1970-ականներին  Հայաստանում տեղի ունեցած շատ ու շատ իրադարձություններ մնացել են ժամանակի մամուլի էջերում կամ հատուկենտ մարդկանց հիշողությունների մեջ։

kinoashkharh.am-ի այս անդրադարձը վերաբերում է 1978-ին Երևանում տեղի ունեցած 11-րդ 11-րդ համամիութենական կինոփառատոնի մանրամասներին, որոնք կհետաքրքրեն թե՛ 2000-ականների սերնդին, թե՛ լայն հանրությանը։

***

1978-ի մայիսի 5-12-ը Երևանում տեղի է ունեցել Հայաստանի կինոտարեգրության մեջ աննախադեպ 11-րդ համամիութենական  կինոփառատոնը՝ մի բազմամարդ ֆորում, որն անմիջականորեն վերահսկում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար  Կարեն Դեմիրճյանը: Ներկաների վկայությամբ՝  մայրաքաղաք Երևանն այդ օրերին դարձել էր հանրապետության գլխավոր էկրանը։

Երևանյան կինոփառատոնը համընկել էր այն տարիների համար երկու կարևոր իրադարձության՝  Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150 և  նացիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովուրդների տարած  հաղթանակի 33-րդ  տարեդարձերին։ Նկատի ունենալով այս հոբելյանների կարևորությունը՝  11-րդ համամիութենական  կինոփառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ընդգրկված էին բազմաթիվ պատմահեղափոխական, գիտահանրամատչելի, գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր, որոնք հաստատում էին Հոկտեմբերյան հեղափոխության և Խորհրդային Միության գաղափարախոսությունը։

***

Երևանը նախապատրաստվում էր դիմավորել 11-րդ  համամիութենական կինոփառատոնի մասնակիցներին։ Մեր հանրապետության անդրանիկ կինոտոնը նպատակ ուներ նաև ամփոփելու Հայաստանի նախորդ տարվա  կինոարտադրանքի արդյունքները։ 10-րդ կինոփառատոնը տեղի էր ունեցել ուղիղ մեկ տարի առաջ՝ Ռիգայում։ 1978-ին, փաստորեն, էստաֆետը լատվիացիներից ընդունել էին հայ կինեմատոգրաֆիստները։  Ռիգայում  կայացած  փառատոնում ջերմ ընդունելութան էր արժանացել  Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» երկսերիանոց պատմահեղափոխական ֆիլմը, իսկ Ալեքսանդր Մյասնիկյանի կերպարը Խորեն Աբրահամյանի մարմնավորմամբ գնահատվել էր որպես տղամարդու լավագույն դերակատարումներից մեկը։

***

Մեծածավալ  կինոմիջոցառումը Հայաստանում վերածվեց յուրօրինակ համաժողովրդական տոնի։ Փառատոնի նախօրեին Խորհրդային Միության տարբեր ծայրերից, ինչպես նաև սոցիալիստական երկրներից Երևան էր ժամանել շուրջ 500 հյուր։ Պատվիրակների թվում էին  անվանի ռեժիսորներ, սցենարիստներ, դերասան-դերասանուհիներ, մուլտիպլիկատորներ, վավերագրողներ, ընդ որում՝ Նիկոլայ Ռիբնիկովը, Նոնա Մորդյուկովան, Լիդիա Սմիռնովան, Ալլա Լարիոնովան, Լյուդմիլա Չուրսինան, Նիկոլայ Գուբենկոն և խորհրդային կինոյի այլ նշանավոր դեմքեր ու մշակութային գործիչներ։

Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը ջերմ ընդունելության են արժանացել ամենուր՝ սկսած «Զվարթնոց»  օդանավակայանից  մինչև Հայաստանի 43 շրջաններում կազմակերպված հանդիպումները։

«Նախորդ օրը՝ ուշ գիշերին,  ուշացած չվերթներով «Զվարթնոց» օդանավակայան հասած բազմաթիվ հյուրերի երևանցիները տարել էին իրենց  տուն: Եվ այս կապակցությամբ անվանի շատ դերասաններ ու դերա­սանուհիներ հենց  բացման երեկոյի ժամանակ իրենց շնորհակալությունը հայտնեցին հայ ազգին, երևանցիներին ու ողջ Հայաստանին» ( Ռոբերտ Մաթոսյանի «Մասնագիտությունը՝  կինոռեպորտյոր»  անտիպ գրքից):

***

Երևանյան 11-րդ համամիութենական փառատոնի նախապատրաստական աշխատանքները ստանձնել էր  Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն։ Հատուկ կինոփառատոնի համար վերանորոգվել էին «Ռոսիա», «Մոսկվա», «Սասունցի Դավիթ», «Կոմիտաս», «Նորք», «Արագած» կինոթատրոնները։ Ստուգատեսի  մրցութային ֆիլմերի ցուցադրություններն անցկացվում էին «Ռոսիա» կինոթատրոնի երեք դահլիճում։ Ցուցադրությունների բարձր որակն ապահովելու նպատակով հիմնանորոգվել էին կինոթատրոնի պրոյեկցիոն ապարատներն ու ձայնային վերարտադրող սարքավորումները։

