Երկու տարի առաջ ԱՄՆ տեղափոխված Աննա Խաչատրյանն այս ընթացքում հասցրել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացումն անել, երաժշտական փոքրիկ ֆիլմ նկարահանել Սոֆյա ռոբոտի մասնակցությամբ, ունենալ անհատական մեծ ցուցահանդես  աշխարհի ամենահայտնի ցուցասրահներից մեկում ու պայմանագիր կնքել Netflix-ի հետ։ Այսօր Աննան պատրաստվում է իր հաջորդ մեծ ցուցադրությանը՝ նյույորքյան ամենամեծ թանգարաններից մեկում։

Պատահաբար ընտրված մասնագիտության, հայկական նպատակասլացությամբ ամերիկյան երազանքին հասնելու, «բարի» Ամերիկայի ու Հայաստան վերադառնալու երազանքի մասին Kinoashkharh.am-ը զրուցել է արտիստ Աննա Խաչատրյանի հետ։

– Ինչի՞ց սկսվեց Ձեր ամերիկյան արկածը։ Ինչպե՞ս հայտնվեցիք Նյու Յորքում։

–  ԱՄՆ տեղափոխվել եմ ընդամենը երկու տարի առաջ։ Մինչ այդ ընդունվել և ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կինոյի և հեռուստատեսային արտադրանքի ֆակուլտետը, մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Իրականում, այդ ֆակուլտետում պատահաբար հայտնվեցի․ չկարողացա հանձնել քննությունը, որպեսզի ընդունվեմ տուրիզմի բաժին։ Դրանից հետո դեկանատում ինձ ասացին, որ նոր ֆակուլտետ է բացվում համալսարանում, որտեղ կարող եմ ընդունվել, սովորել 6 ամիս, ապա տեղափոխվել տուրիզմի բաժին՝ հանձնելով մեկ առարկայի հավելյալ քննություն։ Այդպես գնացի նորաբաց ֆակուլտետ։ Տանը ծնողներիս այդ մասին չէի ասել։ Հայ ծնողներն առանձնապես ուրախ չեն լինում, երբ իրենց աղջիկներն ընտրում են դերասանության կամ հեռուստատեսության հետ կապված մասնագիտություններ։ Առաջին օրերին ընդհանրապես չէի հասկանում՝ ինչ գործ ունեմ այդ ֆակուլտետում, ինչ պետք է անեմ։ Մեկ ամիս անց մեզ հանձնարարեցին ստեղծագործական շարադրություն գրել։ Գրեցի։ Անկեղծ ասած՝ ես ինքս զարմացա իմ գրածից։ Դասախոսս էլ զարմացել էր, թե որտեղից ինձ այդ մտքերը։ Դա ոգեշնչեց ինձ, ու ես սկսեցի գրել, լուսանկարներ անել։ Սկսվեց այսպես՝ պատահաբար։

Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ երկրորդ կուրսում իմ  արած լուսանկարները, որոնք տեղադրում էի սոցիալական ցանցերի իմ էջերում, սկսեցին հետաքրքրել մարդկանց Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից․․․ 19 տարեկան էի, երբ նամակ ստացա ԱՄՆ-ում աշխատող մի գործակալից, որը զբաղվում է երիտասարդ արտիստների առաջխաղացմամբ։ Այդ պահից Նյու Յորքը դարձավ իմ մեծ նպատակը, որին հասնելը, սակայն, չափազանց դժվար էր։ Հինգ տարվա փորձերից հետո միայն կարողացա ԱՄՆ մեկնելու վիզա ստանալ։ Այդ ողջ ընթացքում ինձ աջակցում էր գործակալությունը, որը ցանկանում էր աշխատել ինձ հետ։

– Իսկ ինչպիսի՞ն է ԱՄՆ-ն առաջին անգամ այդտեղ հայտնվող երիտասարդի համար։ Ամերիկյան երազանքը Ձեզ գրկաբաց ընդունե՞ց։

– Առաջին վեց ամիսներին ես ընդհանրապես չէի հասկանում՝ որտեղ եմ, ինչ եմ անում, ինչից եմ սկսելու։ Մի բան է, երբ քեզ պատմում են Նյու Յորքի մասին, մեկ այլ բան, երբ ինքդ ես հայտնվում այդտեղ։ Մշակութային ահռելի տարբերությունները սկզբնական փուլում շատ նկատելի էին։ Սկզբում շատ դժվար էր հարմարվել այս ինդուստրիայում աշխատող մարդկանց կենսակերպին, աշխատաոճին, պատկերացումներին, անգամ հագուստի ընտրությանը։ Եվ դու պետք է փորձես հնարավորինս համապատասխանել դրան։ Դու պետք է փոխես քեզ, քո սովորությունները, քո ապրելակերպը։ Օրինակ՝ պետք է սովորեի բարձր տոնով չխոսել, հարցեր չտալ, որովհետև, գուցե, դիմացինդ չուզենա պատասխանել դրանց և ուղղակի ասի՝ «None of your business», քո գործը չէ։ Ինձանից բավականին երկար ժամանակ պահանջվեց՝ սովորելու համար, թե ինչպես ինձ պետք է պահեմ, ինչպես հագնվեմ, ինչպես խոսեմ։ Առաջ ինձ թվում էր, որ միայն տաղանդը բավարար է։ Պարզվեց՝ ոչ, շատ բաներ կան, որոնք սովորելուց հետո միայն կարող եմ հաջողել կամ ոչ։ Անկեղծ ասած՝ սկզբում ինձ թվում էր՝ ոչինչ չի ստացվի, հատկապես, երբ ինձ տանում էին ցուցասրահներ, թանգարաններ, որտեղ ներկայացված էին ժամանակակից, երիտասարդ արտիստները։ Ինձ թվում էր՝ դա երբեք ինձ հետ չի պատահի, որովհետև դա անհնարին մի բան էր, չափազանց դժվար։ Ու մի աղջիկ, որը եկել է Հայաստանից, մեկը, ում մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտեր․․․ Ի՞նչ հրաշքով նա պետք է հաջողեր այս մեծ քաղաքում։ Մինչև մի օր ինձ շատ պարզ հարց տվեցին՝ «ե՞րբ է լինելու քո անհատական ցուցահանդեսը»։ Մեկ ամիս անց ես գիտեի Նյու Յորքի ամենահայտնի ցուցասրահում` «Չելսիում», իմ անհատական ցուցադրության օրն ու ժամը։ Դա ԱՄՆ տեղափոխվելուցս մեկ տարի անց էր ընդամենը։ Այդ օրը ես հասկացա, որ ինչ լինելու է, կլինի։

– Ի՞նչն էիք ստիպված կոտրել Ձեր մեջ՝ նյույորքցի դառնալու համար։

– Դա, կարծեմ, շատ աննկատ է տեղի ունենում, անգիտակցական մակարդակում։ Բայց հիմա, երբ, օրինակ, խոսում եմ Հայաստանում ապրող ընկերներիս, հարազատներիս հետ, հասկանում եմ, որ շատ եմ փոխվել։ Հիմա շփումն ինձ համար պետք է լինի պարզ, հասկանալի, թեթև, առանց ավելորդ բարդույթների։

– Իրար վրա չծանրանալով։

– Այո, ճիշտ այդպես։ Կարծում եմ, որ այդ փոփոխությունները քիչ-քիչ եղան, ինձ համար աննկատ։ Բայց նաև համոզված եմ, որ հայկական նպատակասլացությունն ինձ օգնեց այստեղ ինչ-որ բաների հասնել։ Այստեղ շատ տեղացիներ բողոքում են, որ մարդիկ, ովքեր այլ երկրներից են գալիս, շատ արագ հաջողության են հասնում, իսկ իրենք ոչ։ Դա նրանից է, որ այստեղ «ոչ»-ը «ոչ» է, իսկ մեզ համար՝ «այո»։ Այստեղ ոչ ոք իրեն թույլ չի տա մեկ մերժում ստանալուց հետո ևս մեկ անգամ դիմել այս կամ այն մարդուն՝ իր գործերը ցույց տալու, ներկայանալու համար։ Այստեղ մարդիկ իրենց թույլ չեն տալիս ևս մեկ անգամ անհանգստացնել նրան, ով մերժել է  իրենց։ Մեզ՝ հայերիս համար կա նպատակ, որին հասնելու ճանապարհին մերժումները մեզ չեն կոտրում։ Ամեն մերժումից հետո մենք ավելի նպատակասլաց ենք դառնում։ Ես գիտեմ, որ ուզում եմ ցուցադրվել հենց այս ցուցասրահում, ուստի փորձում եմ այնքան, մինչև ստանամ համաձայնությունը։ Հայկական այս բնավորությունն ինձ շատ է օգնել։ Դա թույլ տվեց ինձ չդառնալ մեկը, ում կարող էին նեղացնել ու ճանապարհել։ Ում երազանքները կարող էին անկատար մնալ։ Այն պահին, երբ որոշում ես չհրաժարվել երազանքներից, չվախենալ ձախողումներից, նկատում ես, թե ինչպես է շուրջդ ամեն բան փոխվում։ Ինչպես է ամեն ինչ ընդունում այն կերպը, որը դու ուզում ես։

Վերջերս ամերիկացի մի լրագրողի հարցազրույց էի տալիս, և նա ուզում էր հասկանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ ես 2.5 տարում կարողացա գալ և անհատական ցուցահանդես ունենալ թանգարանում։ Ես փորձում էի նրան բացատրել, որ ես ուղղակի երբեք չեմ մտածել «ո՞վ եմ ես, որ կարողանամ հասնել դրան» հարթության մեջ։ Ոչ, ես մտածում եմ՝ ես սա եմ ուզում և ես ունենալու եմ սա։

– Ի՞նչ էիք զգում առաջին ցուցադրության օրը, երբ տեսաք Ձեր գործերը՝ աշխարհի ամենահայտնի ցուցասրահում։ Աշխարհը ձե՞րն էր, թե՞ դա միայն առաջին քայլն էր։

– Հայաստանում դու քեզ կարող ես թույլ տալ լինել էմոցիոնալ, երջանկանալ, մի ամիս պահպանել այդ էյֆորիկ զգացողությունը։ Որովհետև քեզ վրա ոչ մի այլ ճնշում չկա։ Այստեղ այդպես չէ։ Միակ բանը, որ մտածում էի ողջ երեկոյի ընթացքում, այն էր, թե քանի գործ կվաճառվի այդ օրը, որքան եկամուտ կստանամ, որովհետև ես ունեի հովանավորներ, ովքեր լուրջ գումարներ էին ներդրել, որպեսզի իմ ցուցադրությունը կայանար։ Եթե ես բավարար չափով վաճառք չունենայի, հովանավորներն ինձանից կհրաժարվեին։ Այստեղ ամեն ինչ կապված է փողի հետ։ Դու երբեք չես կարող լինել ամբողջությամբ էմոցիաների տակ։ Քեզ միշտ վերահսկողներ կան՝ քանի այցելու եկավ, քանի գործ վաճառվեց և այլն։ Ես ընդամենը մտածում էի, որ չեմ ուզում, որ դա լինի իմ առաջին և վերջին ցուցադրությունը։

– Որովհտեև արվեստը նախ և առաջ բիզնես է։

– Այո, և շատ մեծ բիզնես։ Այստեղ հնարավոր է շատ մեծ հարստություն կուտակել արվեստի շնորհիվ, եթե, իհարկե, ունենաս շատ լավ թիմ, որը քեզ ամեն ինչից հեռու կպահի, թույլ կտա ստեղծագործել, իսկ մնացյալ բոլոր գործերով կզբաղվեն այլ մարդիկ։

– Իսկ չեք կարծո՞ւմ, որ հենց դա է խնդիրը, որ Հայաստանում արվեստը չի ընկալվում որպես բիզնես։ Մեզ համար, կարծես, վիրավորական է արվեստը դիտարկել բիզնեսի տեսանկյունից, որովհետև թվում է, թե այդկերպ նսեմացնում ենք դրա մշակութային արժեքը։

– Նաև դա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի առաջին խնդիրը շուկայի փոքրությունն է։ Այստեղ շուկան այնքան մեծ է, որ մեկ միլիոն մարդ կարող է մի պահանջարկ ձևավորել, երկու միլիոն մարդ բոլորովին այլ տեսակի պահանջարկ և այսպես շարունակ։ Այստեղ ամեն տեսակի արվեստի պահանջարկ կա՝ դրամայի, կոմեդիայի, մարտաֆիլմերի, ընդհանրապես ամեն ինչի։ Հայաստանում շուկան այնքան փոքր է, որ պահանջարկը մեկն է՝ միատեսակ, օրինակ՝ «Ֆուլհաուս»։ Ես վստահ չեմ, որ Հայաստանում շատ գեղեցիկ, խորը ֆիլմ նկարահանվի, կունանա նույն պահանջարկը, ինչ «Ֆուլհաուսը»։ Փոքր շուկա՝ քիչ գումար։ Սա է բանաձևը։

– Այո, համամիտ եմ, բայց նաև պետք է ընդունել, որ հեղինակային, փառատոնային կինոն երբեք և որևէ երկրում չի ունենում նույն պահանջարկը, ինչ «պոպսան»։ Բայց, միևնույն ժամանակ, դա չի խանգարում մարդկանց ստեղծել քիչ պահանջարկ ունեցող, բայց լավ կինո։ Ինչո՞ւ Հայաստանում դա չի կատարվում։

– Որովհետև չկան ընկերություններ, որոնք կֆինանսավորեն այդ ֆիլմերի ստեղծումը։  Պետք է լինեն հիմնադրամներ, որոնք կհովանավորեն ֆիլմեր, որոնք կտարբերվեին այսօրվա շուկայից, այսօրվա միտումներից։ Այդ դեպքում, անգամ, եթե հայկական փոքր շուկան չկարողանար ֆինանսավորել նման գործերը, աշխարհում կհայտնվեին ընկերություններ, որոնց հետաքրքիր կլիներ այդ նոր մոտեցումը, նոր խոսքը կինոյում։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում չի խրախուսվում տարբեր լինելը։

– Իսկ Նյու Յորքը կոտրո՞ղ քաղաք է, թե՞ հնարավորություններ տվող։

– Կախված է քո ընկալումից։ Եթե թույլ տաս, որ քեզ կոտրի, հաստատ կկոտրի։ Բայց, եթե դու գիտես՝ ով ես, ինչու ես հայտնվել այստեղ, քեզ կոտրել չի լինի։ Ընդհանրապես, ԱՄՆ-ում այլ է մոտեցումը․ քեզ այստեղ չեն թերագնահատում, չեն ցածրացնում։ Այստեղ, անգամ, եթե շատ պրիմիտիվ մի գործ ներկայացնես, քեզ կփորձեն քաջալերել, կասեն՝ «oh, it’s good, I like it»: Հայաստանում՝ հակառակը։ Ինչո՞ւ են մարդիկ՝ արվեստագետները, հաճախ փախնում Հայաստանից, որովհետև, անգամ, եթե դու շատ լավն ես, ամեն կողմից քեզ փորձում են թերագնահատել, ցույց տալ թերություններդ, բերել ինչ-որ ստանդարտի։ Ուզում են, որ դու բոլորի նման լինես։ Գնաս դպրոց, կրթություն ստանաս, ամուսնանաս, լավ ճաշեր պատրաստես։ Բայց չէ՞ որ մեկը լավ ճաշ է պատրաստում, մյուսը՝ լավ կինո նկարում։ Նրանցից յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տալ զբաղվել նրանով, ինչում ինքն ամենալավն է։

Այստեղ քեզ առաջին  հնարավորությունը միշտ տրվում է։ Մնացածն արդեն քեզանից է կախված։

– Մտածո՞ւմ եք երբևէ դեպի ռեժիսուրա շեղվելու մասին։

– Անկեղծ ասած, այստեղ արդեն մեկ փառատոնի մասնակցել և մրցանակ եմ շահել։ Այս տարի 4 տարբեր փառատոնների եմ մասնակցելու Սոֆյա ռոբոտի մասին պատմող փոքր ֆիլմով։ Այստեղ նկարելու հնարավորություն ունեմ, բայց մեջս վախ կա։ Կինոն ինձ համար շատ մեծ ու տարբեր աշխարհ է։ Ես ինձ դեռևս պատրաստ չեմ զգում դրա համար։ Բայց մյուս տարի երկարամետրաժ ֆիլմով եմ հանդես գալու։ Չգիտեմ՝ ինչպիսին կլինի  մարդկանց արձագանքը։

– Իսկ ի՞նչ է նշանակում հայտնվել Netflix-ում։

– Netflix-ը այստեղ ամենահայտնի ընկերությունը չէ, այն հայտնիներից մեկն է, որոնք բոլորն էլ գրկաբաց սպասում են քեզ, եթե դու ասելիք ունես։ Այստեղ չկա մտայնությունը, որ դու պետք է արժանանաս Netflix-ում կամ նման այլ ընկերությունում հայտնվելու բախտին։ Դու, ուղղակի, պետք է հետաքրքրես նրանց։ Ցանկացած մեկը, ով հետաքրքիր է, ով նոր բան ունի ասելու, ով տարբերվող է, հետաքրքիր է մեծ ընկերություններին, որովհետև մրցակցությունը սարսափելի է, և յուրաքանչյուրին տաղանդներ են պետք։ Հիմա ավելի լավ եմ սկսել հասկանալ Ամերիկան։

– Իսկ ինչպիսի՞ն է այն։

– Բարի է։

– Հե՞շտ է Ամերիկայում ստեղծագործելը։

– Սա նման է մեծ տարածության, որտեղ բազմաթիվ մարդիկ անում են նույնը, ինչ դու։  Մրցակցությունը շատ խիստ է։ Յուրաքանչյուրը ցանկանում է առաջինը լինել։ Հաջողելու համար դու անընդհատ պետք է նոր լինես, նոր դետալներ ունենաս, որպեսզի քո նկատմամբ հետաքրքրությունը չկորի։ Դու չպետք է կրկնվես, չպետք է ձանձրացնես, չպետք է դանդաղես։ Այստեղ երազելու շատ ժամանակ չկա, անընդհատ պետք է աշխատես, որովհետև պատասխանատվություն ես կրում ոչ միայն քեզ համար, այլև մի ամբողջ թիմի, որն աշխատում է քեզ հետ։

– Կարծում եք՝ աշխարհում դեռ հնարավոր է նոր բան ստեղծե՞լ։

– Այո։ Բայց դրա համար պետք է չվախենալ։ Շատերը նոր բան ստեղծելիս, վատ արձագանք են ստանում, և դրանից թևաթափ լինում։ Եթե ուզում ես նոր բան ստեղծել, պետք է բոլորին դեմ գնաս։ Որքան հակառակվում ես, այնքան շոշափելի է դառնում ապագադ։ Որքան հարմարվում ես մյուսների ընթացքին, այդքան մնում ես նույն տեղում, լճանում։ Հոսանքի հետ գնալիս, գուցե, կարճաժամկետ կտրվածքով հաջողություն գրանցես, գումար վաստակես, բայց դա նաև քո կարիերայի ավարտը կլինի։ Եթե ուզում ես շատ առաջ գնալ, հակառակվելուն այլընտրանք չկա։ Դա չափազանց դժվար է։ Դու պետք է որևէ մեկին չլսես, անգամ, եթե դա քեզ չափազանց ցավեցնում է։ Դու ուղղակի պետք է տեսնես այն նպատակը, որն ունես, ու երբեք չկասկածես դրան։ Չվախենալը շատ կարևոր է։ Չի կարելի վախենալ լինել այն մեկը, ով կասի՝ «ես կփոխեմ աշխարհը»։ Դա առաջին քայլն է։

– Մտածո՞ւմ եք Հայաստան վերադառնալու մասին։

– Այո։ Շատ եմ ուզում հասնել մի կետի, երբ ինքս կկարողանամ դառնալ նա, ով կտեսնի երիտասարդ տաղանդների, կգտնի նրանց և ցույց կտա նրանց աշխարհին։ Ուզում եմ դառնալ իմ գործակալի նման, ով չափսոսեց ո՛չ իր ժամանակը, ո՛չ ջանքերը, ո՛չ գումար՝ ինձ օգնելու, ինձ համար ստեղծագործելու հնարավորություններ ստեղծելու համար։ Ես ուզում եմ դա անել Հայաստանում, հայ երիտասարդների համար։ Այդ ժամանակ ես ավելի մեծ հպարտությամբ կասեմ՝ «I am from Armenia»։

 Հարցազրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի