Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքը
«Հին օրերի երգը», « Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը» և Ալբերտ Մկրտչյանի նկարահանած շատ ու շատ այլ ֆիլմեր թե՛ խորհրդային, թե՛ ժամանակակից հայ կինոյի պատմության լավագույն էջերից են: Ռեժիսորն իր ֆիլմերից երեքի համար արժանացել է պետական մրցանակի․1972 թվականին՝ «Հուշարձան», 10 տարի անց՝ «Հին օրերի երգը», 2000 թվականին «Ուրախ ավտոբուս» ֆիլմերի համար:
Ալբերտ Մկրտչյանի ռեժիսորական լավագույն անգնահատելի շնորհներից զատ ունեցել է բազում այլ հետաքրքրություններ, որոնց մասին քչերը գիտեն։ Դրանք իրենց հաջողվածությամբ բացահայտում են մեկ այլ նոր՝ Ալբերտ Մկրտչյանի, որի առեղծվածը առանձին ուսումնասիրության ու քննության նյութ է արվեստի քննադատների համար։
Թերևս Հենրիկ Մալյանը հենց սա է նկատի ունեցել, երբ գրել է․«Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքը կայնում է հենց նրանում, որ նա չունի ոչ մի ճանապարհ իրենից դուրս, նրա բոլոր հեքիաթները պահպանված են իր իսկ մեջ, նրա բոլոր ուրախությունները կսկիծներն ու տառապանքները իր ներսում են, իր խորքում, իր մանկության ու պատանեկության մեջ․․․Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը։ Թարմ են, անսովոր ու եզակի, և ես՝ նրա ավագ ընկերն ու բարեկամը գիտեմ հաստատ, որ այդ կուտակումները խորն են ու անսպառ, որ ամեն մի շերտի հետևում կա մի այլ շերտ, ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր․․․
Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը, ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի․․․Մեր կինոյի ոլորն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքար հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ»։
Ընթերցողին ենք ներկայացնում ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի շատ հետաքրքիր ու յուրօրինակ շարքը՝
Հայ կինոգործիչները Ալբերտ Մկրտչյանի շարժերում
Շարժապատկերը տրամադրել է Ալբերտ Մկրտչյանի որդին՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը