1978 թվականին Երևանում առաջին անգամ անցկացվեց Համամիութենական կինոփառատոն, որին մասնակցում էին յոթ հարյուրից ավելի հանրահայտ կինոգործիչներ, դերասաններ, դերա­սանուհիներ, ինչպես նաև խորհրդային ու արտասահմանյան ին­ֆոր­մացիոն գործակալությունների, մամուլի ներկայացուցիչներ: Այդ տարիներին մշակույթն ու գիտությունը Հայաստանում ծաղկում էին:

1920 – ականներին 800 000 բնակչություն ունեցող Հայաստանի շնչա­հեղձ լինող ազգաբնակչությունը հասել էր 3, 5 միլիոնի: Եվ այդ օրերին արդեն ժողովուրդը կարծես տոնախմբության առիթ էր փնտրում:

Կինոփառատոնի բացման երեկոն տեղի էր ունենալու «Ռոսիա» կինոթատրոնի (այժմ` «Այրարատ» տոնավաճառի) հազար երկու հարյուր տեղանոց ընդարձակ դահլիճում: Երևան քաղաքի ամեն մի տուն, ամեն մի բնակիչ շնչում էր փառատոնյան միկրոմթնոլորտով , որը ոչ թե մի քանի հոգու ջանքերի արգասիքն էր, այլ ողջ Հայաստանի:

Սայաթ – Նովա պողոտայի վրա գտնվող տիկնիկային թատրոնից մինչև Նալբանդյան փողոցի խաչմերուկը հոծ բազմությունն ու փա­ռատոնի մասնակիցները խառնվել էին իրար, երթևեկությունը դանդաղել էր: Նրանց, ում հանձնարարված էր ապահովել հյուրերի տեղափոխումը «Անի» հյուրանոցից դեպի «Ռոսիա» կինոթատրոն, մեծ պրոբլեմի առաջ էին կանգնած: Եվ այնպես ստացվեց, որ փա­ռատոնին հատկացված մեքենաները քչություն արեցին, և հյուրերի որոշ մասը բազմության մեջ դեռ շվարած սպասում էին: Մեկ էլ երևանյան ավտովարորդները ճեղքեցին փակ փողոցը և իրենց օգնությունն առաջարկեցին, մասնակիցներին բոլորին հասցրին «Ռոսիա» կինոթատրոն, որտեղ, ուր որ է, պետք է սկսվեր բացման արարողությունը:

Այնտեղ հայտնի դարձավ նաև, որ նախորդ օրը ուշացած չվերթներով ուշ գիշերին «Զվարթնոց» օդանավակայան հասած բազմաթիվ հյուրերի երևանցիները տարել էին իրենց տները: Ու այս կապակցությամբ անվանի շատ դերասաններ ու դերա­սանուհիներ հենց բացման երեկոյի ժամանակ իրենց շնորհակալությունը հայտնեցին հայ ազգին, երևանցիներին ու ողջ Հայաստանին:

Ձախից ՝ «Ֆիլմ» թերթի աշխատակիցներ Հակոբ Հակոբյանը և  Ռոբերտ Մաթոսյանը , կինոփառատոնի հյուրերի ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ալլա Լարիոնովնայի և Նոնա Մորդյուկովայի հետ

Կինոմթնոլորտով հագեցած այդ տասն օրերի ընթացքում փառա­տոնի հյուրերը հանդիպումներ ունեցան Հայաստանի բոլոր 43 շրջաններում: Ամենուր լեփլեցուն դահլիճներում հանդիսականները ցնծությամբ էին ընդունում իրենց սիրելի արտիստներին: Ամենուր համատարած տոնախմբություն էր: Ամենուր պետական բարձր մակարդակով ընդունելություն էր: Փառատոնի մասնակիցներից յուրաքանչյուրն իր համար յուրովի բացահայտեց Հայաստան աշ­խար­հը: Միութենական ամենամյա այդ փառատոնը հերթա­կա­նու­թյամբ անց էր կացվում բոլոր հանրապետություններում ու ստանում պետական բարձրագույն կարգավիճակ: Երևանում տեղի ունեցած Համամիութենական 14 – րդ կինոփառատոնը գնահատման չափա­նիշ ու օրինակ էր դարձել ամբողջ ԽՍՀՄ – ում:

Իսկ անկախության շրջանում ամենամեծ երևույթը ես համարում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը նրա հիմ­նադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի անմիջական ջանքերի արդյունքն է:

* * *

 Փառատոնի մասնակիցների՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի պատ­վիրակությանը տանում եմ Աշտարակ` հանդիպման: Անկրկնելի ընդունելություն: Պատվիրակության կազմում էին խորհրդային կինոյի խոշոր դեմքերը. ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Նոնա Մորդյուկովան, Լիդիա Սմիռնովան, Ալլա Լարիոնովան և նրա ամուսինը` Նիկոլայ Ռիբնիկովը: Աշտարակի կինոթատրոնում ոտք դնելու տեղ չկա, դահլիճը լեփ-լեցուն է, ներկա է շրջանի ղեկա­վարությունը` կուսշրջկոմի առաջին քարտուղար Խաչատրյանի գլխավորությամբ:

Հյուրերը խոսում են այն ջերմ վերաբերմունքի մասին, որ իրենց ցուցաբերվում է Հայաստանում:

Միջոցառումից հետո բոլորս միասին շրջում ենք Աշտարակում: Քաղաքին ծանոթացումը առաջին քարտուղարը սկսում է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուց և ավարտում անվանի գիտնական Սիսակյանով:

– Տեսնո՞ւմ ես էն փոքրիկ նորակառույց եկեղեցին, – հանկարծ հարցրեց ինձ: – Հուշարձանների պահպանության կոմիտեի միջոցով եմ կառուցելու թույլտվություն ստացել: Փոքր է, բայց տեղանքը վե­հություն է տալիս: Քարտուղարը ճաշկերույթը կազմակերպել էր իր ընդունե­լություն­ների տանը: Հյուրերը, ինչպես իրենք խոստովանեցին, այդպիսի գեղեցիկ ու սրտաբուխ չէին տեսել: Տեղի ունեցավ, կարելի է ասել, գեղագիտական խրախճանք:

Արտասանություն, երգ, հետաքրքիր պատմություններ, ինչ ասես… Իսկ վերջում հյուրերի առաջար­կու­թյամբ համբույրների մի զարմանահրաշ խաղ կազմակերպվեց:  Երևան վերադարձանք հրաշալի տպավորություններով:

1990 թվականին դաժան մի ողբերգություն տեղի ունեցավ Աշտարակում` կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի և իր ընտանիքի անդամների հետ: Ամեն անգամ Երևանից Սպիտակ գնալիս աչքս գցում եմ այդ գողտրիկ եկեղեցուն, վերհիշում Խաչատրյանի և նրա ընտանիքի ողբերգական պատմությունը:

Ռոբերտ Մաթոսյան

(«Մասնագիտությունը  կինոռեպորտյոր» անտիպ գրքից)


    Մասնագիտության սեռը

    «Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։ Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից...