Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի  «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում  2020-ին ընտրված ֆրանսահայ կինոռեժիսոր Մորա Մարտիրոսյանի  «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Drop) ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո ռեժիսորը, դերասանները, աջակիցները պատմեցին  կինոնկարի հետկուլիսային անցուդարձի, նկարահանումների, իրենց ապրածի ու զգացածի մասին:

«Երբ որ քամին հանդարտվի»  համատեղ կինոարտադրության ( Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա)  ֆիլմը  մարտի 10-ին բարձրացավ հայկական էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։

Նորա Մարտիրոսյան  («Երբ որ քամի հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր)

– Ֆիլմն ընտրվեց Կաննի փառատոնում այն ժամանակ, երբ համավարակի պատճառով Ֆրասիայում  խիստ սահմանափակումներ էին գործում: Օգոստոսից մինչև սեպտեմբեր մենք կարողացանք ֆիլմը ցուցադրել Ֆրանսիայում, իսկ  սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ փարիզյան պրեմիերան:  Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն  ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց , որ Արցախում պատերազմ է սկսվել:

Երբ  ֆիլմը ներկայացնում էի  տարբեր կինոդահլիճներում,  դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր: Ինձ համար շատ կարևոր էր, որ ֆրանսիական  Arte հեռուստաընկերությունն իմ և ֆիլմի մասին ակնարկ պատրաստեց՝ անդրադառնալով Արցախին ոչ թե քաղաքականության, այլ արվեստի տեսանկյունից: Ամիսներ առաջ մարդիկ նայում էին ֆիլմն ու չգիտեին, որ երկրագնդի վրա Արցախ անունով երկիր կա, իսկ այսօր արդեն այլ աչքերով են նայում: Այս շաբաթ ֆիլմը կցուցադրվի Ժնևի մարդու իրավունքներին նվիրված փառատոնին: Սա շատ կարևոր է, որովհետև այն,  ինչ չի կարող անել քաղաքականությունը, միգուցե անի արվեստը:

Միգուցե զզարմանաք, եթե ասեմ, որ օտարազգիները ֆիլմը ճիշտ  են ընկալել: Նրանք հարցնում էին՝ երբ քամին հանդարտվի, օդանավակայանը  կբացվի, ժողովուրդը կկարողանա շնչել: Միգուցե ոչ բոլորն են այդ միտքն ընդունել, ասելիքը հասկացել, բայց ես շատ  նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ հենց այդ գաղափարն են շեշտում: Թերթերում գրված մեկնաբանություններն էլ են վկայում, որ ֆիլմը ճիշտ է ընկալվել:

Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: 

Երբ ֆիլմի սցենարը գրվում էր, պրոդյուսերը հարցրեց ինձ. «Նորա, ի՞նչ ես կարծում օդանավակայանը մի օր կբացվի»: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Ես չեմ կարծում, որ կբացվի օդանավակայանը, բայց ամեն անգամ օդնավակայանի կողքով անցնելիս անպայման նայում եմ՝ միգուցե՞ ինքնաթիռ է եկել: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված  ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են: Ամեն անգամ,  երբ Արցախ էի գնում, ինձ ասում էին՝ Նորա ջան, մյուս տարի ինքնաթիռով կգաս:

Ֆիլմի հերոսը՝ երեխան,  ջուրը ծախում է, որպեսզի իրենց հողը չվաճառվի, որպեսզի հողը մնա իրեն: Արման Նավասարդյանի մարմնավորած հերոսն ասում է՝ ո՞ւմ է պետք այն հողը, որը չի մշակվում: Սա այն հարցն է,  որն այդպես էլ չլուծվեց, մնաց հաջորդ սերունդներին, ինչպես Արցախն ազատագրելու խնդիրը մնաց գալիք սերունդներին:

Շուշանիկ Միրզախանյան ( Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն)

– 2018 թվականին ֆիլմի  ֆրանսիական գործընկերներն արդեն կային, և պետք է նախագիծը  ներկայացվեր Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար: Հայաստանի ազգային կինոկենտրոնն արագ արձագանքեց  ու չսխալվեց, որովհետև նախագիծը հաջողված էր.  արժանացավ Եվրիմաժի հավանությանը և լրացուցիչ ֆինասավորում ստացավ: Ուրախալի է, որ այդ գումարները ծախսվեցին հենց Հայաստանում: Հայտնի է, որ Եվրիմաժով անցած ֆիլմերի առջև մեծ հնարավորություններ են բացվում՝ ցուցադրվելով  եվրոպական դահլիճներում,  մեծաթիվ հանդիսատեսի առաջ:  Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություններ կունենա և այսուհետև էլ արժանիորեն կգնահատվի:

Ի դեպ, հատուկ կարգ է գործում,  ըստ որի՝ Եվրիմաժից ֆինանսավորում ստանալու համար նախագիծը պետք է  ունենա ոչ միայն տվյալ երկրի պետական աջակցությունը, այլև պետք է ունենա նախագծի բյուջեի 50 տոկոսը:

Վերջին անգամ հայկական ֆիլմը 1960-ականներին է ներկայացված  եղել  Կաննի միջազգային փառատոնին: Նորայի շնորհիվ 2020 թվականին մեր երկիրը հայկական ֆիլմով մասնակցեց  միջազգային հեղինակավոր փառատոնին, ինչը բոլորիս շատ ոգևորեց:  Այդ մեծ հաջողությունը պետք է դեռ անցյալ տարի նշեինք, բայց հայտնի պատճառներով այն տեղի չունեցավ:

Արման Նավասարդյան ( ֆիլմի դերասան)

-Նկարահանումների ժամանակ մտածում էինք՝  իսկ եթե հանկարծ հրաշք կատարվի և ֆիլմից հետո օդանավակայանն սկսի աշխատել: Այդպես մտածելն Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքն է:  Դեռ նկարահանումների ժամանակ էինք Նորայի հետ խոսում, որ եթե օդանավակայնը չբացվի, միևնույն է, ֆիլմը լուրջ դեր  է ունենալու, որովհետև մեծ ասելիք ունի:

Ադրբեջանը Կաննի փառատոնի կազմակերպիչներին  նամակ էր գրել, բողոքել, թե հայերն իրենց տարածքներն օկուպացրել են, ֆիլմ են նկարել, դուք էլ այն ներկայացնում եք փառատոնին: Արցախում այնպիսի վայրեր կան, որ այս ֆիլմից ու հատկապես պատերազմից հետո  այլևս չեմ կարող գնալ: Շուշիի ծննդատունն ենք նկարել, որտեղ իմ մարմնավորած հերոսի երեխան է ծնվում: Այսքանից հետո էլ չեմ կարող խոսել:

Գրեգուար Քոլին ( ֆիլմի գլխավոր դերասան)

-Գալով Հայաստան՝  ես բացահայտեցի, որ երկրի վրա դրախտ կա: Ինչ-որ մեկը գրել է՝ ճամփորդություններն անհրաժեշտ են, որպեսզի հասնես ինքդ քեզ: Ես այլ մեկնաբանություն ունեմ՝ ճամփորդում ես, որպեսզի հասնես ճամփորդին: Ճամփորդությունս շատ յուրահատուկ  էր, որովհետև դրա  շնորհիվ կարողացա բացահայտել երկրային դրախտը՝ Արցախը:

Վարդան Պետրոսյան  ( ֆիլմի դերասան)

– Ես խենթի եմ մարմնավորում, որն  ամենախելացի հերոսն է: Ֆրանսիայում Նորան զանգեց ինձ՝ ֆիլմում ազատամարտիկ Արմենի կերպարը մարմնավորելու համար: Ասեմ, որ կինոյի հարցում շատ քմահաճ եմ, որովհետև ես ու կինոն իրար չենք սիրում: Նորան սցենարն ուղարկեց, հասկացա, որ պիտի մերժեմ, բայց նա  իմ մերժումը չընդունեց: Հանդիպեցինք Նորայի հետ, զրուցեցինք իմ կերպարի մասին, որն իր լուռ խենթությամբ ու խենթ լռությամբ շատ դուր եկավ ինձ:

Այս ֆիլմը ճիշտ ժամանակին էկրան բարձրացավ ու բոլորովին այլ ընկալում առաջացրեց: Արցախյան բնաշխարհը, պատկերներն արդեն այլ կերպ են ընկալվում, այլ կերպ են մարդիկ, նրանց երկխոսություններն ընդունվում:  Մարդն ամենաշատը սիրում է այն, ինչը կորցնում է: Մենք Արցախը ջրի ճամփա էինք դարձրել, իսկ հիմա այն  մեզ համար արգելված գոտի է:

Պատերազմը փոխեց ֆիլմի ընկալումները:  Հայազգի ռեժիսորն այլևս չի կարող թեման չքաղաքականացնել: Ինքն էլ է շեշտում այդ հանգամանքը:

-Պատերազմի ժամանակ ինձ համար շատ բարդ էր խոսել ֆիլմի մասին: Բայց ինչ-որ պահի ես հասկացա, որ իրավունք չունեմ չքաղաքականացնել, չէի կարող պրոբլեմի խորությանը մակերեսորեն անդրադառնալ: Ատելության կոչ անել չեմ ուզում, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող վերլուծել իրավիճակը, բայց չեմ կարող արցախյան կորուստների հետ հաշտվել: