Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կինոնախագիծն իրականցնելու նպատակով մարտի 30-ից kickstarter.com հարթակում մեկնարկել է ֆիլմի դրամահավաք-արշավը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել kickstarter.com կայք,  փնտրել Revival: a film by Jivan Avetisyan, գտնել լիարժեք ինֆորմացիա ֆիլմի մասին: Որոշակի գումարի չափով նվիրաբերություն անելու դեպքում կարելի է նաև նվեր ընտրել՝ դիտել Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերը։

Այս մասին, մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ջիվան Ավետիսյան, հավելելով, որ  դրամահավաքի անհրաժեշտ շեմը, 100 հազար ԱՄՆ դոլարն է: Այն կազմում է «Վերածնվածը» ֆիլմի արտադրության ընդամենը 10 տոկոսը:

«Աջակիցների օգնությամբ կարողացել ենք ֆիլմի զարգացման գումարը հավաքել: Դրամահավաքի միջոցով վերոնշյալ գումարը գտնելուց հետո աշնանը դիմելու ենք Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Հաջորդ տարի հունվարին հայտ ենք ներկայացնելու միջազգային ֆոնդերին, բայց դա չի նշանակում, որ գումարը հավաքվելու է միայն դրամահավաքով. այժմ արդեն բանակցություններ են ընթանում տարբեր ֆոնդերի, ներդրողների հետ: Նախատեսվում է ֆիլմի արտադրությունն սկսել 2022 թվականի աշնանը»,-ասաց Ավետիսյանը:

Ռեժիսորը նշեց, որ  2018-ին սկսել են աշխատել «Վերածնվածը» ֆիլմի վրա, որն անդրադարձ էր լինելու 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: «Մեզ համար առաջնային է ստեղծել արվեստի գործ, բարձրորակ աշխատանք, որի միջոցով կպատմենք Արցախի մասին: Հիմա առավել կարևոր է ապագա սերունդներին իրականությունը մատուցելը: Պետք է կարողանանք գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, որը կատարվել է մեզ հետ և կարողանալ ֆիլմի միջոցով ներկայացնել թե՛ մեզ, թե՛ հանրությանը»,- նշեց ռեժիսորը:

Ինչպես Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», այնպես էլ ռեժիսորի նոր նախագիծն անհատների, մարդկային ճակատագրերի մասին է։ Նրա ֆիլմերի հերոսներին միավորում է Արցախյան պատերազմը, սակայն, այս անգամ,  այն կունենա բոլորովին այլ մոտեցում։

«Մի կնոջ գաղտնիքը», որը դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան/Արցախ: