Կարեն Ավետիսյան․Էկզիստեքստ (մաս 9)
Նորություններ,Շտեմարան |11 Մարտ 2021,12:29 |
Էկզիստեքստ
* * *
Աշոտն անդադար խոսում էր իր ջոկատից, որ ջոկատը պրոֆեսիոնալ էր, անգամ բժիշկ կար, տղերքից մեկն էլ կուռաժիտ էղավ թե բա` «յանի բժիշկ խի՞ ա էկել», մյուսն էլ կատակով պատասխանեց` «որ թուրքերին բուժի»։
Ջոկատն իրոք պրոֆեսիոնալ էր, ունեցավ երեք վիրավոր և ընդամենը մեկ զոհ` բժիշկն ընկավ երեք վիրավորներից վերջինին փրկելիս . . .
* * *
Կիման պատմեց ամսուսնու` Կամո ձյայի մասին, որը դպրոցում ռազմագիտության դասատու էր. «թուղթուգրիչ էր վերցրել բլոտի հաշիվ գրելու համար՝ էն էլ հինգ րոպե հետո ստացվեց պատերազմի ավարտի լուրը, որը լսելուց հետո Կամո ձյան նույն թղթի վրա բլոտի հաշվի փոխարեն գրեց դպրոցից ազատվելու դիմում»։
* * *
«Ապեր, կռվից տուն գալու ճամփին Վայքի յաները մի հատ բրախած ժանգոտ պաբեդա տեսա, մանթոյից ուզում էի դրանով գայի մինչև մեր հայաթ, ջոգու՞մ ես, մերս ասել էր` «բալես, առանց հաղթանակ տուն չգաս»։
* * *
Նոյեմբերի 6-ին՝ ֆեյսբուքում, «post»-ը սեղմելուց առաջ դուխաթափ չանելու մտավախությամբ այնուամենայնիվ «սևագրերում» պահպանեցի մի հպանցիկ գրառում․ «Լիքը լսել եք չէ՞, որ «էրեխեն մեծանա` զինվոր ա դառնալու», «բալես, ի՞նչ ես ուզում դառնաս` զինվոր» ու տենց։ Էդ համատեքստի «զինվոր» հասկացության մեջ 100-99-ը կապ չունի զինվորական գործի` «զինվորական», ասել է թե մասնագետ, դառնալու հետ, ըտեղ բացառապես «մարտիրոսի», «նահատակի» կամ լավագույն դեպքում` «հերոսի» հայեցակարգն ա և ոչ մի կերպ` հմտության, փարձագիտության, մասնագիտության։ Զինվորը մեզանում կամ «հերոսն» ա կամ «զոհը» կամ շատ հաճախ` էդ երկուսի միասնությունը, իսկ մասնագիտացումը` միշտ, ամենոլորտ ու ամենուրեք ստորադասված ա առաքելականությանը»։
* * *
Դոկտորը պատմեց, որ 30 տարվա բուժքույրը տեսնելով, բառի ամենաբուն իմաստով, առանց դեմք մնացած զինվորին, լացակումած եկավ մոտը գոռալով` «դոկտոր, եթե զարթնի ես կմեռնեմ, բայց չեմ կարողանա պատասխանել «ու՞ր եմ, ի՞նչ ա եղել» հարցերին»։
Րոպեներ անց բուժքույրը ուղիղ պալատի մեջտեղը ուշագնաց եղավ, երբ անդեմ զինվորն եկավ գիտակցության։
* * *
Միևնույն օրվա 4-րդ հոգեհանգստի արարողության զինվորական հյուրերից մեկն ասաց` «միակ մխիթարանքն էն էր, որ պետք չի հասնել ուրիշ տեղ` մի ժամից էլի էս նույն սգո սրահում ա»։ Ասողի դեմքը ծանոթ էր, հիշեցի, որ տեսել ենք Խնածախում` մենք խոսում էինք պատերազմի սարսափից, իսկ հյուրասենյակում երեխայի ժպիտի մեջ տեղավորվում էր մի ամբողջ խաղալիք։
Հաջորդ օրը Արեգին ասացի, որ թաղումներից հետո էլ վրես հալ չի մնում, ինքն էլ ասաց, որ կյանքը խորհրդանշող ամենաֆանտաստիկ երևույթը` թաղումների ժամանակ ծիծաղացող ու թաղումը հարամող էրեխեքն են։
(շարունակելի․․․)
——————————————————————————————
Կարեն Ավետիսյան
Լուսանկարը` Խնածախ (15-ը նոյեմբերի)
Արցախ, 2020-2021
Հ․Գ․kinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝ առանց միջամտության։