92 տարեկանում մահացել է կանադացի օսկարակիր դերասան Քրիստոֆեր Փլամերը։  Այս մասին հայտնում է Deadline պորտալը՝ հղում անելով դերասանի մենեջեր Լու Փիթին։ Քրիստոֆեր Փլամերը հայ  հանդիսատեսին ավելի շատ ծանոթ է «Երաժշտության հնչյունները» մյուզիքլից (որտեղ երիտասարդ է) և Ատոմ Էգոյանի «Արարատ»-ից (որտեղ արդեն տարեց է):

Ընդհանուր առմամբ, Քրիստոֆեր Փլամերը խաղացել է 190-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում՝ «Երաժշտության հնչյունները», «Հռոմեական կայսրության անկումը», «Վարդագույն Հովազի վերադարձը», «Տասներկու կապիկ», «Արարատ», «Ազգի գանձերը», «Վերջին կիրակի», «Սկսնակները», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Մալքոլմ Իքս», «Հիսուս Նազովրեցի», «Դոլորես Քլեյբորն», «Երիտասարդ Եկատերինան», «Սիրիանա», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն։

«Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի« (մրցանակ), BAFTA մրցանակների դափնեկիր է։ Փլամերը ամենատարեց դերասանն էր, որն ստացել էր «Օսկար»՝  «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, «Սկսնակները» ֆիլմում մարմնավորած դերի համար։ 2012 թվականին մրցանակը ստանալիս նա արդեն 82 տարեկան էր։