝ կինոքրոնիկայից և սիրողական ֆիլմերից, դրանք խնամքով միացնելով կայսերական ընտանիքի պաշտոնական կինոարխիվի նյութերի հետ: Հետագայում նա հիմնականում աշխատել է գաղափարական և արդյունաբերական ֆիլմերի վրա, բայց նաև հետաքրքրված է եղել ֆեմինիզմով և նույնիսկ կինոսցենար հեղինակել, այն վերնագրելով՝ «Կանայք» : Այս նախագիծը ռեժիսորն այդպես էլ ավարտին չի հասցրել:

Ալեքսանդրա Խոխլովա

(դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ)

 Ալեքսանդրա Խոխլովան ծնվել է նշանավոր ռուս մտավորականների ընտանիքում: Նրա պապը ՝ վաճառական Պավել Տրետյակովը, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիրն է:  Խոխլովան դեռ վաղ տարիքից հաղորդակից էր արվեստին, սակայն  ընտանիքի արտոնյալ դիրքի պատճառով 1920-ականների վերջին սովետական պաշտոնյաները դադարեցնում են նրա դերասանական կարիերան: Պաշտոնապես հայտարարվում է, որ Խոխլովան «բավականաչափ գեղեցիկ չէ բեմ դուրս գալու համար», չնայած շատերն էին հասկանում, որ աղջկա միակ մեղավորությունը ազնվականության հետ նրա ընտանիքի կապերն էին: Ոչ ոք, սակայն, չխանգարեց նրան զբաղվելու ռեժիսուրայով: Խոխլովան նկարահանեց վեց կինոնկար, այդ թվում `«Սաշա» ֆիլմը, որը  պատմություն մի հղի գեղջկուհու մասին, ով ստիպված էր տեղափոխվել քաղաք` աշխատանք փնտրելու:

Մարգարիտա Բարսկայա

(դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ)

 Մարգարիտա Բարսկայան ծնվել և  մեծացել է Բաքվում: Կինոյում նկարահանվել սկսել է  մանկուց և մի քանի ֆիլմերից հետո, որոշում է կայացրել տեղափոխվել տեսախցիկի հակառակ կողմը: Ռեժիսորական հմտությունները և մոնտաժի արվեստը  սովորել է ամուսնուց՝ Պյոտր Չարդինինից, որին հետագայում լքել է՝ մեկնելով Մոսկվա: Տեղափոխվելով Մոսկվա նա երազում էր դառնալ մանկական ֆիլմերի ռեժիսոր՝ մի մասնագիտություն որը ինչպես նա շուտով իր համար պարզեց՝ դեռևս գոյություն չուներ: Չնայած որ Բարսկայայի կարիերան սկսվել էր կինոյի համր շրջանում, նա առաջիններից էր, ով սկսեց օգտագործել ձայնը: 1933 թվականին նրա նկարահանած «Պատռված կոշիկներ» ֆիլմը առաջին սովետական «խոսող» ֆիլմերից էր: 1937 թվականին Բարսկայային հեռացրին աշխատանքից և արգելեցին ֆիլմեր նկարահանել «գաղափարական նկատառումներից ելնելով»՝ կառավարության հետ հարաբերությունների վատթարացումից հետո: Երկու տարի անց ծայրահեղ ընկճված լինելով թե՛ քաղաքական իրավիճակից և թե՛ իր ողբերգական անձնական կյանքից՝  Բարսկայան ինքնասպան է լինում:

Բրումբերգ քույրեր

(Անիմատորներ)

Քույրերը, ծնված լինելով մեկ տարվա տարբերությամբ, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները  սովորել և աշխատել են միասին իրենց ողջ կյանքի ընթացքում: Վխուտեմասի հեղինակավոր գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո նրանք ընդունվել են Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) Առաջին Փորձարարական Անիմացիոն Ստուդիա: Սկզբում Վալենտինան և Զինաիդան աշխատում էին Ուոլթ Դիսնեյի 30-ականների աշատանքային ձեռագիրը հիշեցնող ոճով, սակայն հետագայում զարգացրին իրենց բնորոշ ոճը` հեղինակելով այնպիսի խորհրդանշական ֆիլմեր, ինչպիսին է Յուրի Ալյոշայի «Երեք Հաստլիկները» վեպի մինիմալիստական կինոադապտացիան (1963): Ի վերջո, նրանց կարիերան ունեցավ հինգ տասնամյակի տևողություն:

Աղբյուր

Թարգմանությունը՝  Էլեն Դանիելյանի