Կարեն Ավետիսյան․Եզրակացության բացակայությունը
«Ո՞նց ես»,– հարցնում եմ։
«Ոնց թողել ես»,– ասում է Կարենը։
Կարենն, իհարկե, մի քիչ ստում է, ինչպես բոլոր նրանք, ովքեր կարողանում են պատմել պատմություններ՝ կյանքի ու մարդկանց մասին։
– Անկեղծ ասած, միակ մարդը, ում երբեք չէի սպասի տեսնել պատերազմում, դու ես։
– Ինչո՞ւ։
– Դու միշտ ինձ համար ինչ-որ սիրուն բաների հետ ես նույնացվել՝ արվեստի, կինոյի, լավ տեքստերի, ընդհանրապես՝ ինչ-որ վերերկրային բաների հետ։ Պատերազմի մեջ սիրուն բան չկա։
– Դե, պատերազմի մասին խոսելիս, իհարկե, չես ասի սիրուն կամ վերերկրային, բայց պատերազմն էլ շատ ունիկալ տարածություն է, անկրկնելի։ Եվ, եթե դու դրամայի, դրամատուրգիայի նկատմամբ որոշակի հակվածություն ունես, պատերազմը դրա խտացումն է, իմպուլսների անվերջանալի աղբյուր։ Պատերազմի մեջ ամեն ինչ կարելի է գտնել՝ միջանձնային հարաբերություններից սկսած՝ մինչև կոլեկտիվ զգացողություններ։ Իհարկե, չափազանց դժվար էր լինել հայ, և պատերազմին վերաբերվել որպես յուրօրինակ լաբորատորիայի, վերացարկված ուսումնասիրություն անել, որովհետև էմոցիոնալ փոխկապակցվածությունն այնքան ուժեղ է, որ դրանից վերանալ չես կարողանում։
Ես 2016 թ․-ի ապրիլյանի ժամանակ էլ էի գնացել, իհարկե, ավելի կարճ ժամանակով, և պատերազմն էլ այն ժամանակ բոլորովին այլ էր, կային լրագրողական տարածքներ, առաջնագիծ և այլն։ Այս անգամ այդ գծերը ջնջված էին, ու մի պահից սկսած բոլորը նույն կաթսայի մեջ էին՝ օդից վտանգի տակ։
– Բայց դու դա գնալուց չգիտեիր չէ՞։
– Չէ, չես կարող իմանալ։ Դա ընթացքում է պարզվում։ Երբ բարիկադի մի կողմից դուրս ես գալիս, ու դառնում պատերազմի գործող անձ։ Իհարկե, ոչ զինվորների նման, բայց էլի գործող։ Եվ վտանգը անհամեմատ ավելի մեծ էր, քան պետք է լիներ լրագրողի համար։
– Իսկ ե՞րբ ես հասկանում, որ պատերազմը պատկերացրածիդ նման չէ։
– Երբ շուրջդ անդադար պայթյուններ են։ Երբ հասկանում ես, որ այդ պայթյունները այլևս ոչ մի տրամաբանություն չունեն՝ ո՛չ տեղանքի, ո՛չ թիրախի իմաստով։ Երբ հասկանում ես, որ ոչինչ այլևս չես կարող կանխատեսել։ Երբ շուրջդ սկսում են խոսել այն մասին, որ Լաչինին էլ են նույն ինտենսիվությամբ խփում, և հնարավոր է, որ շատ շուտով շրջափակման մեջ հայտնվես։ Այդ ժամանակ էր, որ որոշ մարդիկ գնացին։ Ես նրանց բացարձակապես չեմ մեղադրում, որովհետև մարդիկ հանկարծ բոլորովին այլ բան տեսան, քան պատկերացրել էին։
– Իսկ դու ինչո՞ւ մնացիր։
– Այդ հարցին ռացիոնալ պատասխան տալը բարդ է։ Պատերազմն, ընդհանրապես, ինքն իրենով չափազանց իռացիոնալ բան է։ Ու դրանում տեղի ունեցողն էլ իռացիոնալ է։ Անգամ ինքնազոհողության մեջ, ինչ–որ առումով իռացիոնալ բան կա, օրինակ՝ եսասիրություն։
Ինչ-որ պահի, երբ պետք էր որոշել՝ գնալ կամ մնալ, մտածեցի՝ եթե մեր դիմաց հազարավոր մարդիկ կան՝ շատ ավելի ծանր պայմաններում, մարդիկ, ովքեր չեն մտածում գնալու մասին, ի՞նչն է ինձ խանգարում ևս 24 ժամ մնալ։ Հետո դա դառնում է ևս մեկ 24 ժամ, հետո ևս մեկը և այդպես շարունակ։ Սրանում ամենավատն այն է, որ քանի գնում, այդքան բթանում են բնազդներդ, օրինակ՝ վախը։
Սա մի գործոնն էր, որ մնացի։ Մյուսն այն է, որ այնտեղ տպավորություն էր ստեղծվում, որ, եթե մնում ես, ընդհանուր վտանգի մի մասը քեզ վրա ես վերցնում, կիսում ես այն։ Ես, իհարկե, հիմա ինչ որ ձևակերպումներ եմ փորձում տալ, բայց, իրականում, դրանց վրա էլ վստահ չեմ։
Իրականում, մեր առօրյա կյանքում մենք շատ հաճախ ենք կտրվում սովորական, իրական արժևորումներից, ոչ թե արժեքներից, այլ հենց արժևորումներից։ Իսկ այնտեղ իրավիճակը քեզ հասցնում է մի մաքսիմալ շեմի, երբ ֆիզիկական մակարդակում սկսում ես արժևորել շատ կենցաղային, մանր բաներ։ Օրինակ՝ Արեգի համար դա ատամները լվանալու հնարավորությունն էր։
– Քեզ համար ո՞րն էր։
– Հիմա հստակ օրինակ չեմ հիշի, բայց կար մի բան, որ նաև զինվորների, սպաների մոտ էր զգալի։ Դու սկսում ես զգալ, որ աշխարհում հիմա քեզ համար ամենակարևոր կետում ես, որ աշխարհում չկա ուրիշ որևէ տեղ, որտեղ քո լինելն ավելի կարևոր է, քան այնտեղ, որտեղ ես։
– Ու դա սկսում ես հասկանալ հենց այդ պահին, ոչ թե պոստֆակտում, ինչպես լինում է սովորաբար։
– Այո, հենց այդ պահին։ Այդպիսի զգացողություն մեկ էլ Կաննի կինոփառատոնում եմ ունեցել։ Իհարկե, հիմա դրանց համեմատությունը, գուցե, ծիծաղելի թվա, բայց այդ ժամանակ ինձ թվում էր, որ այդ պահին չի կարող ավելի կարևոր բան լինել, քան այդ 14 օրը։ Դա, իհարկե, մասնագիտական, սիրողական մակարդակի զգացողություն էր, իսկ պատերազմը՝ էկզիստենցիալ։
– Իսկ, ընդհանրապես, ինչո՞ւ գնացիր Արցախ։
– Դրանով յուրաքանչյուր մարդ ինչ-որ իրավունք է վաստակում։ Ինչ-որ գեներալ հետագա ողջ կյանքում գռփելու իրավունք է վաստակում դրանով, մեկը՝ մեկ այլ բան։ Ինձ պետք էր իրավունք վաստակել՝ մի քիչ ավելի ազատ, անկաշկանդ խոսելու։ Իրոնիան, սարկազմը, որ ինձ չափազանց հոգեհարազատ են․․․ ես այլ դեպքում ինձ իրավունք չէի վերապահի գործածել այդ գործիքակազմը՝ այս թեմայով խոսելիս։ Բայց դա էլ շատ կարևոր էր, որովհետև դա պատերազմի անբաժանելի մասերից մեկն է։ Բոլորին թվում է, այնտեղ միայն վեհ, պաթետիկ տեքստեր են ասվում, բայց, իրականում, այն սահմանագիծը, որի վրա դու հայտնվում ես, շատ նման է տրագիկոմեդիայի, ոչ թե ուղղակի դրամայի։ Իսկ տրագիկոմեդիան ավելի սարսափելի է։ Պատերազմն, ընդհանրապես, ամենասարսափելի բանն է, որ կարող է պատահել մարդկության հետ։
– Հիմա, երբ գիտես, թե ինչերի միջով եք անցել, եթե որոշում կայացնելու լինեիր, նորից կգնայի՞ր։
– Այո, բայց գիտե՞ս, ես չէի ուզենա խոսել այդ «ինչերի միջով եք անցել» արտահայտության մասին, որովհետև դրա միջով ուրիշներն են անցել։ Տես, մի կողմից, իհարկե, լավ է, որ մենք գրում ենք պատերազմի կամ մարդկանց մասին, այդ պատմությունները տարածվում են, և այլն։ Բայց, մյուս կողմից էլ, իմ կարևորությունն այդ ամենի մեջ, իմ կարծիքով, գերագնահատված է։ Ես դիտարկում եմ ինձ որպես մի հաղորդիչ լար, որի միջոցով այդ պատմությունները պետք է դուրս գային։ Այդ հաղորդիչ լարն ինչ-որ անուն – ազգանուն ունի, որն անընդհատ կրկնվում է սոցիալական կայքերում, մյուս տեղերում, ի տարբերություն զինվորի, ով ամենակարևորն է, ընդհանրապես, բոլորից կարևորը։ Ի տարբերություն ինձ, զինվորի անուն – ազգանունը տարրալուծվում է «զինվոր» ընդհանուր բառի մեջ։ Ու դա է ամենաֆանտաստիկը, որ բառը, որ անուն-ազգանուն չէ, դառնում է հայրենասիրության կատարյալ դրսևորումը՝ առանց անվանական փառքի ակնկալիքի։ Իհարկե, հետո որոշ անուններ առանձնանում են, բայց հազարավոր զինվորներ մնում են անանուն։
– Իրականում, ինձ թվում է, որ մենք նախկինում պատերազմի մարդկային վավերագրություն չենք ունեցել։ Մեզ համար պատերազմը միշտ եղել է՝ զինվորը, գեներալը, այս տեղանքը, այն զինատեսակը։ Տարիների ընթացքում, տարբեր հանգամանքների բերումով՝ դրանցից որոշներն արժեզրկվել են, որոշները՝ գերարժևորվել, վերածվել պաթոսի։ Գուցե, հենց դա է պատճառը, որ մենք երբեք չենք պատկերացրել՝ ինչ է պատերազմն իրականության մեջ։ Մեզ երբեք չեն պատմել այդ իրականությունն ապրող մարդկանց մասին։ Եվ հիմա, ձեր միջոցով, մենք տեսնում ենք սովորական մարդուն, որն ապրում է պատերազմը։ Եվ, գուցե, հենց դա է ձեր արածի կարևորությունը։
– Գուցե ճիշտ ես։ Տեղում հասկանում ես, որ լրագրությամբ էլ որպես այդպիսին զբաղվել չես կարող։ Կա՛մ պետք է հետ գաս, նստես ու ոչինչ չանես, կամ անես մի բան, որ անում են այստեղ հազարավոր մարդիկ, կա՛մ փորձես մի այլ բան անել։ Եվ ընթացքում զգում ես, որ արածդ ինչ որ մեկին պետք է։
– Իսկ ե՞րբ էր ավելի դժվար, պատերազմի ընթացքում Արցախում լինել, թե՞ դրանից հետո։
– Հետո։ Հետո ավելի սարսափելի էր, չնայած, որ պատերազմի ընթացքում չես պատկերացնում, որ դրանից ավելի սարսափելի բան հնարավոր է։ Պատերազմի երկրորդ հատվածում՝ հայտարարությունից հետո, չկար ֆիզիկական որևէ վախ, բայց թևաթափության, հուսահատության այդ չափը երբեք չէի տեսել։ Ես միշտ կարդացել էի հուսահատության մասին, որպես սարսափելի բաներից ամենասարսափելին, կատարյալ հուսահատության մասին, երբ ասում են՝ «հույսը վերջինն է մեռնում»։ Այդ ժամանակ ես տեսա հույսը, որ մեռել էր։
– Ե՞րբ հասկացար, որ մեռել է։
– Հիմա, երևի, տրիվիալ կհնչի, բայց առաջին վառվող տունը տեսնելիս։ Ու հարցը բոլորովին էլ այն չէ՝ ընդունում եմ ես դա, թե ոչ։ Ուղղակի հայերիս համար տունը այնպիսի սիմվոլ է դարձել, որ դրա վառվելը տեսնելը, իրոք, կտոր-կտոր է անում։ Եվ հարցերը՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և այլն, երկրորդական են դառնում, որովհետև դու չես, որ պետք է քննես դա։
Վառվող տունը ու տունը՝ անիվների վրա։ Տարհանման օրը, երբ մարդը իր տունը բառիս բուն իմաստով դրել էր մեքենայի թափքի վրա, ու տանում էր։ Դա, իհարկե, կարող էր լավ սիմվոլ լինել, սփոփող, որովհետև նա տունը չէր վառել, այլ դրել էր ակերի վրա և տանում էր ինչ-որ տեղ։ Բայց դու հասկանում ես, որ նա բացարձակ պատկերացում չունի, թե ուր է գնում։ Նա գնում է դեպի անհայտություն։ Եվ դու քեզ, քո ամբողջ երկիրը նույնացնում ես այդ տան հետ, որ գնում է դեպի անհայտություն։ Բայց անգամ այդ մարդկանց մեջ կային այնպիսիք, որ ձեռքը խփում էին ուսիդ ու ասում՝ «Լավ, ոչինչ։ Պապս էլ է նույնը ապրել, հայրս էլ, գուցե որդիս չապրի։ Գուցե բարին էլ սա է»։ Եվ երբ Շուշիում կռված, պարտված, տունը կորցրած, ծնողների գերեզմանը փորած ու տեղափոխել չհասցրած մարդը ձեռքը դնում է ուսիդ ու քեզ մխիթարում, չգիտեմ՝ ինչը կարող է ավելի ուժեղ լինել։ Այդ ժամանակ քեզ թվում է, որ միակ ելքը այդ մարդու համար ինքնասպանությունն է, բայց մի քանի շաբաթ անց այդ մարդը քեզ իր արտադրած հուդին է նվիրում։ Սա այն է, ինչը կոտրում է այդ հուսահատությունը։
Գիտե՞ս՝ նման պահերին մտածում ես, որ մարդը ամենախոցելի արարածն է, բայց մյուս կողմից էլ հասկանում ես, թե ինչ նկատի ուներ Հեմինգուեյը, երբ ասում էր՝ «Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց անհնար է նրան հաղթել»։ Սա, իրականում, ուղղակի պաթետիկ խոսք չէ, որովհետև Հեմինգուեյը բոլորիցս լավ գիտեր թե՛ պատերազմը, թե՛ մարդուն, թե՛ գրել։ Իրականում, պաթոս կա, որ շատ իրական է։ Դրա համար էլ պաթոսից վերջնականապես հրաժարվել պետք չէ։
Ծայրահեղ հուսահատության մասին․ այնտեղ ոչ ոք ոչ մեկին չէր հայհոյում։ Այստեղ շատ արագ ինչ-որ մեղավորներ են դուրս բերվում, ընդհանուր էներգիան սուբլիմացվում է, դառնում ատելություն, հայհոյանք, դուրս գալիս։ Այնտեղ անգամ դա այլևս անիմաստ էր դարձել։ Անգամ այդ էներգիան չկար, որ կարող էր հայհոյանքի տեսքով դուրս գալ։
– Իսկ դու հուսահատության պահեր ունեցե՞լ ես։
– Հա, հայտարարության օրը, երբ գնացի ԱԺ-ի շենք։ Հիշում եմ այդ անհասկանալի ամբոխը, որի հետ ես մտա դահլիճ ու մանցի երևի 6 ժամ։ Հիշում եմ, ինչպես ինչ-որ մեկն ասաց՝ «Հենց նոր Արարատին խփին»։ Նկատի ուներ՝ Արարատ Միրզոյանին։ Ներսում կապ չկար, փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, չէր ստացվում։ Ու ես հանկարծ մտածեցի, որ, իրոք, բոլորին սպանել են, ու պարտությունը դեռ չմարսած՝ տեսնել ներսի այդ կատարյալ քաոսը, ուղղակի աննկարագրելի էր։ Ինձ թվում էր՝ Հայաստանը չի լուսացնի այդ գիշերը։ Մյուս օրը՝ առավոտ շուտ, գնացի Արցախ։
– Ինչո՞ւ գնացիր։ Այնտեղ վիճակն ավելի հասկանալի՞ էր։
– Հա, ավելի հասկանալի էր այնտեղի հուսահատությունը։ Այստեղ կատարվողը դժվար բնութագրվող ինչ-որ բան էր։
– Իսկ պատերազմից հետո մարդկանց զգացողությունները այստեղ և այնտեղ նո՞ւյնն էին։
– Արցախցիները, չնայած այս մասշտաբների պատերազմ երբեք չէր եղել, միևնույն է, ավելի սովոր են պատերազմին։ Գուցե աշխարհաքաղաքական նրբությունները չեն պատկերացնում, կամ ռազմավարական, բայց բնազդային մակարդակում գիտեն, որ պատերազմը, չնայած սարսափելի բան է, բայց հնարավոր։
Արցախցիները, ի տարբերություն հայաստանցիների, գենետիկ մակարդակում ունեն այդ պատերազմ-խաղաղություն-պատերազմ շրջափուլի զգացողությունը։ Այնտեղ դրա մասին շատ էին խոսում։ Ու տարբեր մակարդակներում։ Օրինակ՝ մարդիկ, որոնց ծնողները Մարաղայից էին, իրենք՝ Նոր Մարաղայից։ Այդ ցիկլի զգացողությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերջնարդյունքի է դա բերում՝ հաղթանակ, թե պարտություն, պայմանականորեն ասած, այնտեղ կա մարդկանց մեջ։ Մի կողմից մարդիկ պատրաստ են դրան՝ պատմական առումով, մյուս կողմից՝ սարսափելին այն է, որ նրանք հասկանում են, որ կորցրածը հետ բերելու համար իրենց ևս մեկ շրջափուլ է պետք, այլ տարբերակ չկա։ Դա ամենաբարդ երկընտրանքն է, որին հանգում են մարդիկ։ Որովհետև չափազանց բարդ է այդ շրջափուլից դուրս գալու ձևը գտնելը, առավել ևս՝ պատվով դուրս գալու, ողջ դուրս գալու։
Այդ իմաստով մարդիկ այնտեղ հասկանում էին կատարվածի ողջ սարսափը, բայց նաև ընդունում էին իրողությունը՝ որպես հերթական շրջափուլ։
– Ինքդ քեզ համար ինչ-որ առաջադրանք, նպատակ դրե՞լ էիր պատերազմի ժամանակ։
– Ինքս ինձ համար առաջադրանք սահմանել էի, բայց դա, իհարկե, անիրականանալի բան էր։ Մտածում էի՝ որևէ կերպ հավաքել խճանկարը, որը կօգներ հասկանալ՝ ինչ եղավ։ Դա անհնար է մի քանի պատճառներով, և դրանցից մեկն այն է, որ գրեթե բոլորը ստում են։ Ոմանք գիտակցված են ստում, ոմանք՝ ոչ։ Բոլորը խոսում են։ Այս հարցի շուրջ վերլուծական դիրքորոշում չունեցող մարդ գտնելը չափազանց բարդ է։ Բոլորը հաստատ են ասում, բոլորը սկզբնաղբյուր ունեն և այլն։ Նույն խրամատից երկու զինվոր են գալիս, ովքեր տրամագծորեն տարբեր բաներ են ասում։
Ես ինձ համար ինչ-որ ալգորիթմ, իհարկե, դուրս բերեցի, բայց դա էլ երևի անիմաստ է։ Ես ինձ համար անհերքելի ճշմարտություններ գծեցի, որ, օրինակ, եթե այս պարտության ողջ մեղքը բարդենք այս կառավարության վրա, դա մեզ համար, էվոլյուցիոն տեսանկյունից, ձախողում է։ Նույն տիպի ձախողում է նաև այն, որ փորձենք մեղքը բարդել միայն նախորդների վրա։ Երրորդ ճշմարտությունն այն է, որ, եթե այդ մեղքը լուծում ենք բոլորի միջև, որևէ վերջնարդյունք չենք ունենում, չնայած, որ, գուցե, դա ամենաճիշտ տարբերակն է։ Ու հասկանում ես, որ անգամ սառը դատողությունների դաշտ բերված այս մտքերը հանգեցնում են ոչ մի բանի։
– Գիտե՞ս, վերջերս ծանոթներից մեկը հարցրեց՝ ես ո՞ր կողմում եմ, սատարո՞ւմ եմ իշխանություններին, թե՞ դեմ եմ նրանց։ Ու ես հասկացա, որ ես ոչ մի կողմում էլ չեմ։ Ես իմ տեղում եմ, որովհետև դա միակ կետն է, որի լինելն ինձ համար այսօր հաստատ է։ Ու ես նախանձում եմ մարդկանց, որ կողմ են բռնել, որ կարողացել են վերլուծել պատահածը, ճիշտ ու սխալ անել։ Ես դա չեմ արել ու չգիտեմ էլ՝ կկարողանա՞մ երբևէ։
– Ես էլ կողմ չունեմ։ Բայց, օրինակ, ի տարբերություն Արեգի, ավելի քաղաքականացված եմ։ Արեգի ֆեյսբուքը լիքն է ձագերին կերակրող պանդաներով, հայթեք նորություններով և այլնով։ Ես, իհարկե, հետևում եմ քաղաքական իրադարձություններին, զարգացումներին, բայց գիտե՞ս՝ որն է ամենատարօրինակը։ Իմ եզրակացությունը ոչ մի բանով չի տարբերվում Արեգինից, որ հետևում է պանդաներին։
– Իսկ ո՞րն է այդ եզրակացությունը։
– Եզրակացության բացակայությունը։
Հարցազրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի
Լուսանկարները տրամադրել է Կարեն Ավետիսյանը