Վերհիշելով Կիմ Կի Դուկին
Կինոաշխարհը շարունակում է սգալ ժամանակակից կինոյի մեծագույն պոետի և փիլիսոփայի՝ Կիմ Կի Դուկի մահը: Կորեացի այս ռեժիսորի ստեղծած անորսալի ու բազմաշերտ, զարմանալի ու հակասական ֆիլմերն էին, որ շատերի համար բացահատեցին գաղտնիության շղարշի տակ թաքնված ժամանակակից կորեական կինոարվեստը:
Ռեժիսորը, որի անունը դարձավ կորեական կինոյի այցեքարտը, նոր էջ բացեց կինոյի արտ-հաուս ժանրի պատմության մեջ: Նրա ֆիլմերում դաժանությունն ու էկրանին կատարվողի հանդեպ թվացյալ անտարբերությունն ու չեզոքությունը զուգորդվում են հանդիսատեսին սեփական աշխարհընկալման և մտածողության պարտադրման հետ: Պատահական չէ, որ ռեժիսորի ստեղծած ֆիլմերը հայտնի դարձան ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև ողջ աշխարհում՝ հեղինակին բերելով համաշխարհային փառք և ճանաչում: Կիմ Կի Դուկի մրցանակների շարքը գերազանցում է մի քանի տասնյակը, որոնց թվում են նաև Վենետիկի, Բեռլինի, Կաննի, Սան-Սեբաստիանի, Մոսկվայի կինոփառատոնների մրցանակները:
Նրա կենսագրությունը, ինչպես նաև ֆիլմացանկը կարելի է բաժանել մի քանի շրջանների: Ծնված լինելով Հարավային Կորեայի ծայրամասային քաղաքներից մեկում՝ ապագա ռեժիսորը մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվում է Սեուլ: Այստեղ կինոյի ապագա վարպետը կիսատ է թողնում ուսումը և անցնում զինվորական ծառայության: Հինգ տարի ռազմական նավատորմում ծառայելուց հետո Կիմ Կի Դուկն իրեն նվիրում է կրոնին՝ դառնալով վանական: Այս տարիներին նա սկսում է հետաքրքրվել գեղանկարչությամբ: Որոշ ժամանակ անց թողնում է վանական ծառայությունը և մեկնում Փարիզ՝ ուսումնասիրելու արվեստը: Այնուհետև նա սկսում է ճանապարհորդել Եվրոպայով, ուսումնասիրել արևմտյան մշակույթը՝ իր համար բացահայտելով կինոն: Իմի բերելով իր տպավորություններն ու կենսափորձը՝ սկսում է սցենարներ գրել, որոնք արժանանում են ուշադրության և հեղինակին առաջին լուրջ մրցանակներն են բերում: Դրան հաջորդում է Կիմ Կի Դուկի կինոդեբյուտը: Այդ ժամանակ նա 36 տարեկան էր:
«Լավ կինո ստեղծելու համար ավելի կարևոր է հասկանալ մարդկանց, նրանց կյանքը, քան համալսարաններում կինոյի պատմություն կամ գործնական տեխնիկա սովորելը». սրանք Կիմ Կի Դուկի խոսքերն են: Վարպետը, իր ֆիլմերում, մանրադիտակի տակ է առնում մարդկային կյանքերն ու ճակատագրերը: Նրա ֆիլմերի մասին կինոքննադատների կարծիքները հակասական ու իրարամերժ են. կապ չունի դրական թե բացասական տպավորություն կթողնեն նրա ֆիլմերը, բայց վստահաբար անտարբեր չեն թողնի հանդիսատեսին և կհիշվեն դեռ երկար:
Կիմ Կի Դուկի ֆիլմերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը և գեղագիտական արժեքը, սակայն ռեժիսորի գլուխգործոցը «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ ու կրկին գարուն» ֆիլմն է, որը բազմիցս ներառվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում: Այն համամարդկային պատմություն է կյանքի հավերժական շրջապտույտի, սեփական ես-ի փնտրտուքների, հավերժության մեջ մարդկային կյանքի ընդամենը ակնթարթ լինելու մասին: Ռեժիսորը իր ֆիլմ-առակում մարդային կյանքի յուրաքանչյուր շրջան՝ մանկություն, երիտասարդություն, հասունություն, ծերություն համեմատում է տարվա եղանակների փոփոխության հետ: Ֆիլմն ունի ասիական կինոյին և, առհասարակ, դասական ասիական մշակույթին բնորոշ փիլիսոփայություն, բուդդայական սիմվոլների էսթետիկա և մետաֆորիկ բնույթ:
«Գարուն». Իրադարձությունները սկսվում են արտաքին աշխարհից և հասարակությունից մեկուսացած, բնության հետ ներդաշնակության մեջ գտնվող վանական համալիրում: Վանականը կյանքի կարևորագույն դասեր է տալիս իր խնամքին հանձնված փոքրիկ տղային, սակայն այդ դասերը արևելյան մշակույթի օրենքներով են: Եվ հենց այդ դասերն են, որ երբեք չեն մոռացվի: Հատկապես անմոռանալի է այն տեսարանը, երբ փոքրիկ տղան ձկան, գորտի և օձի մեջքին քարեր է կապում և երեխաներին բնորոշ դաժանությամբ ծիծաղում: Ուսուցիչը հեռվից հետևում է և որպեսզի երեխային իր սխալը տեսանելի դարձնի՝ վարվում է նույն կերպ. գիշերը նրա մեջքին քար է կապում: Առավոտյան տղայի հարցին թե ինչու է այդպես վարվել, վանականը պատասխանում է, որ ինքը վարվել է ճիշտ տղայի պես, և նրա մեջքին կապած քարը կքանդի այն ժամանակ, երբ տղան կգտնի և կենդանիներին ազատ կարձակի: Բայց պայմանը հետևյալն է. եթե նրանիցից գոնե մեկը սատկած լինի, ապա տղան ողջ կյանքի ընթացքում ուսերին կկրի իր արարքի բեռը:
«Ամառ». Տղայի կայնքի գարնանը հաջորդում է ամառը՝ պատանեկությունը: Կինոպատումի այս էջում տղան առաջին անգամ շփում է ունենում օտարների՝ վանքում հանգրվանած մոր և աղջկա հետ: Այստեղ, առաջին անգամ, նրա մեջ արթնանում է տղամարդը: Աղջկա հետ ունեցած նրա թաքուն հարաբերությունների բացահայտումից հետո, վանականը կանանց ստիպում է հեռանալ վանքից: Չհաշտվելով այս որոշման հետ պատանին իր ուսապարկի մեջ է դնում վանքի կարևորագույն մասունքը՝ Բուդդայի արձանիկը և լքում է վանքը:
«Աշուն». Կինոպատումի հաջորդ էջում ծեր վանականը թերթում հայտարաություն է տեսնում, որում գրված է մի երեսնամյա տղամարդու մասին, որը սպանել է իր կնոջն ու փախուստի դիմել: Շուտով տղամարդը վերադառնում է վանք՝ իր հետ բերելով գողացված սրբությունը: Ապրելով բազմաթիվ փորձություններով լի բուռն կյանքով, և կրքերի թելադրանքով սպանելով իր սիրած կնոջը, նա այժմ կրկին վերադառնում է վանք և հրաժարվում աշխարհիկ կյանքից: Իր ծեր Ուսուցչի ուղղորդմամբ, նա ապաշխարհության և ինքնամաքրման ծիսակարգ է կատարում՝ վանքի հատակին փորագրելով ցասումը հանդարտացնող բուդդայական սուտրա, ինչից անմիջապես հետո նրան ձերբակալում են ոստիկանները:
«Ձմեռ». Անցել են տարիներ: Տղամարդը կրելով իր պատիժը վերադառնում է վանք, դառնում վանական և շարունակում է իր ուսուցչի գործը՝ ինքնակատարելագործվելով: Վանքում ապաստանում է ծածկված դեմքով մի կին՝ իր երեխայի հետ: Կինը թողնում է երեխային և գիշերով, սառած լճի վրայով, փորձում է փախչել, բայց խեղդվում է: Վանականը սառույցից Բուդդա է կերտում, իսկ Բուդդայի արձանիկը բարձրացնում է լեռան գագաթը:
«Ու կրկին գարուն». Ինչպես որ ժամանակին իր Ուսուցիչը, այնպես էլ հիմա ինքը զբաղվում է որբուկի խնամքով և դաստիարակությամբ. տեղի է ունենում կյանքի հավերժական ևս մեկ շրջապտույտ:
Ֆիլմում Կիմ Կի Դուկը չի կարևորում ո՛չ հերոսների անունները, ո՛չ էլ պատմության տարեգրությունը: Ռեժիսորը ցույց է տալիս հերոսի որպես անհատի ձևավորումը և՛ հասարակությունից մեկուսացված ժամանակ, և՛ վերջինիս հետ փոխհարաբերությունների շրջանակում: Ֆիլմի վերջին «Ձմեռ» պատումում Կիմ Կի Դուկն ինքն է կերտել վանականի կերպարը: Կարծում եմ դա պատահականություն չէ. վերհիշելով ռեժիսորի անցած բարդ ու փորձություններով լի ուղին կարելի է ֆիլմում ինքնակենսագրական տարրեր տեսնել՝ կինոպատումը որպես յուրատեսակ խոստովանություն ընկալելով: Ֆիլմի առանձնահատկություններից են երկար պլանները, տեսախցիկի սահուն շարժումը, դանդաղ տեմպոռիթմը, լակոնիկ երկխոսությունները և նուրբ երաժշտական ձևավորումը:
Ֆիլմի էսթետիկական և փիլիսոփայական արժանիքների, բուդդայական սիմվոլների և դրանց կրած իմաստների մասին կարելի է անվերջ խոսել:
Կիմ Կի Դուկը չհասցրեց տեսնել իր կյանքի վաթսուներորդ գարունը, ավարտվեց նրա կյանքի ոչ այնքան երկար ճանապարհորդությունը՝ նրան դարձնելով կյանքի շրջապտույտի հերթական օղակը:
Պատրաստեց Էլեն Դանիելյանը