Եթե փոքր – ինչ փորփրենք, կտեսնենք, որ լրջմիտ արվեստագետն, ի վերջո, գալիս է իր մանկությունից, սեփական արմատներից: Ալբերտ Մկրտչյանի կինոհենքը նրա մանկության տառապանքներն են, որոնցում սեփական «ես» – ը խառնվելով հանուրի «մենք»-ին՝ դարձել են սցենար ու ֆիլմ:

Այս ամենը հավաստելու համար պետք է թվարկել նրա նկարահանած ֆիլմերը. երկու կարճամետրաժ՝ «Լուսանկարը» և «Հուշարձանը», հետո «Բովտուն», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը և այլն: Կոնկրետ ինձ համար Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի այս ֆիլմերը հայկական կինոյի չշեղված ճանապարհից են: Հատկապես դրանցից երկուսը՝ «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն», քայլում են հայկինոյի այն ճանապարհով, որով անցել են Հենրիկ Մալյանի ֆիլմերը:

Նա իր առաջին իսկ «Լուսանկար» կարճամետրաժով ասաց, որ սա է իմ քաղաքացիական դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը և անցյալը մոռացության չտալու գաղափարը իր շարունակությունն ունեցավ «Հուշարձան» կարճամետրաժում: Այդ ֆիլմերը հիրավի դարձան այն ատաղձը, որի վրա հետագայում խարսխվեց «Հին օրերի երգը» և «Տանգո…» կինոնկարները:

Ալբերտ Մկրտչյանը չէր կարող չնկարահանել տաղանդաշատ արձակագիր Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» վեպը: Նրանց երկուսի ծնողներն էլ 1915 թվականի մեծ եղեռնից հրաշքով փրկվածներ էին, ովքեր դեգերելով Տաճկահայաստանից հասել էին Ռուսահայաստան: Գալշոյանի վեպի հերոսները նույնպես եղերական կերպարներ են, ինչպես իրենց հայրերը, ովքեր արդեն Արևելյան Հայաստանում քարից հաց էին քամում բառի իսկական իմաստով:

Եվ Մուշեղ Գալշոյանը և Ալբերտ Մկրտչյանն իրենց ծնողներից ժառանգել են աշխարհի ամենանվիրական բանը` «Էրգրի կորստյան վիշտն ու կարոտը»: Սա արդեն այն դեպքն է, երբ վիպողն ու ռեժիսորը հանդիպել են կամոքն Աստծո, որպեսզի իրենց նախնիների կանչով խոսեն բնօրրանի մասին:

«Ֆիլմ» թերթի խմբագրություն

Ձախից՝ Ռոբերտ Մաթոսյան, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան

41 տարի առաջ նրա նկարահանած «Կյանքի լավագույն կեսը» ժամանակակից էր և այն տարիներին և խիստ արդիական է նաև այսօր: Եթե փորձենք ֆիլմի ասելիքը ներկայացնել մեկ նախադասությամբ, ապա ոչ ավելի, ոչ պակաս, կինոնկարն այսօրվա օլիգարխիկ հասարակության մասին է: Այո, այո, տասնամյակներ առաջ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած այս ֆիլմի հերոս Հայկը  (դերակատար՝ Շահում Ղազարյան) , արդի օլիգարխիայի , մեծահարուստների նախատիպն է, որի տենդենցն ու զարգացումը ձևավորվել են դեռևս 41 տարի առաջ:

Դրամատուրգ Ժորա Հարությունյանի սցենարով 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Խոշոր շահում» կատակերգությունը: Սյուժեն սովորական մի փաստ է: Մարդը վիճակախաղի տոմսով ավտոմեքենա է շահում և այդ շահումը դառնում է նրա հոգեկան ապրումների արտացոլումը: Իր ժամանակին այս ֆիլմն ընդունվեց սովորական՝ համարվեց երիտասարդ ռեժիսորի հերթական գործ: Այսօր, երբ նկարահանումներից տասնամյակներ անց առիթ ես ունենում մեկ անգամ ևս դիտելու, պարզ է դառնում, թե որտեղից է գալիս նրա կինոյի տեսակի տրագիկոմեդիան: Որն իր խորունկ մարմնավորումն է գտել գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանի կերպարում:

«Հին օրերի երգի» թեման գալիս է նրա առաջին «Լուսանկար» կարճամետրաժից: Պատերազմական թեման միշտ էլ կինոռեժիսորի մտահորիզոնում է եղել: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են այդ դժնի տարիներին: Ի վերջո փոստատար Նիկոլը (դերակատար՝ Մհեր Մկրտչյան) մտացածին կերպար չէ, այլ՝ իրականություն: Իսկ իրականությունը արվեստագետը որքան կարող է պիտի բարձրացնի, որպեսզի այն համամարդկային հնչողություն ունենա:

Արվեստում Ալբերտ Մկրտչյանը ճակատային է, բոլոր խոչընդոտները մինչև վերջ հաղթահարող:

Ուշագրավ մի փաստ: Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմերը, երբ արտերկրում են դիտում, եղած ասելիքին կարծես մի նոր երանգ և ուժգնություն է հաղորդվում: Տարօրինակ ոչինչ չկա, օտար միջավայրում ազգայինի և համամարդկայինի բաղդատումը ավելի ցայտուն է աչքի զարնում և ակամա հպարտանում ես կինոռեժիսորի ստեղծածով:

Հիմա, երբ հետին թվով ծանրութեթև եմ անում նախկին համամիութենական կինոփառատոների կշիռն ու արժեքը, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ գնահատման արժևորման չափանիշներով ոչնչով չէին զիջում աշխարհի ամենահեղինկավոր «Ա» դասի փառատոններին: Այստեղ ես ականատես եմ եղել ժյուրիի խստապահանջությանը, մանրակրկիտ ու անզիջում քննարկումներին, կինոյի ապագային միտված ուղղվածությանն ու նախանշումներին: Ալբերտ Մկրտչյանի հետ առիթ եմ ունեցել մասնակցելու Լենինգրադի (1983 թ., XVI) և Մինսկի (1985 թ., XVIII) համամիութենական փառատո¬ն¬ներին: Երկու անգամն էլ հայկական կինոն արժանապատիվ է ներկայացել: Լենինգրադում ներկայացված էր «Հին օրերի երգը», իսկ Մինսկում «Մեր մանկության տանգոն»:

«Հին օրերի երգը» ֆիլմի ցուցադրումից հետո խորհրդային ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Նիկոլայ Կրյուչկովը ասաց. «Մեր երկրի գրեթե բոլոր անկյուններում Նիկոլներ ու Մուշեղներ են եղել, միայն թե տարբեր անուններով: Եվ պատերազմում մի փոքրիկ քաղաքի ողբերգությունը դարձել է համընդհանուր: Ապրել հոգևոր ու ֆիզիկական զրկանքների պայմաններում և չկորցնել մարդկայինը, սա է ինձ համար ամենակարևորը»: Իսկ գերմանացի Գյունտեր Ռա¬շը հավելեց, որ տասնամյակներ շարունակ խորհրդային կինոյում գերմանացիները միայն ֆաշիստների տեսքով են ներկայացել: Հայկական ֆիլմը մեզ էլ է հոգեհարազատ, մեր մայրերն էլ են «սև թղթեր» ստացել: Նա նաև ասաց, որ «Հին օրերի երգը» ոչ միայն ԳԴՀ – ում, այլև ամբողջ Գերմանիայում լայն արձագանք կառաջացնի: Հետագայում այդպես էլ եղավ:

Այն, ինչ տեղի ունեցավ Մինսկի կինոփառատոնում, կարծում եմ Հայկինոյի պատմության ընթացքում հազվադեպ երևույթ էր: «Մեր մանկության տանգոն» արժանացավ լավագույն ֆիլմի համար սահմանված գլխավոր մրցանակին, իսկ Գալյա Նովենցը՝ կանացի լավագույն դերակատարման համար գլխավոր մրցանակին:

Հայկական կինոյի ամբողջ պատմության մեջ «Մեր մանկության տանգոն» միակ ֆիլմն է, որ Վենետիկի միջազգային հեղինակավոր փառատոնի մրցանակն ունի՝ Գալյա Նովենցի դերակատարումը արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին: Ինչպես մեր կինոյում, այնպես էլ դերասանական աշխարհում, ընդհանրապես, ոչ ոք նման բարձրագույն պարգևի չի արժանացել: Գալյա Նովենցին համեմատել են իտալացիների կուռք Աննա Մանյանիի հետ: Այդ առիթով մեր զրույցի ժամանակ Ալբերտ Մկրտչյանն ասաց:

– «Տանգոն» Վենետիկում ցուցադրվեց հայկական օրինակով, իտալերեն սուբտիտրերով (ենթագրերով): Հետաքրքիրն այն է, որ ցուցադրման ընթացքում իտալական և տարբեր երկրների ֆիլմերի դիտմանը եկած հայ հանդիսականներն էկրանային ռիթմին, դիալոգին արձագանքում էին անմիջապես՝ ծիծաղ, ծափահարություն, իսկ իտալացիները փոքր – ինչ ուշացումով, այսինքն՝ սուբտիտրերը կարդալուց հետո: Ու ցուցադրման ընթացքում մի աշխույժ մթնոլորտ էր տիրում:

Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի ստեղծած կերպարները դուրս են գալիս ազգային շրջանակներից և դառնում համամարդկային արժեք: Այդ են վկայում իտալական, բազմաթիվ թերթերի արձագանքները, որոնցից ընդամենը մի փոքրիկ մասն ուզում եմ մեջ բերել:

«Ուրախ, համակրելի, երբեմն էլ ուղղակի անզուսպ է հայ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Այստեղ գերիշխողը Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելացված տեսակը»:

«Մկրտչյանը ցուցաբերում է մարդասերի աչք և կոմիկականի կատարյալ զգացողություն: «Տանգոյի» Հայաստանը մեզ՝ իտալացիներիս թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարը, որ ստեղծել է Գալյա Նովենցը, լուսավոր ու պայծառ հուշեր է արթնացնում Միտինա դե Ֆիլիպոյից մինչև Աննա Մանյանի», – գրել է «Լա Ռեսպուբլիկան»:

Մի անգամ Ալբերտին հարցրի, թե ինչպես ընտրեց Գալյային: Ասաց՝

– Սկզբում մտածում էի Սոֆիկո Ճիաուրելու մասին, որովհետև Գալյան շատ իներտ էր, ամբողջ օրը խմբում նստած էր, շարժում չկար: Ի վերջո, Գալյայի նախատիպը մայրս էր, ով տեղում հանգիստ նստել չուներ, ամեն ինչում առաջինն էր: Առանց իրեն ոչ միայն մեր տանը, այլև հարևան – բարեկամների մոտ հարց չէր լուծվում: Մի օր Գալյայի ներկայությամբ դիտմամբ ասացի, որ «Տանգոյում» խա¬ղալու համար Սոֆիկոյին եմ հրավիրել: Աներևակայելի մի պայթյուն առաջացավ: Գալյան 180 աստիճանով փոխվեց, մի տեսակ «լրբացավ», ինչ ասես ինձ ասաց… Շվարած նայում էի նրան ու այդ պահից հասկացա, որ միայն ու միայն նա է գլխավոր դերակատարը:

Մինսկի և Վենետիկի միջազգային կինոփառատոներից վերադառնալուց հետո երեք-չորս տարի նա ոչինչ չնկարահանեց: Անընդհատ ստեղծագործական խմորումների մեջ էր:

Եվ դա հասկանալի էր, «Տանգոյի» իր բարձրացրած նշաձողը այնքան բարձր էր, որ ծանրաձողին մոտենալ անգամ չէր ուզում:

«Շնչառություն» ֆիլմը դիտելուց հետո, երբևէ մտքովդ չի անցնի, որ գլխավոր հերոսի՝ Արմեն Կարպիչի կերպարը Խորեն Աբրահամյանից բացի մեկ ուրիշը կարող էր խաղալ: Չնայած սցենարի առաջին տարբերակում նա այլ նկատառում ուներ…

Սպիտակյան սարսափելի երկրաշարժից հետո, որն ավերել է Հայաստանի Հյուսիսային ամբողջ շրջանը, այդ թվում նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ծննդավայրը՝ Լենինականը (Գյումրին), նա հաճախ էր բարձրաձայնում, որ պետք է այդ մասին ֆիլմ նկարահանի: Սակայն ոչ թե լացուկոծի դրամատուրգիայով, այլ ծիծաղի: Արցունքներ ծիծաղի միջով, այս է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի բոլոր ստեղծագործությունների կրեդոն: Այդ առումով բացառություն չէ 2000 թվականին նկարահանած «Ուրախ ավտոբուս» ֆիլմը: Ինչ¬պես ասացինք, նրա նկարահանած ֆիլմերը, կինոնկարների ասելիքը երկու հիմնական շերտ ունի՝ տրագիկականը ու կոմիկականը, նրանք հաճախ առանձնանում են, երբեմն էլ միահյուսվում: Ահա այդ շերտերից մեկը «Ուրախ ավտոբուսն» է, որը գալիս է «Խոշոր շահումից»:

Նրա բոլոր կինոնկարները՝ «Լուսանկարն» ու «Հուշարձանը» (1969 – 71 թթ.), «Բովտունը» (1977 թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Խոշոր շահումը» (1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Շնչառությունը» (1988 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.) , կինոռեժիսորի սրտի և ոգու արտահայտությունն են:

Նրա բոլոր ֆիլմերը նախնիների և ժամանակակիցների տառապած աշխարհից են…

Ռոբերտ Մաթոսյան

(Հոդվածը` հեղինակի անտիպ գրքից)