Աշխահում,  այնքան բան է կատարվում, որ մոռանում ենք մեր հազարամյակների պատմությունը։ Մենք՝ ունենալով մեծ պատմություն, նկարում ենք ախմախ ֆիլմեր։ Մենք դրա իրավունքը չունենք։ Մեր ազգը, որ անցել է դժվարությունների միջով, այսօր էլ անհաղթ է։ Եթե, այսքան ժամանակ մենք գոյություն ունենք, ուրեմն դա մեր ճակատագիրն է։

Պատերազմը չէր կարող չլինել։ Ղարաբաղում եղել եմ 1992 թվականին։ Ղարաբաղ չէի կարող չգնալ։ Ես չգնացի խմբի հետ։ Ինձ կանչում էին, որ գնամ ու նկարեմ այն ինչ- որ իրենք ուզեն։ Բայց, այդ դեպքում ես չէի կարող պրոբլեմը նկարել, ես ստիպված իրենց ուզածն էի  նկարելու, իրենց հերոսությունը։ Ես գնացի առանձին, որտեղ պատահեր քնում էի ու ինչ ուզում նկարում էի՝ մարդկանց դեմքերը, զինվորների դեմքերը։

Ես հասկանում եմ, մեզ կռվացնում են, որպեսզի մեզ կոտորեն, որ մենք մաշվենք։ Ավելին ասեմ, երբ սկսվեց  պատերազմը Հիտլերի դեմ, մեր փոքր ազգը տվեց 600 կամ 650 հազար կռվող տղա։ Դա ահռելի մեծ բանակ էր։ Շատերը զոհվեցին։ Գրեթե բոլոր գյուղերում այսօր զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ կան կանգնեցված ։ Ինչի՞ համար։ Մեզ վերջացնել էին ուզում։ 1937 թվականին հայերին գյուղերից հանում՝ Սիբիր էին աքսորում, որովհետև այնտեղ նրանց միայն մեր խելքն էր պետք։ Նույն Հայրենական պատերազմի  ժամանակ Գերմանիա հասան միայն սովետական զորքն ու հայկական դիվիզիան։ Մենք տղամարդ ազգ ենք։

Ինչ-որ ուժեր կան աշխարհում, որ մեզ ուզում են պաշտպանել, բայց չար ուժերը ամեն ինչ անում են, որ մենք վերանանք։ Ես հասկացա, որ այդ ժամանակից էլ սկսվել է «Բաբելոնը»։

Պատերազմական թեմայով ֆիլմեր նկարելը լավ է, բայց ֆիլմերը ֆիլմեր չեն։ Այսօր ամբողջ օրը հայկական ֆիլմեր են ցույց տալիս, բայց չգիտեն կինոթեորիա։ Մի բան նկարում են, ստացվում է ու ցուցադրում են։ Ես դեմ չեմ, թող նկարեն, բայց բաներ կան, որ չի կարելի ցույց տալ։ Մեր ազգը փոքր ազգ է, և դրա իրավունքը չունի։  Այդպիսի բաներ նկարողները պրովոկատորներ են, ովքեր ցանկանում են մեր հայ ազգին փչացնել։ Երեխաները նայում են ու սովորում։ Պետք է էսթետիկան պահպանել, պետք է պահպանել կինոյի ստեղծման կանոնները։ Պատերազմական ֆիլմեր պետք է ճիշտ նկարվեն, իսկ ամենակարևորը՝ հերոս պետք է ցույց տան։

Պատերազմի տարիներին ես շատ եմ նկարել։ Կռվի մասին կնկարեի  ֆիլմ, որի հերոսը հոգի ունենար, աչքերին նայեիր ու համակրեիր, ոչ թե մարդասպան հերոս կնկարեի։ Օրինակ՝ ադրբեջանցիների հերոսները բոլորն էլ մարդասպան են։ Ադրբեջանցին հայի է մորթում, Ալիևը նրան դարձնում է ազգի հերոս։ Նրանք եղեռն անողներն են։

Կռիվը կռիվ էր։ Իմ զենքն իմ տեսախցիկն էր։ Ես ժապավենով էի նկարում։ Ես արյուն քիչ եմ նկարել, դա չարժի գովազդ անել։ Պատերազմի ժամանակ նկարել եմ մարդկանց անվասայլակի վրա, բայց որ սպանեն աչքիս առաջ ու ես նկարեմ, չէ, ոչ մի դեպքում։ Դա դաժան բան է։ Իսկ ամերիկացիները հենց արյուն են սիրում նկարել, քանի որ դաժան են։ Հենց դա է Ամերիկայի ու Եվրոպայի տարբերությունը։

Աշխարհը կառուցված է լավի ու վատի ներդաշնակության վրա։ Միայն լավ չի կարող լինել, վատն էլ պետք է լինի։ Եթե ցավ չզգաս, չես կարող ապրել։ Բնությունը այդպես է ստեղծել։ Հիմա էլ նույնն է կատարվում՝ լավը կամաց-կամաց ուզում է հաղթել։

Մարգարիտա Յոլչյան