Երևանն ուներ նոր  կինոգովազդ: Փառատոնի օրերին ՀԽՍՀ թեթև արդյունաբերության ձեռնարկությունները լայն վաճառքի էին հանել 11-րդ փառատոնի խորհրդանշանով տրիկոտաժե, բամբակե և մետաքսե գործվածքներ, ինչպես նաև առանձին իրեր, կաշվե-գալանտերեական արտադրանք։ Թողարկվել էին հայկական ծխախոտի տուփեր այդ խորհրդանշանով, ինչպես նաև կինոփառատոնի մասնակիցների կրծքանշաններ, հատուկ բուկլետներ, որոնք լուսանկարներով ներկայացնում էին ժամանակակից հայկական կինոն իր անցած ճանապարհով: Կինոթատրոններում ստեղծվել էին խորհրդային կինեմատոգրաֆին նվիրված հատուկ ստենդներ ու ցուցափեղկեր։

***

Երևանյան կինոփառատոնի օրերին մայրաքաղաքի  կինոթատրոններում ցուցադրվել են  Խորհրդային Միության 39 կինոստուդիաների՝ հոբելյանական տարվա ավելի քան 150 մրցութային գեղարվեստական, մուլտիպլիկացիոն, փաստավավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմեր։

Կինոստուգատեսը լուսաբանել են խորհրդային և արտասահմանյան 50 լրագրողներ։

 

***

Միութենական այս մեծ կինոստուգատեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1978-ի մայիսի 5-ին «Ռոսիա»  կինոթատրոնում «Ռազմաճակատ առանց ճակատային գծի»  ֆիլմի ցուցադրությամբ (ռեժիսոր՝ Իգոր Գոստև)։ Ականատեսները պատմում են, որ  բացման հանդիսությունը աննախադեպ մարդաշատ է եղել։

«Ռոսիա»  կինոթատրոնի երեք դահլիճում արդեն մայիսի 6-ից սկսվել էին մրցանակաբաշխության  ներկայացված ֆիլմերի դիտումները։ Փառատոնի հագեցած ծրագրից  չորս մրցութային հանձնախմբերը պետք է ընտրեին մրցանակների արժանի ժապավենները։ Բացի երեք գլխավոր մրցանակից, որ տրվելու էին լավագույն գեղարվեստական ֆիլմերին, սահմանված էին նաև մրցանակներ մանկապատանեկան, փաստավավերագրական, գիտահանրամտչելի և մուլտիպլիկացիոն ֆիլմերի, ինչպես նաև կնոջ և տղամարդու դերերի լավագույն մարմնավորողների համար, իսկ ժյուրիի զինանոցում բազմաթիվ  այլ պարգևներ էլ կային:

Երևանյան կինոփառատոնի կազմակերպիչները ստեղծել էին նաև հասարակական ժյուրի, որի անդամները դպրոցականներ էին։ Եվ հենց նրանք էլ մեծահասակների հետ որոշել էին  տարվա լավագույն մանկական ֆիլմը։

Բացի դրանից, կինոթատրոններում յուրաքանչյուր սեանսին ներկա հանդիսատեսներից կազմվում էին հասարակական ժյուրիներ։ Հաղթողները ստանում էին հատուկ մրցանակներ։

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1․Գեղարվեստական ֆիլմերի ժյուրիի նախագահ՝ Տիմոֆեյ Լևչուկ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր

Դիտարկվել է 28  լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։

Փառատոնի գլխավոր մրցանակ   «Վիրաբեկները»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ («Մոսֆիլմ», ռեժ.՝ Նիկոլայ Գուբենկո)

Փառատոնի գլխավոր մրցանակ  «Նահապետ»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ  («Հայֆիլմ», ռեժ.՝ Հենրիկ Մալյան): Մրցանակի է արժանացել նաև Սոֆիկ Սարգսյանը  Նուբարի դերակատարման համար՝ որպես լավագույն դերասանուհի:

Փառատոնի գլխավոր մրցանակ որպես լավագույն գեղարվեստական ֆիլմերի՝ մրցանակները տրվել են երկու  ժապավենի՝ «Մահվան գինը հարցրու մեռածներին» («Տալլինֆիլմ», ռեժ.՝ Կալյո Կիյսկ) և «Սամանիշվիլու խորթ մայրը» («Վրացֆիլմ», ռեժ.՝ Էլդար Շենգելայա)

Մրցանակ լավագույն կատակերգական ֆիլմի համար. «Միմինո» (ռեժ.՝ Գեորգի Դանելիա, «Մոսֆիլմ»)

Մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար. «Ուլան» (ռեժ.՝ Տոլոմուշ Օկեև, «Ղրղզֆիլմ»), «Ճակատագիր» (ռեժ.՝ Եվգենի Մատվեև, «Մոսֆիլմ»)

Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ. Եվգենի Մատվեև («Ճակատագիր»)

Կնոջ լավագույն դերակատարման երկրորդ մրցանակ. Մարիա Կլյոնսկայա («Մահվան գինը հարցրու մեռածներին»)

Ժյուրիի հատուկ մրցանակ՝ ռեժիսորներ Ալեքսանդր Ալովին և Վլադիմիր Նաումովին («Թիլ Ուլենշպիգել», «Մոսֆիլմ»)

Հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար՝ Ալեքսանդր Գելմանին («Հետադարձ կապ», ռեժ.՝ Վիկտոր Տրեգուբովիչ, «Լենֆիլմ»):

2Փաստավավերագրական և գիտահանրամաչելի ֆիլմերի  ժյուրիի նախագահ՝  Բորիս Ռիչկով, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր

Այս մրցույթի համար ժյուրին, ելնելով ներկայացված ֆիլմերի բարձր մակարդակից, դիմել էր փառատոնի կազմկոմիտեին  երկու առաջին և մեկ երկրորդ մցանակ սահմանելու համար։

Առաջին մրցանակ. «Դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը» (Ուկրաինայի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա )

Առաջին մրցանակ. «Խաղաղ ամերիկացիներ», սուր հրապարակախոսական ժապավեն (Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա)

Երկրորդ մրցանակ. «Ալեքսեյ Չուևի նավերը» (Լենինգրադի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա)։

Կարճամետրաժ փաստագրական   ֆիլմեր

Առաջին մրցանակը շնորհվել է «Կանչ» հայկական ֆիլմին (ռեժ.՝ Արա Վահունի), որը պատմում է Մեծ եղեռնի ժամանակ կուրացած տոհմիկ դուդուկահարի մասին (Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիա)։

 3 Մանկապատանեկան ֆիլմերի ժյուրիի նախագահ՝ Սերգեյ Սոլովյով, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր  

Դիտարկվել է 13 լիամետրաժ ֆիլմ։

Առաջին մրցանակ՝   «Զինվորն ու փիղը» (ռեժ.՝ Դմիտրի Կեսայանց, «Հայֆիլմ») ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրունզիկ Մկրտչյանին գեղարվեստական բարձր մակարդակով խորհրդային զինվորի կերպար ստեղծելու համար

Ժյուրիի մրցանակ՝ «Իմ մանկության հացը» ֆիլմին (ռեժ.՝ Յարոսլավ Լուպիյ, Օդեսայի կինոստուդիա) հետպատերազմական սերնդի երեխաների բարոյական աշխարհը լավագույնս մամնավորելու համար

Ժյուրիի մրցանակ՝ «Չարաճճին» ֆիլմին (ռեժ.՝ Դամիր Սալիմով, «Ուզբեկֆիլմ») պատկերաշարի բարձր կուլտուրայի համար (օպերատոր՝ Թիմուր Կայումով)

Ժյուրիի մրցանակ՝ «Զգացմունքների խռովք»  (ռեժ.՝ Պավել Արսենով, Մ․Գորկու անվան մանկապատանեկան  ֆիլմերի կենտրոնական ստուդիա) ֆիլմի սցենարի հեղինակ Ալեքսանդր Վոլոդինին։

4Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ժյուրիի նախագահ՝ Ֆյոդոր Խիտրուկ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր

Դիտարկվել է 19 մուլտֆիլմ։

Առաջին մրցանակ.  «Պոլիգոն» (ռեժ.՝ Անատոլի Պետրով, «Սոյուզմուլտֆիլմ»)

Երկրորդ մրցանակ.  կիսվել է  «Կոզետ» (ռեժ.՝ Առնոլդս Բուրովս, Ռիգայի կինոստուդիա)  և  «Որսորդներ» (ռեժ.՝ Ռոբերտ Սահակյանց, «Հայֆիլմ») ֆիլմերի միջև

Երրորդ մրցանակ.  կիսվել է «Տեխնոկրատի երազը»  (ռեժ.` Ավո Պայստրիկ, «Տալլինֆիլմ»), «Կռունկի փետուրներ» (ռեժ.՝  Իդա Գարանինա, «Սոյուզմուլտֆիլմ») ֆիլմերի միջև։

Այս անվանակարգում մրցանակ էր շնորհվել նաև Ստեփան Անդրանիկյանի  «Ապրում էր մի ոզնի»  մուլտֆիլմին («Հայֆիլմ»)՝  ամենափոքրերի համար նկարահանված ֆիլմերում մանակական հեքիաթի քնարական մամնավորման համար։

 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

Նյութերը տրամադրել է Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ( Կինոարվեստի բաժին)


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...