Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ապրելու կերպը

Պատերազմը

Հաղթանակից հետո ավելի հեշտ է Արցախի մասին ֆիլմ նկարելը, ինչ խոսք, բայց մենք երբեք չենք համարել, որ պատերազմն ավարտված է ու վերջնական հաղթանակ ունենք, գոնե ես և իմ թիմը հետևողական պայաքարում էինք այդ հաղթանակի ամրագրման համար։ Այդ մասին են նաև մեր ֆիմերը, որոնք ուղղված լինելով  օտարազգի հանդիսատեսին հենց այդ նպատակն են ունեցել։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այսօր, էլ ավելի  կարևոր է դարձել Արցախի մասին ֆիլմեր նկարելը։ Մեր խնդիրն է պատմել աշխարհին Արցախի մասին, ասել, որ դեռ գալու է իրական հաղթանակի ժամանակը։ Հիմա ավելի կոնկրետ և դիպուկ պետք է լինել, որ օտարերկրացին նայի ու հասկանա  թե՛ բուն կոնֆլիկտը ,թե՛ պատերազմը, թե՛ հետևանքները։ Ադրբեջանը շատ անմարդկային էր գործում, ես իմ աչքերով եմ տեսել ամենը։ Շատ բան եմ տեսել ու կխոսեմ անաչառ։

Մենք 

Կարևոր ասելիք ունենք ներքին լսարանի համար։ Հայ հանդիսատեսը կարիք ունի ազնիվ , անկեղծ խոսքի, կարիք ունի այն արժեքների, որոնց կրողն է ինքն իսկապես և պետք չէ խաբել ժամանակավրեպ կամ կեղծ արժեքներով՝ շեղելու նպատակով առաջ քաշելով  մոդայիկ թեզեր։ Պիտի հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ կատարվեց մեզ հետ, ե՞րբ կույր էինք ու խուլ,  ե՞րբ  չէինք տեսնում ինքներս  մեզ։ Արցախը մեր Երուսաղեմն է, որի համար հազարավոր  մարտեր են ընթացել ու դեռ ընթանալու են։ Չե՞ք կարծում։

Ժամանակը 

Մեր համար գոյություն ունի միայն մի ժամանակ՝ դա առաջ գնալու ժամանակն է։ Արցախցիները մի հետաքրքիր ու հաստատուն մոտեցում ունեն՝ գերեզմաններին ասում են հանգիստարան․ միայն այդտեղ է գալիս հանձնվելու ժամանակը, երբ քեզ ձեռքերի վրա են տանում։ Ի՞նչ է դա նշանակում․ քանի դեռ հող չես դարձել պիտի պայքարես  կյանքի համար։ Եվ արվեստագետը պիտի ցույց տա սա մարդուն…ճշմարիտ արվեստագետը երբեք չպիտի կոտրվի, շահերի ծառայի։ Պետք է օգնել մարդկանց երազել ու գնալ այդ երազանքի հետևից։

Հաջողությունները 

Իմ թիմի առջև խնդիր եմ դրել՝ հասնել անհավանական հաջողությունների։ Յուրաքանչյուր մարդ այսօր ավելի, քան երբևէ, պիտի աշխատի, տքնի, որ հաջողություններ գրանցի, որ իրենով մի ողջ ազգ հպարտանա։ Ամեն մեկի փոքր հաջողությունը գլոբալ առումով մի մեծ հաղթանակ կդառնա։ Մենք ցանկանում ենք ստեղծել մեծ կինո՝ հանուն Հայաստանի և օր ու գիշեր՝ առանց ընկճվելու  աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հիմա երկու ֆիլմի վրա ենք կենտրոնացած՝«Սև ցուցակ»՝ Լապշինի մասին և «Վերածնվածը»։ Իմ բոլոր ֆիլմերն էլ Արցախի մասին են, Արցախի մասին պիտի շատ խոսվի, որովհետև ինչ ունենք ավելի թանկ, քան Արցախը։Այս պահին առաջին քայլերն ենք մշակում՝ առաջիկայում իրականացնել դրամահավքը  kickstarter-ում։Ամիսներ շարունակ  աշխատում ենք դրա վրա՝ մարքետինգային բոլոր պահանջներին համապատասխան, ֆիլտրելով, զտելով, բովանդակային շտկումներ անելով, որ արդյունքը գոհացնի։

Ուժեղ թիմ է աշխատում, որն ունի մեծ նպատակ և վստահ եմ, որ հաջողելու ենք։ Օր-օրի փորձում ենք աղյուսներ դնել  կառուցվող աշտարակի համար և  գնում ենք առաջ։ Մեկ մարդը կարող է փոխել աշխարհը դեպի լավը։ Կարևորը կամքի ուժն ու նպատակասլացությունն է, չնահանջելն ու հաստատակամորեն առաջ ընթանալը՝ հաղթահարելով խոչընդոտները։ Իհարկե հաջողության հասնելու ճանապարհին անխուսափելի են նաև ձախողումները։ Ժամանակն է մտածե՛լ ավելի, երազե՛լ ավելի, գործե՛լ ավելի՝ քան երբևէ․․․Հայ ժողովուրդն, անկասկած, ունի կամքի ուժ և կարող է ու պետք է գնա դեպի իր մեծ նպատակը։

Չերազող հարևանը

Շատ խանգարող բաներ կան՝ թշնամի հարևան Ադրբեջանից մինչև չերազող իմ հարևան հայրենակիցն ու ազգականը կամ վաղեմի ընկերը։ Խանգարելը միայն սլացող կառքի անիվներ մեջ փայտ նետելը չի, որ շուռ գաս…Պետք է ուժ գտնենք մեր մեջ և  դուրս գալ այս ճահիճից՝ ստեղծելով  լավագուն արդյունքները։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ կան երազող ու պայքարող մարդիկ։ Առաջին հերթին միջավայրն է, որ կարող է իրավիճակ փոխել։ Ես չեմ ընդունում, չեմ հասկանում, ինչ է նշանակում փախնել իրականությունից։ Ոչ, ամեն վայրկայն պետք է պայքարել….այո, սխալներ կան ժողովրդի կողմից գործած, բայց այդ սխալները չպիտա դառնան խարան կամ պարան մեր վզին։ Պիտի հետ նայենք ու արժևորենք նաև սխալները, որ էլ չկրկնենք, խուսանավենք դրանցից ու ճիշտ ճանապարհ  ընտրենք։ Ազգային գիտակցությամբ, միաբանությամբ, գիշեր ցերեկ աշխատելով պիտի առաջ գնալ, ստեղծել ու ապրել։

Ի վերջո

Մենք լինելու ենք, ապրելու ենք այս արևի տակ, մեր հողի վրա, իսկապես արժեք է լինելու հայը, նվիրյալ զինվորը, հայոց լեզուն, եկեղեցին,  մարդը: Ես հավատում եմ այս ամենին, եթե չհավատայի, կվերցնեի ընտանիքս ու կհեռանայի, բայց մնում եմ, որ դուք էլ հավատաք։ Ես ամեն առավոտ արթնանում եմ  շատ մեծ բեռի տակ։ Ինձ համար շատ դժվար է, բայց ես ամեն օր անում եմ հնարավոր ամենը, որ կարողանամ հավատալ ու երազել։ Ես հավատում եմ այս երկրին, բանիմաց հային և դա ինձ ապրեցնում է։ Ես հավատում եմ, որ մենք շարունակելու ենք ապրել Արարատի փեշին, Արարատով, Արարատը մեր մեջ։ Փոքր երկիր լինելը խոչընդոտ չէ մեծ գործեր իրականացնելու և հաջողության հասնելու համար։ Կարևորը հավակնոտ նպատակներ դնելն ու անդադար աշխատելն է։ Սա այն է, ինչ հայը կարող է անել։

Մտածե՛լ ավելի, երազե՛լ ավելի, գործե՛լ ավելի՝ քան երբևէ․․․