«Արտավազդ Փելեշյանի՝ դեպի կինո ճանապարհն սկսվել է այս խաչմերուկից» գրությունն է փակցված Թումանյան 31 հասցեի սրճարանի դիմահայաց պատին: Նույն անկյունում փոքրիկ սեղան կա՝ երկու աթոռով. Վարպետի սիրած տեղն է:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, երբ 2-3 տարի առաջ Արտավազդ Փելեշյանի հետ Երևանում զբոսնելիս  է եղել, առաջարկել է իր սիրած սրճարանում սուրճ խմել: Մեկ-երկու. Վարպետին էլ է սկսել դուր գալ սրճարանը, ու առիթի դեպքում ինքն է  Հրանտ Վարդանյանին առաջարկել այնտեղ գնալ: Եվ  այստեղ մի բաժակ սուրճի շուրջ զրուցելը  դարձել է ավանդույթ: Մի օր էլ Հրանտի մտքով անցել է խորհրդանշական վայրն արժևորել և  ուշադրության արժանացնել՝ հատուկ գրությամբ, ինչպես նաև  Արտավազդ Փելեշյանի անվանական աստղով:

Պատերազմից հետո Երևանը դեռ շոկի մեջ է, քաղաքային կոլորիտը, որ առանց այն էլ հետզհետե կորցնում ենք,  այս օրերին լիովին խամրել է: Արտավազդ Փելեշյանի աստղի բացման ու նրա մեծարման հանդիսությունը փոքր-ինչ աշխուժություն է հաղորդել Թումանյան փողոցի վերին հատվածին: Վարպետը ևս իր ներկայությամբ պատվեց արարողությունը, թեև, ավանդույթի համաձայն, հարցազրույց չտվեց, ելույթ չունեցավ:

Արտավազդ Փելեշյանը նստեց սրճարանի իր սիրելի անկյունում. կողքին այս անգամ նրա կինն էր՝ տիկին Աիդան: Միասին բաժակ բարձրացրին ու շնորհավորեցին միմյանց:

«Արտավազդ Փելեշյանի՝ դեպի կինո ճանապարհն սկսվել է այս խաչմերուկից»  գրությունն ի՞նչ նախապատմություն է պարունակում, Վարպետն այդ մասին չխոսեց, Հրանտ Վարդանյանն էլ չասաց: Գրության ներքևի մասում կա QR կոդ. հեռախոսի էկրանը վրան պահելով՝  բացվում է «Արտավազդ Փելեշյան» նորաստեղծ կայքը: Սրճարանի հաճախորդները կամ անցորդները կարող են այսկերպ տեղեկություններ ստանալ մերօրյա ու բոլոր ժամանակների կինոլեգենդի, նրա ֆիլմերի, գործունեության մասին, ինչպես նաև դիտել Փելեշյանի մասին նկարահանված ֆիլմերը:

Հիշեցնենք, որ Կարտիե հիմնադրամը ստեղծել է «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջը։

Նաիրա Փայտյան