«Հասկեր»․ Ֆիլմ-առերեսում սեփական մեղքերի ու պատմության հետ
«Այս աշխարհում այնքա՜ն անարդար բան կա, բայց մենք ինչ-որ կերպ ապրում ենք դրանց հետո, որովհետև ոչինչ անել հնարավոր չէ։ Բայց ես կարծում եմ, որ կան բաներ, որ ավելի անարդար են, քան մյուսները։ Դա նման է նրան, որ տեսնում ես փողոցում պառկած հարբեցողին ու մտածում՝ «խմած է», անցնում ես առաջ, քո գործերին և ընդհանրապես․․․Բայց, երբ երեխա ես տեսնում փողոցում պառկած, այլևս չես կարող անցնել կողքով։ Հասկանո՞ւմ ես»։
Հենց արդարության, սեփական մեղքի և պատասխանատվության գիտակցումն է ընկած լեհ ռեժիսոր Վլադիսլավ Պասիկովսկու «Հասկեր» ֆիլմի գաղափարական հիմքում, որը յուրահատուկ առերեսում է սեփական ինքնության հետ ոչ միայն անհատական մակարդակում, այլև ազգային, էթնիկ հիշողության։
Սեփական ինքնության և հայրենիքի պատմության միջև ընտրությունը Պասիկովսկու համար ավարտվում է ճշմարտությամբ, որն այնքան դառն ու ծանր է, որ անգամ 60 տարի անց հնարավոր չէ ընդունել՝ առանց անձնական պարտությունների։
Ֆիլմը պատմում է 2000-ականների սկզբին լեհական փոքրիկ գյուղում բնակվող ընտանիքի, երկու եղբայրների միջև բարդ հարաբերությունների, անձնական դրամայի և ազնվության մասին։ Ֆրանտիշեկ Կալինան, որը 20 տարի առաջ գյուղից մեկնել է ԱՄՆ, ընտանիք կազմել, վերադառնում է հայրենի գյուղ՝ կրտսեր եղբորը՝ Յուզեֆին տեսակցելու։ Գյուղ հասնելուն պես Ֆրանտիշեկը հասկանում է, որ իր անհաջողակ եղբայրը համագյուղացիների համար վերածվել է թշնամու․ կինը՝ երեխաների հետ, լքել է նրան, նա ինքնամոռաց խմում է։ Համագյուղացիները առիթը բաց չեն թողնում Յուզեֆին ստորացնելու, սրբապիղծ կոչելու։ Բանը հասնում է դաժան ծեծին ու Յուզեֆի շան սպանությանը՝ որպես նախազգուշացում։
Հետագայում Ֆրանտիշեկը պարզում է, որ եղբոր նկատմամբ համագյուղացիների ատելության պատճառն այն է, որ նա քանդել է դեպի գյուղական եկեղեցի տանող ճանապարհը և հանել հին հրեական գերեզմանաքարերը։ Նա անգամ վաճառել է ունեցվածքը՝ գյուղացիներից մի քանիսի տների տարածքում գտնվող գերեզմանաքարերը գնելու համար։ Շուտով Յուզեֆը հրեական հետքեր է գտնում գյուղի ողջ տարածքում՝ արտերում, ճամփեզրերին, տների պատերին։ Քարե հիշողության փրկված պատառիկները Յուզեֆը հավաքում է իրեն պատկանող արտում։ Նրա միակ լուռ աջակիցը եկեղեցու երիտասարդ սպասավորն է, որը վստահ է՝ «Նա Աստծո գործն է անում»։
Պատմությունը սկսվում է նրանից, որ Յուզեֆը դիմում է բանկ՝ վարկ ստանալու խնդրանքով։ Բանկը մերժում է՝ մեկնաբանելով, որ տան սեփականության վկայականի հետ կապված խնդիրներ կան։ Արխիվում Ֆրանտիշեկը պարզում է, որ իրենց հայրը՝ մյուս համագյուղացիների հետ, գյուղում հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, իսկ մինչ այդ տները պատկանել են գյուղի բնիկ հրեաներին, որոնք, իբր, սպանվել են գերմանացիների կողմից։ Որքան շատ են եղբայրները փորփրում անցյալը, այնքան սարսափելի է դառնում իրականությունը և վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Ճշմարտությունը բացահայտելու համար եղբայրները դիմում են գյուղի տարեցներին, ովքեր պատերազմական գործողությունների ականատես կամ մասնակից են եղել։ Նրանք պատմում են, որ գյուղը, իրոք, հրեական է եղել, սակայն հետագա իրադարձությունների մասին նրանք հրաժարվում են պատմել։ Կցկտուր ակնարկներից եղբայրները հասկանում են, որ գյուղում մնացած հրեաները սպանվել են ճահճուտում գտնվող լքված տանը, որը նախկինում իրենց հորն է պատկանել։
