Արդեն ամիսներ է, ինչ Ֆրանսիան պահանջում է վերաբացել իր մշակութային հաստատությունները։ Ցավոք, հորիզոնում միայն լեփ-լեցուն հիվանդանոցներն են և դատարկ կինոթատրոններն ու թանգարանային սրահները։

Փակ է նաև Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ 2020 թվականի հոկտեմբերին բացվել էր Արտավազդ Փելեշյանին նվիրված «Բնություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Մարդաշատ բացումից մի քանի օր անց, Մակրոնը հայտարարեց փակել բոլոր մշակութային հաստատությունները և սպասել աշնան ավարտին, ապա՝ ձմռան տոներին, վերջապես՝ գարնան գալստյան։ Եվ այսպես, ամիսներ է, ինչ Վարպետի նոր՝ «Բնություն» ֆիլմը սպասում է թանգարանային մութ սրահում, չնայած այն սպասել սովորել է, վերջիվերջո 27 տարվա մտորումների արդյունք է։ Բայց Կարտիե հիմնադրամի թիմը սպասելու փոխարեն նախաձեռնել է նոր, այս անգամ առցանց ծրագիր Փելեշյանի արվեստի  մասին։ Հիմնադրամը ստեղծել է «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որը հասանելի է բոլորին արդեն այսօրվանից՝ մարտի 10-ից։

Երկար ամիսների աշխատանքի, եզակի արխիվային նյութերի համախմբման և Վարպետի հետ ունեցած բազմաթիվ զրույցների արդյունքում, Կարտիե հիմնադրամը կարողացել է ստեղծել հայազգի ռեժիսորին նվիրված առաջին նման կարևորության համացանցային էջը։ Կայքը կառուցված է ժամանակագրական չորս գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է մի շարք կինոքննադատների հարցազրույցներով և քննարկումներով հայ ռեժիսորի ֆիլմերի, դրանցում օգտագործված երաժշտության, պատկերների և բնականաբար դիստանցիոն մոնտաժի շուրջ։ Կայքէջը երկլեզու է՝ անգլերեն և ֆրանսերեն, իսկ բոլոր տեսանյութերն ունեն նաև հայերեն ենթագրեր։

Ուշագրավ է կայքի նախաբանը, որտեղ կարելի է տեսնել Արտավազդ Փելեշյանի տիկնոջ՝ Աիդա Գալստյանի բացառիկ հարցազրույցը՝ պատմող հետաքրքիր մանրամասներ Վարպետի երիտասարդ տարիների, ՎԳԻԿ-ում ստացած եզակի դիպլոմի և ֆիլմերի նկարահանումների մասին։ Նույն նախաբանում կարելի է կարդալ նաև ռեժիսոր Ատոմ Էգոյանի հուզիչ նամակը ուղղված Արտավազդ Փելեշյանին։  Կայքէջի թերևս ամենագեղեցիկ հատվածներից է «Սիրելի Արտավազդ» կոչվող տեսանյութերի շարքը, որտեղ արվեստի ոլորտի մի շարք կարևոր ներկայացուցիչներ՝ Մելիք Օհանյանը, Սարահ Սզեն, Ժան-Միշել Ֆրոդոնը և այլք, իրենց ջերմ խոսքերն են ուղղում Արտավազդ Փելեշյանին։

Եվ այսպես, հրավիրում ենք բոլորին անցնել համացանցային դաշտ, որտեղ վիրուսներն արդեն ունեն իրենց փորձված պատվաստումները, և վայելել հայազգի ռեժիսորին նվիրված այս հարուստ շրջայցը՝ https://www.fondationcartier.com/projets-en-ligne/artavazd-pelechian։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2021թ․