Տան մոտակայքում Յուզեֆն ու Ֆրանտիշեկը հայտնաբերում են տասնյակ մարդկանց եղբայրական գերեզման, իսկ հարևանությամբ բնակվող տարեց կինը խոստովանում է՝ նրանց տանը փակել և ողջ-ողջ այրել են ոչ թե գերմանացիները, այլ լեհերը, որոնց նացիստները խոստացել էին սպանվածների ունեցվածքը։ Կինը նաև նշում է այն մարդու անունը, որն իբր այրել է տունը։ Հայտնվելով տարեց մարդու մոտ՝ եղբայրները բացահայտում են ամենասարսափելին․ տունը այրողները երկուսն են եղել, այդ թվում՝ իրենց հայրը։
Նոր բացահայտված իրողությունները, կեղծիքի մեջ ձևավորված անցյալն ու ներկան, հոր և սեփական ինքնության մասին փշրված պատկերացումները, արդարության՝ իրար հակասող ընկալումները, «օտար մեռելների» և սեփական կյանքի, ընտանիքի միջև ընտրությունը անհաղթահարելի են դառնում եղբայրների համար։ Սուր վեճից հետո Ֆրանտիշեկը հեռանում է գյուղից և որոշում վերադառնալ ԱՄՆ, սակայն առավոտյան իմանում է, որ Յուզեֆը դաժանաբար սպանվել է։ Նրան խաչել են։
2012 թվականին նկարահանված և Լեհաստանում խիստ քննադատված Պասիկովսկու ֆիլմը պատմական դրամա չէ։ Այն անձնական, անհատական ապրում է, և իրականությունը հաղթահարելու փորձ։ «Հրեական հարցը» կամ լեհերի մասնակցությունը հրեաների ոչնչացմանը, Լեհաստանի ժամանակակից պատմության ամենախոցելի, ցավոտ և միևնույն ժամանակ չուսումնասիրված խնդիրներից է։ Մտավորականներից շատերը խուսափում են անցյալի այս իրադարձությունների գաղտնազերծումից, քանի որ դրանց հիման վրա է ձևավորվել ազգի պատմական հիշողությունը։
Պասիկովսկու ֆիլմը անդրադարձ է ոչ միայն պատմական իրողություններին, այլև ժամանակակից աշխարհում տիրող ներքին, քողարկված ֆաշիզմի դրսևորումներին։ Այդ պատճառով է, որ ռեժիսորը ցուցադրում է սովորական, օրինակելի գյուղացուն, ոստիկանին, եկեղեցականին, մարդկանց, որոնք պատրաստ չեն ընդունել սեփական մեղքերը, սակայն պատրաստ են դատել և սպանել ուրիշին։ Մյուս կողմից, ֆիլմի գլխավոր հերոսը՝ Յուզեֆը, անհաջողակ հարբեցող է, հակահերոս, որը սակայն արդարության և անհատական պատասխանատվության խորհրդանիշ է դառնում։ Այս հակադրությամբ Պասիկովսկին, կարծես, հույս է հայտնում, որ ժամանակակից մարդկության ճակատագիրը որոշված չէ, և յուրաքանչյուրը դարձի ճանապարհ ունի։
Ֆիլմի ավարտական կադրերում երևում է, որ արտում, որտեղ Յուզեֆը խնամքով հավաքում էր հրեաների գերեզմանաքարերն ու անցյալի հիշողությունները, հրեաների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվել։
Հայրերի մեղքերի և որդիների ուրացության մասին պատմող այս ֆանտաստիկ ֆիլմ-խիզախումը կարող էր կոչվել նաև «Հունձք», որովհետև բոլոր արարքները վերադառնում են որպես հետևանք՝ այլ ժամանակային իրականության մեջ։
Սոնա Մարտիրոսյան